Նորություններ
Ինֆուզիոն պորտ համակարգի նշանակությունը քիմիաթերապիայի բուժման գործընթացում
Ինֆուզիոն պորտ համակարգի նշանակությունը քիմիաթերապիայի բուժման գործընթացում
19.02.2018

Ներկայումս Ուռուցքաբանության ազգային կենտրոնում գործում է Հանրապետությունում ինֆուզիոն պորտ համակարգի ամենամատչելի տեղադրումը (port-a-cath` պորտակատ), որը կիրառվում է քիմիաթերապիայի դեղերի ներարկման համար: Քիմիաթերապևտիկ դեղամիջոցները այս եղանակով ներարկելը անհամեմատ ավելի հեշտ ընթացք է ունենում պացիենտի համար: Կարիքը չի լինում ամեն գործողության համար կրկնակի ներերակային սրսկումներ անել, իսկ երբեմն բուժումը կարող է տևել ամիսներ:


Նկարագիր


Պորտ համակարգն իմպլանտացվող համակարգ է և տալիս է մուտք դեպի կենտրոնական երակային համակարգ: Պորտ համակարգի միջոցով դեղը` մուտք գործելով կենտրոնական երակային համակարգ, անմիջապես խառնվում է մեծածավալ արյան հետ և առավել արդյունավետ է տարածվում քիմիաթերապիա ստացող պացիենտների ամբողջ օրգանիզմով:


Ի՞նչ է պորտ համակարգը


Պորտ համակարգը կազմված է երկու մասից. պորտ և կաթետր: Պորտը ոչ մեծ տարա է, որն իմպլանտացվում է կրծքավանդակի վերին հատվածում` մաշկի տակ:


Պորտին միանում է կաթետերը, որի միջոցով համակարգը միակցվում է կենտրոնական երակային համակարգին:

 

Ինֆուզիոն պորտ համակարգի նշանակությունը քիմիաթերապիայի բուժման գործընթացում
Ինչու՞ է անհրաժեշտ պորտ կաթետերը


Բուժման ժամանակ անընդհատ երակային մուտքի կարիք է լինում: Տոքսիկ դեղորայքը, հատկապես քիմիաթերապևտիկ դեղերը, վնասում են փոքր տրամաչափի երակները և հետագա ներարկումները լինում են ցավոտ: Ունենալով մուտք դեպի կենտրոնական երակային համակարգ, թերապիան իրականացվում է առավել հարմարավետ և անվտանգ:


Ինչպե՞ս է տեղադրվում պորտ կաթետերը


Ինֆուզիոն պորտը մոտավորապես 4 սմ տրամագծով և 2 սմ հաստությամբ տարա է, որը ներսից ծածկված է բիոիներտ պոլիմերով: Վերին հատվածը ծածկված է բազմաշերտ սիլիկոնե թաղանթով, որտեղից իրականացվում է դեղերի ներարկումը:


Տարային միացվում է կաթետեր, որի դիստալ հատվածը միակցվում է կենտրոնական երակային համակարգին (ենթանրակային կամ ներքին լծային երակների:


Մոտավորապես 1 ժամ տևողությամբ միջամտությունն իրականացվում է ռենտգեն վիրաբուժական սենյակում, տեղային կամ ներերակային անզգայացմամբ, որից հետո պացիենտը մնում է ստացոնարում ևս 4 ժամ: Միջամտության ժամանակ կատարվում է փոքր կտրվածք և ներմաշկային գրպանիկի ձևավորում՝ կրծքավանդակի վերին հատվածում տարայի տեղադրման համար: Այնուհետև միացվում է կաթետերը, որի դիստալ հատվածը` ռենտգեն հսկողության ներքո, իջեցվում է մինչև վերին սիներակի ստորին 1/3 հատվածը: Անհրաժշտության դեպքում, հենց հաջորդ օրը պացիենտը կարող է քիմիաթերապիա ստանալ: Ցանկալի է պորտ կաթետերը տեղադրել քիմիաթերապիա ստանալուց առնվազն տասը օր առաջ:

 

Ինֆուզիոն պորտ համակարգի նշանակությունը քիմիաթերապիայի բուժման գործընթացում


Ինչպե՞ս է իրականացվում պորտի խնամքը


Պորտի տեղադրումից հետո, նվազագույնը ամիսը մեկ անգամ, այն պետք է, այսպես ասած լվանալ, որպեսզի խուսափենք կաթետերի խցանումից: Պորտը կարելի է հեռացնել բուժման ամբողջական կուրսն ավարտելուց հետո, ինչպես նաև` եթե խնդիրներ չեն առաջացել, կարելի է թողնել, քանի որ տվյալ խմբի պացիենտներն անընդհատ երակային ներարկումների կարիք են ունենում: Հնարավոր է նաև լաբորատոր հետազոտությունների համար պորտի միջոցով արյուն վերցնել:


Ի՞նչ ռիսկեր ունենք


Նորագույն տեղնոլոգիաները՝ռենտգենի և ուլտրաձայնի առկայությունը, թույլ են տալիս ռիսկերը նվազագույնի հասցնել:


Կան վերքի ինֆեկցվելու հետ կապված ոչ մեծ ռիսկեր:Կարևոր է տիրապետել պացիենտի ալերգիաների նկատմամբ տեղեկատվությանը:


Տիգրան Սամվելի Պողոսյան
Ինվազիվ սրտաբան, ինվազիվ ուռուցքաբան
Խորհրդատվության համար զանգահարել`
Բջջ` +374 55 48 05 49
          +374 91 48 05 49
Էլ.փոստ`t.poghosyan@yahoo.com

Լուրեր, հայտարարություններ
ՈՒԱԿ-ում կատարվել է եզակի վիրահատություն՝ կրծքագեղձի օնկոպլաստիկ ռեզեկցիա` ծավալի փոխարինման եղանակով 11.11.2019

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ընդհանուր և մանկական ուռուցքաբանության բաժանմունքում կատարվել է եզակի վիրահատություն. կրծքագեղձի օնկոպլաստիկ ռեզեկցիա` ծավալի փոխարինման եղանակով...

ՈՒԱԿ օնկոուրոլոգիայի բաժանմունքը ներկայացրեց վերջին շաբաթների վիրաբուժական գործունեությունը 07.11.2019

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոուրոլոգիայի բաժանմունքի վարիչ Կարեն Ծառուկյանը կենտրոնի բժշկական խորհրդակցության ժամանակ ներկայացրեց բաժանմունքի վերջին շաբաթների...

Բարդ վիրահատություն. խոնդրոսարկոմայի հեռացում պլաստիկայով՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում 31.10.2019

Օրերս Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է բարդ վիրահատություն. կրծքավանդակի առաջակողմնային պատի մասնահատում՝ մեծ չափերի խոնդրոսարկոմայի հեռացումով և պլաստիկայով...

Հաճախ տրվող հարցեր