Նորություններ
Մելանոմայի օրը Հայաստանում: Ստուգեք Ձեր խալերը ԳԵՏԱՓ մեթոդի միջոցով (Գ` գույն, Ե` եզրեր, Տ` տրամագիծ, Ա` ասիմետրիա, Փ` փոփոխություն)
Մելանոմայի օրը Հայաստանում: Ստուգեք Ձեր խալերը ԳԵՏԱՓ մեթոդի միջոցով (Գ` գույն, Ե` եզրեր, Տ` տրամագիծ, Ա` ասիմետրիա, Փ` փոփոխություն)
23.05.2016

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուռուցքաբան - մաշկաբան, վիրաբույժ, բ.գ.թ., Դերմատոօնկոլոգների Հայկական Ասոցիացիայի նախագահ Անժելա Հայրապետյանի հետ զրուցել ենք մելանոմա հիվանդության և մայիսի 30-ին Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում կայանալիք Մելանոմայի օրվան նվիրված միջոցառման մասին:

 

–   Ի՞նչ նպատակ ունի Մելանոմայի օրվան նվիրված միջոցառումը:


–   Աշխարհում արձանագրվում է մելանոմայով հիվանդների թվի աճ: Այդ իսկ պատճառով մայիս ամիսը  հռչակված է մելանոմայի դեմ պայքարի ամիս: Ոլորտի միջազգային ասպարեզում գոյություն ունի «ԵվրաՄելանոմա» կազմակերպություն, որին անդամակցում է 44 երկիր: Մի քանի ամիս է, ինչ Հայաստանը դարձել է նշյալ կազմակերպության լիարժեք անդամ և արդեն պաշտոնական կայքում տեղեկատվություն տեղադրվում է նաև հայերեն լեզվով: Միջոցառման նպատակն է առաջին օղակի մասնագետներին իրազեկել և ծանոթացնել մելանոմայի ժամանակակից ախտորոշման, բուժման և կանխարգելման մեթոդներին:

–   Ի՞նչ է մելանոման:

–   Մելանոման չարորակ ուռուցք է, որի հիմքում մաշկի մեջ գտնվող մելանոցիտ բջիջների ձևափոխումն է: Այդ բջիջները պարունակում են մելանին պիգմենտ՝ գունակ, որը պատասխանատու է մեր մաշկի, մազերի և աչքերի գույնի համար: Մելանին պիգմենտը մեզ պաշտպանում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Սպիտակամաշկ մարդկանց մոտ մելանոցիտները սակավաթիվ են, ուստի նրանք արևի ճառագայթներից այդքան էլ պաշտպանված չեն և անհրաժեշտ է զգոնություն դրսևորեն, իսկ թուխ մաշկ ունեցողներն այդ առումով ավելի ապահով են: Արևի ճառագայթների տակ երկար մնալուց սպիտակամորթների մաշկը կարմրում է և արևահարվում՝ չհասցնելով արևայրուք առաջացնել, իսկ թուխ մարդկանց մոտ առաջանում է հավասարաչափ արևայրուք: Մելանոմաների առաջացման համար գոյություն ունի երկու հիմանական պատճառ՝ արևի ճառագայթների երկարատև ազդեցությունն ու խալի վնասումը: Անհրաժեշտ է 11:00- 16:00 ժամանակահատվածում սահմանափակել արևի տակ գտնվելը, պաշտպանվել` կրելով գլխարկ, ակնոց, երկարաթև բամբակյա հագուստ ու օգտագործել արևապաշտպան քսուկներ:

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մաշկաբան-ուռուցքաբան, վիրաբույժ, բ.գ.թ. Անժելա Հայրապետյան–   Ե՞րբ է առաջանում մելանոմա:

–   Մելանոման կարող է առաջանալ մաշկի վրա արդեն եղած խալերի ձևափոխումից և բացարձակ առողջ մաշկի վրա` իբրև պիգմենտավորում, որը հետագայում ձևափոխվում է: Շատ կարևոր է, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն խալերի և դրանց հետ կապված ռիսկի գործոնների մասին:


Խալերը լինում են մելանոմավտանգավոր և մելանոմաանվտանգ: Մելանոման չարորակ ուռուցք է, իսկ խալը՝ բարորակ գոյացություն: Մելանոմաների միայն 50 տոկոսն է առաջանում առկա խալի ձևափոխումից, մնացած դեպքերում այն ի հայտ գալիս իբրև նորագոյացություն: 
Մելանոցիտների կուտակումը մաշկի որևէ հատվածում առաջացնում է գունային կամ գերաճային զանգված: Խալերի գոյությունը համարվում է զարգացման արատ, որը հաճախ փոխանցվում է ժառանգաբար, ինչը մարդկաց մոտ մտավախություն է առաջացնում, որ նման խալերի հեռացնելը վտանգավոր է: Խալերի առկայությունը քանակային առումով առավելագույնի է հասնում մոտավորապես 25 տարեկանում, սակայն դրանց քանակը կարող է ավելանալ մինչև 50 տարեկանը, ինչը համարվում է նորմալ գործընթաց: Ավելի ուշ տարիքում խալերն սկսում են ծերանալ, գունաթափվել և ծավալով փոքրանալ, թեպետ օրինաչափ է համարվում նաև , որ բարձր տարիքում նույնպես կարող են նոր խալեր առաջանալ:

–   Ուռուցքային հիվանդությունների շարքում ի՞նչ տեղ են զբաղեցնում մելանոմաները: 

–   Մելանոմաները փոքր տոկոս են կազմում ուռուցքային հիվանդությունների ցանկում՝ 0, 5-1%, սակայն ագրեսիվ են և բարձր մահացության ցուցանիշով ուռուցքների ցանկում են: Այս գոյացություններն, ի տարբերություն այլ ուռուցքների, առաջանում են մեր աչքի առջև, և ցավալին այն է, որ մարդիկ, տեսնելով ինչպես է խալը ձևափոխվում ու առաջացնում վերքային մակերես, չեն դիմում բժշկի: Ինչպես ցանկացած չարորակ ուռուցք, մելանոմաները նույնպես մետաստազ առաջացնելու ՝ ճյուղավորվելու, տարածվելու ունակություն ունեն, որն օրգանիզմում շատ արագ է տեղի ունենում:

–   Ո՞ր դեպքում է թույլատրելի հեռացնել խալերը:

–   Մարդկանց մոտ սխալ կարծրատիպ է ձևավորվել, որ չի կարելի հեռացնել խալերը: Այնինչ խալերը ո՛չ միայն կարելի է հեռացնել, այլ երբեմն դա միակ ճանապարհն է` խուսափելու վտանգավոր խալի հետագա ձևափոխումից:


Մելանոմավտանգ խալերը պոտենցիալ ներուժ ունեն` հետագայում ձևափոխվելու: Նման խալերի նկատմամբ պետք է զգուշավոր լինել: Հենց այս պարագայում է կարևորվում տեղեկացված լինելը , թե որ տեսակներն են վտանգավոր, մարմնի որ հատվածում գտնվող խալն է մասնագիտական զննման ենթակա: Անհրաժեշտ է պարբերաբար բժիշկների կողմից կանխարգելիչ հետազոտություն իրականացնել: Սովորաբար մաշկի մակերեսին հավասար ու մուգ գույնի խալերն առավել վտանգավոր են, քան մաշկի մակերեսից բարձր ու բաց գույնի խալերը: Ի դեպ, հասարակության մեջ կարծիքն ու պատեկերացումը ճիշտ հակառակն է:

–   Ինչպիսի՞ խալն է վտանգավոր և ուշադրության արժանի:


–   Խալերի վտանգավորությունը վորոշելու համար մեր կողմից առաջարկված է` ԳԵՏԱՓ ախտորոշման մեթոդը (Գ` գույն, Ե` եզրեր, Տ` տրամագիծ, Ա` ասիմետրիա, Փ` փոփոխություն):

Գ-գույն. խալը լինում է միապաղաղ բաց կամ մուգ: Երբ խալը դառնում է խայտաբղետ, ուրեմն իր տեսակով վտանգավոր է և ուշադրության արժանի:

Ե-եզրեր. խալի եզրերը միշտ լինում են հստակ, ընդգծված: Եթե խալի եզրերն կորցնում են ընդգծվածությունը անհարթ են, այն արժանի է ուշադրության:

Տ-տրամագիծ. եթե խալը 6 մմ տրամագծից ավելի է մեծանում, ապա  այն մտահոգության տեղիք է տալիս:

Ա-ասիմետրիա. եթե խալր կորցնում է համաչափությունը և, մտովի կիսելով երկու մասի, կեսերն անհամաչափ են, նույնպես վտանգավոր է:

Փ-փոփոխություն. կարճ ժամանակում խալի ցանկացած փոփոխությունն արժանի է ուշադրության, իսկ վերքային փոփոխության ենթարկված և արյունային արտադրությամբ խալն արդեն իսկ մելանոմայի առաջացման նշան է:

 

Մարդիկ հաճախ մեզ դիմում են հենց այս վտանգավոր փուլերում, իսկ նման պարագայում բուժման արդյունքները միշտ չէ, որ հուսադրող են: Վաղաժամ ախտորոշումն ապաքինման երաշխիքն է:

–   Ի՞նչ տարածվածություն ունի Հայաստանում:

–   Ի տարբերություն շատ երկրների, մեզ մոտ մելանոմայով հիվանդացության ցուցանիշները շատ բարձր չեն: Խնդիրն ուշ դիմելու մեջ է:
 
–   Ժամանակակից բժշկությունը բուժման և հետազոտության ի՞նչ մոտեցումներ է առաջարկում: 

–   Սա այն հիվանդություններից է որն ավելի հեշտ է կանխել, քան` բուժել: Վտանգավոր խալի հեռացումն ազատում է հնարավոր չարորակ ուռուցքի առաջացումից: Այստեղ շատ կարևոր է մարդկանց իրազեկվածության մակարդակը, որը պետք է հնարավորինս բարձրացնել, քանի որ շատ դեպքերում սխալ տեղեկությունն ավելորդ խուճապ է առաջացնում: Թեպետ ժամանկակից բժշկական տեխնոլոգիաները թույլ են տալիս իրականացնել արդյունավետ բուժում և վիրահատություն, փորձառու բժշկի առաջին գնահատականը կարող է որոշիչ լինել:

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր