Նորություններ
Աննախադեպ վիրահատություն. Բժշկական սխրանք
Աննախադեպ վիրահատություն. Բժշկական սխրանք
08.07.2015

6-ամյա աղջնակը «Արաբկիր» ԲՀ-ի վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել ապրիլի 23–ին, երեկոյան ժամը 22.00–ին` որովայնի և կրծքավանդակի շրջանի ցավերի, փսխումների կապակցությամբ` «որովայնի առաջային պատի և կրծքավանդակի փակ տրավմա» նախնական ախտորոշմամբ:


Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում  ցեղասպանության զոհերի Սրբադասման արարողակարգից վերադառնալիս նրա ընտանիքը ճաշել է ռեստորաններից մեկում։ Հենց այնտեղ էլ երեխաների խաղի ժամանակ աղջկա վրա է շրջվել   բարի սեղանը (барная стойка): Վաղարշապատի հիվանդանոցում նախնական հետազոտման արդյունքում ախտորոշվել է որովայնի և կրծքավանդակի առաջնային պատի սալջարդ։ Ծնողները որոշել են  նրան տանել «Արաբկիր» ԲՀ։ Ճանապարհին երեխան սկսվել է փսխել։  Վիրաբուժական ինտենսիվ թերապիայի բաժանմունքում իրականացվել են անհաժեշտ բոլոր հետազոտությունները, ինտենսիվ բուժումը, սահմանվել է լաբորատոր գործիքային մշտական հսկողություն։


Ապրիլի 24-ի առավոտյան երեխայի  ընդհանուր վիճակի վատացման, գործիքային քննությունների դինամիկայում բացասական տվյալների առկայության հիման վրա որոշում է կայացվել իրականացնել շտապ վիրահատական միջամտություն`  որովայնի խոռոչի օրգանների վնասվածքների հայտնաբերման և վերացման նպատակով:

 

Վիրահատության ընթացքում հայտնաբերվել են լյարդի, ենթաստամոքսային գեղձի գլխիկի, աջ երիկամի վերին բևեռի, հաստ աղու լյարդային ծնկան շրջանի  սալջարդեր։

 

Հետագա զննմամբ պարզվել է, որ պատռվածքներ կան աղջնակի  12–մատնյա աղու առաջային և հետին պատերին։ Ներքին օրգանների վնասվածքներն այդքանով չէին սահմանափակվել։ Ֆատերյան պտկիկը` ընդհանուր լեղածորանը և ենթաստամոքսային գեղձի ծորանը, նույնպես վնասվել և ամբողջությամբ պոկվել էր 12-մատնյա աղու պատից։ Ամբողջությամբ պոկված էր նաև  12-մատնյա աղու ստորին հորիզոնական հատվածը։ Հաշվի առնելով, որ նման միաժամանակյա համակցված, բազմակի  վնասվածքների պարագայում անհրաժեշտ է ենթաստամոքսային գեղձի և հարակից օրգանների մեծ ռեկոնստրուկցիա` վիրահատող բժիշկներ «Արաբկիր» ՀԿ-ի ուրովիրաբուժական բաժանմունքի վարիչ Պողոս Գեյիկյանը և մանկական վիրաբույժ Ալբերտ Լալազարյանը  ուրովիրաբուժական ծառայության ղեկավար Սահակ Առաքելյանի հետ քննարկման արդյունքում նպատակահարմար են գտել հրավիրել  Ուռուցքաբանության ազգային կենտրոնի որովայնային ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Գագիկ Համբարձումյանին։

 

Նշենք, որ անատոմիական այդ հատվածի ներքին օրգանների միաժամանակյա նման ծավալի վնասվածքներ չէին հանդիպել անգամ ճանաչված այս վիրաբույժի աշխատանքային պրակտիկայում։ 


Ստանձնելով վիրահատության և բուժման ելքի պատասխանատվությունը` Գագիկ Համբարձումյանն առաջնային է համարել աղջնակին հետագա հնարավոր բարդություններից զերծ պահելը։ Նկատի ունենելով նրա փոքր տարիքը, վնասվածքների ծանրությունը և նման դեպքերում իրականացվող  ռեկոնստրուկցիաների ժամանակ  հաշմանդամության զարգացման հավանականությունը (շաքարային դիաբետ, զարգացման և մարսողության լուրջ խանգարումներ), նա  վիրահատության ընթացքում որոշել է վերականգնելով` պահպանել վնասված օրգանները և  դրանց անատոմիական ամբողջականությունը, ինչպես նաև օրգանների  ֆիզիոլոգիական բնականոն գործունեությունը։ Այսպիսով, աննախադեպ վիրահատության ընթացքում նրան հաջողվել է վերականգնել բոլոր վնասվածքները, իր անատոմիական տեղում վերատեղադրել պոկված, անջատված լեղա-պանկրեատիկ Ֆատերյան ծորանը։  Վիրաբուժական տեսակետից սա բավականին համարձակ որոշում էր  և թվում էր անհավանական, սակայն վիրաբույժին հաջողվեց կատարել այն:


Սա վստահաբար կարելի է փաստել այսօր` վիրահատությունից ավելի քան 2 ամիս անց։  Այսօր աղջնակն աշխույժ է և առույգ,  նորմալ են  լաբորատոր, գործիքային հետազոտությունների ցուցանիշները: Իսկ մինչ այդ հետվիրահատական շրջանն անցել է լարված ու ծանր, սակայն առանց վիրաբուժական բարդությունների: Երեխան երկար ժամանակ ստացել է ինտենսիվ թերապիա, ինչպես նաև` ներերակային սնուցում:  Ժամանակի ընթացքում, աստիճանաբար վերականգնվել է  բնական ճանապարհով սնուցումը։  Ներկայումս հանվել է հեղուկների օժանդակ, ներերակային ներմուծումը,  վերականգնվել է սննդակարգի տարիքին համապատասխան ծավալն ու տեսականին։


Նշենք, որ նման վիրահատություն Հայաստանում կատարվել է առաջին անգամ։ Վիրահատող բժիշկներին դեռևս չի հաջողվել  համացանցում գտնել  օրգանների նման  վնասվածքների դեպքում այսպիսի վերկանգնում` ֆատերյան պտկիկի վերատեղադրումով: Ընդ որում,  մասնագիտական գրականության տվյալներով նման համակցված տրավմաների դեպքում բավականին բարձր է մահացության և հաշմանդամության տոկոսը: 


Բուժման ողջ ընթացքում  երեխան գտնվել է վիրահատող անձնակազմի, «Արաբկիր» ՀԿ տնօրինության,  վիրաբուժական,  վերակենդանացման, ախտորոշիչ բաժանմունքների ողջ անձնակազմի մշտական ուշադրության կենտրոնում: Բժիշկների բարձր պրոֆեսիոնալիզմի և հոգատարության  շնորհիվ ոչ միայն փրկվել է աղջնակի կյանքը, այլև հաջողվել է կանխել հնարավոր բարդությունները և ապահովել  նրա հետագա բնականոն զարգացումը: 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր