Նորություններ
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ. ո՞վ է գտնվում ռիսկի խմբում
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ. ո՞վ է գտնվում ռիսկի խմբում
15.06.2017

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը չափազանց ագրեսիվ չարորակ ուռուցք է՝ բաղկացած այս օրգանի ցանկացած մասի գեղձային կամ էպիթելային բջիջներից: Որոշ գեների մուտացիայի արդյունքում ենթաստամոքսային գեղձի բջիջները սկսում են անվերահսկելիորեն բաժանվել՝ առաջացնելով ուռուցք, որը կարող է ներաճել հարևան օրգաններ (ստամոքս, աղիներ, լեղածորան) և ճնշել նրանց, ինչպես նաև տարածվել ամբողջ օրագնիզմով՝ արյան և ավշի հոսքով՝ առաջացնելով մետաստազներ:

Ըստ վիճակագրության՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը մեծահասակների բոլոր ուռուցքային հիվանդությունների շարքում գրավում է վեցերորդ տեղը: Ուռուցքային հիվանդությունները հիմնականում ախտահարում են 60 տարեկանն անց մարդկանց և հանդիպում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ:

Այսպիսով, ո՞վ է առաջին հերթին գտնվում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդանալու ռիսկի խմբում:

 

Այս հարցին միանշանակ պատասխան դեռևս չկա: Սակայն բժիշկ-ուռուցքաբաններն, այնուամենայնիվ, առանձնացնում են ռիսկի որոշ գործոններ, որոնք կարող են խթանել հիվանդության զարգացմանը: Այդպիսի գործոններ  են սննդակարգում շատ ճարպային և սուր սննդամթերքի առկայությունը, վնասակար սովորությունները (ալկոհոլի չարաշահումը, ծխելը), քրոնիկական պանկրեատիտը, ուռուցքածին նյութերը, ճարպակալումը, շաքարային դիաբետը: Իր դերակատարումն ունի նաև ժառանգական նախատրամադրվածությունը, սակայն, վերջին հաշվով, հիվանդանալ կարող է ցանկացածը:

Ուռուցքային գործընթացքը և կանխատեսումը հիմնականում պայմանավորված է գոյացության հյուսվածաբանական կառուցվածքով: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ամենատարածված տեսակը ադենոկարցինոման է: Հազվադեպ է հնարավոր ուռուցքն ինքնուրույն ճանաչել, քանի որ հիվանդության սկիզբը բնութագրվում է ոչ սպեցիֆիկ ախտանիշներով: Երկար ժամանակ այս տեղակայման քաղցկեղն ընթանում է գաղտնի, կարող է լինել միայն համի և հոտի ընկալման խանգարում: Հիվանդության ակնհայտ ախտանիշները հայտնաբերվում են բավականին ուշ ժամկետներում, երբ ուռուցքը հասնում է զգալի չափերի: Հիվանդին անհանգստացնում է որովայնի վերին հատվածներում ցավը, որն ուժեղանում է սննդակարգի խախտման և մեջքի վրա պառկած ժամանակ: Լեղածորանի մեխանիկական ճնշման դեպքում առաջանում է մաշկի, լորձաթաղանթների և սկլերայի դեղնավուն գունավորում, կղանքի գունազրկում, մաշկի քոր: Մեզը դառնում է շագանակագույն:

 

Ուռուցքը կարող է դրսևորվել նաև աղիների գործունեության խանգարման ձևով՝ ջրիկ կղանք, սրտխառնոց և փսխում: Բարձիթողի դեպքերում որովայնի խոռոչում կուտակվում է մեծ քանակությամբ հեղուկ, կտրուկ նվազում է քաշը, առաջանում է թուլություն, տրամադրության անկում, սակավարյունություն, ախորժակի անկում (հատկապես մսի, ճարպոտ սննդի հանդեպ): Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը բժիշկը կարողանում է հայտնաբերել որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտության, համակարգչային տոմոգրաֆիայի, արյան լաբորատոր հետազոտության, լապարոսկոպիայի միջոցով: Սակայն բջիջների ուռուցքային ծագումը և քաղցկեղի տեսակը կարելի է որոշել միայն բիոպսիայի հիման վրա, որին հաջորդում է հյուսվածաբանական հետազոտությունը:

Ցավոք, ներկայում ենթաստամոքսային գեղձի ադենոկարցինոմայի արդյունավետ բուժումը մնում է կասկածի տակ, այն հնարավոր է միայն հիվանդների ընդամենը 10-15%-ի մոտ: Մնացած դեպքերում ուռուցքի հեռացումը միշտ չէ, որ երաշխավորում է հիվանդի լիարժեք ապաքինում: Գեղձի ադենոկարցինոմայի բուժման հիմքն արմատական վիրահատական միջամտությունն է, որի ընթացքում հեռացվում են ենթաստամոքսային գեղձի մի մասը, տասներկումատնյա աղին, լեղապարկը, ստամոքսի և ընդհանուր լեղածորանի մի մասը, մոտակա ավշային հանգույցները:

 

Ենթաստամոքսային ուռուցքի առանձնահատկություններից է նաև, որ այն շատ քիչ զգայուն է թե՛ քիմիաթերապիային և թե՛ ճառագայթային բուժմանը: Բացի այդ, ուռուցքի տարածվածության պատճառով հաճախ հնարավոր չէ այն հեռացնել և բժիշկները ստիպված են լինում կատարել միայն մի շարք վիրահատական գործողություններ, որոնք հեշտացնում են լեղու դուրս բերումը և ընդամենը լավացնում են հիվանդի ինքնազգացողությունը:

Ցավոք, հարկ է նշել, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի նույնիսկ ժամանակին ախտորոշման և ճիշտ բուժման դեպքում կանխատեսումը հուսադրող չէ: Հիշե՛ք. մարսողության խանգարման ցանկացած ախտանիշ կարող է քաղցկեղի նշան լինել, այդ պատճառով պետք չէ հետաձգել այցը բժշկին: Հատկապես պետք է զգույշ լինեն վնասակար սովորություններ ունեցող միջին և տարեց տղամարդիկ:

Վլադիմիր Խրիշչանովիչ, բժշկական գիտությունների դոկտոր


Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր