Վերջին տարիներին չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետության բարձրացումը ուռուցքաբանության արդի հիմնախնդիրներից է, քանի որ հասարակության շրջանում քաղցկեղով հիվանդացության և մահացության ցուցանիշների անշեղ աճը ձեռք է բերում զարգացող համաճարակի բնույթ:
ԱՀԿ-ի տվյալների համաձայն, երրորդ հազարամյակի սկզբում ամբողջ աշխարհում տարեկան ախտորոշվում է քաղցկեղով հիվանդացման մոտավորապես 10 մլն նոր, մահվան` 6 մլն դեպք, իսկ 2020թ., ըստ կանխագուշակման, դրանք կկազմեն` համապատասխանաբար, 20 և 12 մլն դեպք:
ԱՄՆ-ում հաստ և ուղիղ աղիքի քաղցկեղն ըստ հիվանդացության հաճախականության գրավում է երրորդ հորիզոնականը մաշկի քաղցկեղից հետո, առաջ անցնելով ստամոքսի և որկորի լայն տարածում գտած նորագոյացություններից, իսկ մահացության մակարդակով զիջում է միայն թոքերի քաղցկեղին: Եվրոպական երկրներում քաղցկեղի այդ ձևը գրավում է 2-7-րդ տեղը, կազմելով բոլոր չարորակ նորագոյացությունների 2-5 և ստամոքսաաղիքային տրակտի ուռուցքների` 25-30%-ը [1, 2, 3]:
Աշխարհում 2000-ին քաղցկեղի բոլոր դեպքերի 12,3%-ը կազմել է թոքերի քաղցկեղը: Ըստ հիվանդացության հաճախականության, կրծքագեղձի քաղցկեղը գրավում է երկրորդ տեղը թոքերի քաղցկեղից հետո և կազմում է 10,4%, իսկ կոլոռեկտալ քաղցկեղը երրորդ տեղը` 9,0%: Վերջին 5 տարիների ընթացքում երկրագնդի բնակչության շրջանում արձանագրված նորագոյացությունների շարքում կրծքագեղձի քաղցկեղը կազմել է 17,2, հաստ և ուղիղ աղիքինը` 10,6, իսկ շագանակագեղձինը` 6,5%, այսինքն` ըստ տարածվածության առաջին տեղերում են կրծքագեղձի, կոլոռեկտալ և շագանակագեղձի քաղցկեղը [4]:
Չարորակ նորագոյացությունների ընդհանուր կառուցվածքումուղիղ աղիքի քաղցկեղի տեսակարար կշռի անընդհատ աճ նկատվում է նաև մեր հանրապետությունում: Եթե 1961թ. դրանով հիվանդացությունը 100000 բնակչի հաշվով կազմել է 2,9, ապա 1972թ. այն հասել է 5,8-ի: Վերջին տասը տարվա ընթացքում չարորակ ուռուցքներով հիվանդացության տարեկան աճը կազմել է միջինը 2-3%: Քաղցկեղից մահացությունը գրավում է II-III տեղը սիրտանոթային հիվանդություններից, վնասվածքներից և դժբախտ պատահարներից հետո [5]: Հիվանդացության աճին զուգահեռ արձանագրվում են նաև չարորակ նորագոյացությունների բարձիթողության բարձր ցուցանիշներ. այսպես, 60-80% դեպքում (որոշ տեղակայումների ժամանակ) ուռուցքները հայտնաբերվում են հիվանդության III-IV փուլերում, երբ ձեռնարկվում են բուժման այնպիսի միջոցներ, որոնք ժամանակավորապես թեթևացնում են հիվանդի տառապանքները:
Ուղիղ և հաստ աղիքի քաղցկեղի բարձիթողի դեպքերն իրենց հաճախականությամբ մյուս չարորակ նորագոյացությունների շարքում զբաղեցնում է III-IV տեղը: Կոլոռեկտալ քաղցկեղով առաջին անգամ հայտնաբերված դեպքերի 15,0-36,4%-ը ախտորոշվում I-II, իսկ մինչև 85%-ը` III-IV փուլում:
ՀՀ-ում 2005թ. կոլոռեկտալ քաղցկեղով նոր հայտնաբերված 499 հիվանդներից 346-ը (69,3%) եղել են հաստ աղիքի, իսկ 153-ը (30,7%)` ուղիղ աղիքի քաղցկեղով հիվանդները (202-ը` 40,5%-ը Երևան քաղաքի, իսկ 297-ը` 59,5%-ը մարզերի բնակիչներ): Հիվանդացության աճի ցուցանիշը 1995թ. համեմատությամբ (368 հիվանդ) կազմել է 36,6% (131 հիվանդ), այդ թվում` հաստ աղիքի քաղցկեղինը 46,6, ուղիղ աղիքինը` 15,9%: 2006թ. հիվանդացության աճը նախորդ տարվա համեմատությամբ կազմել է 19,2, իսկ 1995թ.` 61,9%: 2006թ. հիվանդացության ցուցանիշների աճին զուգահեռ աճել է բարձիթողի դեպքերի տոկոսը (48,4%), որից հաստ աղիքի քաղցկեղով հիվանդները կազմել են 47,2, իսկ ուղիղ աղիքինը` 50,7%:
Մահվան դեպքերի թիվը 1995թ.-ի համեմատությամբ աճել է 47,8 (մահվան 436 դեպք), իսկ 2005-ի համեմատությամբ` 8,2%-ով [5]:
2008թ. արձանագրվել է քաղցկեղով 548 առաջնային հիվանդ (385-ը հաստ աղիքի,163-ը` ուղիղ աղիքի), այսինքն` դիտվում է հիվանդացության նվազման միտում` (5,8%): 100000 բնակչի հաշվով հիվանդացությունը կազմել է` համապատասխանաբար, 19,0 և 16,9 միավոր: Դիտվել է նաև 2007թ. նկատմամբ մահացության ցուցանիշների աճի միտում, այսինքն 100000 բնակչի հաշվով ցուցանիշները կազմել են 12,4 և 13,5 միավոր [6]:
Վերջին տասը տարիների ընթացքում հանրապետությունում կանանց կրծքագեղձի քաղցկեղը առավել հաճախ հանդիպող չարորակ նորագոյացությունն է, որը հիվանդացության ընդհանուր կառուցվածքում զբաղեցնում է II տեղը: Այսպես, 1995թ. հաշվառման է վերցվել կրծքագեղձի քաղցկեղով 619, 2006թ.` 686, 2004թ.` 876 առաջնային հիվանդ, այսինքն` 1995-2000թթ. ընթացքում հիվանդների թիվն ավելացել է 67-ով (5,1%), իսկ 2000-2004թթ.` 190-ով (12,1%): 100000 կանանց հաշվով հիվանդացությունը կազմել է` համապատասխանաբար, 32,3, 35,3 և 53,4 միավոր, այսինքն` գրեթե 1,7 անգամ: 2007թ. արձանագրվել է 1017, 2008թ.` 990 առաջնային հիվանդ, այսինքն` մեկ տարվա ընթացքում տարբերությունը կազմել է 27 (1,3%), 100000 կանանց հաշվով` համապատասխանաբար, 61,0 և 59,3 միավոր, կրճատվել է շուրջ 2,6 անգամ: Դիտվում է նաև մահացության ցուցանիշների նվազում. եթե 2007թ. մահացել են 546, իսկ 2008թ.` 509 հիվանդ, ապա տարբերությունը կազմել է 37 (3,5%): 100000 կանանց հաշվով մահացությունը կազմել է` համապատասխանաբար, 32,8 և 30,5 միավոր [6]:
Հաշվի առնելով շարադրվածը, ինչպես նաև հիվանդացության աճի արձանագրված տեմպերի պահպանման հնարավոր փաստը, կարելի է 2025թ. սպասել քաղցկեղով հիվանդացման 11250 նոր դեպք, ինչը հանրապետության բնակչության սպասվելիք աճի առումով (շուրջ 3400000 մարդ) այդ տարում 100000 բնակչի հաշվով կկազմի 330,9, այսինքն` 2007թ. համեմատությամբ աճը կկազմի 3956 դեպք կամ 54,2%: 2025թ. սպասվում է տղամարդկանց թոքերի, շագանակագեղձի, հաստ աղիքի և միզապարկի, իսկ կանանց` կրծքագեղձի, հաստ աղիքի, թոքերի քաղցկեղով հիվանդացության առավել բարձր տոկոս: Այդ նույն թվականին ստամոքսաաղիքային տրակտի քաղցկեղի դեպքերի աճը կկազմի 60,2%, ընդ որում, հաստ աղիքինը` 122,8% [7]:
Գրականության ցանկ
- Oates G.O., Banks A.I. Preoperative megavoltage radiotherapy for advanced carcinoma of the rectum. Proc.Soc.Med., 1973, 66, 34, 1182-1185.
- Oekey C.H., Richagdson L.C. In: J.Nat.Cancer Inst., 1968, 40, 3, 465-477. (Chomosome demage induced by 5-fluoro-2-deoxyuridine in relation to the cells cycle of the chinese hamster).
- Sischy B., Graney M.I., Hunson E.I. et al. Preoperative radiation therapy with sensitizers in the management of carcinoma of the rectum.//Dis. Colon.Rectum.-1985.-v.28.-N1.-P.56-57.
- Лычев В.А. Особенности митотического цикла клеток и возможности повышения эффективности лучевой терапии. Мед.радиология, 1974,- N 6.-С.71-77.
- Галстян А.М. К вопросу о диагностике и лечении рака прямой и дистальных отделов ободочной кишки. Автореф.докт.дисс… М.,-1975.
- Галстян А.М., Алексанян А.З. и соавт. Эпидемиология злокачественных новообразований в Республике Армения. Журнал »Кровь» , 2005,-С.13-20.
- Галстян А.М., Алексанян А.З. и соавт. Рак органов пищеварения в Республике Армения 2003-2007гг. Вест.Хир. Армении, 2008,- С.46-59.