Պացիենտների համարՀիվանդություններ
Վահանաձև գեղձի քաղցկեղի տեսակները
Վահանաձև գեղձի քաղցկեղի տեսակները
18.01.2017

Ներածություն


Վահանաձև գեղձի քաղցկեղը սկսվում է վահանաձև գեղձում: Այս գեղձը տեղակայված է պարանոցի առաջային հատվածում՝ կոկորդից անմիջապես ներքև, որը հայտնի է նաև որպես «ձայնային արկղ»: Վահանաձև գեղձը ներզատիչ (էնդոկրին) համակարգի մաս է, որը կարգավորում է հորմոնների մակարդակն օրգանիզմում: Վահանաձև գեղձն արյան հոսքից ներծծում է յոդը՝ արտադրելով վահանաձև գեղձի հորմոններ, որոնք կարգավորում են մարդու նյութափոխանակությունը: Նորմայում վահանաձև գեղձը բաղկացած է 2 բլթից, որոնք տեղակայված են շնչափողի երկու կողմում և միմյանց միանում են հյուսվածքի նեղ շերտով` հայտնի որպես նեղուց: Առողջ վահանաձև գեղձը հազիվ նկատելի է, ինչը նշանակում է, որ այն դժվար է հայտնաբերել շոշափելով: Վահանաձև գեղձում ուռուցքի առաջացման դեպքում այն շոշափվում է պարանոցի վրա գոյացության տեսքով: Այտուցված կամ մեծացած վահանաձև գեղձը կոչվում է խպիպ, որը կարող է առաջանալ անբավարար քանակությամբ յոդ ընդունելու հետևանքով: Այնուհանդերձ, ամերիկացիների մեծ մասը յոդի բավարար քանակություն ստանում է աղի միջոցով, և, չնայած այս հանգամանքին, խպիպն առաջանում է այլ պատճառներով:

Վահանաձև գեղձի ուռուցքների մասին


Վահանաձև գեղձի քաղցկեղն առաջանում է, երբ վահանաձև գեղձում առողջ բջիջները փոփոխվում են և սկսում են աճել վերահսկողությունից դուրս՝ ձևավորելով զանգված, որը կոչվում է ուռուցք:

 

Վահանաձև գեղձը բաղկացած է երկու տեսակի բջիջներից.


•    Ֆոլիկուլյար բջիջներ: Այս բջիջները պատասխանատու են թիրեոիդային հորմոնի արտադրության համար: Թիրեոիդ հորմոնն ապրելու համար անհրաժեշտ պայման է, ինչը վերահսկում է օրգանիզմի հիմնական նյութափոխանակությունը, կարգավորում է կալորիաների այրման արագությունը: Ուստի նրա ազդեցությունը չափազանց մեծ է քաշի կորստի կամ քաշի ավելացման վրա, կարող է դանդաղեցնել կամ արագացնել սրտի աշխատանքը, բարձրացնել կամ նվազեցնել մարմնի ջերմաստիճանը, ազդել մարսողական ուղիով սննդի տեղաշարժման արագության վրա, վերահսկել մկանների կծկումը, ինչպես նաև` մահացող բջիջների փոխարինման արագությունը:


•    C բջիջներ: Այս բջիջները կալցիտոնին են արտադրում, որը կալցիումի փոխանակությանը մասնակցող հորմոն է:
Ուռուցքը կարող է լինել քաղցկեղային կամ բարորակ: Քաղցկեղային ուռուցքը կարող է աճել և տարածվել մարմնի այլ հատվածներ: Բարորակ ուռուցքը կարող է աճել, սակայն այն չի տարածվում: Վահանաձև գեղձի ուռուցքները կարող են կոչվել նաև հանգույցներ, ընդ որում, դրանք 90% դեպքերում բարորակ են:
Վահանաձև գեղձի քաղցկեղի տեսակները


Տարբերում են վահանաձև գեղձի քաղցկեղի 5 հիմնական տեսակ.


•    Վահանաձև գեղձի պապիլյար (պտկիկային) քաղցկեղ: Վահանաձև գեղձի պապիլյար քաղցկեղն առաջանում է ֆոլիկուլյար բջիջներից և, սովորաբար, դանդաղ է աճում: Սա վահանաձև գեղձի քաղցկեղի ամենատարածված տեսակն է: Այն սովորաբար հայտնաբերվում է մեկ բլթում: Միայն 10-20% դեպքերում է վահանաձև գեղձի քաղցկեղը հայտնաբերվում երկու բլթում միաժամանակ: Սա վահանաձև գեղձի տարբերակված քաղցկեղն է, ինչը նշանակում է, որ մանրադիտակի տակ ուռուցքը նման է վահանաձև գեղձի նորմալ հյուսվածքին: Վահանաձև գեղձի պապիլյար քաղցկեղը հաճախ կարող է տարածվել դեպի ավշային հանգույցներ:


•    Վահանաձև գեղձի ֆոլիկուլյար քաղցկեղ: Վահանաձև գեղձի ֆոլիկուլյար քաղցկեղը նույնպես առաջանում է ֆոլիկուլյար բջիջներից և, սովորաբար, դանդաղ է աճում: Սա ևս տարբերակված քաղցկեղ է, սակայն պապիլյար քաղցկեղի համեմատ ավելի քիչ է հանդիպող է և հազվադեպ է տարածվում դեպի ավշային հանգույցներ:


Վահանաձև գեղձի ֆոլիկուլյար և պապիլյար քաղցկեղները վահանաձև գեղձի ամենատարածված տարբերակված քաղցկեղներն են: Դրանք շատ հաճախ բուժման են ենթարկվում, հատկապես, եթե վաղ են հայտնաբերվում, իսկ հիվանդները 50-նն անց չեն: Վահանաձև գեղձի ֆոլիկուլյար և պտկիկային քաղցկեղները միասին կազմում են վահանաձև գեղձի քաղցկեղի բոլոր տեսակների մոտավորապես 95%-ը:


•    Հյուրթլե բջջային քաղցկեղ (Hurthle cell cancer):  Հյուրթլե բջջային քաղցկեղը նաև կոչվում է Հյուրթլե բջջային  կարցինոմա և առաջանում է ֆոլիկուլյար բջիջների որոշ տեսակներից: Հյուրթլե բջջային քաղցկեղն ավելի շատ է հակված տարածվելու ավշային հանգույցներով, քան վահանաձև գեղձի ֆոլիկուլյար քաղցկեղի մյուս տեսակները:


•    Վահանաձև գեղձի մեդուլյար քաղցկեղ: Այն առաջանում է C բջիջներում և  հաճախ բազմակի էնդոկրին նեոպլազիաների 2 տեսակի գենետիկական համախտանիշի արդյունք է: Այս ուռուցքը վահանաձև գեղձի նորմալ հյուսվածքի հետ ավելի քիչ նմանություն ունի: Վահանաձև գեղձի մեդուլյար քաղցկեղը հաճախ կարող է վերահսկվել, եթե այն ախտորոշվում և բուժվում է մինչև մարմնի այլ մասեր տարածվելը (մետաստազավորվելը): Վահանաձև գեղձի մեդուլյար քաղցկեղը կազմում է վահանաձև գեղձի քաղցկեղների մոտավորապես 3%-ը: Վահանաձև գեղձի մեդուլյար քաղցկեղի մոտավորապես 25%-ն ընտանեկան է: Սա նշանակում է, որ ընտանիքի բոլոր անդամները նման ախտորոշման հավանականություն ունեն: RET պրոտոօնկոգեն թեստը կարող է հաստատել, եթե ընտանիքի անդամների մոտ նույնպես առկա է վահանաձև գեղձի մեդուլյար քաղցկեղի ընտանեկան ձևը:


•    Վահանաձև գեղձի անապլաստիկ քաղցկեղ: Սա հազվադեպ հանդիպող տեսակ է, կազմում է վահանաձև գեղձի քաղցկեղի մոտավորապես 1%-ը: Այն արագ աճող, քիչ տարբերակված և բավականին ագրեսիվ քաղցկեղ է, որն սկսում է զարգանալ վահանաձև գեղձի տարբերակված քաղցկեղից կամ վահանաձև գեղձի բարորակ ուռուցքից: Վահանաձև գեղձի անապլաստիկ քաղցկեղը կարող է ենթատեսակավորվել հսկա բջջային քաղցկեղների դասակարգմամբ: Քանի որ քաղցկեղի այս տեսակը շատ արագ է աճում, այն դժվարությամբ է արդյունավետ բուժման ենթարկվում:


Ի հավելումն, նշենք, որ քաղցկեղի մյուս տեսակները կարող են առաջանալ վահանաձև գեղձի մեջ կամ նրա շուրջը:

Հաստատված Cancer.Net Editorial Board-ի կողմից, 09/2016

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր