
Հարգելի´ հայրենակիցներ, ողջունում եմ Ձեզ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի (ՈՒԱԿ) պաշտոնական կայքում: ՈՒԱԿ-ը համարվում է ուռուցքաբանության բնագավառում Հայաստանի Հանրապետության առաջատար բազմապրոֆիլ կենտրոն, որտեղ կատարվում է ժամանակակից ուռուցքաբանությանը համապատասխան ախտորոշում և բուժում:
Չարորակ նորագոյացությունների մասին խոսելիս, ցավոք, պարտավոր ենք խոստովանել, որ նրանք մահացության հիմանկան պատճառներից են: Ուռուցքաբանությունը համարվում է բժշկության մեջ բարդ բնագավառ, իսկ չարորակ նորագոյացությունները դասվում են շարունակական բուժում պահանջող հիվանդությունների շարքին:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկները պարբերաբար կատարելագործում են իրենց հմտությունները արտասահմանյան առաջատար կլինիկաներում անցկացվող վերապատրաստումների շնորհիվ, իսկ տեսական գիտելիքներն ընդլայնում են տեղական և միջազգային կոնֆերանսներին, գիտաժողովներին, սեմինար-խորհրդակցություններին իրենց ակտիվ մասնակցությամբ, ինչպես նաև կենտրոնում մեծ տեղ է տրվում միջին բուժանձնակազմի կրթական չափանիշներին և ծրագրերին համապատասխան պատրաստվածությանը:
Հիվանդների բուժումն իրականացվում է միջազգային ամենահեղինակավոր կլինիկական ուղեցույցների հիման վրա: ՀՀ Ուռուցքաբանության ազգային կենտրոնն իր որակյալ և արդյունավետ գործունեության համար որդեգրել է «Բարձրորակ մասնագետ, բարեխիղճ վերաբերմունք, արդյունավետ բուժում» սկզբունքը, որով և առաջնորդվում է:
Մենք կարևորում ենք Ձեր առողջությունը,
ՆԱՐԵԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ