Նորություններ
«Սթիվ Ջոբսը եկավ շատ ուշ»․ Ամերիկացի բժիշկը՝ apple-ի հիմնադրի, քաղցկեղի եվ առողջության պահպանման մասին
«Սթիվ Ջոբսը եկավ շատ ուշ»․ Ամերիկացի բժիշկը՝ apple-ի հիմնադրի, քաղցկեղի եվ առողջության պահպանման մասին
03.06.2020

Ամերիկացի ուռուցքաբան Դևիդ Ագուսը ղեկավարում է հետազոտողների միջմասնագիտական թիմ, որը քաղցկեղի դեմ պայքարի նոր ուղիներ է որոնում։ Հենց Ագուսի թիմին էր դիմել Սթիվ Ջոբսը, երբ հայտնի դարձավ, որ նրա հիվանդությունը կրկին գլուխ է բարձրացրել։ Forbes Life-ի թղթակցի հետ զրույցում Ագուսը պատմել է, թե ինչու է պետք անհապաղ թողնել ծխելը, ամեն օր խմել ասպիրին ու պառկել քնելու նույն ժամին։ Նա պատմել է նաև, թե ինչու չկարողացավ բուժել Սթիվ Ջոբսին։


Առողջությունը շատ անձնական բան Է


«Ինձ համար առողջությունը շատ անձնական բան է։ Դուք եք պատասխանատու Ձեր առողջության համար։

Ժամանակակից հասարակությունը առողջապահական համակարգի առաջնորդների խիստ պակաս ունի։ Աշխարհում քաղաքական, տնտեսական, ռազմական առաջնորդներ կան, բայց գործնականորեն չկա մեկը, ով իր օրինակով ցույց կտա առողջության հանդեպ վերաբերմունքը։ Հասկանում եք, որքան էլ հրաշագործ դեղեր հայտնաբերվեն, առողջությունն ու երկարակեցությունը իրենք իրենցով չեն լինի։ Դրա համար պետք է սկսես զբաղվել քո առողջությամբ։ Այսօր։ Հիմա», - ասել է Ագուսը։

Նա պարզաբանել է, որ «առողջությամբ զբաղվելը» կանխարգելումն է։ «Հիմնական խնդիրն այն է, որ առողջությունը շատ երկարատև ներդրում է։ Արդյունքը միանգամից չի երևում։ Մարդկանց մեծամասնությանը դա խանգարում է։ Դու պետք է այսօր անես այն, ինչը կօգնի ո՛չ վաղը, և ո՛չ էլ մեկ տարի անց, այլ 10-20 տարի հետո։ Եթե դու այսօր դեղ ես խմում, և վաղը քեզ ավելի լավ ես զգում, այստեղ ամեն բան պարզ է։ Իսկ անել մի բան, որի արդյունքը կլինի 20 տարի անց, դժվար է։ Պետք է հասկանալ դա և վերակառուցել մտածողությունը։

Վերցնենք, օրինակ, Սինգապուրը։ Նրանք փոխում են համակարգը։ Այո, մարդը կարող է հրաժարվել կանխարգելիչ կոլոնոսկոպիայից, բայց եթե հետո նրա մոտ հաստ աղու քաղցկեղ հայտնաբերվի, ապա նա հետազոտությունների համար $60 000 կծախսի։ Նա կարող է ծխել, բայց այդ դեպքում թոքի քաղցկեղի բուժումը նրան $90 000 կարժենա։ Այդ մոտեցման շնորհիվ Սինգապուրը զգալի հաջողությունների է հասել քաղցկեղի վաղ հայտնաբերման հարցում։ ԱՄՆ-ում ոչ ոք մարդուն չի արգելում ծխել, բայց նրա բժշկական ապահովագրությունը երկու անգամ թանկ է», - նշել է Ագուսը։


Քաղցկեղը բայ է, ոչ թե գոյական

Ըստ Դևիդ Ագուսի, «քաղցկեղը բայ է, ոչ թե գոյական»։ «Դա մի բան է, որը մարմինն անում է, դա պրոցես է։ Մարմինը ոչ թե ստանում է քաղցկեղ, այլ արտադրում է այն։ Եթե այս տեսանկյունից դիտել քաղցկեղը, ապա նոր հնարավորություն, նոր ուղղություն է բացվում բժշկության համար։ Իմ խնդիրը որպես բժշկի ոչ թե քաղցկեղը բուժելն է, այլ Ձեզ այնպես փոխելը, որ ուռուցքը ոչ մի տեղից չհայտնվի։ Բժշկության առջև այսօր նոր խնդիրներ են դրված, և դա հրապուրիչ է։ Մենք դեռ չենք կարող երաշխավորել լիարժեք ապաքինումը, բայց հաստատ կարող ենք երկարացնել մեր պացիենտների լիարժեք կյանքի տևողությունը», - ասել է բժիշկը։


Սթիվ Ջոբսը եկավ շատ ուշ


Պատասխանելով այն հարցին, թե ինչու չկարողացան փրկել Սթիվ Ջոբսին, Ագուսը նշել է, որ նախ, Սթիվը երբեք չի զբաղվել կանխարգելմամբ, իսկ երկրորդը, Ջոբսը եկավ շատ ուշ։  

«Բժիշկները, որոնց նա մինչ այդ դիմել էր, սխալ էին։ Նրանք խորհուրդ էին տվել նուտրիցիաթերապիա, այլ ոչ վիրահատություն, և քաղցկեղը տարածվել էր օրգանիզմով։ Ջոբսը հրաժարվել էր վիրահատությունից, որը, շատ հավանական է, կփրկեր նրա կյանքը։ 

Բայցևայնպես, բուժման առաջադեմ մեթոդների շնորհիվ մենք երկարացրեցինք նրա կյանքը վեց լիարժեք տարով, և դա քիչ չէ։ Նա չմահացավ ախտորոշումից անմիջապես հետո, նա այդ վեց տարիների ընթացքում տառապագին չէր մահանում, այլ ապրում էր։ Մահվանից առաջ նա հասցրեց հրաժեշտ տալ իր ընկերներին և մերձավորներին։

Իմ խնդիրը ոչ թե քաղցկեղը բուժելն է (իհարկե, վերջնարդյունքում դա է հիմնական նպատակը), այլ թույլ տալ պացիենտին նորմալ ապրել մինչև վերջին օրը։ Դա խնդիր է ոչ միայն բժշկության, այլև տնտեսության համար։ Խնդիր, որն այլ հասարակական կառուցվածք է պահանջում։ Եվ, կրկին շեշտեմ, դա սեփական առողջությանը սկզբունքորեն այլ կերպ վերաբերվելու հարց է», - ասել է նա։


Բժիշկը նաև քաղցկեղից պաշտպանվելու մի քանի խորհուրդ է տվել


*հրաժարվել ծխախոտից


Առաջին հերթին, ըստ նրա, պետք է հրաժարվել ծխախոտից։ Դա առանցքայինն է։ Ծխելը շարունակում է մնալ քաղցկեղի հիմնական ռիսկի գործոնը։ «Հիշեք, երբ դուք ծխում եք, դուք փչացնում եք ոչ միայն ձեր, այլև շրջապատի մարդկանց առողջությունը։ Եվ վեյփինգին դա ևս վերաբերում է», - ասել է Ագուսը։


*անընդհատ շարժում


«Երկրորդը շատ պարզ, բայց կարևոր բան է․ դա անընդհատ շարժումն է։ Մեր մարմինն այնպես է ստեղծվել, որպեսզի անընդհատ շարժման մեջ լինի։ Ավշային համակարգը, որը պատասխանատու է իմունիտետի համար, սեփական մկաններ չունի և սկսում է աշխատել միայն այն ժամանակ, երբ դուք շարժվում եք։ Ուղղակի զբոսանքով կարելի է զգալիորեն երկարացնել կյանքը։ Ապացաուցված է, որ ռիթմիկ քայլքը նվազեցնում է սրտանոթային և քաղցկեղային հիվանդությունների ռիսկը։ Մի նստեք երկար․ անպայման շարժվեք օրվա ընթացքում։ Աշխատավայրում 40 րոպեից երկար նույն տեղում մի նստեք», - նշել է ուռուցքաբանը։


*ռեժիմի պահպանում


«Երրորդը, ռեժիմ պահպանեք։ Դա վերաբերում է և՛ սննդին, և՛ քնին։ Աշխատեք ուտել նույն ժամին։ Օրվա ընթացքում անընդհատ ինչ-որ բան բերանը գցելը, եթե անգամ դա ընկույզի նման օգտակար բան է, նպաստում է կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի արտազատմանը։ Երեքանգամյա սնունդ օրվա նույն ժամերին․ ահա Ձեր առողջության գրավականը», - պնդում է մասնագետը։


*պատվաստում գրիպի դեմ


«Չորրոդը, բայց ոչ պակաս կարևորը։ Անպայման պատվաստվեք գրիպի դեմ։ Բացատրեմ։ Խնդիրը ոչ թե պատվաստումն է, այլ հենց գրիպը։ Այո, եթե դուք այսօր վարակվել եք գրիպով, ապա, ամենայն հավանականությամբ, չեք մահանա։ Վտանգն այն է, որ եթե դուք գրիպ եք տարել, ապա հաջորդ տասը տարվա ընթացքում դուք սրտանոթային և քաղցկեղային հիվանդությունների ռիսկի գոտում եք։ Բոլոր բորբոքային պրոցեսներն ավելի արագ են ընթանում։ Իսկ մեր խնդիրն է կանխել բորբոքումը։ Հետևեք Ձեր մարմնին, ուշադիր եղեք նրա հանդեպ։ Եթե Ձեր կոշիկները սեղմում են, ազատվեք դրանցից, ավելորդ բորբոքումը Ձեզ պետք չէ։ Բորբոքման ցանկացած օջախը ավելի լուրջ հիվանդության պատրաստի դարպաս է։ Այդ պատճառով քաղցկեղի կանխարգելման ձևերից մեկը բորբոքումների կանխարգելումն է։ Ասպիրին խմեք, այն կանխում է քաղցկեղը, քանի որ բուժում է բորբոքումը», - նկատել է Ագուսը։


*պարբերաբար հետազոտում


«Եվ վերջինը։ Պարբերաբար հետազոտվեք։ Մի բան էլ։ Թվային տեխնոլոգիաների դարում պատճենեք Ձեր բժշկական թղթերը՝ անալիզները, պատվաստումները, ալերգենները, այն ամենն, ինչ բժշկին պետք է իմանալ։ Պահեք այդ տեղեկությունները ամպային սերվիսներում, որպեսզի ցանկացած ժամանակ դրանք Ձեզ համար հասանելի լինեն։ Ոչ ոք չի հիվանդանում երկուշաբթիից-ուրբաթ, բուժող բժշկի ընդունելության ժամերին։ Բոլոր տհաճ անակնկալները լինում են հանգստյան օրերին, ճանապարհին։ Եթե դուք տեղեկատվության օպերատիվ հասանելություն ունենաք, ապա կարող եք փրկել ձեր կլյանքը։

Եվ հավաքեք տեղեկություններ, կասկածեք, հարցեր տվեք։ Երբ դուք գնում եք մեքենա առնելու, միլիոն հատ հարց եք նախապատրաստում, և չեք վստահում առաջին պատահածին, որը գովում է իր մեքենան։ Ապա ինչո՞ւ եք գնում բժշկի առանց հարցերի պատրաստի ցանկի։

Ամիսը մեկ անգամ մերկացեք և զննեք Ձեր մարմինը հայելու մեջ։ Պետք չէ չափել ճնշումը տարին մեկ անգամ։ Դուք պետք է իմանաք, ինչ ճնշում ունեք առավոտյան և երեկոյան, կամ վեճից հետո, երբ բարկացած եք։ Տոնոմետրը հասանելի և շատ ինֆորմատիվ բան է», - նշել է բժիշկը։  


Մի գեղեցիկ օր քաղցկեղը կդառնա վերահսկելի հիվանդություն


Ագուսը հավատում է, որ մի գեղեցիկ օր քաղցկեղը կդառնա նույնպիսի վերահսկելի հիվանդություն, ինչպիսին է, օրինակ, արթրիտը կամ I տիպի դիաբետը։ «Պատկերացրեք, որ Դուք կկարողանաք խմբագրել ոչ միայն սեփական գեները՝ երկար ապրելու համար, այլև քաղցկեղի գեները՝ հիվանդության զարգացումը կանգնեցնելու և ինքնապատճենվելու հնարավորությունից զրկելու համար։ Քաղցկեղն աշխատում է դեֆեկտային գեների օգնությամբ, որոնք թույլ են տալիս այդ գեները պարունակող վատ բջիջներին անընդհատ կիսվել՝ մարմնի հյուսվածքները քայքայող նոր անհնազանդ բջիջներ ստեղծելով։ Այսպիսով, մոլեկուլային հակաքաղցկեղային թերապիան նման կլինի մեր անձնական «փաստաթղթի» սրբագրմանը՝ տառասխալներն ու վրիպակները ուղղելու նպատակով, և դա կօգնի մեզ ավելի երկար ապրել։ Քաղցկեղը մահապատժից կվերածվի ցմահ պատժի», - ասել է նա։


Սկզբնաղբյուր․ forbes.ru

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր