ՈՒռուցքաբանության ազգային կենտրոնի կազմում գործում է օնկոգինեկոլոգիայի թիվ 1 բաժանմունքը` 30 տարուց ավելի, ծավալված՝ 30 մահճակալով: Բաժանմունքում հետազոտվում և բուժվում են կանանց սեռական օրգանների բարորակ, սահմանային և չարորակ ուռուցքներով հիվանդներ` Հայաստանից և արտերկրից: Հիվանդների բուժման ադեկվատ սխեման մշակվում և իրագործվում է ժամանակակից ախտորոշիչ մեթոդների` կոլպոցերվիկոսկոպիայի, հիստերոսկոպիայի, հիստերոգրաֆիայի, սոնոգրաֆիայի, լապարոսկոպիայի տվյալների և մորֆոլոգիական, կենսաքիմիական, իմունաբանական, հորմոնալ հետազոտությունների տվյալների հիման վրա:
Բաժանմունքում կատարվում են համաշխարհային օնկոգինեկոլոգիական պրակտիկայում ընդունված վիրաբուժական բոլոր միջամտությոինները, ինչպիսիք են՝ արգանդի պարանոցի, արգանդի մարմնի, հեշտոցի չարորակ ուռուցքների ընդլայնված վիրահատությունները և կանանց սեռական օրգանների բարորակ ուռուցքների վերականգնողական միջամտությունները:
Յուրաքանչյուր տարի բաժանմունքում կատարվում են 550-ից ավելի վիրահատություններ: Վիրահատությունների մեծամասնությունն իրականացվում է լապարոսոկոպիկ մեթոդով:
Ժամանակակից քիմիաթերապիայի կիրառումը նպաստում է վիրաբուժական բուժման արդյունավետության բարձրացմանը: Օնկոգինեկոլոգիական հիվանդների բուժման արդյւնավետության բարձրացման նպատակով մշակվում և կիրառվում են ժամանակակից գիտական նոր մեթոդներ` արգանդի պարանոցի նախաուռուցքային ախտաբանությունների, արգանդի պարանոցի չարորակ ուռուցքների հետվիրահատական բարդությունների կանխման վերաբերյալ:
Բաժանմունքում մշակվող գիտական ուսումնասիրությունների արդյունքները` բժիշկների կողմից, ներկայացվում են տարբեր գիտաժողովներում, Անդրկովկասում և արտասահմանում կազմակերպվող ուռուցքաբանների համագումարներում: Բաժանմունքում հետդիպլոմային վերապատրաստում և ուսուցում են անցնում բժիշկներ և կլինիկական օրդինատորներ` Հայաստանից և արտերկրից:
2018-ին բաժանմունքն ամբողջովին վերանորոգվել է, պացիենտներին հատկացվում են հարմարավետ, մեկ հիվանդի համար նախատեսված հիվանդասենյակներ:
Բաժանմունքում աշխատում է 6 բժիշկ, որոնցից 2-ը գիտությունների թեքնածու են, 2-ն աշխատում են թեքնածուական թեզի մշակման վրա:
Բաժանմունքը ղեկավարում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Արամի Ջիլավյանը:
Բաժանմունքը համալրվել է ժամանակակից սարքերով՝ կոլպոսկոպ, հիստերոսկոպ, արտաքին սեռական օրգանների և արգանդի պարանոցի տարբեր հիվանդությունների լազերային թերապիայի սարք։
|