Պացիենտների համարՀիվանդություններ
Նախաքաղցկեղային հիվանդություն
Նախաքաղցկեղային  հիվանդություն
03.11.2017

Ժամանակակից բժշկության մեջ քաղցկեղի դեմ պայքարը հիմնված է ինչպես նախաքաղցկեղային, այնպես էլ ուռուցքային գործընթացի վաղ ձևերի կանխարգելման,  ժամանակին հայտնաբերման և բուժման վրա:

Ի՞նչ է նախաքաղցկեղը և ինչպիսի՞ տեսակներ գոյություն ունեն

Նախաքաղցկեղային հիվանդությունը վիճակ է, որը նախորդում է քաղցկեղի զարգացմանը: Ներկայումս ըստ գիտնականների չարորակ նորագոյացությունները առողջ օրգանիզմում գրեթե չեն առաջանում. յուրաքանչյուր քաղցկեղի նախորդում է որոշակի նախաքաղցկեղային հիվանդություն: Համարվում է, որ նորմալ բջիջների ուռուցքայինի անցման գործընթացը տեղի է ունենում միջանկյալ փուլերով, որոնք կարելի է ախտորոշել պաթոհյուսվածաբանական եղանակներով(հյուսվածաբանական և բջջաբանական քննություն): Նախաքաղցկեղային հիվանդությունների հայտնաբերումը բժիշկներին հնարավորություն է տալիս առանձնացնել քաղցկեղի զարգացման բարձր ռիսկի խմբում գտնվող մարդկանց, նրանց նկատմամբ սահմանել հսկողություն և ժամանակին նշանակել հակաուռուցքային բուժում:

Նախաքաղցկեղային հիվանդությունը վիճակ է, որին բնորոշ է քաղցկեղին անցման ավելի մեծ հավանականություն, քան միջին պոպուլյացիայում: Սակայն նախաքաղցկեղի առկայությունը չի նշանակում, որ այն անխուսափելիորեն կվերածվի քաղցկեղի: Նախաքաղցկեղային հիվանդությունը լինում է օբլիգատ և ֆակուլտատիվ: Օբլիգատ նախաքաղցկեղային հիվանդությունը վաղ ուռուցքաբանական ախտաբանություն է, որը վաղ թե ուշ, վերածվում է քաղցկեղի: Ֆակուլտատիվ նախաքաղցկեղն առավել քիչ վտանգավոր է, և ոչ միշտ է չարորականում,  սակայն պահանջում է ուշադիր դիտարկում և հսկողություն:
Տարբերում են քաղցկեղի զարգացման չորս հաջորդական փուլեր.


I —ֆակուլտատիվ նախաքաղցկեղային հիվանդություն,
II — օբլիգատ նախաքաղցկեղային հիվանդություն,
III —նախաինվազիվ քաղցկեղ(carcinoma in situ),
IV — վաղ ինվազիվ քաղցկեղ:

Ֆակուլտատիվ  նախաքաղցկեղային  հիվանդություններ


Ֆակուլտատիվ նախաքաղցկեղային հիվանդությունների խմբում կարելի է դասել տարբեր քրոնիկական հիվանդություններ, որոնք ուղեկցվում են հյուսվածքների ատրոֆիկ և դիստրոֆիկ փոփոխություններով, ինչպես նաև բջիջների վերականգնողական մեխանիզմների խանգարումներով: Դա բերում է բջիջների անզուսպ աճի, որի մեջ հնարավոր է ուռուցքային աճ: Ֆակուլտատիվ նախաքաղցկեղի փոխակերպումը չարորակ նորագոյացության համեմատաբար հազվադեպ է: Ֆակուլտատիվ նախաքաղցկեղային հիվանդություններից են ատրոֆիկ գաստրիտը, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտը, Կրոնի հիվանդությունը, եղջերային կերատոման (մաշկային եղջյուր), արգանդի վզիկի էրոզիան, պապիլոման, կերատոականտոման և այլ հիվանդություններ:

Օբլիգատ նախաքաղցկեղային հիվանդություններ


Օբլիգատ նախաքաղցկեղային հիվանդությունները հաճախ պայմանավորված են բնածին կամ ժառանգական գործոններով և ժամանակի ընթացքում վերածվում են քաղցկեղի: Դրանց թվին են պատկանում հյուսվածքների և օրգանների դիսպլազիան, որոնք ուղեկցվում են հյուսվածքների ցողունային բջիջների ոչ լրիվ զարգացմամբ, բջիջների բազմացման և հասունացման գործընթացների միջև հավասարակշռության խանգարմամբ: Օրգանների մեծ մասում  դիսպլազիան զարգանում է բջիջների քանակի ավելացման ֆոնի վրա (հիպերպլազիա)՝  կապված քրոնիկական բորբոքման հետ: Տարբերում են դիսպլազիայի երեք աստիճան՝ թույլ արտահայտված(I աստիճան), չափավոր արտահայտված (II աստիճան) և խիստ արտահայտված (III աստիճան): Դիսպլազիայի աստիճանը սահմանող չափանիշը բջիջների ատիպիկության (կառուցվածքի փոփոխության) արտահայտվածությունն է: Ժամանակի ընթացքում դիսպլազիան կարող է զարգանալ տարբեր ուղղություններով՝ հարաճել կամ, ընդհակառակը, հետզարգանալ: Որքան արտահայտված է դիսպլազիան, այնքան քիչ է նրա հետզարգացման և հյուսվածքի նորմալ կառուցվածքի վերականգնման հավանականությունը: Օբլիգատ նախաքաղցկեղային գործընթացները պահանջում են ուռուցքաբանի պարտադիր հսկողություն և քաղցկեղի կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացում: Օբլիգատ նախաքաղցկեղ են համարվում հաստ աղու ընտանեկան պոլիպոզը, Բոուենի դերմատոզը, պիգմենտային քսերոդերման, ստամոքսի ադենամատոզ պոլիպը:


Նախաինվազիվ քաղցկեղ


Նախաինվազիվ քաղցկեղը («քաղցկեղ տեղում»(carcinoma in situ)) քաղցկեղային գործընթաց է, որը սահմանափակված է միայն էպիթելային թաղանթով՝ հիմային թաղանթի ամբողջականության պահպանման պայմաններում: Այն է` փոփոխված բջիջների կուտակում, որոնք չեն թափանցում ստորադիր հյուսվածքներ: Նախաինվազիվ քաղցկեղի ախտորոշումը հաստատվում է ախտահարված հյուսվածքների մանրամասն ուսումնասիրման հիման վրա(հյուսվածաբանական հետազոտություն): Այս փուլը կարող է բավականին երկար տևել՝ մինչև 10 տարի և ավելի: Նախաինվազիվ քաղցկեղից չարորակ ուռուցքի ձևավորման շրջանը նորագոյացության ինվազիվ աճն է (թափանցումը այլ հյուսվածքներ):


Վաղ  ինվազիվ  քաղցկեղ


Միկրոկարցինոման կամ վաղ ինվազիվ քաղցկեղը չարորակ էպիթելային ուռուցք է, որն աճում է հիմային թաղանթի սահմաններից դուրս, սակայն ոչ ավելի, քան 3 մմ, մետաստազներ չի տալիս: Այս փուլում ուռուցքը լավ է ենթարկվում բուժման և ունի բարենպաստ կանխատեսում(5-ամյա ապրելիության բարձր շեմ): Վաղ ինվազիվ քաղցկեղի ժամանակ, որպես կանոն, ցուցված է վիրահատական բուժում՝ առանց հավելյալ ճառագայթային բուժման կամ քիմիաթերապիայի: 


Պետք է նշել, որ նախաքաղցկեղային հիվանդությունները պարտադիր էտապ չեն չարորակ ուռուցքի վերջնական առաջացման համար, այսինքն քաղցկեղը կարող է զարգանալ նաև նորմալ հյուսվածքում` առանց նախաքաղցկեղային հիվանդության:


Նախաքաղցկեղային հիվանդությունների իմացությունը, դրանց հսկողությունը և համարժեք բուժումը կարևոր են չարորակ ուռուցքների կանխարգելման տեսանկյունից:

 

 

Լուրեր, հայտարարություններ
Հիվանդության հետ միայնակ մի՛ մնացեք 23.09.2019

Շոկը, ցրված լինելը և վախն այն առաջին զգացողություններն են, որոնք ունենում է մարդը, ում մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ «Ինչու՞ հենց ես։ Ինչի՞ համար։ Ի՞նչ անել հետո։» — մտքերն ու հույզերը հորդում են ինչպես ցունամի և լցնում ուղեղը...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 19.09.2019

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը աշխատանքի է հրավիրում աշխատանքային փորձ ունեցող բուժքույրերի և լաբորանտների...

Քաղցկեղի ախտանիշները. եղե՛ք իրազեկված` ժամանակին բուժվելու համար 11.09.2019

Արդյո՞ք մենք շատ բան գիտենք քաղցկեղի մասին: Մարդկանց մեծամասնությունը համոզված է, որ դա ամենավտանգավոր հիվանդությունն է, չնայած, ըստ վիճակագրության, մահվան գլխավոր պատճառն աշխարհում սիրտ-անոթային...

Հաճախ տրվող հարցեր