ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քիմիաթերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու Հայկուհի Գյոկչյանի հետ զրուցում ենք Հայաստանում ուռուցքային հիվանդությունների քիմիաթերապևտիկ բուժման մակարդակի, Ուռուցքաբանության ազգային կենտրոնում պայմանների, աշխատանքների ու ծրագրերի մասին:
– Տիկին Գյոկչյան, ներկայացրեք խնդրեմ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի քիմիաթերապիայի ծառայությունը:
– Ուռուցքաբանության կենտրոնում գործում են քիմիաթերապիայի երկու բաժանմունքներ` Քիմիաթերապիայի բաժանմունք ու Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունք:
– Հայաստանում, մասնավորապես` Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տրամադրվող քիմիաթերապիան ինչո՞վ է տարբերվում եվրոպական համանման կլինիկաներում տրամադրվողներից, որ շատ հիվանդներ նախընտրում են արտերկրինը:
– Այո, Հայաստանում հաճախ է խոսվում այդ մասին, որ օնկոլոգիական խնդիրներ ունեցող հիվանդները շատ հաճախ են դիմում եվրոպական կլինիկաներին: Արդյունքում` անընդհատ քննադատելով Հայաստանում տիրող իրավիճակը, գովաբանում են դրսինը: Նախ` անհրաժեշտ է համեմատական անցկացնել, թե ինչպիսի՞ն է ֆինանսավորումը նույն Գերմանիայի կամ Ֆրանսիայի օնկոլոգիական ծառայություններում և ինչպիսի՞ն Հայաստանում: Ինչպիսի՞ տեխնիկական հագեցվածություն ունեն եվրոպական համանման կլինիկաները և հայաստանյանները: Ինչպիսի՞ն է դեղորայքների հասանելիությունը քաղաքացիների համար:
– Այսօր ամբողջ աշխարհում լայնորեն կիրառվում են թիրախային կամ թարգետ կոչվող ժամանակակից գենային և մոլեկուլյար մակարդակով ստեղծված դեղամիջոցները, առանց որի հնարավոր չէ ժամանակակից քիմիաթերապիան, որը սակայն Հայաստանում հասու չէ շատ շատերին, որովհետև դրանք պետպատվերի շրջանակներում չեն տրամադրվում և բավական թանկարժեք են: Արդյունքում հատուկենտ մարդիկ են Հայաստանում կարողանում գնել այն և ստանալ լիարժեք, ճիշտ ցուցումային բուժում:
– Վերջին 7 – 8 ամիսների ընթացքում, երբ ես ստանձնել եմ այս պաշտոնը, մենք կատարել ենք բավական աշխատանք: Նախ` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գիտությամբ ստեղծել ենք www.chemotherapy.am կայքը, որտեղ զետեղում ենք մեր աշխատանքները: Ձևավորվել է աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկված մասնագետները թարգմանում են բոլոր առաջատար և ժամանակակից ուղեցույցները: Յուրաքանչյուր ոք կարող է այցելել կայք և հանգամանալից ծանոթանալ, թե ի՞նչ հերթականությամբ հետազոտություն պետք է անցնել, ինչպիսի՞ սխեմաներով, ինչպիսի՞ բուժում պետք է ստանալ … Իհարկե` շատ մանրամասներ բժշկական տերմինաբանությամբ են և հիմնականում ինֆորմացիան ուղղված է բժիշկներին, սակայն գրագետ հասարակության համար նաև շատ մատչելի և ամենակարևորը` հայերեն լեզվով:
– Բացի այդ` արդեն մասնագիտական չորս գրքեր ենք հրատարակել, որոնք վերաբերում են քիմիաթերապիայի ոլորտում ժամանակակից ուղեցույցներին: Դրանցից յուրաքանչյուրը վերաբերում է կոնկրետ քաղցկեղի տեսակին` օրինակ կրծքագեղձի, թոքի, հաստ աղու և այլն: Այս ամենը նպաստում է այն բժիշկների կրթությանը, որոնք հնարավորություն չունեն մասնակցել միջազգային կոնֆերանսներին` ծանոթանան ուռուցքաբանության ոլորտում ժամանակակից ուղղություններին և մոտեցումներին:
– Այնպես որ` ասել, թե եվրոպական երկրներում ամեն ինչ կարող են, մեզանում` ո´չ, այնքան էլ այդպես չէ: Անհրաժեշտ է քայլ առ քայլ առաջ ընթանալ: Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բոլոր բժիշկները, և թե մեր կլինիկայից դուրս այս գործունեությամբ զբաղվող համապատասխան մասնագետները պետք է հետևեն ժամանակակից ուղեցույցներին, անհատականացված մոտեցումներին:
– Մենք ունենք այնպիսի մասնագետներ, ովքեր հանդիսանում են միջազգային կարևորագույն հակաքաղցկեղային կառույցների անդամ, ելույթներով հանդես են գալիս միջազգային մեծ կոնֆերանսներում, վերապատրաստվում եվրոպական լուրջ համալսարանական կլինիկաներում: Մինչդեռ ասենք եվրոպական որևէ մասնավոր և կասկածելի լիցենզիայով կլինիկայի ինչ որ բժիշկի գծագրած բուժման սխեման ընդունում են իբրև վերջին ճշմարտություն: Այդպիսի օտարամոլությունն ինձ համար անընդունելի է: Դրա արդյունքում է, որ որոշ հիվանդներ ներկայացնում են անստորագիր ու անկնիք բուժման ինչ որ սխեմաներ և պահանջում, որ հատկապես դրանցով անցկացվի իրենց բուժումը: Շատ անգամ նման սխեմաներ կազմողները ծանոթ չեն հիվանդին, չգիտեն նրա մոտ առկա քաղցկեղին զուգահեռվող հիվանդությունների մասին և տալիս են իրենց “որոշիչ” եզրակացությունը հազարավոր կիլոմետրերի հեռավորությունից:
– Ասել է, թե այս ոլորտո՞ւմ էլ քաղաքացիները շատ հաճախ առաջնորդվում են ծանոթ – բարեկամ, այլոց խորհուրդներո՞վ, թե` կոնկրետ բժիշկին դիմելուց հետո պարտաճանաչ կատարում են նրա բոլոր հրահանգներն ու խորհուրդները:
– Երբ հիվանդն արդեն հանդիպում է մեզ, նրան բացատրվում է հիվանդության փուլը, բուժման եղանակները, սպասելիք արդյունքներն ու բարդությունները:
– Համացանցում շատ են լուրերը <քաղցկեղ բուժող> թույների ամենատարբեր տեսակների տարածման մասին, որոնք շատ հաճախ ավելի շատ վտանգում են քաղաքացիների առողջությունը, և բերում իրոք անդառնալի հետևանքների: Սթափվե´ք, չի կարելի զբաղվել հեքիմաբուժությամբ, դա բժշկություն չէ: Աշխարհում ոչ մի հիվանդ չի բուժվել նավթ խմելով կամ թունավոր բույսեր ուտելով:
– Ինչպիսի՞ն է քիմիաթերապիայի բուժման մակարդակը, վիճակը Հայաստանում, վերջին տարիներին առաջընթացի տեմպեր կա՞ն:
– Վերջին երկու տարիներին առաջընթացն ակնհայտ է, որովհետև եթե նախկինում մեզանում հիմնականում գերիշխում էր միայն ռուսական դպրոցը, ապա այժմ արդեն բժիշկները կիրառում են եվրոպական ESMO և ամերիկյան NCCN ուղեցույցները:
– Կխնդրեի նաև մի փոքր մեր ընթերցողների համար մատչելի բառուբանով պարզաբանեիք, թե ի՞նչ է քիմիաթերապիան և պարտադի՞ր է արդյոք, որ այն ստանալուց հետո փոխվի մաշկի գույնը, մազաթափություն լինի …
– Մազաթափությունն ամենաշատ հուզող խնդիրն է, հատկապես` կանանց համար: Քիմիաթերապիան այնպիսի բուժում է, որն ազդում է արագ աճող և բազմացող բջիջների վրա: Այդպիսիք են ուռուցքային բջիջները, որոնց վրա քիմիաթերապիան ունենում է ցիտոստատիկ` աճը կանգնեցնող էֆեկտ: Որպես կողմնակի էֆեկտ վնասվում են նաև մազերը, քանի որ մազի ֆոլիկուլներում բջիջները նույնպես արագ աճող են: Այդ պատճառով է, որ քիմիաթերապիայի արդյունքում լինում է մազաթափություն, որը սակայն վերականգնելի է:
– Քիմիաթերապիան լուրջ բուժում է, ունի ցուցումներ և հակացուցումներ, ուղեկցվող որոշակի այլ հիվանդությունների ժամանակ անհրաժեշտ է շատ զգուշությամբ, կյանքի ցուցումներով մոտենալ դրան: Բարդությունները հնարավորինս հսկվում են բժիշկների կողմից, թեև` կարող են լինել նաև անկառավարելի վիճակներ:
– Ուռուցքաբանության ազգային կենտրոնում քիմիաթերապիան ինչպիսի՞ չափանիշներով է առաջնորդվում, ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատվա՞ծ են դրանք:
– ՀՀ առողջապահության նախարարության կողմից դեռևս չեն հաստավել ուռուցքաբանության ոլորտի համար չափորոշիչները, դրանք կազմման փուլում են: Առայժմ առաջնորդվում ենք ամերիկյան և եվրոպական չափորոշիչներով, որոնք հայկականացնում և տեղայնացնում ենք հաշվի առնելով դեղորայքի գրանցված լինելը ՀՀ-ում և առկայությունը: