Պացիենտների համարԱխտորոշում
Բիոպսիա
Բիոպսիա
06.07.2018

Բիոպսիան (կենսազննումն) իրականացվում է  ուռուցքի բարորակ կամ չարորակ լինելը պարզելու նպատակով: Հյուսվածքի նմուշը ենթարկվում է մանրէաբանական և հյուսվածաքիմիական հետազոտության:

 

«Բիոպսիան ուղարկված է հյուսվածաբանական քննության» արտահայտությունը շատերիս է ծանոթ: Ի՞նչ է դա ենթադրում: 


Բիոպսիան ախտորոշիչ գործողություն է, որի ժամանակ «կասկածելի» տեղից, օրինակ` ուռուցքից, պոլիպից, երկարատև չլավացող խոցից, վերցվում է շատ փոքրիկ հյուսվածքային մասնիկ (բիոպտատ):  Բիոպտատ վերցնելու տեղով պայմանավորված՝  կիրառում են տարբեր գործիքներ: Այն կարող է լինել հաստ ասեղ, էնդոսկոպ (երբ հետազոտում են կերակրափողը կամ ստամոքսը), լուսատարր (բրոնխոսկոպիայի ժամանակ), սովորական վիրադանակ (վիրահատությունների ժամանակ):


Բիոպսիայի հիմնական նպատակն է պարզել` բարորա՞կ, թե՞ չարորակ գործընթացի դեմ պետք է պայքարել: Այս գործողությունն իրականացվում է նաև քաղցկեղի բուժման վերահսկման ժամանակ: Բիոպսիայի իրականացումը բժշկից փորձ և վարպետություն է պահանջում: Դրանով է պայմանավորված ախտորոշումը (սկզբում չարորակ գոյացության օջախը չափազանց փոքր է) և, հետևաբար, բուժման եղանակի ընտրությունը:


Բիոպսիայի օգնությամբ ստացված հյուսվածքային կտորներն ուղարկվում են հատուկ լաբորատորիա, որտեղ իրականացվում է վերջիններիս  հյուսվածաբանական հետազոտությունը: Օրգանիզմի բոլոր բջիջներն ունեն բնորոշ կառուցվածք, ինչով պայմանավորված է նաև, թե ինչ հյուսվածքի են պատկանում: Չարորակացման դեպքում պատկերը լիովին փոխվում է, բջիջների ներքին կառուցվածքը խանգարվում է, և նրանք դադարում են նմանվել հարևան բջիջներին: Որպես կանոն, այս շեղումներն այնքան զգալի են, որ կարելի է տեսնել անգամ սովորական մանրադիտակով:


Բիոպսիայի ժամանակ վերցված նյութը նախքան ուսումնասիրելն անհրաժեշտ է մշակել հատուկ եղանակով. կտրատել շատ բարակ, թափանցիկ շերտերի և ներկել:  Կտրվածքներ ստանալու համար հյուսվածքի կտորները սկզբում կարծրացնում են (օրինակ, ներծծում են պարաֆինով), ապա պահելով հատուկ բռնիչով ՝ կտրատում են հատուկ գերսուր դանակի՝ միկրոտոմի օգնությամբ:


Ստացված բարակ թաղանթները տեղադրում են նախապես պատրաստված փոքր ապակիների վրա և հենց նրանց վրա ներկում: Ներկման եղանակները շատ են, սակայն բոլորն էլ մի քանի փուլով են իրականացվում: Նախկինում պատրաստուկները մի տարայից մյուսը տեղափոխվում էին ձեռքով, այժմ ներկման բոլոր փուլերը կարող են իրականացվել հատուկ գործիքներով: Սակայն սա միակ փուլն է, երբ ավտոմատացում է հնարավոր: Մնացածն ամբողջովին պայմանավորված է մասնագետի ուշադրությամբ և գիտելիքով:


Երբ արդեն ներկված պատրաստուկը մանրադիտակի տակ է, գործի է անցնում բժշկության  մեջ շատ կարևոր մասնագետը` ախտաբանաանատոմը: Գնահատելով հետազոտվող բջիջների առանձնահատկությունները, նա եզրակացնում է` բարորակ է հյուսվածքը, թե` չարորակ: Ավելին, հաճախ քաղցկեղային բջիջների տեսակով պայմանավորված՝ հնարավոր է որոշել նաև հիվանդության տեսակը, առանձնահատկությունները և, նույնիսկ, կանխատեսել ընթացքը: 


Եթե լուսային մանրադիտակով հետազոտումն անբավարար է , իրականացվում  է իմունահյուսվածաբանական քննություն: Այս դեպքում կտրվածքները մշակվում են մի քանի հակաուռուցքային շիճուկներով (յուրաքանչյուր կոնկրետ դեպքում` տարբեր): Եթե դրանցից որևէ մեկի «ուղղվածությունը» համընկնում է ուռուցքի բնույթի հետ, պատրաստուկի բջիջներում առաջանում են մանրադիտակի տակ հստակ երևացող դեղնավուն հատիկներ: Այս եղանակը արդյունավետ է մելանոմայի ախտորոշման ժամանակ, որը հեշտությամբ մետաստազներ տվող մաշկի չարորակ ուռուցք է: 
Որոշ դեպքերում , երբ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ փոփոխություններ են առաջացել բջիջների «ներքին օրգաններում» (օրգանելներ), օգնության է հասնում էլեկտրոնային մանրադիտակը: Հսկայական խոշորացում (մինչև 100 հազար անգամ) թույլատրող էլեկտրոնային մանրադիտակն ունի իր առավելություններն ու թերությունները: Հնարավորություն տալով զննել նույնիսկ խոշոր մոլեկուլները, այն միաժամանակ, տեսադաշտում կարող է պահել ընդամենը մի քանի բջիջ: Այս ամենը հազար անգամ մեծացնում է հետազոտման նյութի ճիշտ վերցնելու կարևորությունը (ինչպես բիոպսիայի ընթացքում, այնպես էլ կտրվածքների պատրաստման և ընտրության ժամանակ):

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր