Նորություններ
Թոքի քաղցկեղ. ախտորոշում և հեռանկարներ
Թոքի քաղցկեղ. ախտորոշում և հեռանկարներ
15.10.2019

Թոքի քաղցկեղն ամբողջ աշխարհում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է։ Այս մասին հաճախ զգուշացնում են ծխողներին և կանոնավոր ֆլյուորոգրաֆիայից խուսափող մարդկանց։ Ընդ որում, քչերը գիտեն, թե հետազոտության որ մեթոդներն են թույլ տալիս հայտնաբերել այս հիվանդությունը վաղը շրջանում, և ինչ կարող է առաջարկել ժամանակակից բժշկությունը որպես ուռուցքի դեմ պայքարի միջոց։  Ստորև ներկայացնում ենք թեմային վերաբերող մի քանի հաճախ տրվող հարցերի պատասխանները:

Ի՞նչն է նպաստում թոքի քաղցկեղի զարգացմանը։ Արդյո՞ք չծխողները հիվանդանում են։

Քաղցկեղի այս տեսակի վաղ շրջանում հիվանդությունը հիմնականում անախտանիշ է ընթանում, սակայն հենց վաղ շրջանում է բուժումն առավել արդյունավետ։ Թոքի քաղցկեղը հետերոգեն հիվանդություն է, այսինքն, վերջինիս առաջացմանը նպաստում է ոչ թե մեկ, այլ մի շարք գործոններ։ Ուռուցքի առաջացման պատճառը մուտացիաներն են` բջիջների ԴՆԹ-ի վնասումը, որի պատճառով սկսվում է բջիջների անդադար և անկառավարելի կիսումը և տարածումն ամբողջ օրգանիզմով։ Սա էլ հենց նպաստում է հիվանդության զարգացմանը։ Այդ պատճառով չարժե ասել, որ ծխելը թոքի քաղցկեղի առաջացման գլխավոր գործոնն է։ Իհարկե, այս կործանիչ սովորությամբ մարդիկ առաջինն են գտնվում ռիսկի գոտում։ Եվ հիմնականում նրանք հիվանդանում են մանրբջջային քաղցկեղով։ Սակայն այս հիվանդությունը կարող է ախտորոշվել նաև նրանց մոտ, ովքեր երբեք չեն ծխել։

Որո՞նք են հիվանդության ախտանիշները։

Առաջին հերթին, դա մշտական, անդադար հազն է։  Իհարկե, գոյություն ունի նաև ծխողի հազ և բրոնխիտ հասկացությունը։ Սակայն, եթե հազը հաճախ է և, հատկապես, եթե խորխում արյան հետքեր են նկատվել, դա անհետաձգելիորեն հետազոտվելու առաջին ազդակն է։ Կարևոր է նաև ուշադրություն դարձնել կրծքավանդակում ցավային զգացողություններին, որոնք կարող են լինել ներշնչման, արտաշնչման, հազի, ինչպես նաև հանգստի ժամանակ։
Հնարավոր է նաև ցավ ուսի շրջանում, որը նման է ռևմատիզմին։ Այս ախտանիշների մեծ մասը կարող է առաջանալ նաև այլ հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են օստեոխոնդրոզը, միջկողային նևրալգիան և այլն։ Այնուամենայնիվ, եթե առկա է վերոնշյալ ախտանիշներից մեկը կամ մի քանիսը, հարկ է դիմել բժշկի։ Եթե քաղցկեղն ախտորոշվում է վաղ շրջանում, բուժման արդյունավետությունն ավելի բարձր է, ապաքինման շանսերը՝ մեծ։

Ինչպե՞ս է ախտորոշվում հիվանդությունը։ Արդյո՞ք ֆլյուորոգրաֆիայով հնարավոր է ժամանակին հայտնաբերել։

Թոքի քաղցկեղի ախտորոշումը բարդ և բազմափուլ գործընթաց է, ինչով էլ պայմանավորված է բուժման արդյունավետությունը։ Ֆլյուորոգրաֆիան, ռենտգենը թոքերի քաղցկեղի հայտնաբերման ցածր սպեցիֆիկությամբ հետազոտության եղանակներ են։ Որպես կանոն, այս հետազոտություններով հստակ կարելի է ախտորոշել  հիվանդության արդեն բարձիթողի, տարածված ձևերը։ Միակ ախտորոշիչ եղանակը, որի կիրառումը հնարավորություն է տալիս նվազեցնել մահացությունը թոքի քադցկեղից, թոքերի ցածր չափաբաժնով համակարգչային շերտագրությունն է։ Այն ժամանակակից մեթոդ է, որն օժտված է բարձր զգայնությամբ  և սպեցիֆիկությամբ, ինչը հնարավորություն է տալիս թոքերում օջախներ հայտնաբերել  (այդ թվում նաև` շատ փոքր ), որոնք գրեթե հնարավոր չէ հայտնաբերել այլ հետազոտություններով։ Ցածր չափաբաժնով համակարգչային շերտագրությամբ թոքերի քաղցկեղի սքրինինգն, առաջին հերթին,  ցուցված է մոլի ծխողներին՝ 45 տարեկանն անց տղամարդկանց մոտ, ովքեր ծխում են օրական առնվազն մեկ տուփ` վերջին 10 տարվա ընթացքում։ Ռիսկի խմբի մեջ մտնում են նաև 55 տարեկանն անց թոքերի, բրոնխների, շնչափողի քրոնիկական հիվանություններով, անամնեզում թոքի քաղցկեղով հիվանդները։

Բուժման ի՞նչ մեթոդներ են կիրառվում։ Ո՞ր դեպքերում հիվանդն ունի ապաքինման հնարավորություն։

Ամեն ինչ պայմանավորված է հիվանդության զարգացման շրջանով և քաղցկեղի հյուսվածաբանական տեսակով։ Ընդգծենք բիոպսիայի կարևորությունը։ Այն հնարավորություն է տալիս հասկանալ, թե քաղցկեղի որ տեսակի հետ մենք գործ ունենք և թույլ է տալիս ընտրել բուժման լավագույն տարբերակը։ Օրինակ, թոքի քաղցկեղի ենթատեսակներից մանրբջջային ուռուցքի դեպքում նույնիսկ ամենավաղ շրջանում վիրահատություն չի պահանջվում։ Այս դեպքում կիրառվում է քիմիաթերապիա և/կամ ճառագայթային բուժում։ Թոքերի ուռուցքների մյուս տեսակների դեպքում վաղ շրջանում իրականացվում  է վիրահատություն, որին հաջորդում է քիմիաթերապիան և ճառագայթային բուժումը։ Մետաստազների առկայության, հիվանդության տարածվածության կամ մեծ, ոչ վիրահատելի ուռուցքների դեպքում (երբ մյուս թոքում կամ այլ օրգաններում չկան մետաստազներ) բուժումն իրականացվում է քիմիաթերապիայի, ճառագայթային բուժման միջոցով։ Ժամանակակից ուռուցքաբանության մեջ առանձին տեղ են զբաղեցնում  բուժման արդի, սպեցիֆիկ եղանակները՝ թիրախային բուժումը և իմունաթերապիան։ Թոքի քաղցկեղի հայտնաբերման դեպքում  (ոչ մանր բջջային) անհրաժեշտ է անմիջապես իրականացնել գենետիկական քննություն, քանի որ որևէ գենի մուտացիայի առկայության դեպքում  թիրախային բուժման շնորհիվ հնարավոր է հատուկ ազդել հիվանդության վրա՝ լավացնելով բուժման կանխատեսումը։

 

Ապաքինման շանսերը բավականին բարձր են թոքի քաղցկեղի 1-2 շրջաններում։ Սակայն, նույնիսկ ուշ ախտորոշման դեպքում, ապաքինման շանս կա, կարևորը լիարժեք հետազոտվելն ու արդյունավետ բուժման կուրս անցնելն է։

Լուրեր, հայտարարություններ
ՈՒԱԿ-ում կատարվել է եզակի վիրահատություն՝ կրծքագեղձի օնկոպլաստիկ ռեզեկցիա` ծավալի փոխարինման եղանակով 11.11.2019

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ընդհանուր և մանկական ուռուցքաբանության բաժանմունքում կատարվել է եզակի վիրահատություն. կրծքագեղձի օնկոպլաստիկ ռեզեկցիա` ծավալի փոխարինման եղանակով...

ՈՒԱԿ օնկոուրոլոգիայի բաժանմունքը ներկայացրեց վերջին շաբաթների վիրաբուժական գործունեությունը 07.11.2019

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոուրոլոգիայի բաժանմունքի վարիչ Կարեն Ծառուկյանը կենտրոնի բժշկական խորհրդակցության ժամանակ ներկայացրեց բաժանմունքի վերջին շաբաթների...

Բարդ վիրահատություն. խոնդրոսարկոմայի հեռացում պլաստիկայով՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում 31.10.2019

Օրերս Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է բարդ վիրահատություն. կրծքավանդակի առաջակողմնային պատի մասնահատում՝ մեծ չափերի խոնդրոսարկոմայի հեռացումով և պլաստիկայով...

Հաճախ տրվող հարցեր