Պացիենտների համարՀիվանդություններ
Ի՞նչ է պետք իմանալ կոլոռեկտալ քաղցկեղի մասին
Ի՞նչ է պետք իմանալ կոլոռեկտալ քաղցկեղի մասին
07.04.2016

Ավելի քան քառորդ դար առաջ կոլոռեկտալ քաղցկեղը բոլոր ուռուցքային հիվանդությունների մեջ գրավում էր չորրորդ տեղը: Սակայն ներկայում այս հիվանդությունը դառնում է սոցիալապես առավել նշանակալից՝ չարորակ ախտահարումների մեջ գրավելով երկրորդ տեղն` ըստ հիվանդացության և երկրորդն` ըստ մահացության հաճախության: Հենց այս հանգամանքը, ինչպես նաև գրեթե 50 տոկոս դեպքերում բուժման ընթացքում որովայնի պատի վրա աղիքի դուրս բերումը՝ հակաբնական հետանցքի ստեղծմամբ, պատճառ հանդիսացան, որ մարդկանց գիտակցության մեջ այս ախտորոշումը զուգորդվի «սարսափելի» ածականով: Սակայն նշենք, որ կոլոռեկտալ քաղցկեղը շատ դեպքերում հնարավոր է կանխարգելել: Բացի այդ, կարելի է հասնել լիարժեք ապաքինման, եթե հիվանդությունը հայտնաբերվել է վաղ շրջանում, և, վերջապես, նույնիսկ ուշ շրջանում հիվանդների մեծամասնությունը կարող է ապաքինվել, եթե բուժումն իրականացնում են որակավորված մասնագետները:


Նախաքաղցկեղային վիճակներ և ռիսկի խմբեր


Այսօր հայտնի է նախաքաղցկեղային վիճակների մի քանի տեսակ: Նախ նշենք, որ յուրաքանչյուր 100 հիվանդից 10-ի մոտ այս հիվանդությունը կապված է գենետիկական փոփոխությունների հետ, որոնք փոխանցվում են ժառանգաբար: Առավել հայտնի է դոմինանտ ձևով փոխանցվող հաստ աղու ընտանեկան ժառանգական պոլիպոզը (երբ ամբողջ աղիքը կամ նրա զգալի հատվածն ախտահարված է պոլիպներով): Այն մարդկանց մոտ, ում ծնողները տառապել են այս հիվանդությամբ, վերջինիս առաջացման հավանականությունը շատ բարձր է: Ընտանեկան պոլիպոզով յուրաքանչյուր հիվանդի մոտ՝ միջինը 30-35 տարեկան հասակում, անխուսափելիորեն առաջանում է չարորակ ուռուցք: Այդ պատճառով, քաղցկեղի առաջացումը կանխարգելելու նպատակով, նման հիվանդներին այդ տարիքում արդեն, որպես կանոն, առաջարկվում է ամբողջ հաստ աղու հեռացում:


Տարբերում են նաև ժառանգաբար փոխանցվող մի քանի վիճակներ, որոնք «ծրագրավորված» են չարորակ նորագոյացությունների զարգացման համար: Այդ պատճառով, յուրաքանչյուր ոք, ում տոհմում եղել են հաստ աղու, ստամոքսի կամ կրծքագեղձի չարորակ հիվանդությամբ տառապողներ, 40-45 տարեկանից հետո պարտադիր կարգով պետք է անցնեն հաստ աղու էնդոսկոպիկ հետազոտություն, ինչպես նաև իրականացվեն արդեն հասանելի դարձած գենետիկական թեստեր:


Հաստ աղու քաղցկեղ կարող են առաջացնել նաև մի շարք երկարատև և անընդհատ ընթացող բորբոքային հիվանդությունները, ինչպիսիք են ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտը կամ Կրոնի հիվանդությունը: Այսպես, խոցային կոլիտով տառապող մարդկանց մոտ հաստ աղու չարորակ ուռուցքի առաջացման ռիսկը 10-15 տարվա ընթացքում երկու անգամ մեծանում է, այնուհետև, յուրաքանչյուր տասնամյակում աճում է երկրաչափական պրոգրեսիայով:


Չնայած վերը նշված տվյալներին և այլ գենետիկական փոփոխությունների անընդհատ իրականացվող որոնումներին՝ պետք է նշել, որ հաստ աղու քաղցկեղի «նոր» դեպքերի մեծ մասը (մոտավորապես 90%-ը) զարգանում է անկախ քաղցկեղով հիվանդացության ընտանեկան պատմությունից: Նշվում է միայն, որ հիվանդների մեծ մասը 50 տարեկանն անց մարդկանց խմբում են: Այս վիճակագրությունը կտրուկ վատթարանում է հիվանդի մոտ վնասակար սովորությունների առկայության դեպքում, ինչպիսիք են ծխելը, ալկոհոլային խմիչքների կանոնավոր ընդունումն՝ անկախ խտության աստիճանից, ինչպես նաև ճարպակալման բերող շատակերության հակումը: Այդ պատճառով խորհուրդ է տրվում սքրինինգային ծրագիրն սկսել 50 տարեկանից, հատկապես թվարկված ռիսկի գործոններից որևէ մեկի առկայության դեպքում: Այս ծրագրերն, առաջին հերթին, ներառում են կղանքի հետազոտությունը թաքնված արյան համար, որը երբեմն կարող է հայտնաբերվել միայն ճշգրիտ կենսաքիմիական հետազոտությամբ:


Արյան հայտնաբերումը կարող է վկայել քաղցկեղի սկզբնական շրջանի կամ նախաքաղցկեղային հիվանդության առկայության մասին, ինչպիսիք են հաստ աղու պոլիպները կամ բորբոքային հիվանդությունները: Այդ պատճառով հիվանդին պարտադիր կարգով իրականացվում է հաստ աղու հետազոտություն, որը հիմնականում կոլոնոսկոպիան է: Մանր պոլիպների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է դրանք հեռացնել և աղիները սանացիայի ենթարկել, որից հետո չարորակ ուռուցքի զարգացման հավանականությունը կտրուկ նվազում է:


Հավանական է, որ, առավել հաճախ, հաստ աղու քաղցկեղն առաջանում է հենց պոլիպներից, և ոչ de novo (այնտեղ, որտեղ չկան փոփոխություններ): Այդ պատճառով շատ կարևոր է պոլիպների հայտնաբերումը և հեռացումը: Հեռացումն իրականացվում է էնդոսկոպիկ սարքավորման միջոցով և, որպես կանոն, առանց ընդհանուր անզգայացման, ժամանակակից ներերակային անզգայացման կիրառմամբ: Հիվանդները չեն կորցնում աշխատունակությունը և գործողությունից արդեն մի քանի ժամ անց կարող են անցնել աշխատանքի:

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր