Նորություններ
Ահկ-ն քաղցկեղի դեպքերի թվի 60 տոկոս աճ է կանխատեսում
Ահկ-ն քաղցկեղի դեպքերի թվի 60 տոկոս աճ է կանխատեսում
18.02.2020

Ներկայիս միտումների պահպանման դեպքում մոտակա երկու տասնամյակում քաղցկեղի դեպքերի թիվը կարող է աճել 60%-ով։ Այս մասին ասվում է Քաղցկեղի համաշխարհային օրվան (փետրվարի 4) նվիրված Առողջապահության Համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 2020 թվականի զեկույցում։ Ցածր և միջին եկամուտներ ունեցող երկրներում այդ աճը կարող է հասնել 81%-ի։

 

Զեկույցում նշվում է, որ 2019 թվականին բարձր եկամուտներ ունեցող երկրների 90%-ում քաղցկեղի համապարփակ բուժումը մատուցվել է հանրային առողջապահության համակարգի շրջանակում։ Ցածր եկամուտներով երկրներում այս ցուցանիշը 15% Է։

 

Զեկույցի համաձայն, աշխարհում յուրաքանչյուր վեցերորդ մահվան պատճառը քաղցկեղն է, և քաղցկեղի բեռը շարունակում է աճել։ 2018 թվականին մոտ 9.6 մլն մարդ մահացել է քաղցկեղից (վերջին ամփոփված տվյալներն են)։ Մահացության աճը ավելի բարձր է աղքատ երկրներում, գրում է CNN-ը։

 

Այս անհավասարության պատճառներից մեկը քաղցկեղի ռիսկի գործոններին ենթակա մարդկանց հարաբերակցության տարբերությունն է։ Օրինակ, վարակներով պայմանավորված քաղցկեղների (ինչպիսին է մարդու պապիլոմավիրուսով հարուցված (ՄՊՎ) արգանդի վզիկի քաղցկեղը) մակարդակը ցածր եկամուտներով երկրներում ավելի բարձր է, քան բարձր եկամուտ ունեցող երկրներում։

 

Բացի այդ, Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալության տվյալների համաձայն, ծխախոտի օգտագործումը կրճատվում է ԱՄՆ-ի պես զարգացած երկրում, բայց ոչ ցածր եկամուտներ ունեցող երկրներում։ Թոքի քաղցկեղը, որը կապված է ծխելու հետ, շարունակում է մնալ քաղցկեղից մահացության հիմնական պատճառներից մեկը ողջ աշխարհում։

 

Քաղցկեղ ախտորոշման հաճախականության աճը կարելի է պայմանավորել նաև տարատեսակ սքրինինգային ծրագրերով և թեստերով, բայց հազիվ թե դա կարելի է հիմնական շարժիչ ուժ համարել, կարծում է բժիշկ Անդրե Իլբավին՝ ԱՀԿ կենտրոնակայանի Ոչ վարակիչ հիվանդությունների բաժնի տեխնիկական կառավարիչը։


Քաղցկեղի վաղ ախտորոշումը հանրային առողջապահության առավել արդյունավետ մեթոդն է, անկախ երկրների եկամուտներից, ասվում է զեկույցում։ «Վաղ ախտորոշման դեպքում քաղցկեղը կարելի է ավելի արդյունավետ բուժել, ավելի քիչ թունավորմամբ, և ավելի քիչ ծախսերով», -ասել է Իլբավին։ «Քաղցկեղի վերահսկողությունը կարող է տնտեսապես արդյունավետ լինել», - հավելել է նա։

 

«Կարծիք կա, որ քաղցկեղը թանկ հիվանդություն է․․․ Բայց դա այդպես չպետք է լինի», - ասել է Իլբավին զեկույցին նվիրված ասուլիսի ժամանակ։

 

Մինչև 2030 թվականը կարելի է 7 միլիոն կյանք փրկել, եթե կառավարությունները ցածր եկամուտներով երկրներում յուրաքանչյուր բնակչի համար ներդնեն մոտ $3, միջին եկամոտներով երկրներում՝ $4, իսկ բարձր եկամուտներով երկրներում՝ $8, ասվում է զեկույցում։

Ցածր եկամուտներով երկրներում մեծ խնդիր է նաև բժիշկների հասանելիությունը։ Զեկույցում առաջարկվող այլ ռազմավարությունները իրենց մեջ ներառում են քաղցկեղի առաջացման կանխարգելելի պատճառների վերացումը։


«Քաղցկեղը չպետք է մահավճիռ լինի։ Մենք հավատում ենք, որ կա ճանապարհային քարտեզ յուրաքանչյուր կառավարության համար, համաձայն որի քաղցկեղով հիվանդը կստանա լավագույն օգնությունը», - ասել է Իլբավին։


Սկզբնաղբյուր՝ CNN.com

 

 

Լուրեր, հայտարարություններ
«Ստվերային շրջանառությունը բուժհիմնարկներում շատ տհաճ մթնոլորտ է առաջացնում, որը ամբողջությամբ մեր կենտրոնում հաղթահարված է»․ Նարեկ Մանուկյան 20.09.2020

«Մեր բուժկենտրոնը 2020 թվականի առաջին կիսամյակում 2019 նույն ժամանակահատվածի հետ համեմատ 1000 խոշոր հարկատուների ցանկում 84 կետ ով առաջ է եկել․ ամսեկան մոտ 20 մլն դրամ ավել հարկ ենք մուծում։ Գումարները ստվերային շրջանառությունից եկել են սպիտակ, բաց դաշտ։ Ստվերային շրջանառությունը բուժհիմնարկներում շատ տհաճ մթնոլորտ է առաջացնում, որը ամբողջությամբ մեր կենտրոնում հաղթահարված է», - ասաց Նարեկ Մանուկյանը։

Միզապարկի քաղցկեղով հիվանդների բուժման նորագույն մոտեցումներին նվիրված գիտաժողով՝ ՈՒԱԿ-ում 18.09.2020

Գիտաժողովի ժամանակ քննարկվեցին միզապարկի ուրոթելիալ քաղցկեղի բուժման արդյունավետության ցուցանիշները, քիմիաթերապիայի առաջին շարքում կիրառվող քիմիաթերապևտիկ համակցությունների ապրելիության ցուցանիշները, ինչպես նաև քննարկվեց վերջին երկու տարիների ընթացքում ստեղծված հինգ նոր իմունոթերապևտիկ դեղերի նշանակությունը միզապարկի ուրոթելիալ մեթաստատիկ քաղցկեղի բուժման առաջին և երկրորդ շարքերում։

Կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունքի փորձառու մեր թիմին են միացել երիտասարդ մասնագետներ 17.09.2020

«Պաթոմորֆոլոգիայի մեջ կա շատ գիտություն։ Մենք մարդիկ ենք, որ սիրում ենք այն, ինչ շոշափելի է, այսինքն, ուռուցքի մասին խոսենք ոչ միայն կլինիկորեն, ոչ միայն ռադիոլոգիայով իրեն տեսնելով, այլ շոշափելով, կտրելով, և մանրադիտակի տակ նայելով։ Մենք մի քիչ սկեպտիկ ենք, հավատում ենք միայն աչքով տեսածին», - ասում է Նելլի Գրիգորյանը։

Հաճախ տրվող հարցեր