Նորություններ
Քաղցկեղով շատ հիվանդներ նախընտրում են բուժվել Հայաստանում
Քաղցկեղով շատ հիվանդներ նախընտրում են բուժվել Հայաստանում
10.12.2018

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի «Ընդհանուր եւ մանկական քիմիոթերապիայի» բաժանմունքի վարիչ Հասմիկ Պետրոսյանը մանրամասներ է ներկայացնում իր ղեկավարած բաժանմունքի ձեռքբերումների, հիվանդության ճիշտ բուժման ընթացքի վերահսկման եւ քաղցկեղով հիվանդի համար բժիշկ-հիվանդ հոգեբանահուզական հարաբերության մասին:


–   Ձեր ղեկավարած բաժանմունքի վերջին տարիների ձեռքբերումները:


–   Մեր կենտրոնը եզակիներից է, որ հնարավորություն ունի հիվանդներին ընդունել պետպատվերի շրջանակում: Յուրաքանչյուր ամիս նվազագույնը սպասարկում ենք 600-700 այցելուի: Հիվանդների հոսքը բավականին շատ է եւ պատրաստ ենք պատշաճ սպասարկում ապահովել՝ շնորհիվ մասնագիտական արհեստավարժ անձնակազմի եւ ժամանակակից բուժսարքավորումների: Առողջապահության նախարարության կողմից սահմանված պետպատվերը հնարավորություն է տալիս որոշակի հետազոտություններ իրականացնել եւ հիվանդներին տրամադրել համավճարային կարգով դեղերի ցանկ: Մեր ծառայության ձեռքբերումներից է նաեւ այն, որ բուժման կուրսի համար հիվանդին տրվում է զեղչ: Օրինակ, եթե հաշմանդամ է կամ ընդգրկված է պետական ֆինանսական աջակցության ծրագրում, ապա այս դեպքում բուժման յուրաքանչյուր կուրսի համար տրամադրում ենք դեղերի համար նախատեսված 60 000 դրամ զեղչ, իսկ եթե հիվանդը չունի արտոնություններ, ապա` 30 000 դրամ զեղչ:

 


–   Կենտրոնը հագեցա՞ծ է համապատասխան դեղերով:


–   Դեղերի մի քանի տեսակներ կան, որոնք հունվարից կավելանան դեղերի ցանկում՝ ի նպաստ մեր հիվանդների: Դեղերի հարցում բազան գրեթե հագեցած է:


–   Բժշկական տեխնիկական հագեցվածությունն ի՞նչ չափանիշներով է գործում:


–   Հայաստանում մեր կենտրոնը միակն է, որն ունի ճառագայթային բուժման եւ քիմիաթերապիայի հնարավորություն: Բաժանմունքի բոլոր բուժսարքերը վերջին սերնդի են եւ բուժման արդյունքները հիմնականում գոհացուցիչ են: Հիվանդը հնարավորոթյուն ունի մեկ վայրում գտնվելով` անցնել հիվանդության ախտորոշման, քիմիաթերապիայի եւ ճառագայթային բուժման ճանապարհով: Բուժման նման մոտեցումը՝ համակենտրոնացումը մեկ վայրում, շատ կարեւոր է բուժման ելքի համար: Մեր կենտրոնում գործում է լավագույն բժշկական սարքերով հագեցած իմունահիստոքննություն, որը ճշգրիտ տվյալներ է ներկայացնում, իսկ դա խիստ անհրաժեշտ է հիվանդության ախտորոշման եւ բուժման համար:

 


–   Ձեր բաժանմունքում ինչպիսի՞ պայմաններում են բուժվում հիվանդները:


–   Բաժանմունքը վերանորոգված է եւ ստեղծված են հարմարավետ պայմաններ: Շատ կարևոր հանգամանքներից է նաև այս գործոնը, քանի որ դրական տրամադրություն է փոխանցվում պացիենտներին: Մեր բաժանմունքում գործում են ստացիոնար եւ ամբուլատոր ծառայություններ: Հիվանդասենյակները կահավորված են անհրաժեշտ ու հարմարավետ պարագաներով: Բուժքույրերի անձնակազմն աշխատում է բարձր մակարդակով եւ այլեւս անցյալում է աշխատակազմի ծանրաբեռնված գրաֆիկով աշխատանքը: Սա նույնպես ծառայության որակյալ սպասարկման համար կարեւոր է: Արդեն գործում է դեղերի հավաքման համար նախատեսված «մեկ կետ» մոտեցումը: Բաժանմունքում տեղակայված է տեղեկատվական տեխնոլոգիայով հագեցած սարք, որն իր մեջ պարունակում է դեղի չափաբաժնի օգտագործման տեղեկություն: Այն փաստաթղթավորվում է, փոխանցվում է դեղերի հավաքման մեկ կետում: Բուժքույրերն իրենց ձեռքի տակ ունեն այդ բազան, որը եւս մեկ անգամ հնարավորություն է տալիս օգտագործված դեղի չափաբաժնի ճշգրտում եւ բուժանձնակազմի կողմից սխալվելու նվազագույն հավանականություն:

 


Մեր կողմից լուծվել է եւս մեկ շատ կարեւոր խնդիր՝ հաղթահարել ենք հիվանդների հերթերի գոյացումը: Շատ դժվար է մեկ բաժանմունքում օրվա ընթացքում շուրջ 100 հիվանդի սպասարկումը: Մեր բաժանմունքի դիմելիությունը մեծ է: Այլեւս հիվանդները մեկ սենյակից մյուսը չեն գնում, օրինակ, հետազոտությունից հետո արդյունքները բուժող բժշկին իրենք չեն փոխանցում եւ ժամերով հերթ չեն կանգնում, քանի որ ամբողջ տեղեկատվության բազան կենտրոնացված է էլեկտրոնային համակարգում: Այս մոտեցումն առավել դյուրին եւ օպերատիվ է դարձնում նաեւ բժիշկների աշխատանքը: Արտերկրներից մեզ այցելած գործընկերները զարմացած են մեր այս աշխատանքային ռիթմի վրա եւ հիացած, որ նման ծանրաբեռնվածությունից հերթեր չեն գոյանում ու ցանկություն ունեն կազմակերպել փորձի փոխանակում:


Մեր առանձնահատկություններից է նաեւ այն, որ բուժման համար գործում է «մեկ մոտեցում» սկզբունքը. առաջնային հիվանդների, առանձնահատուկ եւ բարդ դեպքերի համար բուժանձնակազմի կողմից կազմակերպվում է մասնագիտական հատուկ քննարկում` արդյունավետ բուժում իրականացնելու համար: Համատեղ այս մոտեցումը բուժման ընթացքի վերահսկողության համար շատ կարեւոր է:

 


Շատ կարեւոր է նաեւ բժիշկ-հիվանդ հոգեբանական եւ հուզական ճիշտ հարաբերությունը: Գաղտնիք չէ, որ քաղցկեղով հիվանդները գտնվում են հոգեպես ծանր վիճակում: Մեր բաժանմունքում կան հոգեբաններ, ովքեր անհրաժեշտության դեպքում հիվանդներին ցուցաբերում են հոգեբանական աջակցություն, ինչն օգնում է նրանց հաղթահարելու հիվանդությունը եւ պահպանելու հուզական հավասարակշռվածություն, դրանով իսկ նաև օգնում բժիշկներին` աշխատանքն արդյունավետ կազմակերպելու: Մարդիկ հնարավորություն ունեն նաեւ զրուցելու քաղցկեղը հաղթահարած հիվանդների հետ: Որոշ դեպքերում բժշկի եւ հոգեբանի խոսքը ընկալելի չէ հիվանդի համար, իսկ քաղցկեղը վերապրած հիվանդը, խոսելով հիվանդության մասին, կարողանում է հոգեբանորեն օգնել մեկ այլ հիվանդի, ով նոր է հայտնվել քաղցկեղի ճիրաններում:


–   Արտերկրից բուժման նպատակով դիմո՞ւմ են:


–   Մեծ թիվ են կազմում սփյուռքահայերը, Ռուսաստանից պացիենտները նույնպես շատ են, քանի որ մեր հոգատորությունն ու մարդկային վերաբերմունքը շատ են կարեւորում:

 


–   Հայաստանից շա՞տ են գնում արտերկիր` բուժման նպատակով:

 

–   Մեր կենտրոնում որակյալ բուժումն ու սպասարկումը վերջին շրջանում, կարելի է ասել, նվազեցրել է օտար երկիր գնալու հանգամանքը: Շատ դեպքեր կան, որ վերադարձել են եւ բուժումը շարունակել մեր բաժանմունքում՝ հասկանալով, որ բուժման մոտեցումն ու պայմանները նույնն են: Միշտ չէ, որ արտերկրում բուժումը կատարվում է գրագետ: Մեր կենտրոնը Հայաստանում միակն է, որն ապահովում է բարձրակարգ բուժում եւ մոտեցում, ներառված է պետպատվեր, անվճար խորհրդատվություն եւ հոգեբանական աջակցություն:

 

Լուրեր, հայտարարություններ
«Հարի Փոթերի» աստղի մոտ երրորդ փուլի քաղցկեղ են հայտնաբերել 24.02.2020

Բրիտանացի դերասանուհի Ջուլի Ուոլթերսը հայտնել է «երրորդ փուլի հաստ աղու քաղցկեղ» ախտորոշման մասին։ Հարի Փոթերի մասին ֆիլմաշարի աստղը նշել է, որ ծանր հիվանդությունը ստիպել է նրան նորովի...

Քաղցկեղը հաղթահարած հայտնի մարդիկ․ Մայքլ Դուգլաս 22.02.2020

Դերասանը, ով այժմ 75 տարեկան է, 65 տարեկանում բախվեց վտանգավոր ուռուցքային հիվանդության հետ: Դուգլասը պայքարում էր հիվանդության դեմ հասարակությունից գաղտնի՝ լեզուն և ծնոտը կորցնելու բարձր վտանգի պատճառով: Նա ստիպված էր․․․

Արյուն կղանքի մեջ․ երբ է դա քաղցկեղի նշան 21.02.2020

Կղանքի մեջ արյունը չի կարելի նորմալ վիճակ համարել, բայց դրա հետևում կարող են թաքնված լինել ինչպես ոչ վտանգավոր խանգարումներ, այնպես էլ լուրջ հիվանդություններ, օրինակ՝ հաստ աղու քաղցկեղ։ Կղանքում արյան առկայության դեպքում անպայման պետք է․․․

Հաճախ տրվող հարցեր