Նորություններ
Բարդ վիրահատություն. խոնդրոսարկոմայի հեռացում պլաստիկայով՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
Բարդ վիրահատություն. խոնդրոսարկոմայի հեռացում պլաստիկայով՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
31.10.2019

Օրերս Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է բարդ վիրահատություն. կրծքավանդակի առաջակողմնային պատի մասնահատում՝ մեծ չափերի խոնդրոսարկոմայի հեռացումով և պլաստիկայով։


61-ամյա պացիենտը` Լաչինից, այժմ հիվանդանոցում է, բժիշկների հսկողության տակ, վերականգնումն անցնում է առանց բարդությունների։
Վիրահատական խմբի ղեկավար, ՈՒԱԿ ոսկրային ախտաբանության բաժանմունքի վարիչ Ալեքսանդր Սեինյանը պարզաբանեց, որ խոնդրոսարկոման չարորակ նորագոյացություն է: Ըստ տեսակի լինում են ոսկրային և ոչ ոսկրային (արտակմախքային) խոնդրոսարկոմաներ, ըստ աճման բնույթի` էնդոֆիտ և էկզոֆիտ, այսինքն, դեպի դուրս և դեպի ներս։
 
«Այս պարագայում մենք ունեինք ոսկրային խոնդրոսարկոմա, որն աճել է առավելապես դեպի ներս։ Դեպի դուրս աճած հատվածն ավելի փոքր է եղել, և նկատելի է դարձել բավականին ուշ, ինչի պատճառով, երբ հիվանդը դիմել է մեզ, արդեն մեծ չափերի է հասել. 15x20 սմ», -ասաց բժիշկը։

 


 
 

ՈՒԱԿ-ի մուլտիդիսցիպլինար վիրահատական թիմը կատարել է առաջակողմնային պատի մասնահատում` ուռուցքի հեռացումով և պլաստիկա` պոլիպրոպիլենային ցանցով, փակելով պլևրալ խոռոչը, որտեղ գտնվում է թոքը։  Վիրահատությանը մասնակցել են. ոսկրային ախտաբանության բաժանմունքի վարիչ Ալեքսանդր Սեինյանը, թորակալ բաժանմունքի վարիչ Արմեն Խանոյանը, ոսկրային վիրաբույժներ Էդգար Նիկողոսյանը և Նարեկ Գինոյանը, օրդինատոր Համլետ Մանուկյանը, անէսթեզիոլոգ Գայանե Ստեփանյանը։

 

«Ոռուցքը բավականին ճնշում էր լյարդի վրա, հեռացնելուց հետո մենք տեսանք, որ ուռուցքը չէր ներաճել դեպի լյարդ, այլ ուղղակի սեղմում էր։ Այնուհետև կատարել ենք ստոծանու մասնահատում և պլաստիկա` կրկին պոլիպրոպիլենային ցանցով։ Նաև լավսանային թելեր ենք ֆիքսել կողոսկրերից` ձևավորելով կրծքավանդակի կարկաս։ Պլաստիկաներն ու կարկասը իրականացվել են ճողվածքներից խուսափելու համար», - պատմեց Ալեքսանդր Սեինյանը։
 



Կատարված վիրահատության հիմնական բարդությունն այն էր, որ վիրահատության ընթացքում, ստոծանու մասնահատման պատճառով, առաջացել էր մեծ դեֆեկտ, որը պետք էր փակել։ Նաև պլևրալ թերթիկի և կրծքավանդակի պատի մեծ դեֆեկտ փակելն էր բավականին բարդ։ «Ամենակարևորն այն է, թե ինչպես են փակվել այդ դեֆեկտներըը։ Բժիշկների համար կրծքավանդակի դեֆեկտը լուրջ խնդիր է ամբողջ աշխարհում, քանի որ այն շարժվող է, իսկ պլաստիկան` բավականին բարդ։ Վիրահատությունը պետք է այնպես իրականացվի, որ թոքի կողմից որևէ խնդիր չառաջանա, օրինակ` ատելեկտազ, և չխանգարվի շնչառությունը», -ասաց բժիշկը։ 

 


 
Մասնագետը պարզաբանեց, որ այս տիպի ուռուցքների բուժումը միայն վիրահատական է, քիմիա և ճառագայթային թերապիայի հանդեպ դրանք զգայուն չեն։ 


Ըստ Ալեքսանդր Սեինյանի, հիվանդի լյարդում և թոքերում մեթաստազներ չեն եղել: Այժմ նա գտնվում է հիվանդասենյակում, վերականգնման փուլում է, վիճակը բավարար է։ Կանխատեսումները դրական են, որովհետև կատարվել է մեծ ծավալով, ռադիկալ վիրահատություն, և կրկնվելու հավանականությունը նվազագույն է։

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր