Պացիենտների համարԽորհուրդներ քաղցկեղով հիվանդներին
Ինչպե՞ս սնվել կրծքագեղձի քաղցկեղի բուժման ընթացքում
Ինչպե՞ս սնվել կրծքագեղձի քաղցկեղի բուժման ընթացքում
18.07.2019

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ընթացքում ախորժակը կարող է նվազել, սակայն, այնուամենայնիվ, արդյունավետ բուժման գրավականն առողջ սննդակարգն է:


Բուժման ընթացքում ճիշտ սնուցումը կարևոր է, քան` երբևէ: Հիվանդության դեմ պայքարելու համար օրգանիզմն աշխատում է մեծ լարվածությամբ՝ վերականգնելով բջիջներ, որոնք, հավանաբար, վնասվել են ճառագայթման կամ քիմիաթերապիայի ընթացքում: Քաղցկեղի բուժման ընթացքում (հատկապես քիմիաթերապիայի ժամանակ) առաջանում են կողմնակի երևույթներ, այդ թվում` ախորժակի կորուստ: Պետք է համոզված լինել, որ օրգանիզմը ստանում  է բոլոր անհրաժեշտ վիտամինները և սննդարար նյութերը:


Վիտամիններ և սննդարար նյութեր

Պետք է կենտրոնանալ կալորիաների վրա: Էներգետիկ հավասարակշռության պահպանման համար օրգանիզմին անհրաժեշտ են կալորիաներ: Պացիենտների համար լավ նորություն կա. կարելի է ուտել այն ամենն, ինչ դուր է գալիս:


Մթերքներում վիտամինների և սննդարար նյութերի առկայության մեջ համոզվելու համար հարկ է ուշադրություն դարձնել ապրանքապիտակի գրությանը: 


Բացի անհրաժեշտ քանակությամբ կալորիաների ապահովումը, կարևոր  է  հավասարակշռված սնվելը՝ կիրառելով բնական ծագման մթերքներ. մրգեր և բանջարեղեն:


Բուժման ցանկացած փուլում, լինի դա քիմիաթերապիա, վիրահատություն, ճառագայթային բուժում կամ` դրանց զուգակցումը, օրգանիզմը գտնվում է սթրեսի մեջ: Այդ պատճառով իմունային համակարգի ամրացման և վերականգնման համար, ինչպես նաև վերքերի լավացման համար, պարզապես, սպիտակուց է անհրաժեշտ: Ընտանի թռչունները, ձուկը, միսը սպիտակուցի հրաշալի աղբյուր են: Կարելի է նաև ընտրել լոբի, պանիր, գետնանուշի յուղ, ընկուզեղեն, ձու, յոգուրտ և կաթնային կոկտեյլներ: 


Օգտակար սննդի մի քանի տարբերակներ

Ընկույզը և ձուն սպիտակուցի, վիտամին Е-ի, վիտամին В կոմպլեքսի աղբյուր են: Կարելի է թեթև և օգտակար նախաճաշել գետնանուշի յուղով և կրեկերներով: 


Սպիտակուցի և վիտամին B-ի հրաշալի աղբյուր են միսը, պանիրը, ձուկը, ընտանի թռչունները, կաթը: Եթե սննդի հոտը սրտխառնոց է առաջացնում, որը լինում է քիմիաթերապիայի ժամանակ, խորհուրդ է տրվում այդ մթերքները կիրառել սառեցված վիճակում: Սպիտակուց և վիտամին B պարունակում է նաև լոբին:

 


Որպես ցիտրուսներին այլընտրանք  (եթե քիմիաթերապիայի հետևանքով բերանի խոռոչում վերքեր են առաջացել) կարելի է կիրառել մրգային հյութեր: Խնձորի խյուսը, դեղձը, տանձի նեկտարը նույնպես պարունակում են անհրաժեշտ վիտամիններ: 


Երկաթի և К, А, Е վիտամինների հրաշալի աղբյուր է կանաչ տերևավոր բանջարեղենը: Սա բանջարեղենի բավականին մեծ խումբ է, որը ներառում է հազարը, թրթնջուկը, կաղամբի բոլոր տեսակները, սպանախը, մաղադանոսը, սամիթը, նեխուրը, մարգարիտ սոխը: Այդ բոլորը, բացի թրթնջուկից և սպանախից, կարելի է կիրառել ինչպես հում, այնպես էլ եփած վիճակում:  


Պետք է համոզվել, որ բանջարեղենն ու մրգերը լավ են լվացված, քանի որ սննդի խառնուրդների նկատմամբ իմուն համակարգը կարող է շատ զգայուն լինել:


Ըմպելիքների մասին


Ճառագայթումը և քիմիաթերապիան օրգանիզմը ջրազրկում են: Որոշ դեղեր, որոնք չեն հեռացվում օրգանիզմից, կարող են բերել երիկամային անբավարարության: Այդ պատճառով բուժման ընթացքում խորհուրդ է տրվում խմել բավարար քանակությամբ հեղուկ: 
Եթե ջուրը քիմիաթերապիայի ազդեցությամբ տարօրինակ համ ունի, խորհուրդ է տրվում ապուրներ ուտել: Հավի ապուրի գլխավոր առավելությունը էլեկտրոլիտների ավելացումն է (այդ թվում` կալիումի, նատրիումի, մագնեզիումի և կալցիումի քլորիդների), որոնք բուժման կողմնակի ազդեցության հետևանքով օրգանիզմից կարող են դուրս բերվել: Մեկ ճաշատեսակով պետք չէ բավարարվել: Որևէ յուրահատուկ կախարդական ըմպելիք և մթերք գոյություն չունի: Լավագույնը հավասարակշռված և տարատեսակ սննդակարգն է: 

 



Այսպիսով, սննդակարգի մասին` մանրամասն


Ձկան յուղոտ տեսակները կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ բացարձակ անվնաս են, իսկ շատ դեպքերում, նույնիսկ, խորհուրդ է տրվում: Հեշտ յուրացվող և օգտակար թթուները պարունակվում են հենց ձկան յուղում: Բուսական յուղը և տապակած սնունդը խորհուրդ է տրվում սահմանափակել, իսկ կերակուրը պատրաստել բարձրորակ կտավատի կամ ձիթապտղի յուղով: 


Սննդի մեջ ներառել այնպիսի մթերքներ, որոնք արգելակում են խոլեսթերինի աճը, այդ թվում՝ բանջարեղեն (գազար, սխտոր, սոխ), մրգեր (ավոկադո, խնձոր), կանաչեղեն, ձուկ, հնդկաձավար և վարսակ, հունական ընկույզ: 


Հաճախ կրծքագեղձի քաղցկեղի պատճառն օրգանիզմում հորմոնալ հավասարակշռության խախտումն է: Կնոջ համար բոլորովին էլ վատ չէ էստրոգենի բարձր պարունակությունը: Այս դեպքում նրանք ունեն մեծ կուրծք, գեղեցիկ վարսեր:  Սակայն մյուս հորմոնները էստրոգենի մակարդակը դաշտանադադարի ժամանակ չեն պահպանում: Պետք է լյարդին օգնել այն արյան միջից դուրս բերելու համար: Դրա համար անհրաժեշտ են խոլին, ինոզոլ և մեթիոնին պարունակող մթերքներ: Դրանք կարող են լինել արևածաղիկը, ընկույզը, առանց խմորիչի հացը և կարմիր խաղողը, որոնք կարելի է լրացնել հարուստ են բջջանքով մրգերով և բանջարեղենով, քանի որ աղիների աշխատանքին նպաստում է հենց բջջանքը: Հարկ է ընդունել կալցիում, որը յուրացվելով՝ նպաստում է հորմոնալ համակարգի հավասարակշռված աշխատանքին:


Որոշ հացահատիկների յուրացման դեպքում էստրոգենի ակտիվությունն ընկճվում է: Դրանք, առաջին հերթին, սոյայի հատիկներն ու լոբին են:  Սոյան կարելի է փոխարինել ցորենի ծլած հատիկներով, կանաչ բանջարեղենով, կաղամբով:


Ըստ ընդունած սննդի ծավալի` հացահատիկը պետք է կազմի կեսը: Կարելի է պատրաստել բանջարեղենային ապուր՝ հնդկաձավարի կամ հացահատիկի, գարու, բրնձի ավելացմամբ: 


Հակացուցված են կոֆեին պարունակող ըմպելիքները՝ սուրճը, սև թեյը, կոլան: Սրանք նպաստում են հյուսվածքներում հեղուկի կուտակմանը, իսկ այտուցներն էլ, իրենց հերթին, նպաստում են սպիական հյուսվածքի աճին: Շատ օգտակար է կանաչ թեյը:


Օգտակար մթերքների մասին


Օգտակար է սննդի մեջ մշտապես հակաօքիսդանտներ կիրառել, որոնք կանխարգելում են ուռուցքի առաջացումը: Ներկայացնում ենք կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման մթերքները:

 


Կանաչ թեյ


Կանաչ թեյը բոլոր ըմպելիքների թագավորն է, պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ: Ազդում է ակտինի վրա (բջջային սպիտակուց), որը քաղցկեղի վաղ շրջաններում մասնակցում է քիմիական փոփոխություններին:  Կանաչ թեյն այդ գործընթացը խոչընդոտում է: Խորհուրդ է տրվում օրական խմել 2-3 բաժակ կանաչ թեյ:

 


Գազար


Ֆալկարինոլի (սա բնական պեստիցիդ է, որի օգնությամբ այն պաշտպանվում է սնկերից) բարձր պարունակության շնորհիվ գազարը նվազեցում է քաղցկեղի առաջացման ռիսկը: Խորհուրդ է տրվում օրական ուտել ոչ մեծ գազար, ֆալկարինոլը մեծ չափաբաժիններով թունավոր է, մի չարաշահեք այն: 

 


Խնձոր


Անտոցիան քիմիական նյութը խոչընդոտում է ուռուցքային բջիջների աճը: Մեկ խնձորում պարունակվում է այնքան հակաօքսիդանտ, որքան 500 մգ վիտամին С-ի երեք հաբի մեջ:  Բացի այդ, խնձորի համն ավելի հաճելի է քան դեղահաբինը:

 


Հապալաս


Հապալասը հայտնի է իր օգտակար հատկություններով, պարունակում է ուռուցքների առաջացմանը խոչընդոտող պտերոստիլբեն (բնական հակաօքսիդանտ), ինչպես նաև այլ նյութեր, որոնք քայքայում են ուռուցքային բջիջները: Պտերոստիլբենը պաշարում է վտանգավոր բջիջների աճի համար պատասխանատու գեները, այդպիսով, դանդաղեցնելով այն: Այս նյութը չի կարող բուժել քաղցկեղը, սակայն այն անփոխարինելի է կանխարգելման համար: Օրական մեկ բաժակ հապալասն առողջության համար բավականին օգտակար է:

 


Սոխ


Ֆլավոնոիդները հակաօքսիդանտներ են, որոնք ոչնչացնում են վնասակար ազատ ռադիկալները: Սոխի մեջ շատ ֆլավանոիդներ են պարունակվում: Քաղցկեղի կանխարգելման համար սոխի բոլոր տեսակներից առավել արդյունավետ են սուր հոտ ունեցողները:  

 


Կաղամբ


Կաղամբի մեջ պարունակվող ֆոլատը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը: Հիվանդության կանխարգելման համար օգտակար է տարբեր տեսակի կաղամբների մեջ պարունակվող նյութերի համակցումը: Դրական ազդեցություն է թողնում կաղամբի օրական ընդամենը երկու բաժնի   ընդունումը:

 


Լոլիկ

Լիկոպինը կրծքագեղձի, միզապարկի, թոքերի, շագանակագեղձի և հաստ աղու քաղցկեղի զարգացման ռիսկը նվազեցնող հակաօքսիդանտ է, քանի որ չեզոքացնում է բջիջների վրա կործանիչ ազդեցություն ունեցող ազատ ռադիկալները: Լոլիկը հարուստ է այդ նյութով: Բացի այդ, այն պարունակում է նաև վիտամին С: Օրական 22 մգ լիկոպինը իդեալական չափաբաժին է, որը համապատասխանում է երկու թեյի գդալ տոմատի պյուրեին:  Լիկոպինն ավելի լավ յուրացվում է կոնսերվացված կամ խաշած մթերքներից:

 



Բրոկոլի


Այս կաղամբը հարուստ է գլյուկոզինոլատներով, որոնք քայքայում են քաղցկեղ առաջացնող նյութերը և խթանում են իմունային համակարգը: Խորհուրդ է տրվում շաբաթական ուտել 3-4 բաժին:  Ավելի լավ է բրոկոլին եփել գոլորշու վրա, որպեսզի օգտակար նյութերը չքայքայվեն: Առավել օգտակար են փափուկ գլխիկներով տեսակները, որոնք ավելի շատ ազդող նյութեր են պարունակում: 

 


Ջրկոտեմ


Բարձրացնում է բետա-կարոտինի և լյուտեինի մակարդակը, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ: Կարծիք կա, որ հենց ջրկոտեմն է օգտակար ծխողներին: Կանաչ տերևներն օգտագործում են որպես համեմունք, որոնց համը դառն է և տտպող, իսկ բույրը հաճելի է, սուր՝ նման ծովաբողկի հոտին: Դրանք ավելացնում են աղցաններին, ինչպես նաև կիրառում են որպես առանձին ճաշատեսակ՝ ավելացնելով կծու խոտաբույսեր: Խորհուրդ է տրվում ուտել օրական 85 գրամ: 

 


Չիլի պղպեղ


Այն հայտնի է ո՛չ միայն սուր համով: Չիլի պղպեղի յուրահատուկ համը պայմանավորված է կապսաիցինով՝ քաղցկեղային բջիջների միտոքոնդրիումները գրոհող նյութով: Ընդ որում, կապսաիցինն առողջ հյուսվածքները չի վնասում:  Ահա թե ինչու են հնդիկները և մեքսիկացիները, ովքեր նախապատվությունը տալիս են սուր սննդին, եվրոպացիների համեմատ հազվադեպ հիվանդանում քաղցկեղով: Սակայն, առայժմ, չիլի պղպեղի օրական անհրաժեշտ քանակության մասին տեղեկատվություն չկա: 

 


Սև սալորաչիր


Բոլոր մրգերի և բանջարեղենների մեջ իր հակաքաղցկեղային ակտիվությամբ առաջին տեղն է զբաղեցնում: Սև սալորաչրում անհավանական քանակությամբ առկա է անտիցիանին մուգ պիգմենտը, որն առողջ բջիջները պաշտպանում է վերափոխվելուց: Բացի այդ, սև սալորաչիրը պարունակում է մեծ քանակությամբ բջջանք, որն ուժեղացնում է աղիների գալարակծկանքը: Վաղուց հայտնի է, որ աղիների դանդաղ դատարկման դեպքում արյան մեջ կրկին ներծծվում են մշակված շլակները և հորմոնները, որը կանանց մոտ նպաստում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացմանը, իսկ տղամարդկանց մոտ՝ մարսողական համակարգի քաղցկեղի առաջացմանը: 
Օրական անհրաժեշտ է ուտել 5-6 հատ, շաբաթը երեք անգամ:

 


Չամիչ


Այս չորացրած հատապտուղներում հակաքաղցկեղածիններն ավելի շատ են, քան գինու և թարմ խաղողի մեջ: Չամչում հատկապես շատ է կվերտիցինը, որը կանխում է կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղը և տղամարդկանց մոտ` շագանակագեղձի քաղցկեղը, ինչպես նաև` ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը:  Անհրաժեշտ է կոնֆետի փոխարեն օրական մի բուռ չամիչ ուտել, շաբաթը 3-4 անգամ: 

 


Ելակ


Չեզոքացնում է պարարտանյութում պարունակվող նիտրատների և նիտրիտների քաղցկեղածին ազդեցությունը:
Անհրաժեշտ է օրական կես բաժակ ելակ ուտել, շաբաթական երկու անգամ:

 


Նարինջ


Ինչպես մյուս ցիտրուսների, այնպես էլ նարինջի, հիմնական առավելությունը կենսաբանական  ակտիվ ֆլավոնոիդներն են, որոնք պայքարում են ուռուցքի դեմ:  Ֆլավոնոիդների և վիտամին C-ի բարձր չափաբաժինը միրգը դարձնում են չարորակ գոյացությունների կանխարգելման հրաշալի միջոց: Անհրաժեշտ է ուտել երկու օրում` մեկ նարինջ:

 


Ազնվամորի


Ազնվամորու հիմնական առավելությունը մեծ քանակությամբ էլագաթթուն է, որն արգելակում է նախաուռուցքային բջիջների կիսումը: Բացի այդ, էլագաթթուն չեզոքացնում է օրգանիզմի վրա տապակած և ապխտած մթերքների ազդեցությունը: Թթուն պարունակվում է նաև ազնվամորու մուրաբայում, սակայն նրա օգտակարությունը կորչում է շաքարի առատության հետևանքով: 
Անհրաժեշտ է սեզոնի ընթացքում ուտել օրական կես բաժակ: Խորովածի և գրիլի սիրահարներին խորհուրդ է տրվում սեղանն ավարտել մեկ բաժակ թարմ ազնվամորիով:

 


Սպանախ


Թարմ սպանախում պարունակվող կոէնզիմ  Q10-ն օգնում է ճանաչել իմունային համակարգի նախաքաղցկեղային գոյացությունները: 
Ցանկալի է ամեն օր ճաշացանկի մեջ ընդգրկել սպանախի և հատկություններով վերջինիս նման տերևավոր կանաչեղենից պատրաստված աղցան:

 


Թուրինջ


Ինչպես նարինջը, թուրինջը ևս առանձնանում է վիտամին C-ի բարձր պարունակությամբ և թարմացնող համով, ինչը նրան դարձնում է ցանկալի:


Անհրաժեշտ է խմել օրական մեկ բաժակ հյութ:


Հակաքաղցկեղածին աղցաններ


Կանաչիով` ձուկ


Վերցնել պահածոյացված թունա ձկան մեկ տուփ, որտեղ այն մանրացված է սեփական հյութի մեջ:  Մանր կտրտել հազարը կամ սպանախը (մեկ բաժակ), խաշել երեք ձու և կտրտել խորանարդիկներով: Բոլոր բաղադրիչները խառնել, ավելացնել աղ` ըստ ճաշակի: Ավելացնել նաև կիտրոնի հյութի և ձիթապտղի յուղի խառնուրդ (1:1) կամ 15% թթվասեր (150 գ), կիտրոնի հյութ և մանանեխ (1 թեյի գդալ): Օգտակար աղցանը պատրաստ է:


Ինչու՞մ է կայանում օգտակարությունը: Թունա ձուկը և ձուն պարունակում են սելեն,  կոտեմը և սպանախը՝ սուլֆորաֆան: Այս երկու նյութերն էլ ազդում են քաղցկեղը արգելակող գեների վրա: Ազդեցությունն ուժեղանում է համատեղ կիրառման դեպքում:


Կարմիր-կանաչ


Ամանի մեջ ավելացնել կտրտած երեք լոլիկ: Ձեռքով առանձնացնել բրոկոլիի ծաղկաբույլերը (մեկ ճյուղ), ավելացնել լոլիկների վրա: Խառնուրդի վրա ավելացնել մանրացված բրազիլական ընկույզ (առկա է մեծ քանակությամբ սելեն): Աղն ավելացնել ըստ ճաշակի, այնուհետև հավելել խնձորի քացախ, բուսական յուղ (1:1), մեկ պճեղ ճզմած սխտոր և աղացած սև պղպեղ:
Ինչու՞մ է կայանում օգտակարությունը: Բրոկոլիի սուլֆորաֆանը և լոլիկի լիկոպենը միասին առավել արդյունավետ են ազդում. իմունային համակարգն ավելի հեշտ է ճանաչում նախաքաղցկեղային բջիջները:

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մտածեք ոչ թե վախի, այլ` առողջության մասին 22.08.2019

Դուք հետաձգում էիք կոլոնոսկոպիայի իրականացումը, քանի որ միայն վերջինիս մասին միտքը Ձեզ ահաբեկու՞մ էր: Կարող ենք Ձեզ վստահ ասել՝ Դուք մենակ չեք: Սակայն, եթե վերլուծենք, կպարզվի, որ պետք չէ վախենալ: Իսկ գրագետ իրականացված գործողությունը...

Ինչպե՞ս է կենսակերպն ազդում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա 20.08.2019

Հետազոտություններն ապացուցում են, որ քաղցկեղի շատ տեսակների զարգացումը կապված է սննդակարգի, ֆիզիկական ակտիվության և քաշի հետ: Եվ չնայած քաղցկեղի որոշ տեսակների համար (արգանդի պարանոցի...

Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը 07.08.2019

Ինտիմ կյանքում առաջանում են խնդիրներ մարդկանց մոտ, ովքեր ստանում են կամ արդեն ավարտել են ուռուցքաբանական բուժումը։ Պատճառը նրանում է, որ ուռուցքաբանական բուժումն իր հետքն է թողնում ինչպես հիվանդի ֆիզիկական վիճակի, այնպես էլ...

Հաճախ տրվող հարցեր