Նորություններ
Ի՞նչ է ռադիոյոդային բուժումը եւ ո՞ր դեպքերում է կիրառվում
Ի՞նչ է ռադիոյոդային բուժումը եւ ո՞ր դեպքերում է կիրառվում
17.12.2019

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում 2019 թվականի սկզբից կիրառվում է վահանաձև գեղձի հիվանդությունների բուժման արդի մեթոդներից մեկը՝ ռադիոյոդթերապիան։

 

Այս բուժական մեթոդին ուռուցքաբանության ազգային կենտրոնում տիրապետել են դեռ Խորհրդային Միության տարիներին, սակայն Միության փլուզումից հետո ինչ-ինչ պատճառներով մեթոդը չի պահպանվել, և վերականգնվել է այս տարվա սկզբին՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։

 

Կենտրոնն այսօր հագեցած է բոլոր անհրաժեշտ սարքերով և հատուկ մեկուսացված հիվանդասենյակներով՝ ռադիոյոդային բուժումը միջազգային ուղեցույցներին համապատասխան իրականացնելու համար։ 2018թ. ՈՒԱԿ-ում տեղադրված Mediso AnyScan SPECT/CT համալիրը վահանաձև գեղձի քաղցկեղի բուժման հսկողության և ամենափոքր մետաստազների հայտնաբերման հնարավորություն է ընձեռում։

 

Ի՞նչ է ռադիոյոդային բուժումը, որո՞նք են այդ բուժման ցուցումներն ու հակացուցումները. այս և այլ հարցերին պատասխանում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ Թաթուլ Սաղաթելյանը։

 

-  Ի՞նչ է ռադիոյոդային բուժումը

 

-  Վահանաձև գեղձն իր նորմալ գործունեության համար յոդ էլեմենտի կարիք ունի, որից գեղձի ֆոլիկուլյար բջիջները սինթեզում են հորմոններ՝ թիրոքսին (Т4) և երեքյոդթիրոնին (T3)։ Այս հորմոնները շատ կարևոր են օրգանիզմի մի շարք նյութափոխանակային գործընթացների համար։

 

Տարբեր հիվանդությունների ժամանակ, երբ, օրինակ, ֆոլիկուլային բջիջները լինում են գերակտիվ, այդ գերակտիվությունը նվազեցնելու համար բժիշկները օգտագործում են վահանաձև գեղձի կողմից յոդի կլանման հատկությունը։ Տրվում է ռադիոակտիվ յոդ, որը սովորական յոդի պես կլանվում է վահանաձև գեղձի բջիջների կողմից, ու արդեն ընտրողաբար վնասում է այն բջիջները, որոնք ունեն ավելորդ գերակտիվություն, կամ նորմալ չեն, ուռուցքային են։

 

-  Ո՞ր հիվանդությունների ժամանակ է կիրառվում ռադիոյոդթերապիան

 

-  Ռադիոյոդթերապիան կիրառվում է ինչպես վահանաձև գեղձի դիֆերենցված քաղցկեղի բուժման, այնպես էլ վահանաձև գեղձի տոքսիկ խպիպների, դիֆուզ տոքսիկ խպիպների կամ հանգուցավոր խպիպների բուժման համար։

 

Վահանաձև գեղձի քաղցկեղի բուժման ժամանակ ռադիոյոդթերապիան դեպքերի մեծ մասում լրացնում է վիրահատությանը։ Վիրահատական ճանապարհով հեռացվում է ամբողջ տեսանելի վահանագեղձային հյուսվածքը (թիրեոիդէկտոմիա), եթե կան հարակից ախտահարված ավշահանգույցներ, ապա նաև դրանք են հեռացվում (լիմֆոդիսեկցիա), որից հետո նոր միայն կարելի է կիրառել ռադիոակտիվ յոդ:

 

Քաղցկեղի դեպքում ռադիոկատիվ յոդը կիրառվում է երկու նպատակով՝ թաքնված մեթաստազները կամ ուռուցքային հյուսվածքի մնացորդները վերացնելու համար և հիվանդության ընթացքի վերահսկողություն իրականացնելու համար։ Հիվանդության ընթացքը հսկվում է արյան մեջ թիրեոգլոբուլին սպիտակուցի մակարդակը որոշելով։ Եթե թիրեոգոլոբուլինի մակարդակը բարձր է լինում, դա նշանակում է, որ օրգանիզմում դեռ պահպանվում են  վահանաձև գեղձի հյուսվածքներ, որոնք այդ թիրեոգլոբուլինը արտադրում են, և դրանք կարող են հիվանդության կրկնության պատճառ դառնալ։

 

Վահանձև գեղձի մեթաստատիկ քաղցկեղի դեպքում ռադիոակտիվ յոդը, կուտակվելով մեթաստազներում, դրանք ընտրողաբար չեզոքացնում է։ Նույնիսկ թոքերի մեթաստատիկ ախտահարմամբ հիվանդների մոտ  կարող է դիտվել լիարժեք առողջացում։

 

-  Ի՞նչ եղանակով է հիվանդը ստանում ռադիոյոդը

 

-  Այսօր ռադիոկատիվ յոդն արտադրվում է հատուկ դեղապատիճների ձևով, հիվանդն ուղղակի դրանք խմում է։
Ինչո՞ւ է խորհուրդ տրվում հատուկ սննդակարգ պահպանել

 

Որպեսզի վահանաձև գեղձը կլանի ռադիոկատիվ յոդը, մենք պետք է օրգանիզմում յոդի սով առաջացնենք։ Հակառակ դեպքում վահանաձև գեղձը կկլանի սննդի միջոցով ստացած բնական յոդը, և անհրաժեշտ քանակով ռադիոակտիվ յոդ չի կուտակվի։ Այդ պատճառով բուժումը սկսելուց երկու-երեք շաբաթ առաջ հիվանդներին հատուկ, յոդ չպարունակող սննդակարգ է նշանակվում.  բացառվում են յոդով հարուստ մթերքները, օրինակ, յոդացված աղը, ծովամթերքը, այլ մթերքներ, որոնք կարող են յոդով հարուստ լինել կամ հատուկ հարստացված լինել։

 

-  Ինչո՞ւ են յոդով բուժում ստացող հիվանդներին մեկուսացնում

 

-  Ռադիոակտիվ յոդով բուժումը բավականին էֆեկտիվ ու հարաբերականորեն անվտանգ եղանակ է, այնուամենայնիվ, այն ներառում է ռադիոակտիվ իզոտոպների կիրառում, որոնք հետագայում արտազատվում են շնչառության միջոցով, մարդու, մեզի, քրտինքի, արտաթորանքի միջոցով, ու որոշակի վտանգ են ներկայացնում շրջապատի մարդկանց համար, և կարող են բերել շրջապատի ռադիացիոն աղտոտմանը։ Այդ պատճառով մշակված են հատուկ ռադիացիոն անվտանգության կանոններ․ հիվանդը գտնվում է սահմանափակ ռեժիմով հիվանդասենյակում այնքան ժամանակ, մինչև օրգանիզմի մնացորդային ռադիոակտիվությունը հասնի թույլատրելի մակարդակի։

 

Մեկուսացման տևողությունը կախված է ներմուծվող դոզայից, միջինը մինչև երեք -չորս օր։
Ռադիոակտիվ յոդի դոզան հաշվարկվում է ըստ հիվանդության փուլի, բուժման նպատակների, օրգանիզմում մնացորդային վահանագեղձային հյուսվածքի քանակի։

 

-  Որո՞նք են ռադիոյոդային բուժման կողմնակի ազդեցությունները

 

-  Կողմնակի ազդեցությունները դեպքերի մեծ մասում անհատական են, կախված են հիվանդի օրգանիզմից և յոդի քանակից։ Առավել հաճախ լինում են համի զգացողության աղավաղում, բերանում մետաղի համի զգացում, թքագեղձերի բորբոքում և ցավոտություն, սրտխառնոց, դիսկոմֆորտ ստամոքսի շրջանում։ Բոլոր այս կողմնակի ազդեցությունները ժամանակակից բժշկության պայմաններում բավականին կառավարելի են։

-  Որո՞նք են ռադիոյոդթերապիայի հակացուցումները

 

-  Բացարձակ հակացուցում են հղիությունը և կրծքով կերակրելը։ Եթե հղի կնոջը անհրաժեշտ է ռադիոյոդային բուժում, ապա հնարավորության դեպքում պետք է սպասել, մինչև որ կինը ծննդաբերի։ Եթե ռադիոյոդթերապիան այնքան անհրաժեշտ է, որ գերակշռում է հղիության պահպանման հարցին, ապա կատարվում է հղիության ընդհատում կամ վաղաժամ ծննդալուծում։

 

Ռադիոյոդային բուժումից առաջ կրծքով կերակրելը պիտի դադարեցվի, ու հետագայում այլևս մայրը չի կարող այդ երեխային կրծքով կերակրել։ Բացի այդ, սկզբնական շրջանում, քանի որ ռադիոակտիվ յոդը որոշ ժամանակ դեռ մնում է մոր օրգանիզմում, երեխայի մասին պետք է հոգ տանեն ուրիշները։

 

Ռադիոյոդային թերապիայի համար հարաբերական հակացուցում է նաև հիվանդի ոչ «ինքնավար» լինելը, քանի որ նա պետք է մնա մեկուսացված հիվանդասենյակում, որտեղ սահմանափակ է շփումը նաև բուժանձնակազմի հետ։ Հիվանդը պետք է ունակ լինի այդ ժամանակահատվածում ինքն իրեն խնամելու։

 

Հարաբերական հակացուցում է գլխուղեղի մեթաստատիկ ախտահարումը, քանի որ ռադիոյոդային բուժման ֆոնի վրա կարող է լինել գլխուղեղի այտուց ու նյարդաբանական սիմպտոմատիկայի վատացում։

 

Հարաբերական հակացուցում է նաև յոդի նկատմամբ ալերգիան։ Հարաբերական, քանի որ տրվող յոդի դոզան բավականին փոքր է, և համապատասխան ուղեկցող բուժման պարագայում հնարավոր է անցկացնել բուժում ռադիոակտիվ յոդով։

 

 

 

                      

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր