Նորություններ
Տեղեկատվություն բրախիթերապիայի վերաբերյալ
Տեղեկատվություն բրախիթերապիայի վերաբերյալ
06.03.2017

Կոնտակտային ճառագայթային բուժումը կամ բրախիթերապիան հանդիսանում է ճառագայթային բուժման հիմնարար մեթոդներից մեկը, որը կարող է կիրառվել ինչպես առանձին, այնպես էլ հեռահար ճառագայթային բուժման հետ համակցված: «Բրախի»  հունարեն նշանակում է մոտ, այստեղից էլ անվանման ծագումը. բուժում մոտ տարածության վրա՝ բրախիթերապիա: Մեթոդի գլխավոր առավելությունը նրանում է, որ հնարավորություն է տալիս հասցնել և կենտրոնացնել մաքսիմում դոզան ուռուցքի հատվածում՝ հնարավորինս պահպանելով ուռուցքը շրջապատող հարակից հյուսվածքները և ռիսկի օրգանները ավելորդ ճառագայթումից:


Բրախիթերապիան ներկայումս ունի լայն տարածում և լայնորեն կիրառվում է կանանց սեռական օրգանների, շագանակագեղձի, կերակրափողի, ուղիղ աղու, լեզվի և այլ տեղակայումների ուռուցքների դեպքում: Բրախիթերապևտիկ բուժման դեպքում՝ ռադիոակտիվ աղբյուրը ներդրվում է բուն ուռուցքի կամ նրա հարևանությամբ գտնվող հյուսվածքների մեջ՝ ժամանակավոր կամ մշտական կերպով:


Ըստ տեղակայման բրախիթերապիան դասակարգվում է.


•    Ներխոռոչային
•    Ներհյուսվածքային
•    Վիրահատական
•    Վասկուլյար (կորոնար զարկերակներ)
•    Ներլուսանցքային
•    Միկրոգնդեր
•    Մակերեսային (լեյպցիգյան ապլիկատոր)
•    Մամմոսայտ


Բրախիթերապիայի նշված տարատեսակներից մենք կանդրադառնանք ներխոռոչային տեսակին, որը այսօր կիրառվում է Վ. Ա. Ֆանարջյանի անվ. «Ուռուցքաբանության Ազգային Կենտրոն» ՓԲԸ-ի ռադիոգինեկոլոգիական բաժանմունքում՝ արգանդի վզիկի, հեշտոցի և արգանդի մարմնի բուժման դեպքում՝ շատ դեպքերում համակցելով 2D կոնվենցիոնալ կամ 3D կոնֆորմալ ճառագայթային թերապիայի հետ միասին: Բուժումը իրականացվում է ինչպես վիրահատության չենթարկվող տեղակայումների, այնպես էլ հետվիրահատական ծրագրերով: Անհրաժեշտ դեպքերում բուժումը զուգակցվում է նաև քիմիաթերապիայի հետ՝ քաղցկեղային բջիջների ռադիոզգայնությունը բարձրացնելու նպատակով:


Ռադիոգինեկոլոգիական բաժանմունքում տեղակայված է հոլանդական արտադրության բարձր դոզայի հզորությամբ՝ 192Ir ռադիոակտիվ աղբյուր պարունակող՝ MicroSelectron սարքը (նկ. 1)` համապատասխան PLATO պլանավորման համակարգի (նկ.2)  հետ միասին՝ բուժման ծավալը պլանավորելու և դոզայի բաշխման ճշգրտությունը ապահովելու համար: Նշված պահանջները կանոնակարգվում են միջազգայնորեն ընդունված և ներկայումս լայնորեն կիրառվող ուղեցույցներով՝ ելնելով բուժման որակի երաշխիքի ծրագրի պահանջներից:

 


Բուժման ընթացքում կիրառվում են նաև տարատեսակ ապլիկատորներ՝ ելնելով ուռուցքի անատոմիական տեղակայումից և հիվանդության փուլից՝  դոզայի համասեռ բաշխումը ապահովելու համար(նկ. 2 ա; բ):


Կանանց վերարտադրողական  օրգանների ներխոռոչային ճառագայթային բուժմամբ զբաղվում է ճառագայթային ուռուցքաբանը՝ համագործակցելով բժշկական ֆիզիկոսների, դոզիմետրիստների,  ճառագայթային տեխնիկների և այլ մասնագետների հետ։

 


ՀՀ ՈՒռուցքաբանության ազգային կենտրոնի ռադիոգինեկոլոգիական բաժանմունքը  հագեցած է բոլոր անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական ռեսուրսներով կանացի օրգանների հետ կապված  չարորակ նորագոյացությունների որակյալ և լիարժեք բուժումը ապահովելու համար։

Բուժման վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք դիմել՝

ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջանի անվան
Ուռուցքաբանության ազգային կենտրոն, 

Ռադիոգինեկոլոգիական բաժանմունք
Բաժանմունքի վարիչ բ.գ.դ. Է. Ռ. Բախշինյան
ՀՀ, Երևան, Ֆանարջյան 76,
Հեռ. +374 91 401109
Էլ-փոստ՝ [email protected]


 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր