Պացիենտների համարՀիվանդություններ
Մելանոմա. ռիսկի գործոնները և կանխարգելումը
Մելանոմա. ռիսկի գործոնները և կանխարգելումը
14.11.2016

Ռիսկի գործոնը մեծացնում է մարդու մոտ քաղցկեղի զարգացման հավանականությունը: Չնայած ռիսկի գործոնները կարող են ազդել քաղցկեղի զարգացման վրա, սակայն նրանց մեծ մասը ուղղակիորեն քաղցկեղ չի առաջացնում: Որոշ մարդկանց մոտ բազմաթիվ ռիսկի գործոնների առկայության դեպքում քաղցկեղ երբեք չի զարգանում, մինչդեռ այլոց մոտ, ովքեր չունեն հայտնի ռիսկի գործոններ, քաղցկեղ է զարգանում: Այնուամենայնիվ, իմանալով ռիսկի գործոնները, հնարավոր է շրջանցել դրանք` վարելով առողջ կենսակերպ:

Մարդու մոտ մելանոմայի զարգացման ռիսկը կարող են մեծացնել հետևյալ գործոնները.

 

  • Արևի ազդեցությունը: Արևի ուլտրամանուշակագույն  ճառագայթների ազդեցությունը մեծ դեր է խաղում մաշկի քաղցկեղի զարգացման մեջ: Բարձրադիր շրջաններում կամ ամբողջ տարին արևի ճառագայթների ուղղակի ազդեցության տակ ապրող մարդիկ մաշկի քաղցկեղի զարգացման մեծ ռիսկ ունեն: Կեսօրվա ժամերին դրսում երկարատև անցկացնող մարդիկ ևս ունեն մեծ ռիսկ: Արևի B ուլտրամանուշակագույն ճառագայթումը (ՈւՃ) կարծես ավելի սերտ է կապված մելանոմայի առաջացման հետ, սակայն, նորագույն տեղեկատվության համաձայն, ենթադրվում է, որ A ՈւՃ-ը նույնպես կարող է դեր խաղալ ինչպես մելանոմայի, այնպես էլ մաշկի հիմային և տափակբջջային քաղցկեղի զարգացման մեջ: Եթե B ՈւՃ-ը բերում է արևայրուքի առաջացման, սակայն չի թափանցում մեքենաների լուսամուտներով կամ այլ տեսակի ապակիներով,ապա A ՈւՃ-ը կարող է թափանցել ապակու միջով և, բացի մաշկի քաղցկեղի առաջացումից, կարող է բերել մաշկի կնճռոտման և ծերացման: Այդ պատճառով շատ կարևոր է մաշկը պաշտպանել ինչպես A, այնպես էլ B ՈւՃ-ից:

  • Արևայրուք փակ տարածքներում: Այն մարդիկ, ովքեր օգտվում են սոլյարիներից, արևայրուքի խցիկներից կամ արևային լամպերից, ունեն մաշկի բոլոր տեսակի քաղցկեղների զարգացման բարձր ռիսկ: Փակ տարածքներում սոլյարիների կիրառումը խստորեն արգելվում է:

  • Խալեր: Բազմաթիվ խալերով կամ ոչ սովորական խալերով, այսպես կոչված` դիսպլաստիկ նևուսներով կամ ատիպիկ խալերով մարդիկ, ունեն մելանոմայի զարգացման բարձր ռիսկ: Դիսպլաստիկ նևուսները մեծ խալեր են, որոնք ունեն անկանոն գույն և ձև: Բժիշկը կարող է բազմաթիվ խալերով մարդկանց խորհուրդ տալ պարբերակար լուսանկարել՝ փոփոխությունները տեսադաշտում պահելու համար:

  • Բաց մաշկ: Բաց մաշկով, շեկ կամ կարմիր մազերով, կապույտ աչքերով և պեպեններով մարդիկ ունեն մելանոմայի զարգացման բարձր ռիսկ: Այս ռիսկը բարձր է նաև այն մարդկանց մոտ, որոնց մաշկը արևի ճառագայթներից հակված է արևայրուքի փոխարեն այրվածք ստանալ:

  • Ընտանեկան պատմություն: Մելանոմայով հիվանդների մոտավորապես 10%-ն ունի այս հիվանդությամբ ընտանեկան պատմություն:  Եթե մարդն ունի մելանոմայով հիվանդ ազգական  (ծնող, եղբայր, քույր, կամ երեխա), նրա մոտ մելանոմայի զարգացման ռիսկը միջինից 2-3 անգամ ավելի բարձր է: Ռիսկը մեծանում է, երբ ընտանիքի մի քանի անդամների մոտ, ովքեր ապրում են տարբեր վայրերում, ախտորոշվել է մելանոմա:.Այդ պատճառով մելանոմայով հիվանդի մերձավոր ազգականներին խորհուրդ է տրվում պարբերաբար մաշկի զննում անցնել:

  • Ընտանեկան մելանոմա: Չնայած հայտնաբերվել են մելանոմայի բերող հատուկ գեների փոփոխություններ, որոնք կոչվում են մուտացիաներ, ինչպիսիք են CDKN2A, CDK4, և MITF, այնուամենայնիվ, դրանք շատ հազվադեպ են, և ընտանեկան մելանոմայով շատ քիչ ընտանիքներում են  այս գենետիկ մուտացիաները սերնդից սերունդ փոխանցվում: Գիտնականները փնտրում են այլ գեներ և շրջակա միջավայրի գործոններ, որոնք նույնպես կարող են ազդել մարդու մոտ մելանոմայի և այլ տեսակի քաղցկեղների զարգացման ռիսկի վրա:

  • Այլ ժառանգական վիճակներ: Հատուկ գենետիկ վիճակներով մարդիկ՝ ներառյալ պիգմենտային քսերոդերման, ռետինոբլաստոման, Լի-Ֆրաումենի համախտանիշը, Վերների համախտանիշը, կրծքագեղձի և ձվարանների որոշ ժառանգական քաղցկեղային համախտանիշները, ունեն մելանոմայի զարգացման բարձր ռիսկ:

  • Անամնեզում` մաշկի քաղցկեղ: Այն մարդիկ, ովքեր արդեն հիվանդ են մելանոմայով, ունեն նոր մելանոմաների զարգացման բարձր ռիսկ: Մաշկի հիմային կամ տափակբջջային քաղցկեղ ունեցող մարդիկ նույնպես ունեն մելանոմայի զարգացման բարձր ռիսկ: Այդ պատճառով, անամնեզում մաշկի քաղցկեղ ունեցող մարդիկ կարիք ունեն մշտական խնամքի, շարունակական զննման՝ այլ տեսակի քաղցկեղները բացառելու նպատակով:

  • Ռասան կամ էթնիկական պատկանելիությունը: Ըստ վիճակագրական տվյալների` մելանոմայով հիվանդանալու հավանականությունը 24 անգամ ավելի բարձր է սպիտակամորթների, քան` սևամորթների մոտ: Այնուամենայնիվ, ցանկացած ռասայի կամ էթնիկական պատկանելիության մարդու մոտ կարող է մելանոմա զարգանալ:

  • Տարիքը: Մելանոմայի ախտորոշման միջին տարիքը 50-ից բարձր է: Մելանոման երիտասարդների մոտ հանդիպում է առավել հաճախ, քան քաղցկեղի մյուս տեսակները:.

  • Թուլացված կամ ընկճված իմունային համակարգ: Թույլ իմունային համակարգով կամ իմունային համակարգը ընկճող դեղորայք ընդունող մարդիկ ունեն մաշկի քաղցկեղի, այդ թվում` մելանոմայի, զարգացման բարձր ռիսկ:


Կանխարգելում


Տարբեր գործոններ առաջացնում են քաղցկեղի տարբեր տեսակներ: Հետազոտները շարունակում են փնտրել, թե ո՞ր գործոններն են առաջացնում քաղցկեղի այս տեսակը: Թեև չկա հստակ ճանապարհ, որը լիարժեք կկանխարգելի մելանոման, այնուամենայնիվ, հնարավոր է նվազեցնել ռիսկը:


Ուլտրամանուշակագույն ճառագայթների անմիջական ազդեցությունից խուսափելու դեպքում հնարավոր է նշանակալի նվազեցնել մաշկի քաղցկեղի զարգացման ռիսկը: Դա նշանակում է. նվազեցնել արևի ազդեցությունը և խուսափել փակ տարածքներում արևայրուքի խցիկների օգտագործումից: Սա շատ կարևոր է բոլոր տարիքի մարդկանց համար և հատկապես մելանոմայի զարգացման այլ ռիսկի գործոններ ունեցողների համար (տես վերևում):


Արևի կողմից վնասումը տեղի է ունենում ժամանակի ընթացքում, այդ պատճառով արևի ազդեցությունը նվազեցնելու և այրվածքներից խուսափելու նպատակով կարևոր է հետևյալ քայլերի ձեռնարկումը.

 

  • Սահմանափակել կամ խուսափել արևի ուղղակի ազդեցությունից ժամը 10:00-16:00 սահմաններում:

  • Կրել արևապաշտպան հագուստ, ներառյալ` լայնեզր գլխարկ, որը ստվեր կգցի դեմքին, պարանոցին և ականջներին: Կրել այնպիսի գործվածքներից հագուստ, որոնք պիտակավորված են որպես ուլտրամանուշակագույն գործոններից (UPF) պաշտպանող, և կարող է ավելի լավ պաշտպանություն ապահովել: Խորհուրդ է տրվում նաև կրել ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող արևային ակնոցներ:

  • Ամբողջ տարվա ընթացքում օգտագործել լայն սպեկտրի արևապաշտպան քսուկներ, որոնք ունեն ամենաքիչը 30 արևապաշտպան գործոն (SPF) և կպաշտպանեն A և B ՈւՃ-ից: Լողափում ամբողջ մարմնի համար օգտագործել 1 ունցիա արևապաշտպան քսուկ յուրաքանչյուր 2 ժամը մեկ կամ` յուրաքանչյուր ժամը մեկ, առատ քրտնարտադրությունից կամ ջրում գտնվելուց հետո:

  • Խուսափել բացօթյա ժամանցային արևային լոգանքից:

  • Չօգտագործել արևային լամպեր, սոլյարիներ կամ արևայրուքի խցիկներ:

  • Պարբերաբար զննել մաշկը` ներառելով ինքնազննումը և մասնագետի կողմից զննումը:


Արևի ազդեցության սահմանափակումը կարող է նվազեցնել մարմնի կողմից վիտամին D-ի արտադրությունը: Այնուամենայնիվ, որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ մինչև 15 րոպե արևի ճառագայթների ազդեցության տակ գտնվելը կարող է մարդկանց մեծ մասի համար բավական լինել բավարար քանակությամբ վիտամին D-ի արտադրության համար, ինչպես նաև սննդակարգում հարկ է ներառել վիտամին D-ի աղբյուրներ: Վիտամին D-ի մակարդակը կարելի է որոշել արյան պարզ թեստի միջոցով:


Հաստատված Cancer.Net Editorial Board կողմից, 07/2016

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր