Նորություններ
Վիրահատական միջամտությունը չի կարող նպաստել ուռուցքի տարածմանը
Վիրահատական միջամտությունը չի կարող նպաստել ուռուցքի տարածմանը
18.06.2015

Քաղցկեղը հայտնի է վաղ ժամանակներից: Սակայն ուռուցքաբանությունը որպես գիտություն ձևավորվել է վերջին հարյուրամյակում և բուռն զարգացում ապրել: Հայաստանում որպես մասնագիտացված  կենտրոն` արդեն երկար տարիներ իր գործունեությունն է ծավալում Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը:

Ոլորտի հիմնախնդիրներին, այսօրվա զարգացումներին տեղեկանալու նպատակով այցելեցինք Ուռուցքաբանության ազգային կենտրոն և զրուցեցինք կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Տանանյանի և կենտրոնի փոխտնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Անդրեյ Մինասյանցի հետ:

 

 


Վ.Ա. Ֆանարջյանի անվան ՈՒԱԿ տնօրեն, պրոֆեսոր Արմեն ՏանանյանԻնչպես ներկայացրեց պարոն Տանանյանը, տարեկան 30 — 35 հազար քաղաքացի է դիմում Ուռուցքաբանության ազգային կենտրոն: Յուրաքանչյուր տարի ստացիոնար բուժում է ստանում մոտ 11 հազար մարդ, կատարվում է 3500 – 4000 վիրահատություն, 4500 – 5000 քիմիաթերապիա, 1200 – 1500 ճառագայթային բուժում. «Մեզ մոտ տարեկան 20-25 հազար ռենտգեն հետազոտություն է կատարվում, միայն 60 — 80 թոքերի և այլ օրգանների ռենտգեն` օրական», — ասաց տնօրենը:


Ինչ վերաբերում է նրան, թե քաղցկեղի որ տեսակն է գերակշտում, կենտրոնի փոխտնօրեն Մինասյանցը տեղեկացրեց, որ ինչպես արդեն երկար տարիներ, այժմ էլ առաջին տեղում և հիվանդության, և մահացության ցուցանիշով, թոքերի քաղցկեղն է: Պարոն Մինասյանցը դա պայմանավորում է հիվանդների` հիմնականում հիվանդության ոչ վաղ փուլում դիմելով. «Բացի դրանից, որ շատ բարդ է թոքի քաղցկեղը բուժելը, այն նաև շատ ագրեսիվ ուռուցք է: Ցավոք, դիմողները հիմնականում առաջին փուլում չեն դիմում» — ասում է նա:


Կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ, ինչի մասնագետն է պարոն Մինասյանցը, բժիշկը հավաստիացրեց, որ թեպետ հիվանդացության առումով այն 2-րդ կամ 3-րդ տեղում է, սակայն կրծքագեղձի քաղցկեղից մահացության ցուցանիշը նվազել է` իջնելով 5-րդ կամ 6-րդ տեղ: Դա արդյունք է բուժման եղանակների ավելացման և վիրահատությունների որակի բարձրացման. «Սակայն վերջերս Հայաստանում կատարված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ոչ մասնագիտական կենտրոնների գործունեության արդյունքում մահացության ցուցանիշը որոշ չափով բարձրացել է», — ասաց պարոն Մինասյանցը, — «Եթե մենք խոսում ենք չարորակ ուռուցքը բուժելու մասին, ապա դա միայն վիրահատությունը չէ. պետք է ապահովել որակյալ հետազոտություն, վիրաբուժական միջամտություն, թիրախային թերապիա, ճառագայթային բուժում, որից հետո` նաև հիվանդի հսկողություն»:

 

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ՈՒԱԿ փոխտնօրեն Անդրեյ ՄինասյանցԻնչպես նշում է ուռուցքաբանը, յուրաքանչյուր հիվանդին համալիր հետազոտություն է կատարվում, ու նրա խնդրին տեղյակ են լինում և ֆիզիոթերապևտը, և ճառագայթային բուժում իրականացնող մասնագետը, և այլ ուղղվածության բժիշկներ: Սակայն որպես օրինակ, պարոն Մինասյանցը ներկայացնում է, որ ճառագայթային բուժման ժամանակակից սարքավորում միայն իրենց կենտրոնում կա: Արդյունքում տարբեր բժշկական կենտրոններում իրականացված բուժումը, հնարավոր է չտա այն արդյունքը, ինչը` մեկ բուժհաստատությունում: Բացի այդ, գործում են ուղեցույցներ յուրաքանչյուր չարորակ ուռուցքի բուժման համար. «Ուղեցույցներով չշարժվելը տանում է բուժման որակի վատացման: Սակայն այսօր կան բուժհաստատություններ, որտեղ այդ ուղեցույցներին այդքան էլ ուշադրություն չի դարձվում» — նշում է պարոն Մինասյանցը:


Այն նկատառմանը, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը բժշկական այդ ոլորտում մասնագիտացված կլինիկա է, սակայն հաճախ քաղցկեղով հիվանդների հարազատները հիվանդին չեն բերում այստեղ` դրանով հիվանդից թաքցնելով հիվանդության պատճառը, և ի վերջո, պե՞տք է ասել հիվանդին իր ախտորոշումը, թե` ոչ, պարոն Մինասյանցը բավական լուրջ խնդիր համարեց այն առումով, որ իրենք շարժվում են հիմնականում խորհրդային դպրոցով, երբ հիվանդին ախտորոշումը չէին ասում: Սակայն մասնավորեց. «Հիմա մի քիչ մոտեցումները փոխել ենք և հարցնում ենք հիվանդի հարազատին` նա ցանկանո՞ւմ է, որ հիվանդն իմանա իր ախտորոշման մասին, թե ոչ: Եթե հարազատը համաձայնվում է, ապա հիվանդը տեղեկացվում է: Մենք ունեցել ենք բազմաթիվ հիվանդներ, ովքեր երբ տեղեկացվել են ախտորոշման մասին, այլևս չեն ցանկացել բուժվել: Մի քիչ դժվար է այդ հարցին պատասխանելը, թե որն է ճիշտ: Օրինակ Եվրոպայում և Ամերիկայում ընդունված է սկզբունք, ըստ որի նրանք պարտավոր են հիվցանդին ասել ախտորոշումը, թե ինչքան է նրան մնացել ապրելու և որքան է բուժման հավանականությունը, որ մարդը կարողանա պլանավորել իր կյանքը … Հայաստանում կան կենտրոններ, որոնք տեղեկացնում են հիվանդին, մենք տեղեկացնում ենք նրա հարազատին: Եվ հիմնականում 10-ից 1-2-ն են համաձայնվում հիվանդին տեղեկացնել»:


Ինչպես ցավով նշում է պարոն Մինասյանցը, օնկոլոգիան ամենաթանկ ոլորտն է բժշկության մեջ, որը պայմանավորված է հիմնականում դեղամիջոցներով: Տարեց տարի նոր դեղամիջոցներ են ի հայտ գալիս` նշանակետային քիմիոթերապիայով բուժման համար, և օրինակ, կան թիրախային դեղեր, որոնց մեկ սրսկման գինը սկսվում է միլիոններից, և պարզ չէ, թե հիվանդն ինչքան պետք է ստանա այդ դեղը, գուցե անհրաժեշտ լինի յուրաքանչյուր 21 օրը մեկ անգամ` մեկ տարվա ընթացքում. «Ցավոք, մեզ մոտ պետպատվերը չի նախատեսում թանկարժեք դեղամիջոցների համար գումար, և այն մնում է հիվանդի ուսերին: Լինում են դեպքեր, երբ հիվանդի հարազատն անկեղծանում է, որ կարող է տունն էլ վաճառել, բայց անգամ դա չի բավականացնի, և որոշում է կայացվում հիվանդին չասել ախտորոշման մասին:
Փոխտնօրենը համաձայն է նաև, որ հաստատության անունը` Ուռուցքաբանության ազգային կենտրոն, հաճախ ազդում է, և մարդկանց մոտ այն մտայնությունը կա, որ ով եկավ այստեղ, ապա նա պետք է չարորակ ուռուցք ունենա: Դա հոգեբանություն է, որը պետք է փոխել:


ԱՊՀ երկրների շրջանակում գործող ուռուցքաբանական ազգային կենտրոնները մշտապես տարեկան համաժողով են անցկացնում, որտեղ ներկայացվում են նաև յուրաքանչյուր երկրում ոլորտի վիճակագրական տվյալները: Պարոն Մինասյանցը հավաստում է, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հիվանդության բուժման ցուցանիշները համահունչ են ԱՊՀ երկրների առաջատար կենտրոնների ցուցանիշներին: Սակայն հավելում է. «Այլ բան է, որ մեզ մոտ, ցավոք, դիմելիության ցուցանիշներն են խնդիր. Մեզ դիմում են, երբ հիվանդությունն արդեն 3-րդ, 4-րդ փուլում է, երբ բուժման հավանականությունն այդքան բարձր չէ: Չարորակ ուռուցքը որքան վաղ փուլում հայտնաբերվի, այդքան բարձր է բուժման հավանականությունը: Եվ խոսքը գնում է ոչ թե կյանքը երկարացնելու, ժամանակ շահելու, այլ լիարժեք բուժման մասին», — շեշտում է պարոն Մինասյանցը:


Կենտրոնում բուժվում են ոչ միայն չարորակ հիվանդությունները: Պարոն Մինասյանցի խոսքերով` վիրահատությունների 20 — 30 տոկոսը բարորակ ուռուցքներն են. «Կան խոսակցություններ, որ որևէ միջամտությունը բերում է ուռուցքի զարգացման արագացման: Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որ նման հասկացողություն չկա, և վիրահատությունը ոչ մի վտանգավոր ազդեցություն չունի:
Խոսելով ուռուցքների առաջացման պատճառների մասին, պարոն Մինասյանցը նշում է, որ սովորաբար ուռուցքների 70 տոկոսի պատճառները պարզ են. 35 տոկոսն առաջանում է ծխելու, 35 տոկոսը` սննդի պատճառով. «Կարող եմ կոչ անել` վարել առողջ ապրելակերպ, չծխել, ճիշտ սնվել: Բայց կարևոր է, որ յուրաքանչյուր մարդ, հատկապես 35 – 40 տարեկանից հետո, հետազոտվի և ավելի հաճախ դիմի սքրինինգային հետազոտությունների` եթե անգամ գանգատ չունի, որովհետև ինչքան շուտ ախտորոշվի քաղցկեղը, այնքան ավելի բարձր է բուժման հավանականությունը»:


Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում աշխատում են փորձառու և հանրապետությունում ու դրանից դուրս հեղինակություն վայելող բժիշկներ, և մեր բանախոսները փաստում են, որ շատ հիվանդներ իրենց են դիմում հենց որակյալ մասնագետի համար: Կենտրոնը պարբերաբար համալրվում է նաև նոր, ժամանակակից սարքավորումներով, որը հնարավորություն է տալիս էլ ավելի արդյունավետ դարձնել հիվանդների բուժումն ու սպասարկումը: Ասվածի ապացույցն է «Վիվա Սել-ՄՏՍ» ընկերության հետ համագործակցությունը, որի հովանավորությամբ հինգ տարիների ընթացքում ձեռք է բերվել նորագույն շարժական ռենտգեն սարք, անեսթեզիայի ապարատ, տարբեր բժշկական մոնիտորներ, նորագույն էնդոսկոպներ:


Եվ վերջերս ստացել են նոր` Toshiba ֆիրմայի հեռակառավարվող ղեկավարմամբ ունիվերսալ թվային ռենտգենոսկոպիայի և անալոգային ռենտգենոգրաֆիայի համալիր սարք: Ինչպես տեղեկացրեց կենտրոնի տնօրեն պարոն Տանանյանը, սարքի առավելությունը նրանում է, որ քիչ են ճառագայթվում և հիվանդները, և բժիշկը: Սարքավորումը նաև որակի առումով ունի առավելություններ. շատ ավելի բարձր է տեսանելիությունը, որը թույլ է տալիս անգամ փոքր չափի մետաստազները, որոնք որ կարող են լինել տարբեր օրգանների վրա, հայտնաբերել. «Հուսանք, որ բարեգործությունը կլինի շարունակական»,- հավելում է պարոն Տանանյանը:


Ուռուցքաբանության ազգային կենտրոնն ունի նաև խնդիրներ. շենքային պայմանները լավը չեն, և վերջին 35 տարիներին կենտրոնում հիմնանորոգում չի կատարվել: Թեպետ վերջին 6 ամիսների ընթացքում վերանորոգման որոշ աշխատանքներ են կատարվել, սակայն կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը հուսով է, որ այս տարվանից սկսած իրենց տնտեսած միջոցներով և ՀՀ առողջապահության նախարարության օգնությամբ աստիճանաբար կսկսենք վերանորոգումներ կատարել:


Զրուցեց Հասմիկ Հովհաննիսյանը

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր