Նորություններ
Քաղցկեղից հետո երեխա ունենալը: Հղիություն
Քաղցկեղից հետո երեխա ունենալը: Հղիություն
25.01.2017

Եթե կինը երկարատև բուժվել է քաղցկեղի դեմ, ապա երեխա ունենալը բարդ որոշում է: Սա վերաբերում է և՛ կնոջը, և՛տղամարդուն: Քաղցկեղի դեմ բուժվածները և նրանց զուգընկերները շատ խնդիրների լուծման շուրջ պետք է մտածեն իրենց ընտանիքը ստեղծելուց կամ արդեն ստեղծված ընտանիքում համալրում սպասելուց առաջ: 


Հղիությունը քաղցկեղի բուժումից հետո


Հաճախ քաղցկեղի բուժումից հետո հղիությունն անվտանգ է և՛ մոր, և՛ երեխայի համար: Հղիությունը, կարծես, չի բարձրացնում քաղցկեղի կրկնության ռիսկը, թեև որոշ կանանց կարող է երեխա ունենալու համար խորհուրդ տրվի սպասել մի քանի տարի: Թե որքան երկար, պայմանավորված է բազմաթիվ գործոններով.

 

  • քաղցկեղի տեսակով և փուլով,
  • բուժման տեսակով,
  • կնոջ տարիքով:


Որոշ բժիշկներ կանանց խորհուրդ են տալիս քիմիաթերապիայի ավարտից հետո 6 ամիս չհղիանալ: Նրանց կարծիքով, վնասված ձվաբջիջներից օրգանիզմը կձերբազատվի առաջին վեց ամիսների ընթացքում: Մեկ այլ խումբ բժիշկներ առաջարկում են երեխա ունենալուց առաջ սպասել 2-5 տարի: Սա խորհուրդ է տրվում ոչ թե նրա համար, որ վաղ բեղմնավորումը կարող է նպաստել քաղցկեղի առաջացմանը, այլ` որ քաղցկեղը կարող է ինքնուրույն կրկնվել վաղ տարիներին: Բացի այդ, այդքան երկար սպասելը թույլ է տալիս քաղցկեղի որոշ տեսակների բուժումն ավարտին հասցնել և ժամանակ է տալիս համոզվելու համար, որ քաղցկեղը ոչնչացված է: Հղիության ընթացքում քաղցկեղի բուժումն առավել բարդ է:


Քաղցկեղի բուժումից հետո հղիության հետ կապված բազմաթիվ խնդիրներ

Բուժման տարբեր տեսակները հղիության վրա կարող են տարբեր կերպ ազդել: Որոշ քաղցկեղների բուժումը, որի ժամանակ կիրառվում է ճառագայթում կամ վիրահատություն, կարող է մեծացնել վիժումների ռիսկը (վիժումը հղիության ինքնուրույն ընդհատումն է): Բուժումը կարող է նաև խնդիրներ առաջացնել ծննդաբերության ընթացքում: Բուժման որոշ տեսակներ կարող են թուլացնել կարևորագույն օրգանները, ինչպես, օրինակ` սիրտը: Թուլացած օրգանները մեծացնում են հղիության ընթացքում բարդությունների առաջացման ռիսկը: Ստորև բերված են որոշ առանձնահատկություններ.

  • Ճառագայթային բուժում: Ճառագայթային բուժումը կարող է ազդել արգանդի հենքային բջիջների և արյունամատակարարման վրա՝ մեծացնելով վիժումների, վաղ ծննդաբերությունների, ցածր քաշով ծնունդների և այլ խնդիրների առաջացման հավանականությունը:

  • Արգանդի վզիկի վիրահատություն:  Ամբղջ վզիկի կամ նրա մի մասի հեռացումը կարող է բերել վիժումների կամ, առավել հավանական է, վաղաժամ ծննդաբերությունների:  Սա պայմանավորված է նրանով, որ վզիկը չի կարողանում ապահովել հղիության զարգացումը:

  • Քիմիաթերապիան և ճառագայթային բուժումը:  Անտրացիկլիններով քիմիաթերապիան ներառում է դոքսոռուբիցինով (Ադրիամիցին), դանոռուբիցինով (Ցեռուբիդին), էպիռուբիցինով (Էլենս) և իդառուբիցինով (Իդամիցին) բուժումը:  Այս բուժումը կարող է վնասել սրտի բջիջները՝ թուլացնելով այն: Քանի որ հղիության ընթացքում սիրտը ստիպված է ավելի լարված աշխատել, հղիության զարգացման դեպքում խնդիրները կարող են լուրջ բնույթի լինել: Երբ քիմիաթերապիան կիրառվում է որովայնի վերին հատվածում կամ կրծքավանդակի վրա` ճառագայթային բուժման հետ, սրտի խնդիրների ռիսկն է՛լ ավելի է մեծանում:: Այս խնդիրները կարող են առավել արտահայտվել ծննդաբերության ժամանակ:.


Բժշկի հետ զրույցը


Երեխա ունենալը լուրջ որոշում է: Անկախ նրանից, թե ինչ բուժում է ստանում կինը, պետք է խոսի բժշկի հետ հղիության և ծննդաբերության հնարավոր ռիսկերի մասին: Քաղցկեղի բուժումը կարող է վնասել տարբեր օրգաններ, ինչպես, օրինակ` սիրտը կամ թոքերը: Բժիշկը հետազոտություն կիրականացնի, որպեսզի համոզված լինի հղիության անվտանգության մեջ: Հարկ է դիմել մասնագետի, ով հղիության վրա ազդող առողջական խնդիրներով կանանց հետ աշխատանքի փորձ ունի: 

Հայրությունը քաղցկեղի բուժումից հետո


Տղամարդը կարող է որոշում կայացնել երեխա ունենալու մասին քաղցկեղի բուժման ավարտից հետո, քանի որ քիմիաթերապիայի կամ ճառագայթային բուժման հետևանքով սերմնահեղուկը հնարավոր է վնասվի: Հստակ ցուցումներ չկան, թե ինչքան պետք է տղամարդիկ սպասեն բուժումից հետո: Բժիշկները, սովորաբար, խորհուրդ են տալիս 2-5 տարի սպասել, քանի որ սերմնահեղուկը կարող է լիովին վերականգնվել 2 տարվա ընթացքում: Նույնիսկ, եթե երեխան բեղմնավորվել է բուժման ավարտից հետո վաղ շրջանում, ապացուցված չէ, որ այդ երեխան կունենա լուրջ առողջական խնդիրների զարգացման մեծ ռիսկ: Ապահովության համար բժիշկները տղամարդկանց հաճախ խորհուրդ են տալիս բուժումից հետո մեկ  տարի զերծ մնալ բեղմնավորումից:


Այլ խնդիրներ


Երեխաների մոտ քաղցկեղի զարգացման ռիսկը: Շատ մարդիկ, ովքեր քաղցկեղ են ունեցել, վախենում են, որ իրենց երեխաների մոտ նույնպես կարող է քաղցկեղ զարգանալ: Հետազոտությունները ցույց են տվել, որ քաղցկեղով հիվանդների երեխաները բարձր ռիսկի խմբում չեն: Այնուամենայնիվ, քաղցկեղի որոշ տեսակներ ժառանգական են: Զուգընկերների մոտ ժառանգական քաղցկեղի դեպքում ծնված երեխաները կարող են գտնվել բարձր ռիսկի խմբի մեջ: Երեխաներ ունենալու մասին հարկ է խորհրդակցել նաև բժիշկ-գենետիկի հետ, ովքեր կօգնեն պարզելու որոշ ռիսկեր:

 Քաղցկեղի կրկնության ռիսկը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ հղիությունը չի նպաստում քաղցկեղի կրկնությանը: Որոշ բժիշկներ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդներին խորհուրդ են տալիս մինչև հղիանալը սպասել երկու տարի: Գոյություն ունի որոշակի կապ հղիության ընթացքում բարձրացող հորմոնների մակարդակի և կրծքագեղձի քաղցկեղի բջիջների աճի միջև: Այնուամենայնիվ, որևէ գիտական ապացույց չկա, որ բուժումից հետո մինչև երկու տարի հղիացած կնոջ մոտ քաղցկեղի ռիսկերն աճում են: Նույնիսկ կան հետազոտություններ, որոնք ենթադրում են, որ կրծքագեղձի քաղցկեղի կրկնության ռիսկն ավելի ցածր է հաջորդող հղիությունից հետո: Քաղցկեղից հետո հղիանալուց առաջ  հարկ է խորհրդակցել  վերարտադրողականության պահպանման մասնագետի հետ:

Ինչպես վարվել անորոշության դեպքում:  Բոլոր քաղցկեղ վերապրածները միշտ մտածում են, որ քաղցկեղը կարող է կրկնվել: Կրկնությունը ռիսկ է: Այն մարդիկ, ովքեր պլանավորում են երեխաներ ունենալ, պետք է պարզեն սպասվելիք ռիսկը: Սա, իհարկե, այն դեպքում, երբ հղիությունը պահանջում է որոշ դեղորայքի ընդհատում: Օրինակ, տամօքսիֆենի կամ իմատինիբի (Gleevec) ընդհատումը մեծացնում է քաղցկեղի կրկնության ռիսկը: Քաղցկեղ տարածները և նրանց զուգընկերները պետք է մտածեն և քննարկեն նաև այն մասին, որ հնարավոր է երեխային խնամակալի ծնողներից մեկը: Այս որոշումը բավականին դժվար է և անհատական, ինչը հարկ է նաև քննարկել մասնագետի հետ:


Անպտղություն: Որոշ հիվանդների համար երբեմն քաղցկեղի բուժումը դժվարեցնում կամ անհնարին է դարձնում երեխա ունենալը: Բոլոր կանայք և տղամարդիկ, ովքեր ցանկանում են երեխա ունենալ, մինչև բուժում սկսելը պետք է խոսեն իրենց բժշկի հետ հնարավոր անպտղության մասին: Նրանք նաև պետք է քննարկեն պտղաբերության պահպանման տարբերակները:

Հարցեր, որոնք պետք է տալ բժշկին

 

  • Բուժման պլանը կարո՞ղ է ազդել երեխաներ ունենալու կարողության վրա:
  • Բուժման պլանը կարո՞ղ է խնդիրներ առաջացնել հղիության կամ ծննդաբերության ընթացքում:
  • Որքա՞ն ժամանակ պետք է սպասել երեխա ունենալու համար:
  • Երեխա ունենալը ինչպե՞ս կարող է ազդել շարունակական խնամքի պլանի վրա:
  • Արդյո՞ք երեխա ունենալը կմեծացնի հիվանդության կրկնության ռիսկը:
  • Կարիք կա՞ խոսել քաղցկեղ վերապրածների հետ աշխատանքի փորձ ունեցող մանկաբարձի հետ:
  • Որտե՞ղ է հնարավոոր հոգեբանական աջակցություն ստանալ:


Հաստատված Cancer.Net Editorial Board –ի կողմից, 02/2016

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր