Պացիենտների համարԽորհուրդներ քաղցկեղով հիվանդներին
Շարունակական խնամքի կարևորությունը
Շարունակական խնամքի կարևորությունը
16.11.2016

Քաղցկեղով հիվանդների խնամքն ակտիվ բուժումից հետո չի ավարտվում.  բժշկական թիմը շարունակում է հետևել նրա առողջությանը: Նրանք հետևելու են, արդյո՞ք քաղցկեղը չի կրկնվում, կարգավորելու են որոշ կողմնակի ազդեցություններ և հսկելու են ընդհանուր առողջական վիճակը:

Շարունակական խնամքի պլանի մշակում


Պացիենտը և բժիշկը պետք է աշխատեն միասին պացիենտի անհատական շարունակական խնամքի պլանի մշակման վրա: Այդ պլանը պետք է ծառայի առողջության հսկման ուղեցույց՝ գալիք ամիսների և տարիների ընթացքում: Պացիենտի շարունակական խնամքի պլանը կարող է ընդգրկել կանոնավոր ֆիզիկական զննումներ և/կամ բժշկական հետազոտություններ՝ առողջության վիճակը հսկելու նպատակով: Այն սովորաբար հիմնվում է կոնկրետ հիվանդությունների բժշկական ուղեցույցների վրա: Բժիշկը նաև հաշվի է առնում պացիենտի անհատական կարիքներն ու նախապատվությունները:


Գտնվելով շարունակական խնամքի ներքո՝ հիվանդներն իրենց զգում են վերահսկված և վերադառնում են իրենց առօրյա կյանքին: Առողջապահական համակարգի աջակցությունն անհրաժեշտ է ֆիզիկական և հուզական առողջության պահպանման համար:


Կրկնությունների դիտարկում


Շարունակական խնամքի նպատակներից մեկը քաղցկեղի կրկնությունների բացառումն է: Կրկնվող քաղցկեղը բուժումից հետո օրգանիզմում քիչ քանակությամբ չհայտնաբերված քաղցկեղային բջիջների պահպանման արդյունքում կրկին զարգացող քաղցկեղն է: Այս բջիջների քանակը կարող է ավելանալ այնքան, որ ի հայտ գան հետազոտության արդյունքում կամ զարգանան նախանշաններ և ախտանիշներ:


Քաղցկեղի կրկնվելու հավանականությունը պայմանավորված է ի սկզբանե ախտորոշված քաղցկեղի տեսակով, ինչով նաև պայմանավորված է դրա կրկնության հավանական ժամանակը և տեղակայումը: Ցավոք, բժիշկներն անկարող են կանխատեսել, թե ում մոտ կարող է կրկնություն լինել: Հիվանդի անամնեզին տեղյակ բժիշկը կարող է քաղցկեղի կրկնության ռիսկերի մասին անհատական տեղեկատվություն տրամադրել և առաջարկել այդ ռիսկը նվազեցնող ճանապարհները:


Շարունակական դիտարկման ժամանակ բժիշկը կարող է առողջությանը վերաբերող հատուկ հարցեր տալ: Որոշ հիվանդների մոտ, որպես շարունակական խնամքի մաս, կարող են արյան հետազոտություն կամ պատկերային հետազոտություններ իրականացվել: Հետազոտությունների ցանկը պայմանավորված է մի շարք գործոններով.

 

  • ի սկզբանե ախտորոշված քաղցկեղի տեսակով և փուլով,
  • իրականացված բուժման տեսակով,
  • հիմնավորում, որ տվյալ հետազոտությունը կօգնի վերանայել բուժումը և ապա բարելավել հիվանդի առողջական վիճակը կամ երկարացնել նրա կյանքը:


Բժիշկը կարող է նաև տեղեկացնել քաղցկեղի կրկնության մասին վկայող ախտանիշների և նշանների մասին:

Երկարաժամկետ և հետաձգված բարդությունների կարգավորում


Հիվանդների մեծ մասը որքան էլ կանխազգում կամ հոգեբանորեն պատրաստ են բարդությունների առաջացմանը բուժման ընթացքում, այնուամենայնիվ, նրանց կողմից հաճախ է նման փաստն անակնալ ընդունվում, երբ որոշ բարդություններ ձգձգվում են: Դրանք կոչվում են երկարաժամկետ բարդություններ: Բացի այդ, որոշ ուշացած բարդություններ կարող են զարգանալ ամիսներ, նույնիսկ տարիներ անց: Երկարաժամկետ և ավելի ուշ ի հայտ եկող բարդությունները կարող են ներառել ինչպես ֆիզիկական, այնպես էլ հուզական փոփոխություններ:


Հարկ է բժշկի հետ քննարկել երկարաժամկետ բարդությունների զարգացման ռիսկը, ինչը պայմանավորված է քաղցկեղի տեսակով, բուժման պլանով և ընդհանուր առողջական վիճակով: Եթե հավանական են բուժումից հետո ավելի ուշ ի հայտ եկող բարդությունների զարգացումը, հարկ է որոշ հետազոտություններ անցնել:

  • Գլխի, պարանոցի կամ կոկորդի վրա ճառագայթային բուժում ստացած հիվանդներին խորհուրդ է տրվում յուրաքանչյուր տարի հետազոտել վահանաձև գեղձը:

  • Բլեոմիցին (բլենոքսան) ստացած կամ ցողունային բջիջներ փոխպատվաստված հիվանդներին խորհուրդ է տրվում ստուգել թոքերի ֆունկցիան: Այն ցույց կտա, թե որքան օդ կարող են պահել թոքերը և որքան արագ է օդը ներշնչվում և արտաշնչվում թոքերով:

  • Կրծքավանդակին ճառագայթային բուժում ստացած կամ անտրացիկլինի դասի բարձր դեղաչափով դեղորայք (դոքսոռուբիցինը` ադրիամիցինը), կամ սրտի գործունեության վրա ազդող այլ քիմիաթերապիա ստացած հիվանդներին խորհուրդ է տրվում կանոնավոր կատարել էլեկտրասրտագրություն:

  • Երիտասարդ տարիքում կրծքավանդակի ճառագայթում ստացած կանանց խորհուրդ է տրվում վաղ տարիքից սկսած կատարել կանոնավոր մամոգրաֆիա:

  • Նոր քաղցկեղը բացառելու նպատակով խորհուրդ է տրվում պարբերաբար կատարել պատկերային հետազոտություններ, ինչպիսիք են ռենտգեն-հետազոտությունը կամ համակարգչային տոմոգրաֆիան, և/կամ արյան հետազոտություններ:


Շատ կարևոր է բժշկի հետ խոսել քաղցկեղի պատմության վրա հիմնված համապատասխան հետազոտությունների մասին:

Որտեղ կազմակերպել շարունակական խնամքը


Որոշ հիվանդներ շարունակում են այցելել իրենց ուռուցքաբանին, որոշներն՝ ընտանեկան բժշկին կամ առողջապահական համակարգի այլ մասնագետի: Այս որոշումը պայմանավորված է մի շարք գործոններով, ներառյալ.

 

  • քաղցկեղի տեսակով և նրա փուլով,
  • բուժման կողմնակի ազդեցություններով,
  • առողջության ապահովագրման կանոններով,
  • անհատական նախապատվությամբ:


Հիվանդները կարող են շփոթության մեջ հայտնվել բժշկի ընտրության հարցում, ինչին կարող է օգտակար լինել շրջապատի այլ նմանատիպ հիվանդների հետ խնամքի կազմակերպման մասին զրույցները:


Պահպանել անհատական առողջական վիճակի մասին գրանցումները


Հիվանդի ախտորոշման և բուժման պլանի մասին տեղեկատվությունը շատ արժեքավոր է բոլոր այն բժիշկների համար, ովքեր պետք է զբաղվեն  նրա խնամքով: Շատ հիվանդներ իրենց բուժման համառոտ շարադրանքը լրացնում են իրենց բուժող առողջապահական համակարգի մասնագետների օգնությամբ: Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միությունն (ASCO) առաջարկում է քաղցկեղի բուժմանը հետևելու և շարունակական խնամքը կազմակերպելու նպատակով բժշկի կողմից տրված խորհուրդները գրանցելու համար հատուկ ձևեր:

Հիվանդի բուժման պլանի և շարունակական խնամքի կազմակերպման մասին տեղեկատվությունը հատկապես կարևոր է առաջնային օղակի բժշկի համար, ով կարող է ներգրավված չլինել քաղցկեղի բուժման տարբեր էտապներում: Այդ մշակված ձևերը կօգնեն նրան հետևել հիվանդի շարունակական խնամքին և համոզված լինել, որ հիվանդը գտնվում է առողջացման ճանապարհին: Հիվանդի առողջության մասին գրանցումներով տեղեկատվության պահպանումն օգտակար է նաև հետագայում բժշկի փոխվելու պարագայում:

Բուժման համառոտ շարադրանքը սովորաբար ներառում է .

  • ախտորոշման օրը,

  • քաղցկեղի տեսակը, ներառյալ` հյուսվածք/բջիջ տեսակը, փուլը, և աստիճանը (եթե հայտնի է),

  • ստացած բուժումների օրերը և ցանկը, ներառյալ` բուժման տեսակը/ դեղորայքի անվանումը, դեղորայքի կամ ճառագայթային բուժման չափաբաժինը, և բուժման ցիկլերի քանակը,

  • բուժման ընթացքում հայտնաբերված ցանկացած բժշկական տվյալ, ինչպիսիք են` առաջացած բարդությունները և նրանց կարգավորումը,

  • բոլոր ախտորոշիչ հետազոտությունների արդյունքները,

  • քաղցկեղի բուժումից հետո առողջական  վիճակի գնահատման համար անհրաժեշտ հետազոտությունների ժամանակացույցը,

  • քաղցկեղի բուժումից հետո երկարաժամկետ բարդությունների զարգացման ռիսկը:


Բժշկին տրվող հարցեր


Ստորև ներկայացվում են հարցեր, որոնք կարող են օգտակար լինել հիվանդին` բժշկի հետ շարունակական խնամքի մասին խոսելիս:

 

  • Ո՞րն է քաղցկեղի կրկնվելու ռիսկը: Կա՞ն, արդյոք, նախանշաններ կամ ախտանիշներ, որոնք կվկայեն քաղցկեղի կրկնության մասին:

  • Ի՞նչ պետք է անել, եթե հիվանդը նկատի այդ ախտանիշներից որևէ մեկը:

  • Քաղցկեղի դեմ ստացած բուժման հետ կապված ինչպիսի՞ երկարաժամկետ կամ ուշ բարդություններ կարող են զարգանալ:

  • Ո՞վ պետք է վարի շարունակական խնամքը, և արդյո՞ք նա փորձ ունի քաղցկեղով հիվանդների վարման բնագավառում:

  • Որքա՞ն հաճախ պետք է ներկայանալ դիտարկման այցին:

  • Ինչպիսի՞ հետազոտություններ պետք է իրականացվեն դիտարկման այցերի ընթացքում:

  • Բուժման հետ կապված ինչպիսի՞ սքրինինգային հետազոտություններ է խորհուրդ տրվում:

  • Որքա՞ն ժամանակ հիվանդը կարիք ունի սքրինինգային հետազոտություններ իրականացնել:

  • Արդյո՞ք որևէ հատուկ դեղորայքի կամ սննդակարգի կարիք ունի հիվանդը:

  • Արդյո՞ք որևէ մասնագետի ուղեգրման կարիք կա:

  • Ի՞նչ կարելի է անել քաղցկեղի կրկնվելու կամ նոր քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնելու նպատակով:

  • Հիվանդն ինչպե՞ս կարող է ստանալ բուժման համառոտ շարադրանքը և խնամքի պլանը՝ այն իր անձնական գրանցումներում պահելու համար:


Հաստատված Cancer.Net Editorial Board –ի կողմից, 09/2015

Լուրեր, հայտարարություններ
«Հարի Փոթերի» աստղի մոտ երրորդ փուլի քաղցկեղ են հայտնաբերել 24.02.2020

Բրիտանացի դերասանուհի Ջուլի Ուոլթերսը հայտնել է «երրորդ փուլի հաստ աղու քաղցկեղ» ախտորոշման մասին։ Հարի Փոթերի մասին ֆիլմաշարի աստղը նշել է, որ ծանր հիվանդությունը ստիպել է նրան նորովի...

Քաղցկեղը հաղթահարած հայտնի մարդիկ․ Մայքլ Դուգլաս 22.02.2020

Դերասանը, ով այժմ 75 տարեկան է, 65 տարեկանում բախվեց վտանգավոր ուռուցքային հիվանդության հետ: Դուգլասը պայքարում էր հիվանդության դեմ հասարակությունից գաղտնի՝ լեզուն և ծնոտը կորցնելու բարձր վտանգի պատճառով: Նա ստիպված էր․․․

Արյուն կղանքի մեջ․ երբ է դա քաղցկեղի նշան 21.02.2020

Կղանքի մեջ արյունը չի կարելի նորմալ վիճակ համարել, բայց դրա հետևում կարող են թաքնված լինել ինչպես ոչ վտանգավոր խանգարումներ, այնպես էլ լուրջ հիվանդություններ, օրինակ՝ հաստ աղու քաղցկեղ։ Կղանքում արյան առկայության դեպքում անպայման պետք է․․․

Հաճախ տրվող հարցեր