Պացիենտների համարՀիվանդություններ
Ցավը քաղցկեղի ժամանակ
Ցավը քաղցկեղի ժամանակ
28.11.2018

Ուռուցքաբանների յուրաքանչյուր երկրորդ հիվանդը ցավ է ունենում: Քաղցկեղի տարածված ձևերով հիվանդների 80%-ն ուժեղ կամ չափավոր ցավեր է նշում: Նույնիսկ լիովին ապաքինումից հետո ցավային համախտանիշը կարող է բավականին երկար պահպանվել:


Ինչու՞ են քաղցկեղի ժամանակ ցավեր առաջանում:


Ցավային համախտանիշի պատճառը կարող են լինել ցավային ռեցեպտորների կամ նյարդերի անմիջական ախտահարումն ուռուցքի կողմից, բուժական և ախտորոշիչ միջամտությունները: Երբեմն ցավային համախտանիշը կապված չէ ուռուցքային հիվանդության հետ կամ կարող է առաջանալ մի քանի գործոնների համակցման արդյունքում:


Բժիշկներն` ըստ առաջացնող գործոնների, տարբերում են ցավի երեք հիմնական տարբերակ.

 

  • Նոցիցեպտիվ: Որևէ օրգանի կամ հյուսվածքի քիմիական, մեխանիկական, ջերմային ճանապարհով վնասման ժամանակ տեղի է ունենում ցավային ռեցեպտորների գրգռում և նրանցից իմպուլսը փոխանցվում է գլխուղեղ՝ առաջացնելով ցավային զգացողություններ: Ցավային ռեցեպտորներ կան մաշկի մեջ և ոսկրերում (սոմատիկ), նաև ներքին օրգաններում (ընդերային): Որովայնի խոռոչի օրգանները միայն ընդերային նյարդավորում ունեն՝ առանց սոմատիկի:  Դա բերում է «արտացոլված ցավի» առաջացման, երբ ողնուղեղի մակարդակում տեղի է ունենում ընդերային և սոմատիկ օրգանների նյարդաթելերի միախառնում ու գլխուղեղի կեղևը չի կարողանում հստակ արտահայտել ցավը: Այդ պատճառով քաղցկեղով հիվանդը հաճախ որովայնի ցավի ժամանակ չի կարողանում հստակ նշել ցավի աղբյուրն ու նկարագրել նրա բնույթը:

  • Նեյրոպաթիկ ցավն առաջանում է ծայրամասային նյարդային համակարգի, ողնուղեղի կամ գլխուղեղի վնասման ժամանակ, մասնավորապես` քիմիաբուժության ֆոնին (օրինակ, կուսածաղկի ալկալոիդ պարունակող պատրասոտկների դեպքում) կամ ուռուցքային գործընթացի մեջ նյարդերի կամ նյարդային հյուսակների ընդգրկման դեպքում:

  • Հոգեծին: Երբեմն քաղցկեղով հիվանդի մոտ ցավային համախտանիշի զարգացման համար օրգանական պատճառներ չկան կամ ցավը կրում է անհամապատասխան ուժեղ բնույթ: Այս դեպքում կարևոր է հաշվի առնել հոգեբանական բաղադրիչը և հասկանալ, որ սթրեսը կարող է ուժեղացնել ցավի ընկալումը: 


Ինչպիսի՞ ցավեր են լինում քաղցկեղի ժամանակ


Տարբերում են հետևյալ տեսակները.

 

  • Սուր. առաջանում է հյուսվածքների վնասման ժամանակ, ապա ժամանակի ընթացքում նվազում է՝ ըստ ապաքինման: Լիարժեք վերականգնումը 3-6 ամիս է տևում:

  • Քրոնիկական ցավ. տևողությունը մեկ ամսից ավելի է, պայմանավորված է հյուսվածքների մշտական վնասումով: Ցավի ուժգնության վրա կարող են նաև հոգեբանական գործոններն ազդել:

  • Բեկումնային ցավ. քրոնիկական ցավի հանկարծակի կտրուկ ուժգնացումն է, որը տեղի է ունենում լրացուցիչ նպաստող գործոնների համակցման դեպքում (օրինակ, ողնաշարի մետաստազներով քաղցկեղի դեպքում ցավերը կարող են կտրուկ ուժեղանալ (կամ առաջանալ) հիվանդի դիրքի փոփոխությունների ժամանակ): Անկանխատեսելիության և ոչ մշտական լինելու պատճառով այդ ցավը բավականին դժվար է բուժել:

 

Քաղցկեղի ժամանակ ցավերը կարող են մշտական կամ պատահական լինել, այսինքն, որոշ ժամանակով առաջանալ:

 

Ուռուցքային ախտաբանության բուժման ֆոնին առաջացող ցավեր.


  • կծկանք, այրոց, քոր (բազմաթիվ հակաուռուցքային պատրաստուկների կողմնակի ազդեցություններ),
  • լորձաթաղանթների բորբոքում (ստոմատիտ, գինգիվիտ կամ մարսողական համակարգի այլ բաժինների խոցային ախտահարում), որը կարող է առաջանալ քիմիաբուժության կամ թիրախային բուժման հետևանքով,
  • ափերում և ոտնաթաթերում ցավ, քոր, ծակծկոց, կարմրածություն, այրոց
  • ցավեր ամբողջ մարմնի մկաններում և հոդերում (պակլիտաքսելի կամ արոմատազայի ինհիբիտորների կիրառման դեպքում),
  • ծնոտի օստեոնեկրոզ (ոսկերում մետաստազների դեպքում կիրառվող բիֆոսֆանատների հազվադեպ հանդիպող կողմնակի ռեակցիա),
  • ճառագայթային բուժման հետևանքով առաջացող ցավեր (բերանի խոռոչի և ըմպանի ախտահարում, դերմատիտ):


Արդյո՞ք քաղցկեղի ժամանակ միշտ ցավ կա


Առանց ցավերի քաղցկեղ հնարավոր է սկզբնական շրջանում, երբ ուռուցքն այնքան փոքր է, որ ռեցեպտորները չեն գրգռվում: Առանց ցավի կարող են ընթանալ նաև առանց արտահայտված ուռուցքով ընթացող հիվանդությունները, օրինակ, միելոմային հիվանդությունը` մինչև ոսկրերի ախտահարումը, լեյկոզները և այլն:


Հիվանդի կողմից ցավի գնահատումը


Հիվանդին առավելագույնն օգնելու համար անհրաժեշտ է կարողանալ գնահատել ցավի մակարդակը: Գլխավոր կողմնորոշիչը համարվում է մարդու զգացողությունը, այդ դեպքոմ բժիշկը կիրառում է հետևյալ չափորոշիչները. 

 

  •  ի՞նչ բնույթի է ցավը (նվացող, այրող, պուլսացող, սուր և այլն),
  • առավելապես որտե՞ղ է տեղակայված ցավը,
  • որքա՞ն է ցավերի տևողությունը,
  • այն մշտակա՞ն է, թե` պարբերական,
  • օրվա ո՞ր ժամերին է առաջանում կամ ուժգնանում,
  • ի՞նչն է ցավն ավելի ուժեղացնում կամ թուլացնում,
  • արդյո՞ք ցավը որևէ գործունեություն սահմանափակում է,
  • որքանո՞վ է այն ուժեղ:


Ցավի ուժգնության գնահատման ամենապարզ գործիքը թվային վարկանշային սանդղակն է: Այն իր մեջ ներառում է տաս աստիճան՝ 0-ից (ցավ չկա) մինչև 10 (ամենաուժեղ ցավը, որը հնարավոր է պատկերացնել): 1-3 աստիճանավորումը համապատասխանում է ոչ ուժեղ ցավին, 4-6-ը` չափավոր և 7-10-ը` ուժեղ ցավին: Հիվանդն ինքն է գնահատում իր զգացողությունները թվերով և ներկայացնում բժշկին: Այս եղանակը հարմար չէ մինչև 7 տարեկան երեխաների և նյարդային զգալի խանգարում ունեցող հիվանդների, ինչպես նաև ծերերի համար: Այս դեպքերում գնահատումն իրականացվում է այլ չափորոշիչներով, օրինակ, ըստ դիմային ցավի սանդղակի, կամ կիրառվում են հարազատների, հիվանդի խնամքն իրականացնողների հաշվետվությունները, որոնք վերաբերվում են հիվանդի արձագանքին` հանդեպ ցավազրկողները:


Բացի բժշկական պատճառներից, կարևոր է հաշվի առնել նաև հիվանդի մտածելակերպի առանձնահատկությունները: Որոշ տեղերում ցավից գանգատվելն ընկալվում է որպես թուլության նշան: Կամ հիվանդները հաճախ չեն ցանկանում ծանրաբեռնել ընտանիքի մյուս անդամներին, քանի որ հարազատների կարծիքը շատ կարևոր է: Բացի այն, որ հաշվի է առնվում հոգեբանական գործոնը, բժիշկը կանխատեսում է, թե որքանով արդյունավետ կլինի բուժումը:  Այսպիսով, նեյրոպաթիկ, բեկումնային և ուժեղ ցավը բարդ է վերահսկել: Բարդ է բուժել, եթե հիվանդը կյանքի ընթացքում երբևիցե չարաշահել է թմրանյութերը, ալկոհոլը, տառապել է դեպրեսիայով, ունեցել է մտավոր գործունեության խանգարումներ կամ արդեն ստացել է ցավի դեմ բուժում:


Ինչու՞ բուժել ցավը


Երբեմն քաղցկեղի ժամանակ հիվանդները չեն ցանկանում ցավազրկողներ ընդունել՝ այդպիսով զգուշանալով իրենց ավելի վնասելուց: Դա այդպես չէ, ցավային համախտանիշը պետք է բուժել, ինչպես այլ ցանկացած ախտաբանական համախտանիշ: Ցավի կառավարմանը կարող են նպաստել.

 

  • բավարար քունը,
  • ակտիվության բարձրացումը,
  • ախորժակի բարձրացումը,
  • վախի զգացողության, գրգռված վիճակի նվազումը,
  • սեռական կյանքի բարելավվումը:

 


Ինչպե՞ս  վերացնել, թեթևացնել ցավը քաղցկեղի ժամանակ:


Քաղցկեղի ժամանակ գլխացավը, ոտքերի ցավը, գոտկային շրջանում ցավը, ոսկրերի ցավը բուժում են միասնական աստիճանական համակարգով.


I աստիճան:  Ոչ օպիոիդային ցավազրկողներ: Դա կարող է լինել պարացետամոլ (ացետամինոֆեն), իբուպրոֆեն, կետոպրոֆեն, ցելեկօքսիբ, դիկլոֆենակ, ասպիրին, կետորոլակ:


II աստիճան: Եթե արդյունք չկա,  ապա կիրառում են թեթև օպիոիդներ (կոդեին):


III աստիճան:  Ուժեղ ազդող օպիոիդներ (մորֆին, ֆենտանիլ, օքսիկոդոն, տրամադոլ) ցավի լիարժեք վերացման համար` անհրաժեշտ դեղաչափերով: 


Անհանգստության և վախի դեմ պայքարելու համար ցանկացած աստիճանում նշանակվում են լրացուցիչ դեղեր: Սովորաբար, դրանք հակացնցումային դեղերն են, հակադեպրեսանտները, տեղային ցավազրկողները: Բորբոքման արդյունքում առաջացած ցավի դեպքում կիրառում են գլյուկոկորտիկոստերոիդներ, իսկ ոսկրերի ախտահարման դեպքում` բիֆոսֆոնատներ (պամիդրոնատ) և դենոզումաբ: 

 

Ճիշտ դեղը ճիշտ դեղաչափով և ճիշտ ժամանակին հնարավորություն է տալիս օգնել մարդկանց 80-90%-ին: Մնացած դեպքերում այլ եղանականեր են կիրառվում.

 

  • Գլխուղեղի վրա վիրահատական միջամտություն, որն ընդհատում է ցավային իմպուլսի փոխանցումը:

  • Խորդոտոմիա, այսինքն, ողնուղեղում հաղորդչական ուղիների հատում: Կիրառվում է հիվանդի վատ կանխատեսման դեպքում  և արտահայտված ցավային համախտանիշի ժամանակ, որը դեղորայքային բուժման չի ենթարկվում:

  • Նյարդային ցողունի միջմաշկային էլեկտրական խթանում:

  • Նյարդի պաշարում: Այս դեպքում դեղը ներմուծում են կամ նյարդային ցողուն, կամ նրա շուրջ գտնվող հյուսվածքներ, որը նույնպես ընդհատում է ցավային իմպուլսի փոխանցումը: 

  • Ռադիոալիքային աբլյացիա: Ռադիոալիքների օգնությամբ տաքացվում են նյարդաթելերը՝ նրանց գործունեությունը խաթարելու նպատակով:

  • Պալիատիվ ճառագայթային բուժում: Այն նվազեցնում է ուռուցքի չափերը և նրա ազդեցությունը նյարդային խրձերի վրա:

  • Այլընտրանքային եղանակներ, որոնք, սովորաբար, կիրառվում են որպես ավանդական բժշկության համալրում:  Դա կարող է լինել մեդիտացիան, ասեղնաբուժությունը, խիրոպրակտիկան, հիպնոսը: 


Քաղցկեղի 4-րդ շրջանում ցավերը միանգամից չեն առաջանում, այդ պատճառով հիվանդը և նրա հարազատները կարող են նախապես մշակել գործողությունների պլանը:

 

Օպիոիդ ստանալու համար անհրաժեշտ է բուժաշխատող: Դեղատոմսը կարող է դուրս գրել.

 

  • բժիշկ-ուռուցքաբանը,
  • տեղամասային թերապևտը,
  • նեղ մասնագիտացմամբ բժիշկը, որն անցել է թմրանյութերի հետ աշխատելու ուսուցում:


Հատուկ դեղատոմսը գործում է 15 օր, եթե այն շտապ է պետք, կարելի է դուրս գրել նաև տոնական և հանգստյան օրերին:


Ներկայում հիվանդը կամ նրա հարազատները կարող են այլևս չվերադարձնել օգտագործված սպեղանիները, դատարկ ֆլակոնները կամ դեղերի փաթեթավորումները: Պատրաստուկները ստանում են մասնագիտացված դեղատներում, որոնք նարկոտիկ ցավազրկողներ, թունավոր և հոգեմետ դեղեր թողարկելու թույլտվություն ունեն: Սակայն, եթե տեղանքը ծայրամասում է և դեղատուն չկա, ապա բուժակային-մանկաբարձական կետերը կամ ամբուլատորիաները օպիոիդներ պահելու և բաց թողնելու իրավունք ունեն: 


Դեղատոմս ստանալու համար գոյություն ունի գործողությունների որոշակի ալգորիթմ.

 

  • Բժիշկը զննում է հիվանդին և դեղատոմս  դուրս գրում: Այն կարելի է իրականացնել համաբուժարանում, օնկոդիսպանսերում կամ տանը:
  • Այնուհետև հիվանդը կամ նրա հարազատները բժշկական հաստատությունում դեղատոմսի վրա կլոր կնիք են դնում, տանն այն անել չի կարելի:
  • Վստահված անձը կամ հենց հիվանդը բժշկական հաստատության կողմից տրված ցուցակով դեղը ստանում է մասնագիտացված դեղատնից:


Ինչպե՞ս ճիշտ ընդունել ցավազրկողները:

 

  • Ցավային համախտանիշի լիարժեք վերահսկման համար ցավազրկողները պետք է ընդունել ոչ թե «ըստ պահանջի», այլ` «ըստ ժամերի», այսինքն յուրաքանչյուր 3-6 ժամը մեկ:
  • Պետք չէ երկարացնել դեղերի ընդունման միջակայքը: Ցավազրկումն ավելի հեշտ է իրականացնել, երբ ցավը դեռևս ուժեղ չէ:
  • Բուժող բժշկին պետք է անպայման հաղորդել ընդունվող բոլոր դեղերի մասին, քանի որ հնարավոր է անցանկալի դեղորայքային փոխազդեցություն:
  • Չի կարելի դեղերի ընդունումն ինքնուրույն դադարեցնել: Եթե կողմնակի երևույթներ են առաջացել, պետք է անմիջապես հաղորդել բժշկին: 
  • Պետք է նաև հաղորդել, եթե արդյունքն անբավարար է. դեղաչափը կավելացվի կամ կփոխարինվի այլ դեղով:


Ինչպիսի՞ եղանակներով է իրականացվում ցավազրկումը նարկոտիկ դեղերով: 

 

Դեղի ներմուծման եղանակները պայմանավորված են հիվանդի վիճակով և, նույնիսկ, նրա նախապատվություններով.

 

  • Ներքին ընդունման. եթե ստամոքսը և աղիները նորմալ են գործում, ապա դեղորայքը տալիս են ենթալեզվային (սուբլինգվալ), կամ դնում այտի ներքին մակերևույթին (հարթշային):
  • Ուղիղ աղու միջոցով. բերանով ընդունման անհնարինության դեպքում օպիոիդները կարելի է ներմուծել ուղիղ աղու միջոցով: 
  • Մաշկի միջոցով. դրա համար կիրառում են հատուկ մաշկային սպեղանիներ:
  • Քթի միջոցով. քթային ցողաշիթի ձևով:
  • Ենթամաշկային. օպիոիդները ներարկիչով ներմուծում են ենթամաշկային ճարպային շերտ:
  • Ներերակային. այս ճանապարհն արդարացված է, եթե նախորդ եղանակներն անարդյունավետ են: Դրա համար ինֆուզամատ է կիրառվում (բժշկական պոմպ), որը ճշգրիտ դոզավորում և ներմուծում է դեղը:
  • Ողնուղեղային հեղուկի մեջ ներարկման միջոցով. երբեմն ողնուղեղային խողովակ ներմուծում են նաև անզգայացնող դեղը՝ շատ ուժեղ ցավի պաշարման նպատակով:


Օպիոիդային կախյալություն


Որոշ մարդիկ վախենում են բժշկական նպատակով օպիոիդներ կիրառել՝ խուսափելով թմրամոլ դառնալուց: Ժամանակի ընթացքում հնարավոր է ցավազրկողների նկատմամբ կայունության զարգացում: Դա նշանակում է դեղաչափը պետք է ավելացնել: Նմանատիպ իրավիճակը նորմալ է և կարող է առաջանալ նաև այլ դեղերի դեպքում:  Բժշկի կողմից նշանակված դեղաչափով և քանակով ընդունման դեպքում թմրանյութերից կախյալության առաջացման հավանականությունը մեծ չէ:  


Օպիոիդների կողմնակի ազդեցությունները


Գոյություն ունեն մի քանի հաճախ հանդիպող երևույթներ.

 

  • սրտխառնոց,
  • փորկապություն,
  • քնկոտություն,
  • բերանում` չորություն:


Օպիոիդները թուլացնում և դանդաղեցնում են ստամոքսի ու աղիների մկանային կծկումները, որը բերում է աղիների գործունեության խանգարման: Կարևոր է շատ հեղուկներ ընդունել և բժշկին անմիջապես տեղյակ պահել անցանկալի երևույթների մասին:


Ավելի հազվադեպ հիվանդը նշում է.

 

  • զարկերակային ճնշման իջեցում,
  • անքնություն,
  • գլխապտույտ,
  • հալյուցինացիաներ,
  • քոր,
  • խնդիրներ` կապված էրեկցիայի հետ,
  • արյան մեջ գլյուկոզայի մակարդակի իջեցում,
  • մտածելակերպի փոփոխություններ:


Այս խնդիրների առաջացման դեպքում բժիշկը կարող է փոխել նշանակված դեղի դեղաչափը և ընդունման եղանակը կամ նշանակել այլ դեղ կամ օգնության եղանակ:


Հոդվածը կրում է տեղեկատվական բնույթ, նախատեսված չէ ինքնուրույն ախտորոշման և բուժման համար: Անհրաժեշտ է մասնագետի խորհրդատվություն:

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր