
Ճառագայթային հետազոտությունների դերը ուռուցքային հիվանդությունների ախտորոշման, ինչպես նաև բուժման արդյունքների և հիվանդության ընթացքի գնահատման գործում դժվար է գերագնահատել։
Ուռուցքային հիվանդների մոտ շատ հարցեր են ծագում ժամանակակից ճառագայթային հետազոտական մեթոդների, այս կամ այն հետազոտության պարտադիր և բավարար լինելու վերաբերյալ։
Ճառագայթային հետազոտության ո՞ր մեթոդն է առավել արդյունավետ ուռուցքաբանության մեջ։ Պացիենտները հարցնում են․ ինչո՞ւ, օրինակ, որոշ դեպքերում նշանակում են ՀՇ, իսկ այլ դեպքերում՝ ՄՌՇ։
Այսօր ճառագայթային ախտորոշումն իր մեջ միավորում է հետազոտությունների 5 հիմնական եղանակ․
- Ռենտգեն ախտորոշում
- Համակարգչային շերտագրում
- Մագնիսառեզոնանսային շերտագրում
- Գերձայնային ախտորոշում
- Ռադիոնուկլիդային/ միջուկային ախտորոշում
Ճառագայթային ախտորոշման եղանակներից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները, որոնք թույլ են տալիս տեսնել մարդու օրգանիզմի այս կամ այն հյուսվածքը։ Այսպես, գլխուղեղը, ողնուղեղը, փափուկ հյուսվածքները (մկանները, ջլերը) ավելի լավ են երևում մագնիսա-ռեզոնանսային շերտագրումով։
Գերձայնային հետազոտությունը լավ արտապատկերում է մակերեսային կառուցվածքները, մկանները, կրծքագեղձը, վահանագեղձը, ավշային հանգույցները։ ԳՁՀ եղանակով հետազոտվում են որովայնի և փոքր կոնքի պարենքիմատոզ օրգանները։
ՀՇ-ն ամենից հաճախ կիրառվում է կրծքավանդակի (թոքեր, միջնորմ), որովայնի օրգանների հիվանդությունների ախտորոշման համար։ ՀՇ-ով լավ երևում են ոսկրային փոփոխությունները։
Միջուկային ախտորոշումը ուռուցքաբանության մեջ հիմնականում կիրառվում է սցինտիգրաֆիայի տեսքով ոսկրերի մետաստատիկ ախտահարումները հայտնաբերելու համար, իսկ հատուկ նյութերի կիրառման դեպքում թույլ է տալիս նաև ախտորոշել ավշային հանգույցների ախտահարումը։
Նշենք նաև, որ ճառագայթային հետազոտության բոլոր եղանակները փոխլրացնում են միմիանց։