Մասնագետների համարԸնդհանուր ուռուցքաբանություն
Ուռուցքաբանության հոգեբանական որոշ տեսակետներ
Ուռուցքաբանության հոգեբանական որոշ տեսակետներ
08.10.2015

Ցանկացած հիվանդության ժամանակ մարդու կյանքի նորմալ ընթացքը խախտվում է, առաջանում են տագնապի, հուզմունքի զգացում և հոգեկան այլ ապրումներ (հոգեբանական խանգարումներ), ինչպես նաև այնպիսի դժվարություններ, որոնց հետ մարդը մինչ այդ չէր առնչվել:

Ուռուցքի ի հայտ գալը (ավելի հաճախ` անգամ կասկածը դրա առկայության մասին) մարդու հոգեհուզական ոլորտում մի շարք խանգարումների է հանգեցնում, որոնցից ամենաբնորոշը վախն է, ապա տագնապը ներկայի և ապագայի համար (սեփական անձի և հարազատների), ընկճվածությունը, հիպոմանիան, փսիխոասթենիան և այլն: Կարևոր հարցը, որ մարդն ինքն իրեն տալիս է, ընդ որում, աշխատելով վանել այդ միտքը, այն է` «արդյո՞ք դա քաղցկեղ է»:

Հետագայում մարդու հոգեկան վիճակը պայմանավորված է նրա անհատական կառուցվածքով ու սեփական հույզերը կառավարելու ունակությամբ:

Ուռուցքով հիվանդի հոգեբանությանը բնորոշ են մի շարք առանձնահատկություններ, և ընդհանրապես, դրա, նյարդային համակարգի ու մի շարք հիվանդությունների զարգացման միջև կա որոշակի կապ: Չարորակ ուռուցքների ախտածագման հարցում հոգեծին գործոնների դերը կարևորվել է դեռևս վաղուց. ավելի քան 100 տարի առաջ նկարագրվել են դեպքեր, երբ հոգեկան ծանր ապրումներից հետո ուռուցք է առաջացել: Նյարդային պրոցեսների թուլությունն ու անհավասարակշռվածությունը հանգեցնում են ուռուցքի առաջացման նկատմամբ օրգանիզմի դիմադրողականության (ռեզիստենտության) ճնշմանը և կարող են քաղցկեղային ուռուցքի զարգացման սկիզբ դառնալ: Դեռևս Գալենն է նշել, որ մելանխոլիկ խառնվածքով կանայք ավելի հաճախ են քաղցկեղով հիվանդանում, քան սանգվինիկները:

Ըստ Ա.Վ.Չակլինի, ուռուցքով հիվանդի տագնապի մակարդակը բարձր է, չարորակ ուռուցքի ի հայտ գալը բերում է սթրեսի, իսկ ավելի հաճախ դրա բարձրագույն ձևի` դիսթրեսի: Լ.Ռոխլինն առանձնացրել է ուռուցքով հիվանդի` սեփական հիվանդության նկատմամբ վերաբերմունքի հիմնական տարբերակները: Փսիխոասթենիկ և իպոխոնդրիկ տարբերակների դեպքում հիվանդն ունենում է տագնապի զգացում, դառնում է կասկածամիտ, համոզված է հիվանդության վատ ավարտի հարցում: Ասթենոդեպրեսիվ ռեակցիային բնորոշ են հուզական անհավասարակշռությունը, մենակության ու ճնշվածության զգացումը: Հիսթերիկ խառնվածքի դեպքում հիվանդը պահանջում է մեծ ուշադրություն ցուցաբերել իր նկատմամբ, մեղադրում շրջապատող մարդկանց անբավարար կարեկցանքի մեջ: Հաճախակի հանդիպող ռեակցիայի էյֆորիկ-անոզոգնոստիկ տարբերակը կայանում է նրանում, որ հիվանդն անուշադրության է մատնում սեփական առողջությունը, բացառում հիվանդությունն ու հրաժարվում բուժումից:

Այսպիսով, ուռուցքով հիվանդների հոգեհուզական վիճակի հարցը պետք է լուրջ ուշադրության արժանանա: Գործնականում հոգեբանական խնդիրները կարծես թե դուրս են մղվում բուժման գործընթացից և, ցավոք սրտի, հոգեբանի ակտիվ մասնակցության հնարավորությունը համալիր բուժման մեջ դեռևս մնում է լոկ ՙգաղափարի՚ մակարդակի վրա, իսկ վերջինիս ֆունկցիան իր վրա է վերցնում բուժող բժիշկը` հենվելով սեփական ուժերի ու փորձի վրա: Մնում է հուսալ, որ բուհերում մասնագետների պատրաստման արդեն նկատվող տեմպի ու բժշկական հոգեբանության, որպես դիսցիպլինայի զարգացման շնորհիվ նրանք իրենց տեղը կգտնեն ուռուցքաբանական կլինիկաների կադրային-հաստիքային միավորների ցուցակում:

Ակնհայտ է հասարակության կողմից հիվանդի նկատմամբ ցանկացած տիպի աջակցություն ցուցաբերելու հարցի կարևորությունը, հերքելով բուժման անհեռանկար լինելու մասին կարծիքը: Քաղցկեղը բուժելի է:

Ուռուցքային հիվանդությունների նկատմամբ մարդկանց զգոնությունը բարձրացնելու նպատակով լուսավորչական աշխատանքի ժամանակ վախեցնելը միայն բացասաբար է ազդում և անդրադառնում է ոչ միայն հիվանդի, այլև հանրության բարոյական առողջության վրա: Եվ, ընդհակառակն, ուռուցքով հիվանդի նկատմամբ ցուցաբերվող սոցիալական-հոգեբանական համարժեք աջակցությունը, կարեկցանքն ու քաղցկեղից բուժվելու հնարավորությանը հավատալու նախատրամադրվածությունն ավելացնում են հիվանդության հաղթահարմանն ուղղված միջոցների արդյունավետությունը:

Դեղամիջոցներով սթրեսորային ռեակցիայի և սթրեսորային վնասվածքների շտկման շնորհիվ մեծանում է քիմիոթերապիայի և չարորակ ուռուցքների համալիր բուժման արդյունավետությունը` սթրեսորային մեխանիզմների վրա նպատակաուղղված ձևով ազդելու ճանապարհով:

Վերլուծելով ուռուցքաբանության հոգեբանական հարցերը, անհրաժեշտ է կանգ առնել դրանցից կարևորներից մեկի վրա` հիվանդին հայտնե±լ իր հիվանդության մասին, թե թաքցնել: Այդ հարցի վերաբերյալ վիճաբանությունները, տարաբևեռ կարծիքները շարունակվում են կես դարից ավելի և տեղ են գտնում ոչ միայն մասնագիտական գրականությունում, այլև մեծ ռեզոնանս են առաջացնում հանրության շրջանում:

Արդյոք հիվանդին կօգնի՞ իր հիվանդության մասին ճշմարտությունն իմանալը: Կկարողանա՞ արդյոք նա, իմանալով քաղցկեղի անբուժելի ու ճակատագրական ելք ունենալու մասին հանրության մեջ տարածված կարծիքը, դիմակայել բարոյապես և ֆիզիկապես: Վերջին տարիներին դրանց գումարվել է բնակչության սոցիալական ու տնտեսական ծանր վիճակը:

Բժիշկների ճնշող մեծամասնությունը, որոնք դաստիարակվել են խորհրդային բժշկության դեոնտոլոգիայի կանոններով, քաղցկեղով հիվանդ լինելու փաստը թաքցնելու կողմնակից են, համարելով դա մարդասիրական մոտեցում: Մինչև վերջին տարիներս այս սկզբունքն անխախտ էր: Սակայն այժմ այլ կարծիքներ կան, և հեղինակների մի մասը համամիտ է արտասահմանյան որոշ երկրներում (ԱՄՆ, Անգլիա, Ֆրանսիա) ընդունված գործելակերպի հետ, երբ տվյալ ախտաբանությունը հայտնաբերելու դեպքում հիվանդին հայտնում են այդ մասին, քննարկում փուլերը, բուժման հնարավոր տարբերակներն ու մեթոդները, կանխատեսումը և այլն: Դա հիմնավորվում է տարբեր եղանակներով` իրավաբանական (մարդու իրավունքներ, ունեցվածքը ժամանակին տնօրինելու հնարավորություն և այլն), բժշկական (խորհրդատվություն և բուժում ստանալ մեկ այլ` հիվանդի համար ավելի մեծ հեղինակություն ունեցող բժշկի մոտ, բուժման ընդունելի մեթոդի ընտրություն և այլն), բարոյաէթիկական (նախապատրաստում անդրշիրիմյան կյանքի, որոշ գործեր ավարտի հասցնել և այլն), ինչպես նաև մի շարք այլ նկատառումներով:

Թվարկվածների մեջ, բացի վիճելի տարրերից, բնականաբար, կան նաև մի շարք տրամաբանորեն ողջամիտ մոտեցումներ: Սակայն հարցերը միշտ պետք է անհատականորեն լուծել, բազմակողմանի վերլուծելով հիվանդի հոգեվիճակը և բնավորության առանձնահատկությունները: Լավագույն տարբերակը կլինի, եթե այս ամենին մասնակցի փորձառու հոգեբանը: Վերջին տարիներին մեր հանրապետությունում այդ բացը բուժհաստատություններում փորձում են լրացնել եկեղեցու ներկայացուցիչները, հաճախ նաև աղանդավորները:

Մեր կարծիքով, հիվանդին ուռուցքի առկայության մասին տեղեկատվություն տալու ժամանակ պետք է նկատի ունենալ երկու գործոն` հիվանդի անձի առանձնահատկությունները և հիվանդության փուլը: Հիվանդության սկզբնական փուլում ուժեղ կամքի տեր և կազմակերպված անձանց փորձառու ձևով մատուցված «ճշմարտությունը» հաճախ նպաստում է ֆիզիկական և հոգեկան ուժերի մոբիլիզացմանը` բուժական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման գործում: Նյարդային անգամ թույլ համակարգ ունեցող անձանց հետ բժշկի նրբանկատ մոտեցումները և զրույցները (իրական ախտորոշումը որպես «սահմանային»,« նախաուռուցքային» կամ «կասկածելի» վիճակ ներկայացնելով) հաճախ դրական արդյունք են տալիս, հիվանդին հանում սթրեսային վիճակից և տրամադրում հիվանդության դրական ելքին:

Բժշկին ամբողջովին հավատալն ու սեփական առողջության համար պայքարը նպաստում են բուժման գործում զգալի հաջողության հասնելուն:

 

Հեղինակ. Հայրապետ Գալստյան, Ալեքսան Ալեքսանյան, Մհեր Կոստանյան ՀՀ ԱՆ Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնից


Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2010 (287)


Աղբյուր. med-practic.com

 

Լուրեր, հայտարարություններ
Հիվանդության հետ միայնակ մի՛ մնացեք 23.09.2019

Շոկը, ցրված լինելը և վախն այն առաջին զգացողություններն են, որոնք ունենում է մարդը, ում մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ «Ինչու՞ հենց ես։ Ինչի՞ համար։ Ի՞նչ անել հետո։» — մտքերն ու հույզերը հորդում են ինչպես ցունամի և լցնում ուղեղը...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 19.09.2019

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը աշխատանքի է հրավիրում աշխատանքային փորձ ունեցող բուժքույրերի և լաբորանտների...

Քաղցկեղի ախտանիշները. եղե՛ք իրազեկված` ժամանակին բուժվելու համար 11.09.2019

Արդյո՞ք մենք շատ բան գիտենք քաղցկեղի մասին: Մարդկանց մեծամասնությունը համոզված է, որ դա ամենավտանգավոր հիվանդությունն է, չնայած, ըստ վիճակագրության, մահվան գլխավոր պատճառն աշխարհում սիրտ-անոթային...

Հաճախ տրվող հարցեր