Նորություններ
«Ցավի ակադեմիա» հերթական գիտաժողովը Հայաստանում
«Ցավի ակադեմիա» հերթական գիտաժողովը Հայաստանում
12.12.2018

Այս տարվա դեկտեմբերի 7-8-ը Երևանում անցկացվեց «Ցավի ակադեմիա» հերթական գիտաժողովը: Առաջին գիտաժողովը մեկնարկել է 2018 թվականի մայիսին: Ներկա գիտաժողովը թվով երկրորդն է, հաջորդն ակնկալվում է գալիք տարվա ապրիլին: Գիտաժողովի պարբերաբար անցկացումը նպատակ ունի գիտական միջոցառումների ծրագիր իրականացնել, որին մասնակցելու համար յուրաքանչյուր անգամ ընդգրկվում են տարբեր ոլորտների փորձագետներ արտերկրից և Հայաստանից, բժիշկներին ներկայացվում են ցավի ոլորտի վերջին նորություններին վերաբերող զեկույցներ:


Ծրագրի նպատակը բժիշկների մասնագիտական զարգացումն է, քանի որ ոչ բոլոր բժիշկները հնարավորություն ունեն արտերկրում անցնելու վերապատրաստումներ: Ծրագրի մեկնարկից պարզ դարձավ, որ այն բավականին մեծ պահանջարկ ունի, ինչի համար որոշվեց` որ շարունակական բնույթ կրի:


Գիտաժողովն այս անգամ նվիրված էր բժշկական հետևյալ ոլորտներին՝ ռևմատոլոգիա, նյարդաբանություն, ուռուցքաբանություն և ստոմատոլոգիա: Հայաստանից զեկույցներով հանդես եկան բ.գ.թ. Հրանտ Կարապետյանը, դոցենտ Մհեր Կոստանյանը, բ.գ.դ. պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը, դոցենտ Արմինե Հարոյանը և այլոք, Արտերկրի հյուրերից էին Ջուստինո Վարրասսին՝ Պաոլո Պրոկաչիի անվան հիմնադրամի նախագահ, Ցավի համաշխարհային ինստիտուտի նորընտիր նախագահ Ագոստինո Վիրդիսը՝ ներքին հիվանդությունների գծով Ավագ պրոֆեսոր,Ֆրանկ էլսները՝ պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր:

 



Հրանտ Կարապետյան. Հակացավային և պալիատիվ օգնության ասոցիացիայի նախագահ, Վանատուն հիմնադրամի հիմնադիր տնօրեն, ԱՎԱ ՄԵԴ պալիատիվ օգնության ծառայության ղեկավար

−   Ի՞նչ է պալիատիվ՝ ամոքիչ բժշկությունը:

−   Ամոքիչ բժշկությունն անբուժելի հիվանդություններով տառապող հիվանդներին հնարավորին կյանքի բարձր որակ ապահովվելն է: Դա ցավազրկող, ախտանշային բուժումն է, հոգեսոցիալ օգնությունը հիվանդներին և հիվանդի հարազատներին: Գործառույթների մեջ չի մտնում հիվանդի կյանքը երկարացնելը:

−   Որտե՞ղ է կազմակերպվում պալիատիվ ծառայությունը՝ տնայի՞ն, թե՞ ստացիոնար պայմաններում:

−   Պալիատիվ օգնությունը ցուցաբերվում է և՛ տնային, և՛ հիվանդանոցային պայմաններում:

−   Ո՞ր հիվանդություններն են ներառված պալիատիվ օգնության ցանկում:

−   Պալիատիվ օգնության մեջ ներառված են բոլոր անբուժելի հիվանդությունները, որոնց ժամանակ ցավազրկումը և խնամքը կարևոր դեր ունեն: Այդ հիվանդությունների շարքում ուռուցքաբանությունը կազմում է ընդհանուր թվի 35-40 տոկոսը:

 



−   Հայաստանում ե՞րբ է ներդրվել այս ծառայությունը:

−   Այս ոլորտում սկսել ենք աշխատել 2000 թվականից, 2003 թվականին ստեղծվել է հակացավային և պալիատիվ օգնության ասոցիացիան և այսօր գործում է:


Ներկայում գործում է ԱՎԱ ՄԵԴ խնամքի և պալիատիվ օգնության կենտրոնը, որը միակն է Հայաստանում:Կենտրոնը լիցենզավորված է և նման գործունեությամբ զբաղվելու իրավունք ունի:

−   Ինչպիսի՞ն է ծառայության վերաբերյալ ժողովրդի տեղեկացվածությունը:

−   Օրեցօր տեղեկացվածությունն ավելանում է: 3 տարի է, ինչ գործում է ԱՎԱ ՄԵԴ-ը, գնալով դիմողների քանակը շատանում է: Սակայն, քանի որ ծառայությունը պետության կողմից չի հովանավորվում և չի գործում նաև պետպատվեր, բնականաբար, ժողովրդի մեծ մասն անկարող է օգտվել ծառայություններից:Յուրաքանչյուր դիմած 10 հիվանդից 1-2-ը հնարավորություն ունեն պառկել ստացիոնարում և ստանալ բարձրորակ բուժում:


−   Ի՞նչ է հոսպիսը:

−   Հոսպիսը պալիատիվ բժշկության մաս է կազմում: Հոսպիսում պառկում են այն հիվանդները, որոնց կանխատեսելի կյանքի տևողությունը 3 ամսից մինչև 3 շաբաթ է: Այստեղ պալիատիվ օգնություն են ստանում առավել ծանր հիվանդներըև կիրառվում է հիմնականում հակացավային թերապիան:

 



−   Ի՞նչ խնամք է իրականացվում:

−   Խնամքի մեջ մտնում է ամեն ինչ՝ բժշկական սպասարկում, լիարժեք խնամք:

−   Ի՞նչ ակնկալիքներ ունեք գիտաժողովից:

−   Ունենք նոր ծրագիր, որը նախատեսվում է իրականացնել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ: Դա թույլ կտա Հայստանում 3-4 տարվա ըն

թացքում ստեղծել պալիատիվ օգնության ցանց և՛ Երևանում, և՛ մարզերում: Առանց ամբողջ հանրապետությունում գործող համապարփակ պալիատիվ ծառայության անհնար է ցավազրկմանը վերաբերող խնդիրները լուծել պատշաճ մակարդակով:
Տարիներ շարունակ փորձել ենք կառավարության հետ համագործակցել, սակայն ոչինչ չի ստացվել: Ներկայում երկրում փոփոխությունների հետ կապված, գուցե և այս ոլորտում էլ ինչ-որ բան փոխվի:

Մհեր Կոստանյան. Բ.գ.թ, դոցենտ, վիրաբույժ-ուռուցքաբան, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գիտական խորհրդի անդամ

−   Ի՞նչ դեր ունեն նման միջոցառումներն ուռուցքաբանական պրակտիկայում:

−   Ցավային համախտանիշը ամենահաճախակի հանդիպողներից է ուռուցքաբանության ոլորտում, որի դեմ իրականացվող պայքարն ունի առաջնահերթ նշանակություն հիվանդի կյանքի որակը, կենսառիթմը և առօրյա ակտիվությունը բարձրացնելու նպատակով:
Ցավի դեմ իրականացվող պայքարի և ցավի բուժման նման միջոցառման նպատակն է բարձրացնել բժիշկների մասնագիտական ունակությունները, հաղորդել նոր գիտելիքներ և հմտություններ, որոնք էապես կբարելավեն հիվանդների բուժման արդյունքները և բժշկական օգնության որակը:

 

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
«Հարի Փոթերի» աստղի մոտ երրորդ փուլի քաղցկեղ են հայտնաբերել 24.02.2020

Բրիտանացի դերասանուհի Ջուլի Ուոլթերսը հայտնել է «երրորդ փուլի հաստ աղու քաղցկեղ» ախտորոշման մասին։ Հարի Փոթերի մասին ֆիլմաշարի աստղը նշել է, որ ծանր հիվանդությունը ստիպել է նրան նորովի...

Քաղցկեղը հաղթահարած հայտնի մարդիկ․ Մայքլ Դուգլաս 22.02.2020

Դերասանը, ով այժմ 75 տարեկան է, 65 տարեկանում բախվեց վտանգավոր ուռուցքային հիվանդության հետ: Դուգլասը պայքարում էր հիվանդության դեմ հասարակությունից գաղտնի՝ լեզուն և ծնոտը կորցնելու բարձր վտանգի պատճառով: Նա ստիպված էր․․․

Արյուն կղանքի մեջ․ երբ է դա քաղցկեղի նշան 21.02.2020

Կղանքի մեջ արյունը չի կարելի նորմալ վիճակ համարել, բայց դրա հետևում կարող են թաքնված լինել ինչպես ոչ վտանգավոր խանգարումներ, այնպես էլ լուրջ հիվանդություններ, օրինակ՝ հաստ աղու քաղցկեղ։ Կղանքում արյան առկայության դեպքում անպայման պետք է․․․

Հաճախ տրվող հարցեր