Նորություններ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնն ամփոփում է տարին
Ուռուցքաբանության ազգային կենտրոնն ամփոփում է տարին
28.12.2020

 

2020 թվականը ծանր տարի էր՝ կորոնավիրուսի վարակ, պատերազմ, բայց անգամ այդ ծանր պայմաններում ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնն ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ։ Այս մասին տարեվերջյան հաշվետու ժողովին հայտարարեց ՈւԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանը։ Ժողովին ներկա էին Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Լուսինե Քոչարյանը և Պետական առողջապահական գործակալության տնօրեն Ծաղիկ Վարդանյանը։



Նարեկ Մանուկյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում բազմաթիվ բուժկենտրոններ զարգացնում են ուռուցքաբանական ուղղությունը, ինչը ստիպում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնին արագացնել զարգացումը՝ կոշտ մրցակցությանը դիմանալու համար։ «Շուկայական հարաբերություններում շատ կարևոր է մրցակցությունը, այն իրական շարժիչ ուժն է։ Եվ մեր կենտրոնը, մեջքի հետևում զգալով ուրիշ մեծ կենտրոնների այդ շնչառությունը, սկսել է ավելի արագ զարգանալ, և որոշակի արդյունքների արդեն հասել ենք», - ասաց նա։


Տնօրենը ներկայացրեց կենտրոնի կարևորագույն ռազմավարական ուղղությունները՝


  • Կենցաղային պայմանների բարելավում, վերանորոգում;
  • Սարքավորումների արդիականացում;
  • Նոր մասնագետների ներգրավում և նոր ծառայությունների ապահովում, մասնագետների վերապատրաստում;
  • Անցում էլեկտրոնային պատմագրային համակարգի։


Նա նշեց, որ անցնող տարում համավարակի պատճառով հնարավոր չի եղել ապահովել բժիշկների պատշաճ վերապատրաստումը, բայց կան պայմանավորվածություններ աշխարհի խոշոր կենտրոնների հետ, և 2021 թվականին, համավարակի հետ կապված սահմանափակումների թուլացման դեպքում, կենտրոնի բազմաթիվ բժիշկներ և բուժքույրեր երկարատև մասնագիտական վերապատրաստում կանցնեն այդ կենտրոններում ՈւԱԿ-ի հաշվին։


Էլեկտրոնային համակարգը, տնօրենի խոսքով, գրեթե պատրաստ է, հունվարին այն կփորձարկվի։ Ըստ Նարեկ Մանուկյանի, ամբողջական անցումը էլեկտրոնային փաստաթղթավորման կբերի կառավարման որակի բարձրացմանը, կհեշտացնի վիճակագրական տվյալների ամփոփումը, ինչպես նաև հնարավորթույն կընձեռի ՈւԱԿ-ին ընդգրկվել կլինիկական հետազոտություններում, ինչը մեծ գումարներ կբերի հիվանդանոցին։  


ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Լուսինե Քոչարյանը ևս նշեց, որ տարին շատ դժվար էր, բայց ՈւԱԿ-ը լուրջ ձեռքբերումներ ունի, ու այդ ամենն արվել է լրիվ անկախ, «առանց խնդրելու, հարցնելու և անհանգստացնելու»։ Նա նշեց, որ կարող է խոսել պացիենտների անունից, քանի որ պացիենտների արձագանքները հասնում են նախարարություն, և նրանք հայտնում են իրենց գոհութնակությունը ՈւԱԿ-ում տեղի ունեցող փոփոխություններով։


Ֆինանսատնտեսական գծով փոխտնօրեն Գարիկ Բոշյանը, ներկայացնելով անցնող տարվա ֆինանսական հաշվետվությունը, նշեց, որ 2020 թվականի օբյեկտիվ դժվարությունները հանգեցրել են նրան, որ զսպվել են կենտրոնի աճի տեմպերը, բայց անկում չի եղել։ 2019 թվականին պետպատվերով կենտրոնին նախատեսված է եղել տրամադրել 1,7մլրդ դրամ, փաստացի կատարվել է 1,9 մլրդ դրամի պետպատվեր, 2020 թվականին այդ թվերը համապատասխանաբար կազմել են 1,9 մլրդ և 2,1 մլրդ դրամ։ 2021 թվականին նախատեսվում է կատարել 2,5 մլրդ դրամի պետպատվեր։


Ինչ վերաբերում է վճարովի ծառայություններին, ապա ըստ Գարիկ Բոշյանի, կենտրոնը գրեթե 99,9 տոկոսով բացառել է ստվերային շրջանառությունը, ինչի արդյունքում ավելացել են վճարովի մուտքերը։ 2020 թվականին ձեռք են բերվել 407 մլն դրամի գերժամանակակից սարքավորումներ, վերանորոգվել է 4000 քառակուսի մետր տարածքով 6 բաժանմունք, ներկայումս երեք բաժանմունքներում ընթանում են վերանորոգման աշխատանքներ՝ 2500 քառակուսի մետրո մակերեսով։ 2021 թվականին պլանավորվում է վերանորոգման բոլոր աշխատանքները ավարտին հասցնել, և կենտրոնում այլևս չի լինի չվերանորոգված հատված։ 2021 թվականին պլանավորվում է նաև պալիատիվ ծառայության և մագնիսառեզոնանսային շերտագրման նոր մասնաշենքերի կառուցումը։


Գարիկ Բոշյանը տեղեկացրեց, որ 2020 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով ՈւԱԿ-ը Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 240-րդ տեղը՝ 526,3 մլն դրամ հարկային պարտավորություններով։  Նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ կենտրոնը բարելավել է իր դիրքը 43 կետով։ Նա հավելեց, որ մինչև տարվա վերջ 2019 թվականի համեմատ կենտրոնի հարկային պարտավորությունները կգրանցեն մոտ 20 տոկոս աճ, ինչը էական է նրանով, որ դրանց մեծ բաժինը եկամտահարկն է, ինչն էլ ուղիղ կապված է կենտրոնի աշխատակիցների աշխատավարձերի հետ։ Աշխատավարձերի ֆոնդը 2020 թվականի 11 ամիսների ընթացքում կազմել է 2,5 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա ֆոնդը գրեթե 20 տոկոսով։


Փոխտնօրեն Արամ Ջիլավյանը ներկայացրեց բուժական գծով հաշվետվություն՝ կատարված հետազոտությունների և միջամտությունների ծավալները և նորամուծությունները, ինչպես նաև վիրավորների բուժսպասարկումը։ «Ռազմական գործողությունների ընթացքում կլինիկայում բուժօգնություն է ստացել 91 զինծառայող, որոնց կատարվել է 64 վիրահատություն», - նշեց նա։


Լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունների, միջին և կրտսեր բուժանձնակազմի գծով փոխտնօրեն Արթուր Ավետիսյանը ներկայացրեց կենտրոնի նոր ախտորոշիչ հնարավորությունները, կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման սկրինինգային ծրագրի ընթացքը, կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում իրականացվող միջոցառումները, վիճակագրության վարման նոր մոտեցումները և էլեկտրոնային համակարգի ներդրման ընթացքը։  

 

Բաժանմունքներիի վարիչները ներկայացրեցին կոնկրետ ձեռքբերումները ըստ ոլորտների։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
«Ուռուցքաբանության զարգացման էտապները ՀՀ-ում, ապագայի տեսլականը»․ Հայկուհի Գեոկչյան 05.03.2021

ՀՀ Առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու, Էրեբունի բժշկական կենտրոնի ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գեոկչյանի ելույթը Հայկական Ոռուցքաբանական առաջին կոնգրեսի ժամանակ, որը կազմակերպվել էր ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից 2021թ. փետրվարի 6-7-ը Ծաղկաձորում:

Ուռուցքի հեռացումից հետո առաջացած անոթային դեֆեկտի վերականգնման հետաքրքիր լուծում ՈւԱԿ-ում 04.03.2021

Վիրահատությունը կատարվել է սպինալ-էպիդուրալ անզգայացումով և սեդացիայով, և տևել է 6 ժամ։

Ինը ժամանոց վիրահատություն ՈւԱԿ-ում՝ տարեց կնոջ մոտ կատարվել է հազվադեպ մելանոմայի հեռացում 03.03.2021

Հարկ է նշել, որ լորձաթաղանթի մելանոման հազվադեպ հանդիպող քաղցկեղ է, այն կազմում է ընդհանուր մելանոմաների 1 տոկոսը, և համարվում է ավելի ագրեսիվ ուռուցք, քան մաշկի մելանոման։

Հաճախ տրվող հարցեր