Պացիենտների համարՀիվանդություններ
Ինչպե՞ս ճանաչել արգանդի վզիկի քաղցկեղը
Ինչպե՞ս ճանաչել արգանդի վզիկի քաղցկեղը
24.10.2016

Կրծքագեղձի քաղցկեղից հետո արգանդի վզիկի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է: Ինչպե՞ս պաշտպանվել այս վտանգավոր հիվանդությունից և ժամանակին ախտորոշել արգանդի վզիկի քաղցկեղը:


Ի՞նչ է իրենից ներկայացնում արգանդի վզիկի քաղցկեղը


Արգանդի վզիկի քաղցկեղն արգանդի վզիկի շրջանում չարորակ նորագոյացություն է: Մասնագետները տարբերում են տվյալ հիվանդության երկու հիմնական տեսակ՝ ադենոկարցինոմա և տափակ բջջային քաղցկեղ:


Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր տարի ավելի քան 500 հազար կնոջ մոտ առաջին անգամ ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ, և 280 հազար կին մահանում է այս հիվանդությունից:


Ինչու՞մ է կայանում արգանդի վզիկի քաղցկեղի վտանգը


Գլխավոր խնդիրն այն է, որ տվյալ հիվանդությունը վաղ շրջանում ընդհանրապես որևէ կերպ չի դրսևորվում: Արգանդի վզիկի քաղցկեղը կամ նախաքաղցկեղային վիճակը կարելի է հայտնաբերել միայն բժիշկ-գինեկոլոգի մոտ զննման ժամանակ: Հաճախ կինը սխալմամբ կարծում է, որ եթե ոչինչ չի անհանգստացնում, ապա բժշկին դիմելու կարիք չկա, իսկ ժամանակին հիվանդությունը չհայտնաբերելու դեպքում հետևանքները կարող են ծանր լինել: Հիվանդության ախտանիշները կարող են արտահայտվել  արգանդի վզիկի քաղցկեղի վերջին փուլում միայն, երբ հաջող բուժման և ապաքինման հավանականությունը շատ փոքր է:


Որպեսզի դա տեղի չունենա, բժիշկները բոլոր կանանց կոչ են անում կանոնավոր հաճախել բժշկի և բջջաբանական հետազոտություն անցնել:


Բացի այդ, արգանդի վզիկի քաղցկեղը վտանգավոր է նաև նրանով, որ հիմնականում ախտահարում է պտղաբեր տարիքում գտնվող` 35-55 տարեկան երիտասարդ կանանց: Զգալիորեն հազվադեպ՝ միայն 20% դեպքերում, այս հիվանդությունը հայտնաբերվում է 65 տարեկանն անց կանանց մոտ: Ավելի երիտասարդ կանանց մոտ` մինչև 35 տարեկան, ևս այն հարաբերականորեն հազվադեպ է հանդիպում:


Արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման պատճառները


Վերջին տարիներին մանկաբարձ-գինեկոլոգները նշում են, որ գնալով ավելի են  «երիտասարդանում» այն հիվանդները, որոնց մոտ արգանդի վզիկի դիսպլազիա (նախաքաղցկեղային վիճակ), կամ արգանդի վզիկի քաղցկեղի բազմաբնույթ ձևեր են հայտնաբերվում: Ամենայն հավանականությամբ, սա պայմանավորված է կամ նրանով, որ ժամանակակից աղջիկները շատ շուտ են սկսում սեռական կյանքով ապրել՝ հաճախ անտեսելով հակաբեղմնավորման պատնեշային եղանակները, կամ կյանքի տեմպով, որը ոչ մի կերպ չի ենթադրում սթրեսների, անքնության և առողջության վրա բացասաբար ազդող այլ գործոնների բացակայություն:


Արգանդի վզիկի քաղցկեղի հիմնական պատճառ է մարդու պապիլոմա վիրուսը (ՄՊՎ): Գոյություն ունի ՄՊՎ հսկայական քանակություն, սակայն հենց թիվ 16 և 18 տեսակներն են պայմանավորում դրսևորվող ուռուցքի տարատեսակը: Թիվ 16 տեսակով վարակման հետևանքով զարգանում է տափակ բջջային քաղցկեղ, իսկ թիվ 18 տեսակն առաջացնում է ադենոկարցինոմա:


ՄՊՎ-ով վարակման պահից մինչև չարորակ ուռուցքի զարգացումը կարող է տարիներ տևել:


Գոյություն ունեն նաև այլ ռիսկի գործոններ, որոնք բարձրացնում են արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման ռիսկը.

 

  • սեռական զուգընկերների հաճախակի փոփոխություն կամ զուգընկեր, ով հաճախակի փոխում է իր զուգընկերներին,
  • սեռական կյանքի վաղ սկիզբ,
  • տարբեր սեռավարակներ (քլամիդիոզ, գոնոռեա, սիֆիլիս, ՄԻԱՎ/ՁԻԱՀ ),
  • մեծ քանակությամբ ծննդաբերություններ (5-ից ավելի),
  • թույլ իմունիտետ կամ իմունային անբավարարության առկայություն (օրինակ, օրգանի փոխպատվաստումից կամ տարած քիմիաբուժությունից հետո),
  • նախկինում կրած կրծքագեղձերի, հեշտոցի կամ արտաքին սեռական օրգանների քաղցկեղ,
  • ծխելը:


Արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման փուլերը


Արգանդի վզիկի քաղցկեղը «ոչնչից» և հանկարծակի չի առաջանում:

 

Մասնագետները տարբերում են հիվանդության զարգացման հետևյալ փուլերը.

 

  • արգանդի վզիկի նորմալ էպիթել,
  • էպիթելի դիսպլազիա (թեթև, չափավոր, ծանր),
  • ներէպիթելային քաղցկեղ (կամ քաղցկեղ 0 շրջանում, ոչ ինվազիվ քաղցկեղ),
  • միկրոինվազիվ քաղցկեղ,
  • ինվազիվ կամ կլինիկորեն արտահայտված քաղցկեղ:


Ինչպես ճանաչել արգանդի վզիկի քաղցկեղը


Արգանդի վզիկի նախաքաղցկեղային հիվանդությունները (դիսպլազիա), ինչպես նաև  արգանդի վզիկի քաղցկեղը, հաճախ ոչ մի կերպ չեն արտահայտվում վաղ շրջանում: Հազվադեպ կարող է լինել մուգ շագանակագույն կամ արյունային արտադրություն, երբեմն աննշան ցավ սեռական հարաբերությունից հետո: Սակայն որևէ հստակ ախտանիշ, որը կվկայի ուռուցքային հիվադության մասին, վաղ շրջանում չի լինում: Անհանգստացնում և ակնհայտ գանգատներ առաջացնում է հասուն ուռուցքը, որն արդեն ներաճել է հարևան օրգաններ: Համապատասխանաբար ի հայտ են գալիս ճնշող, ձգող ցավեր շեքի շրջանում, միզարձակման և կղազատման խանգարում:


Արգանդի վզիկի քաղցկեղի ախտորոշում


Եթե փորձենք հասկանալ, թե որն է արգանդի վզիկի հիվանդությունների ախտորոշման գլխավոր խնդիրը, ապա պատասխանը կլինի անսպասելի. որևէ խնդիր չկա: Գինեկոլոգին կանոնավոր այցելելու, սովորական բջջաբանական հետազոտություն իրականացնելու դեպքում որևէ ուռուցքաբանական հիվանդություն տեսադաշտից դուրս չի մնա: Իսկ ահա սեփական առողջության համար ժամանակի մշտական անբավարարության, կանխարգելիչ զննումներն անտեսելու դեպքում, կամ արդեն հիվանդության ախտորոշումից հետո նշանակված բուժման նկատմամբ վախը և արհամարհանքը անպայման խնդիրներ կստեղծեն:


Նախաքաղցկեղային փոփոխությունների (դիսպլազիա) և սկզբնական շրջանում արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերմանն օգնում է արգանդի վզիկի և պարանոցային խողովակի մակերեսից քսուկի բջջաբանական հետազոտությունը:


Կարևոր նշանակություն ունի նաև կոլպոսկոպիան, որը բժշկին հնարավորություն է տալիս մանրամասն զննել արգանդի վզիկը և 90% դեպքերում հայտնաբերել դիսպլազիան, ինչը կարող է գնահատվել որպես նախաքաղցկեղային վիճակ:


Անկախ բջջաբանական հետազոտության տվյալներից՝ արգանդի վզիկի քաղցկեղի կասկածի դեպքում, իրականացվում է բիոպսիա արգանդի վզիկի բոլոր կասկածելի հատվածներից:


Հետազոտման եղանակներից է նաև պարույրաձև համակարգչային տոմոգրաֆիան կրկնակի կոնտրաստավորումով:
Արգանդի վզիկի քաղցկեղի բուժումը


Արգանդի վզիկի քաղցկեղի փուլով պայմանավորված` ընտրվում է բուժում, երբեմն` համակցված:


Հնարավոր է արգանդի վզիկի կոնիզացիայի իրականացում՝ արգանդի վզիկի ախտահարված շրջանի հեռացում:

Հաճախ նշանակվում է վիրահատական բուժում՝ արգանդի վզիկի, արգանդի, ավշային հանգույցների և որոշ դեպքերում նույնիսկ հավելումների հեռացում:
Քիմիա-ճառագայթային բուժումը կարող է բուժման ինքնուրույն կամ լրացուցիչ եղանակ լինել՝ որպես հետվիրահատական բուժում:


Բրախիթերապիան արգանդի վզիկի տեղային ճառագայթման եղանակ է և հաճախ արմատական ճառագայթային բուժման կուրսի մի մասն է:


Արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելումը


Արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելումն առաջին հերթին ենթադրում է ՄՊՎ-ով վարակման կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումներ: Պահպանակների կանոնավոր կիրառումը զգալիորեն նվազեցնում է սեռավարակներով, այդ թվում ՄՊՎ-ով վարակման ռիսկը: Ապացուցված է, որ հակաբեղմնավորիչների պատնեշային մեթոդներն արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման հավանականությունը նվազեցնում են 60%-ով: Բացի այդ, կարելի է հետաձգել սեռական կյանքի սկիզբը, սահմանափակել սեռական զուգընկերների քանակը, ինչպես նաև հրաժարվել ծխելուց:

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր