Պացիենտների համարՀիվանդություններ
Կոկորդի քաղցկեղ
Կոկորդի քաղցկեղ
01.12.2017

Կոկորդի քաղցկեղի առաջացման պատճառներն են՝ ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը: Կոկորդի քաղցկեղը ծանր հիվանդություն է, որը բնորոշվում է կոկորդի հյուսվածքներից չարորակ գոյացությունների առաջացմամբ: Եթե դիտարկենք քաղցկեղով հիվանդացության բոլոր դեպքերը, ապա կոկորդի քաղցկեղը կազմում է ընդհանուր թվի 2%-ը: Հիմնականում այս հիվանդությամբ տառապում են տղամարդիկ՝ մոտ 8 անգամ ավելի հաճախ, քան` կանայք:

Հիվանդությունը հիմնականում զարգանում է ի պատասխան ծխախոտի և ալկոհոլի չարաշահման: Ծխողների և սպիրտային խմիչքների սիրահարների մոտ կոկորդի բջիջներն աստիճանաբար վերափոխվում են, ինչը պայմանավորում է նախաքաղցկեղային գործընթացի զարգացումը: Սակայն վնասակար սովորություններից հրաժարվելու դեպքում հյուսվածքների նախաքաղցկեղային վիճակը կարող է անհետանալ:

Ախտանիշներ

Կոկորդի քաղցկեղի ամենտարածված ախտանիշներն են.

  • ձայնի փոփոխությունը, օրինակ, խռպոտությունը կամ խզվածությունը,
  • ցավ կոկորդում, որը չի անցնում,
  • ականջացավը,
  • հազը,
  • կլման դժվարեցումը կամ ցավոտությունը,
  • պարանոցի վրա ուռուցքի առկայությունը կամ այտուցվածությունը,
  • քաշի կորուստը:


Նմանատիպ ախտանիշների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է անպայման դիմել բժշկի, ով կուղեգրի համապատասխան հետազոտությունների:

Ախտորոշում

Սկզբում, ինչպես ցանկացած այլ հիվանդության դեպքում, բժիշկն իր հարցերի պատասխանների հիման վրա պացիենտի հիվանդության պատմութունն է ձևակերպում, և, գանգատներից ելնելով, կատարում որոշ եզրակացություններ: Ապա բժիշկը զննում է հիվանդին, ստուգում պարանոցի այտուցվածությունը, ավշային հանգույցների վիճակը և վահանաձև գեղձը:

Կոկորդի զննումն իրականացվում է լարինգոսկոպիայի միջոցով: Անուղղակի լարինգոսկոպիայի ժամանակ բժիշկը պացիենտի կոկորդում տեղադրում է փոքր հայելի, որը կարող է փսխման ռեֆլեքս առաջացնել, ինչից խուսափելու նպատակով բերանի խոռոչը նախապես ցողվում է անզգայացնող նյութով:

Ուղղակի լարինգոսկոպիայի ժամանակ պացիենտի քթային անցուղու կամ բերանի միջոցով անցկացվում է բարակ ճկուն լարինգոսկոպ, որի օգնությամբ բժիշկը կարողանում է գնահատել կոկորդի պատերի և ձայնալարերի վիճակը:

Համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ հաջողվում է ստանալ կոկորդի ռենտգեն նկարների շարք, գնահատել ուռուցքի չափերը, ինչպես նաև նրա տարածվածությունը շրջակա ավշային հանգույցներ: Առավել մանրամասն հետազոտության նպատակով կիրառվում է նաև մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա:

Վերջնական ախտորոշման նպատակով իրականացվում է բիոփսիա, որի դեպքում կոկորդի հյուսվածքից փոքր կտոր է վերցվում կամ կատարվում է ուռուցքի բարակ ասեղային պունկցիա:

Բուժումը

  • Ճառագայթային բուժումը  հնարավորություն է տալիս զգալիորեն դանդաղեցնել ուռուցքային աճը կամ ընդհանրապես ոչնչացնել: Ներկայում կիրառվում է բուժման երկու տարատեսակ՝ ներքին և արտաքին ճառագայթային բուժում: Արտաքին ճառագայթային բուժման դեպքում ճառագայթն ուղղվում է հիվանդի ուռուցքի վրա: Ներքին ճառագայթային բուժման դեպքում ռադիոակտիվ նյութերը ներմուծվում են ուռուցքի հարակից հյուսվածքներ (կամ հենց ուռուցքի մեջ) խողովակների, ասեղների կամ կաթետրների միջոցով: 


Ճառագայթային բուժման այս կամ այն տեսակը կիրառվում է՝ կախված հիվանդության փուլից կամ տեսակից:

Ճառագայթային բուժման արդյունավետության բարձրացման նպատակով կիրառվում են ռադիոսենսիբիլիզատորներ՝ նյութեր, որոնք չարորակ ուռուցքի զգայնությունը բարձրացնում են ճառագայթային բուժման նկատմամբ:

  • Վիրահատական միջամտության օգնությամբ հեռացվում է ուռուցքը,  ինչպես նաև կոկորդի և հարակից օրգանների որոշ մասեր՝ մակկոկորդը, ձայնալարերը, կոկորդի մի մասը, վահանաձև գեղձը (կամ նրա մի մասը): Վիրահատությունը կոկորդի քաղցկեղի ցանկացած փուլում բուժման հիմնական եղանակն է: 
  • Քիմիաթերապիան բուժման եղանակ է, որի ժամանակ օրգանիզմ են ներմուծվում ցիտոստատիկ միջոցներ` ոչնչացնելու ուռուցքային բջիջները կամ դանդաղեցնելու նրանց աճը: 
Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր