Ռիսկի գործոնները, սովորաբար, մեծացնում են մարդու մոտ քաղցկեղի զարգացման հավանականությունը: Չնայած այդ փաստին, մեծամասամբ, դրանք ուղղակիորեն չեն առաջացնում քաղցկեղ: Բազմաթիվ ռիսկի գործոններով հանդերձ` որոշ մարդկանց մոտ քաղցկեղ երբեք չի զարգանում, մինչդեռ այլոց մոտ, ովքեր չունեն հայտնի ռիսկի գործոններ, զարգանում է քաղցկեղ: Այնուամենայնիվ, ռիսկի գործոնների մասին տեղեկացվածությունը կօգնի` առողջ կենսակերպ վարելով, նվազեցնել քաղցկեղով հիվանդանալու ռիսկը: Թոքի ոչ մանր բջջային քաղցկեղը (ԹՈՄՔ) հաճախ զարգանում է այն անձանց մոտ, ովքեր ծխում են կամ ծխել են անցյալում, թեև չծխողների մոտ նույնպես կարող է ԹՈՄՔ զարգանալ: Ուստի կարևորվում է ԹՈՄՔ-ի ռիսկի գործոնների, նախանշանների և ախտանիշների մասին տեղեկացվածությունը:
Ստորև ներկայացվում է ԹՈՄՔ-ի զարգացմանը նպաստող ռիսկի գործոնները.
- Ծխախոտը և ծխելը: Վտանգը, որ ծխելը կբերի քաղցկեղի առաջացման, առավել մեծ է շատ և/կամ երկարատև ծխող անձանց մոտ: Ծխախոտի, սիգարի կամ չիբուխի ծխի պարբերաբար ազդեցությունը նույնպես կարող է մեծացնել թոքի քաղցկեղի առաջացման ռիսկը, եթե անգամ չեն ծխում: Այս ռիսկի գործոնը հայտնի է որպես «շրջապատող կամ երկրորդային ծխախոտի ծուխ»:
- Մարիխուանա ծխելը կամ էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը ևս կարող է մեծացնել թոքի քաղցկեղի զարգացման ռիսկը:
- Ասբեստ: Սրանք թելանման բյուրեղներ են, որոնք հայտնաբերվում են տարբեր տեսակի քարերի մեջ և հաճախ կիրառվում են շինարարության մեջ մեկուսացման նպատակով՝ որպես հրակայուն նյութ: Ասբեստի թելիկների առկայության պարագայում ներշնչած օդը կարող է թոքերի բորբոքում առաջացնել: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ ծխախոտի և ասբեստի համատեղ ազդեցությունը խիստ վտանգավոր է: Այն մարդկանց մոտ, ովքեր ծխում են և, միաժամանակ, իրենց աշխատավայրում շփում ունեն ասբեստի հետ, ինչպես, օրինակ, նավաշինությունը, ասբեստի հանքարդյունաբերությունը, ասբեստով մեկուսացման աշխատանքները կամ ավտոմոբիլային վերանորոգումը, ԹՈՄՔ-ի զարգացման ռիսկը բավականին մեծ է: Ընդ որում, պաշտպանիչ շնչառական սարքավորումների կիրառումը նվազեցնում է այդ ռիսկը:
- Ռադոն: Սա անտեսանելի, անհոտ գազ է, որի բնական աղբյուր են ապարները և գրունտները: Ռադոնի ազդեցությունը բերում է քաղցկեղի որոշ տեսակների, այդ թվում` թոքի քաղցկեղով հիվանդանալու ռիսկի բարձրացման: Սարքավորումների վաճառք իրականացնող խանութների մեծ մասն ունեն տներում ռադոնի մակարդակը որոշող սարքեր: Հարկ է նշել, որ նկուղների օդափոխությունը նվազեցնում է ռադոնի ազդեցությունը:
- Այլ նյութեր: Աշխատավայրում կամ շրջապատում այլ նյութերի առկայությունը, ինչպիսիք են գազերը կամ քիմիական նյութերը, կարող են մեծացնել թոքի քաղցկեղի զարգացման ռիսկը: Աշխարհի որոշ տարածաշրջաններում կերակրի պատրաստման ժամանակ մարդիկ ենթարկվում են ածխի կամ փայտի ծխի ազդեցությանը, որը կարող է բարձրացնել թոքի քաղցկեղի զարգացման ռիսկը: Բացի այդ, դիզելային վառելիքի կամ մետաղների զոդման ժամանակ առաջացած գոլորշիները նույնպես կարող են բարձրացնել թոքի քաղցկեղի առաջացման ռիսկը: Այլ գործոնների թվին են պատկանում նաև ճառագայթման, մկնդեղի, նիկելի և քրոմի ազդեցությունը:
- Ժառանգականություն: Որոշ մարդիկ ունեն ժառանգական նախատրամադրվածություն թոքի քաղցկեղի նկատմամբ: Այն մարդիկ, ում ծնողները, եղբայրները կամ քույրերը հիվանդացել են թոքի քաղցկեղով, ունեն թոքի քաղցկեղի զարգացման բարձր ռիսկ:
Կանխարգելում
Տարբեր գործոններ բերում են քաղցկեղի տարբեր տեսակների առաջացման: Հետազոտողները շարունակում են պարզել, թե որ գործոններն են առաջացնում քաղցկեղի այս տեսակը: Ներկայում չկա ապացուցված որևէ ուղի, որը լիարժեքորեն կկանխարգելի հիվանդությունը, այնուամենայնիվ, հնարավոր է նվազեցնել ռիսկը:
Թոքի քաղցկեղի կանխարգելման ամենակարևոր ճանապարհը ծխախոտի ծխից խուսափելն է: Մարդիկ, ովքեր երբեք չեն ծխել, ունեն թոքի քաղցկեղի զարգացման ամենացածր ռիսկը, իսկ ծխողները` թողնելով ծխելը, կնվազեցնեն հիվանդանալու ռիսկը, թեև այն կշարունակի ավելի բարձր մնալ չծխողներից:
Վիտամիններով կամ այլ դեղերով թոքի քաղցկեղի կանխարգելումն արդարացված չէ: Օրինակ, բետա-կարոտինը՝ վիտամին A-ի դեղանյութը, փորձարկվել է թոքի քաղցկեղի կանխարգելման համար: Պարզվել է. այն ո՛չ միայն չի նվազեցնում, այլև ծխողների մոտ զգալիորեն մեծացնում է թոքի քաղցկեղի զարգացման ռիսկը:
Հաստատված` Cancer.Net Editorial Board կողմից, 06/2016