Պացիենտների համարԽորհուրդներ քաղցկեղով հիվանդներին
Դեպրեսիա կրծքագեղձի քաղցկեղի բուժման ավարտից հետո
Դեպրեսիա կրծքագեղձի քաղցկեղի բուժման ավարտից հետո
30.07.2015

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման հիմնական եղանակներն են՝ վիրահատությունը, քիմիոթերապիան, հորմոնաթերապիան և ճառագայթային բուժումը: Կրծքագեղձի վիրահատական բուժումը ենթադրում է ուռուցքի հեռացում, կրծքագեղձի մասնակի կամ ամբողջ կրծքագեղձի հեռացում: Արևմտյան երկրներում առավել հաճախ են իրականացվում օրգանապահպան վիրահատություններ, այսինքն՝ կուրծքը չի հեռացվում: Ցավալի է, բայց Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժման ահռելի տոկոս է կազմում կրծքագեղձի ամբողջական հեռացումը (մաստէկտոմիան): Սրա պատճառները տարբեր են: Առաջին պատճառն, իհարկե, այն է, որ կանայք ուշ են դիմում բժշկի, և հիվանդությունը հայտնաբերվում է արդեն տեղային տարածվածությամբ: Կարծում եմ՝ երկրորդ պատճառը բժշկի մոտեցումն է, երբ պացիենտն ունի ռեալ հնարավորություն՝ կրծքագեղձը պահպանելու, սակայն վիրաբույժը, իբրև հետագա հնարավոր խնդիրներից խուսափելու, այսպես ասած՝ «ապահովության» համար, հիվանդին առաջարկում է ամբողջովին հեռացնել կրծքագեղձը: Պատճառներից է նաև հիվանդի ցանկությունը, երբ կինը (երբեմն՝ հարազատները), անկախ հիվանդության տարածվածությունից, պահանջում է հեռացնել՝ կարծելով, որ կրծքագեղձի ամբողջական հեռացումից է կախված իր ապաքինումը: Մինչդեռ ճիշտ որոշում կայացնելու համար, նախ՝ անհրաժեշտ է վստահ լինել, որ բժիշկը քաջատեղյակ է ուռուցքաբանության ժամանակակից նվաճումներին, այնուհետև, նրա հետ միասին ծանրութեթև անել ռիսկի բոլոր գործոնները:

Պացիենտների մոտավորապես 80%-ի մոտ կրծքագեղձի կորուստը ո՛չ միայն համարվում է ֆիզիկական թերություն, այլև դառնում է հուզական խանգարումների լուրջ հիմք: Կանայք գտնում են, որ կրծքագեղձը կորցնելով՝ կորցնում են իրենց հմայքը, կանացիությունը, սեքսուալությունը: Կրծքագեղձի քաղցկեղի բուժման դժվարին ճանապարհին կինը հաճախ է անելանելի իրավիճակում հայտնվում, կրծքագեղձի կորստի հետևանքով առաջացած սթրեսը հանգեցնում է իր անձի հանդեպ թերարժեքության և դեպրեսիայի: Նման դեպրեսիան կոչվում է հետմաստէկտոմիկ դեպրեսիա: Այս դեպքում նկատվում են մշտական հոգնածության զգացում, քնի խանգարում, ախորժակի անկում, անհանգստություն, ապատիա, ջղագրգռություն և շրջապատից օտարացած լինելու զգացում: 20-40% դեպքերում նվազում է ֆիզիկական ակտիվությունը, կանանց 40-70%-ի մոտ դեպրեսիան անդրադառնում է ընդհանուր առողջության վրա, 35-50% դեպքերում նվազում է սոցիալական ակտիվությունը, և կինը դուրս է մնում կյանքի նախկին սովորական հունից: Կարող է փոխվել վերաբերմունքը կենցաղի նկատմամբ՝ սննդի, քնի, աշխատանքի, ինչպես նաև զգացումները և մտքերը սեփական անձի հանդեպ: Կինը նյարդայնանում է հարազատների ջերմ ուշադրությունից կամ թվացյալ անուշադրությունից, կորցնում է հետաքրքրությունը կյանքի նկատմամբ՝ ժամանակից շուտ իրեն դասելով ծերերի շարքին: Այս վիճակը հնարավոր է շարունակվի ամիսներ, անգամ տարիներ:

Երիտասարդների մոտ կրծքագեղձի կորուստն առավել խորը դեպրեսիայի պատճառ է: Գոյություն ունեն նման իրավիճակից դուրս գալու տարբեր մեթոդներ՝ ինքնուրույն կամ հոգեբանի օգնությամբ: Մասնագետների պնդմամբ, ամենաարդյունավետ տարբերակը կրծքագեղձի վիրաբուժական վերականգնումն է: Կրծքագեղձը հնարավոր է վերականգնել անմիջապես հեռացնելուց հետո կամ հետագայում՝ ամիսներ, անգամ տարիներ անց: Որքան երիտասարդ է կինը, այնքան արտահայտված է կուրծքը վերականգնելու նրա ցանկությունը: Արևմտյան Եվրոպայում 90% դեպքերում մինչև 40 տարեկան կանայք կրծքագեղձը կորցնելուց հետո ցանկություն են հայտնում այն վերականգնելու, 40-50 տարեկան կանանց՝ մոտավորապես 55%-ը, 60-70 տարիքային խմբում՝ 15%-ը: Ցավոք, Հայաստանում այս տոկոսը չափազանց ցածր է անգամ երիտասարդ պացիենտների մոտ, և, որքան էլ զարմանալի է, 90% դեպքերում խոչընդոտ է ոչ թե ֆինանսական գործոնը, այլ սեփական անձի հանդեպ ունեցած ցածր գնահատականը, հարմարողականությունը և կնոջ՝ իր անձի հանդեպ ունեցած վերաբերմունքի տարբերությունը՝ մինչև քաղցկեղ ախտորոշումը և ախտորոշումից հետո: Սովորաբար, ախտորոշումից հետո կանանց մոտ նկատվում է իր հանդեպ ընդգծված անտարբերություն, ներքին այն մեկնաբանությամբ, որ ինքը որպես կին այլևս չի հետաքրքրում շրջապատին և իր կանացիությունը (կուրծքը) վերականգնելու փոխարեն նախընտրում է համակերպվել ճակատագրին: Կա նաև թյուր կարծիք, թե վերականգնողական վիրահատությունները բարձրացնում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Նման պնդումը չի համապատասխանում իրականությանը և չունի որևէ գիտական, անգամ՝ տրամաբանական հիմնավորում:

Հարգե՛ք Ձեզ և առո՛ղջ եղեք:

Արթուր Ավետիսյան, բ.գ.թ., ուռուցքաբան, կրծքագեղձի վիրաբույժ

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր