Նորություններ
Ուռուցքբանության ազգային կենտրոնում շարունակվում են բարեփոխումները
Ուռուցքբանության ազգային կենտրոնում շարունակվում են բարեփոխումները
07.08.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկա է գտնվել ՀՀ ԱՆ ՎԱՖանարջյանի անվան Ուռուցքբանության ազգային կենտրոնում (ՈՒԱԿ) Նեյրոօնկոլոգիական, Օնկոուրոլոգիական բաժանմունքների վերաբացման, ինչպես նաև նոր` Կանանց առողջության կլինիկայի, Թորակալ վիրաբուժության բաժանմունքի, Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի բացօթյա սրահի բացման արարողությանը:



 

«Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, գիտեք, որ ներառված էր բժշկական հաստատությունների մասնավորեցման ցանկում, սակայն իմ նշանակումից հետո ես որոշեցի, որ կառավարությանն առաջարկելու եմ այն վերադարձնել առողջապահության նախարարությանը և զարգացնել: Եվ մենք, փաստացի, մոտ մեկ տարի առաջ ընդունելով այն` մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի բոլոր ծառայությունները, որոնք այստեղ գործում են, համապատասխանեն միջազգային չափանիշներին: Այսօրվա մեր այցը ցույց տվեց, որ 4 բաժանմունք ամբողջությամբ կապիտալ վերանորոգվել և հագեցվել է, ինչպես նաև հագեցվել են վիրահատարանները, ռեանիմացիոն բաժանմունքը, նոր սարքավորումներ են գնվել: Նաև մի աննախադեպ ծառայություն է հիմնվել` բացօթյա քիմիաթերապևտիկ սրահը, որը մեծ դրական հոգեբանական ազդեցություն կարող է թողնել ծանր պացիենտների վրա: Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կարելի է համարել առանցքայիններից մեր մյուս բժշկական կենտրոնների մեջ, որովհետև շատ կարևոր ուղղություն է առաջնորդում: Ուռուցքաբանությունը, որպես ուղղություն, զարգացնելու ենք, որը բերելու է բազմաթիվ փրկված կյանքերի և վերականգնված առողջությունների: Այսպիսով` հաջողություններ կունենանք բազմաթիվ կյանքեր փրկելու տեսքով»,- ասել է Արսեն Թորոսյանը ողջույնի խոսքում:


 

Կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի խոսքով` բժշկական ծառայությունների շուկայում խիստ մրցակցության պայմաններում ՈՒԱԿ-ը չէր կարող շարունակել ընդունել հիվանդներին բաժանմունքներում, որոնց մի մասը չէր նորոգվել 1981 թվականից ի վեր։ Իսկ այժմ կենտրոնում արդիականցվում են բժշկական սարքերը, մեծ թափով իրականացվում են վերանորոգման աշխատանքներ:

 

«Այսօր նոր հիվանդասենյակներում պացիենտների համար ստեղծված են ամենահարմարավետ պայմանները։ Բացի այդ, բուժկենտրոնը շարունակում է ձեռք բերել նորագույն բժշկական սարքավորումներ», - նշել է Նարեկ Մանուկյանը։



 

Այսպես, Կենտրոնի վերջին ձեռքբերումներից են Leica ընկերության վիրաբուժական մանրադիտակը, թվային տեսախցիկով լաբորատոր մանրադիտակը և կրիոստատը,  Pentax ընկերության նորագույն տեսաբրոնխոսկոպը, Hologic ընկերության դենսիտոմետրը, ռենտգեն պատկերները թվայնացնող սարքը և այլն։

 

Վիրաբուժական մանրադիտակը կիրառվում է գլխուղեղի ցողունի և այլ խորանիստ ուռուցքների վիրաբուժության մեջ, և ապահովում է նորագոյացությունների ավելի ամբողջական հեռացումը։ Այն, ըստ Նեյրոօնկոլոգիական բաժանմունքի վարիչ Լևոն Հարությունյանի, թեթևացնում է վիրաբույժի աշխատանքը և բարձրացնում վիրահատության արդյունավետությունը։


 

Նորագույն տեսաբրոնխոսկոպը, Թորակալ բաժանմունքի վարիչ Արմեն Խանոյանի խոսքով, ախտորոշման և բուժման նոր որակ է ապահովում։  Ըստ նրա` առհասարակ, առանձին Թորակալ բաժանմունքի ստեղծումը, հաշվի առնելով թոքերի քաղցկեղի հիվանդացության աճը, ռազմավարական ճիշտ լուծում է։



 





Վերանորոգմանը զուգընթաց Օնկոուրոլոգիայի բաժանմունքը նորացրել է որոշ սարքեր և վիրահատական գործիքներ։ Բաժանմունքի ղեկավար Կարեն Ծառուկյանը նշել է, որ բաժանմունքը կրում է հանրապետությունում իրականացվող օնկոուրոլոգիական և ուրոլոգիական վիրահատությունների մեծ ծավալը։


 

Կանանց առողջության կլինիկան նորաստեղծ բաժանմունք է, որը իրար շատ սերտ հարող ծառայությունների միավորում է, այն է՝ գինեկոլոգիական և կրծքագեղձի հիվանդությունների կանխարգելումը, ախտորոշումը, բուժումը և հսկողությունը: Ներկայումս բաժանմունքում իրականացվում է նշված ոլորտների վիրահատական բուժման գործնականում ողջ ծավալը: Բաժանմունքում կատարվում է կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ պահակային ավշային հանգույցների հայտնաբերում ու հեռացում` ռադիոիզոտոպային մեթոդով:



Հայաստանում և տարածաշրջանում բուժսպասարկման կազմակերպման լիովին նոր մոտեցում է Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի բացօթյա սրահը: ՈՒԱԿ-ի բակային կանաչապատ տարածքում կառուցվել է հարմարավետ տաղավար, որտեղ պացիենտները մաքուր օդին քիմիաթերապիա կամ այլ դեղորայքային բուժում կստանան, իրենց ուղեկիցների ներկայությամբ, հիվանդանոցային իրականությունից կտրված։ Թեև առայժմ բացօթյա դեղորայքային բուժում են ստանալու այսպես կոչված «թեթև» պացիենտները, տաղավարը հագեցած է առաջին օգնության բոլոր պարագաներով: Ըստ ՈՒԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանի, բացօթյա սրահի ստեղծման մեջ շատ կարևոր դեր է խաղացել կորոնավիրուսի համավարակը։


 

«Քիմիաթերապիա ստացող բազմաքանակ պացիենտների համար առավելագույն անվտանգ պայմաններ ապահովելու անհրաժեշտություն ծագեց, և որպես լուծում որոշվեց դուրս գալ մաքուր օդի, միաժամանակ բեռնաթափելով առանց այն էլ ծանրաբեռնված ստացիոնարը»,- մեկնաբանել է կենտրոնի տնօրենը: 

 

Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Նաիրա Ջանոյանի խոսքով, Բացօթյա սրահում յուրաքանչյուր շաբաթ կկազմակերպվեն ընթացիկ հոգեբանական աջակցման և հետվիրահատական ռեաբիլիտացիոն խմբեր։ Աջակցման խմբի նպատակներից է պացիենտների հույզերի, զգացմունքների հետ աշխատանքը (իրենց ախտորոշման հետ կապված), ինչպես նաև պացիենտները հնարավորություն կունենան խոսելու իրենց հիվանդության, ընթացիկ բուժումների հետ կապված մարմնում և հոգեկանում ի հայտ եկած փոփոխությունների, դժվարությունների և դրանց հաղթահարման ուղիների մասին։ 


 

Անհրաժեշտության դեպքում բացօթյա սրահը կարող է արագ վերաձևավորվել և գործածվել նաև բժշկական գիտաժողովներ և սեմինարներ անցկացնելու համար։


 


Հաջորդիվ նախատեսվում է վերանորոգել Մամոլոգիայի, Ոսկրային ուռուցքաբանության և Ռադիոգինեկոլոգիայի բաժանմունքները։ Տնօրեն Նարեկ Մանուկյանը մտադիր է մինչև հաջորդ տարվա սկիզբ բոլոր աշխատանքները հասցնել ավարտին։


Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր