Նորություններ
Սնուցումը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ժամանակ
Սնուցումը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ժամանակ
21.04.2020

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղին հաճախ նախորդում է քրոնիկական պանկրեատիտը կամ մարսողական համակարգի այլ հիվանդությունները: Եվ այս ախտաբանության ռիսկի գործոններից մեկը սխալ սնուցումն է՝ շատ ուտելը, արագ սննդի, ճարպային, սուր համեմված, տապակած սննդի չարաշահումը, սննդակարգի ռեժիմին չհետևելը և այլն:


Սննդակարգը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման շատ կարևոր բաղկացուցիչ մաս է կազմում:

 

Այս հիվանդության ժամանակ սնուցումը պետք է բավարարի մի քանի պայմանների.

 

  • ենթաստամոքսային գեղձի համար պետք է լինի առավելագույն խնայող,
  • օրգանիզմը լիարժեք ապահովի անհրաժեշտ սննդանյութերով,
  • աջակցի օրգանիզմին բուժման ընթացքում:

Հիվանդի սնունդը պետք է պարունակի բավարար քանակությամբ սպիտակուցներ, վիտամիններ և միկրոտարրեր, իսկ ճարպերը և ածխաջրերը պետք է սահմանափակել:


Փոփոխությունները պետք է վերաբերվեն ո՛չ միայն ճաշատեսակներին, այլ նաև սնուցման ռեժիմին և սննդի պատրաստման եղանակներին: Պետք է սնվել հաճախակի՝ օրական 5-6 անգամ, չափաբաժինները պետք է մեծ չլինեն, չի կարելի շատ ուտել:  Սնունդը պետք է ընդունել տաք վիճակում: Սննդի մարսողությունը բարելավելու համար բժիշկը կարող է ֆերմենտային պատրաստուկներ նշանակի:


Ճաշատեսակները հիմնականում պետք է պատրաստել գոլորշու վրա, կարելի է նաև մթերքները եփել կամ դրանք պատրաստել ջեռոցում այնպես, որ կեղևներ չառաջանան:


Ի՞նչ է արգելված ուտել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ժամանակ


Առաջին հերթին դա ճարպային սնունդն է՝ ճարպոտ միսը, թռչնեղենը և ձկնեղենը, ենթամթերքը, պաշտետները, ձկնկիթը, պահածոները, ճարպի բարձր պարունակությամբ կաթնամթերքը (սերուցքային կարագը, ճարպային կաթը, կաթնաշոռը, թթվասերը, սերուցքը): Պետք է հրաժարվել սուր, մարինացված և աղի մթերքներից, պանրի սուր տեսակներից, երշիկեղենից, մայոնեզից, խոշոր ձվերից: Պետք է բացառել սուր համեմունքները, ծովաբողկը, կետչուպը, դարչինը: Այսպիսի սնունդը մեծ ծանրաբեռնվածություն է ենթաստամոքսային գեղձի համար, և դրա մարսողության համար գեղձը ստիպված ավելացնում է ֆերմենտների արտադրությունը:

Ենթաստամոքսային գեղձի ուռուցքի ժամանակ, որպես կանոն, խանգարված է էնդոկրին ֆունկցիան և, հետևաբար, ինսուլինի արտադրությունը նվազում է: Այդ պատճառով պետք է կրճատել դյուրամարս ածխաջրերի ընդունումը: Դրանց թվին են պատկանում կաթնահունց թխվածքը, հրուշակեղենը, շոկոլադը: Իսկ մեղրը և շաքարը ցանկալի է լիովին բացառել սննդակարգից:


Չի կարելի ուտել սնկեր, այնպիսի բանջարեղեն, որոնք կոպիտ թելիկներ են պարունակում, ինչպիսիք են լոբազգիները, սպիտակ կաղամբը, ճակնդեղը և այլն, ինչպես նաև սոխը և սխտորը: Չի կարելի կիրառել թթու և շատ քաղցր մրգեր և հատապտուղներ: 
Կտրականապես արգելված են բոլոր սպիրտային և գազավորված ըմպելիքները: Պետք է հրաժարվել կակաոից, սուրճից, թունդ թեյից:


Ի՞նչ կարելի է ուտել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ժամանակ


Հիվանդի սննդակարգի մեջ պետք է մտնեն մսի անյուղ տեսակներ՝ տավարի միս, ճագար, հնդկահավ, հավ (կրծքամիս), այս սնունդն օրգանիզմը կապահովի անհրաժեշտ քանակությամբ սպիտակուցով: Պետք է անպայման ընդունել անյուղ ձուկ, քանի որ, բացի սպիտակուցը, այն պարունակում է նաև այլ նյութեր, որոնք անհրաժեշտ են թուլացած օրգանիզմին:


Պետք է սննդակարգի մեջ ավելացնել բուսական սննդի չափաբաժինը՝ մրգեր, բանջարեղեն, կանաչեղեն, հատապտուղներ: Սրանք պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ և միկրոտարրեր, որոնք շատ անհրաժեշտ են այս հիվանդության ժամանակ: Բացի այդ, սրանք հարուստ են հակաօքսիդանտներով, որոնք օգնում են օրգանիզմին պայքարել ուռուցքի դեմ: 


Պետք է սննդակարգի մեջ ներառել ցածր յուղայնության թթվակաթնային մթերքներ, գերադասելի է ոչ թթու կաթնաշոռ և մածուն:
Կարելի է կիրառել կրուպեղենի բոլոր տեսակները՝ բացառությամբ ցորենի և գարեձավարի: Սակայն շիլաները պետք է պատրաստել ջրի վրա: Ձուն կարելի է ուտել ձվածեղի ձևով, ցանկալի է օգտագործել միայն սպիտակուցը: 


Կարելի է խմել մաքրված, չգազավորված ջուր, մասուրի եփուկ, բուսական թեյեր, թույլ սև թեյ: Կարելի է պատրաստել օշարակներ, չորացված և թարմ մրգերով կոմպոտներ, թարմ քամած հյութերը պետք է նոսրացնել ջրով: 


Ճաշատեսակների համը բարելավելու համար խորհուրդ է տրվում որպես համեմունք օգտագործել թարմ կամ չորացված խոտաբույսեր:

 

Շիլաների մեջ կարելի է ավելացնել հատապտուղներ, չրեր, մսային ճաշատեսակները լրացնել մրգային և բանջարեղենային կերակրալցոնով: 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր