Նորություններ
Բրախիթերապիա․ Հիմնական հասկացությունները
Բրախիթերապիա․ Հիմնական հասկացությունները
19.05.2021

 

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ռադիոգինեկոլոգիայի բաժանմունքի ղեկավար Էվելինա Բախշինյանը ներկայացնում է, թե ինչ է բրախիթերապիան, և որ դեպքերում է այն կիրառվում։


 

 Ի՞նչ է բրախիթերապիան

 

Կոնտակտային ճառագայթային բուժումը կամ բրախիթերապիան ճառագայթային բուժման հիմնարար մեթոդներից մեկն է: «Բրախի» հունարեն նշանակում է կարճ, այստեղից էլ անվանման ծագումը` բուժում կարճ տարածության վրա:


Ո՞րն է մեթոդի առավելությունը


Գլխավոր առավելությունն այն է, որ մեթոդը հնարավորություն է տալիս  կենտրոնացնել Ճառագայթման մաքսիմալ դոզան ուռուցքի մեջ՝ ապահովելով տումորոցիդ ազդեցությունը և  հնարավորինս պահպանել  շրջակա հյուսվածքները և ռիսկի օրգաններն ավելորդ ճառագայթումից: 



Ինչպե՞ս է իրականացվում բրախիթերապիան

 

Բրախիթերապիայի  ժամանակ  ռադիոակտիվ աղբյուրը հատուկ ապլիկատորների միջոցով ներդրվում է բուն ուռուցքի կամ նրա հարևանությամբ գտնվող հյուսվածքների մեջ՝ ժամանակավոր կամ մշտական կերպով:


Ո՞ր դեպքերում է այն  կիրառվում


Կիրառվում է ինչպես ինքնուրույն մեթոդ (նաև ամոքիչ բուժման նպատակով), այնպես էլ հեռահար ճառագայթային բուժման հետ: Հաճախ բուժման մեջ ընդգրկվում է նաև քիմիաթերապիան ՝ քաղցկեղային բջիջների ճառագայթային զգայնությունը բարձրացնելու նպատակով:


Ո՞ր տեղակայման ուռուցքների դեպքում է օգտագործվում 


85 % դեպքերում բրախիթերապիան  կիրառվում է կանանց սեռական օրգանների  չարորակ նորագոյացությունների բուժման համար, մոտ  10 %՝ շագանակագեղձի,  ինչպես նաև  ուղիղ աղու, կերակրափողի, լեզվի և այլ տեղակայումների ուռուցքների դեպքում:




Որո՞նք են բրախիթերապիայի տեսակները


Բրախիթերապիայի տեսակներն են՝  ներխոռոչային, ներհյուսվածքային, ներվիրահատական,  ներլուսանցքային,  մակերեսային (լեյպցիգյան ապլիկատոր),   մամմոսայտ: Գինեկոլոգիական պաթոլոգիայի ժամանակ օգտագործվում են  ներխոռոչային և ներհյուսվածքային տեսակները:


Որո՞նք են բրախիթերապևտիկ բուժման նախապատրաստական փուլերը

 

Բուժումը սկսելուց առաջ հիվանդն անցնում է ճառագայթային ուռուցքաբանի խորհրդատվություն, քննարկվում է բուժման տակտիկան: Այնուհետև կատարվում են անհրաժեշտ հետազոտութուններ՝  գինեկոլոգիական զննում, CT (համակարգչային շերտագրում), ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ), MRI (մագնիսա- ռեզոնանսային տոմոգրաֆիա), որոշ  դեպքում  PET CT (պոզիտրոն էմիսսիոն տոմոգրաֆիա)՝  ախտորոշման և փուլավորման նպատակով, լաբորատոր հետազոտություններ:


Հաջորդ փուլն իր մեջ ներառում է ապլիկատորների տեղադրումը, ՀՇ չափագրումը  (տոպոմետրիա)  և  բուժման  պլանավորումը, որը կատարվում է բժշկի և բժշկական ֆիզիկի կողմից:


 

 


 

Որտե՞ղ է կատարվում բրախիթերապևտիկ բուժումը


Հայաստանի հանրապետությունում  բրախիթերապիան  կատարվում է միայն Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային Կենտրոն -ի Ռադիոգինեկոլոգիայի բաժանմունքում՝ հեշտոցի, արգանդի վզիկի և մարմնի  քաղցկեղի բուժման  ժամանակ: Բարձիթողի փուլերում  այն բուժման հնարավոր միակ մեթոդն է, որն ապահովում է այդ ծանր պացիենտների բավականին արդյունավետ բուժումը: 



Ի՞նչ սարքավորումներով է կատարվում բրախիթերապիան

 

ՈւԱԿ-ի վՌադիոգինեկոլոգիական բաժանմունքում տեղակայված է հոլանդական արտադրության բարձր դոզայի հզորությամբ՝ 192Ir ռադիոակտիվ աղբյուր պարունակող  MicroSelectron սարքը  համապատասխան PLATO պլանավորման համակարգի   հետ միասին՝ բուժումը պլանավորելու և դոզայի բաշխման ճշգրտությունը ապահովելու նպատակով: Գործընթացը  կանոնակարգվում է միջազգայնորեն ընդունված և ներկայումս լայնորեն կիրառվող ուղեցույցներով՝ ելնելով բուժման որակի երաշխիքի ծրագրի պահանջներից:


 

 


 

Ինչպիսի՞ն են բրախիթերապիայի զարգացման հեռանկարները ՀՀ-ում

 

Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնի  ռադիոգինեկոլոգիական բաժանմունքը «ԱԷՄԳ» (Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալություն)-ի հետ տեխնիկական ծրագրի համագործակցության շրջանակներում համալրվել է գերժամանակակից գերմանական արտադրության 60Co ռադիոակտիվ աղբյուր պարունակող բարձր դոզայի հզորությամբ օժտված Bebig SagiNova բրախիթերապևտիկ համալիրով: Համալիրն իր մեջ ներառում է նաև 3D եռաչափ SagiPlan պլանավորման համակարգը:


Սարքը հնարավորություն կտա ներխոռոչային բուժումից բացի իրականացնել նաև ներհյուսվածքային և ներլուսանցքային բրախիթերապիա:


Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր