Պացիենտների համարԱխտորոշում
Ճիշտ նախապատրաստում մամոգրաֆիային. խորհուրդներ մասնագետներից
Ճիշտ նախապատրաստում մամոգրաֆիային. խորհուրդներ մասնագետներից
26.04.2017

2011 թվականին ամբողջ աշխարհում ավելի քան 500 հազար կին մահացել է կրծքագեղձի քաղցկեղից: Սա կանանց շրջանում ամենատարածված ուռուցքային հիվանդությունն է: Այն երկրներում, որտեղ առկա է մատչելի վաղ ախտորոշում և որակյալ բուժում, այդպիսի հիվանդների ապրելիությունը կազմում է մոտավորապես 80%՝ հիմնականում ախտաբանության վաղ հայտնաբերման շնորհիվ:


Մամոգրաֆը կրծքագեղձի ռենտգենաբանական հետազոտման համար նախատեսված սարք է, որը հնարավորություն է տալիս հայտնաբերել չարորակ նորագոյացությունները: Մամոգրաֆիան կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման ստանդարտ եղանակ է, սակայն շատ կանանց անհանգստացնում է գործողության ժամանակ առաջացող ցավը:


Համաձայն Քաղցկեղի ամերիկյան ասոցիացիայի (American Cancer Society) ուղեցույցների՝ ԱՄՆ-ում 40-44 տարեկան կանայք պետք է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգ սկսելու հնարավորություն ունենան, 45-54 տարեկանում ահրաժեշտ է մամոգրաֆիան անցնել յուրաքանչյուր տարի: 55 տարեկանն անց կանանց կարելի է այն իրականացնել ավելի պակաս հաճախականությամբ ՝ տարին երկու անգամ, կամ պահպանել ամենամյա ռեժիմը: Որոշ դեպքերում սքրինինգն անհրաժեշտ է սկսել 25 տարեկանից, եթե նախկինում տվյալ հիվանդի կամ նրա ընտանիքի անդամների մոտ արդեն ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ:


Մամոգրաֆիան տևում է մոտավորապես 20 րոպե: Այդ ընթացքում բժիշկը պացիենտի կրծքագեղձը տեղադրում է 2 թիթեղների միջև, որոնցից մեկն անշարժացնում է կուրծքը, իսկ երկրորդը գրանցում է պատկերը: Կրծքագեղձի սեղմումը հնարավորություն է տալիս ավելի հստակ պատկեր ստանալ, որն արտացոլում է հյուսվածքների ամբողջ կառուցվածքը:


Գործողության ցավոտությունը մի քանի գործոններով է պայմանավորված, ինչպիսիք են՝ բժշկի պատրաստվածությունը, պացիենտի անհանգստությունը կամ կրծքագեղձի կառուցվածքը: Եթե մամոգրաֆը սխալ դիրքում գտնվի, այն նույնպես կարող է խնդիրներ առաջացնել: Օրինակ, որոշ դեպքերում կանայք ստիպված են թեքվել՝ թիթեղների ոչ ճիշտ բարձրության պատճառով: Այդ դեպքում պացիենտները կարող են ցավ զգալ մեջքի կամ պարանոցի շրջանում: Բացի այդ, ֆիբրոզ-կիստոզ մաստոպաթիայով կանայք ավելի են հակված մամոգրաֆիայի ընթացքում ցավ զգալու:


Ցավային զգացողություններից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հետևել մի քանի կանոնների:


Անհրաժեշտ է ճիշտ որոշել գործողությունն իրականացնելու ժամանակը. մամոգրաֆիայի իրականացումը պետք է պլանավորել դաշտանային ցիկլից մեկ շաբաթ անց: Այլ ժամանակահատվածում հորմոնային տատանումները կարող են ավելացնել գործողության ցավոտությունը:


Անհրաժեշտ է գործողությունն իրականացնող մասնագետին տեղեկացնել ֆիբրոզ-կիստոզային գոյացությունների առկայության կամ նախկինում մամոգրաֆիայի իրականացման ժամանակ առաջացած ցավերի մասին:


Սուրճ կամ կոֆեին պարունակող գազավորված ըմպելիքներ օգտագործող կանայք պետք է սահամանափակեն դրանց ընդունումը երկու շաբաթ առաջ` նախքան մամոգրաֆիայի իրականացումը, քանի որ այն կարող է կրծքագեղձի հյուսվածքներն ավելի զգայուն դարձնել:


Անհրաժեշտ է դիտարկել ոչ ստերոիդ հակաբորբոքիչ պատրաստուկների ընդունման հնարավորությունը գործողության իրականացումից 45-60 րոպե առաջ:


Կրծքագեղձի և մամոգրաֆի թիթեղների միջև փափուկ շերտի առկայությունը կարող է զգալիորեն նվազեցնել գործողության ցավոտությունը:


Մամոգրաֆիայի ընթացքում անհրաժեշտ է շնչել դանդաղ և խորը. այն կարող է նվազեցնել տագնապի հետ կապված ցավի արտահայտվածությունը:


Կանանց, ովքեր պլանավորում են շուտով ընդհատել երեխային կրծքով կերակրումը, մասնագետները խորհուրդ են տալիս վերանայել մամոգրաֆիայի իրականացման հետաձգման հնարավորությունը:


Ցավային զգացողությունների առաջացման դեպքում անհրաժեշտ է այդ մասին անմիջապես հայտնել բժշկին, հատկապես եթե ցավն անտանելի է: Մամոգրաֆիան չպետք է այնպիսի զգացողություններ առաջացնի, որոնց պատճառով կինը սկսի խուսափել գործողության կրկնությունից:


Մամոգրաֆիան հարաբերականորեն անվտանգ է, թեև պահանջում է ճառագայթման ցածր չափաբաժինների կարճաժամկետ ազդեցություն: Գործողության հիմնական թերությունն այն է, որ հնարավորություն է տալիս հայտնաբերել քաղցկեղի ոչ բոլոր տեսակները: Չարորակ նորագոյացություններից հինգից մեկը չի հայտնաբերվում մամոգրաֆիայի ժամանակ: Հետազոտության բարձր զգայնության պատճառով երբեմն կարող են արձանագրվել կեղծ դրական արդյունքներ: Գիտնականները նախկինում մամոգրաֆիա անցած կանանց խորհուրդ են տալիս իրենց հետ վերցնել նախորդ նկարները, որը հնարավորություն կտա բժշկին համեմատել հին և նոր տվյալները` բարձրացնելու ախտորոշման ճշտությունը:

Լուրեր, հայտարարություններ
Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ներ է դնում վահանաձև գեղձի քաղցկեղի ռադիոյոդային բուժում 14.02.2019

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, հավատարիմ մնալով ուռուցքաբանության ոլորտում առաջատարի իր առաքելությանը, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներդրեց վահանաձև գեղձի հիվանդությունների բուժման ժամանակակից...

Քաղցկեղի առաջացման պատճառները 11.02.2019

Քաղցկեղի առաջացման միասնական պատճառ չկա: Իրականում դրանք բազմաթիվ են: Յուրաքանչյուր օր աշխարհում հազարավոր մարդիկ իմանում են իրենց նոր և վտանգավոր թշնամու՝ ուռուցքային հիվանդության մասին: Ըստ վիճակագրական տվյալների

Ուղիղ հեռարձակում վիրասրահից` Ս. Պետերբուրգ-Երևան, արդյունավետ միջպետական համագործակցություն 09.02.2019

Ս/թ փետրվարի 8-ին Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցավ «Շագանակագեղձի քաղցկեղի վիրահատական և կոնսերվատիվ բուժումը» թեմայով սեմինար...

Հաճախ տրվող հարցեր