Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ախտորոշման ծառայության կազմում գործում է միջուկային բժշկության ենթախումբը: ՈՒԱԿ-ում տեղադրված MEDISO Any Scan SPECT/CT երկդետեկտորային գամա-խցիկի հետ համակցված համակարգչային տոմոգրաֆը թույլ է տալիս` երկու ախտորոշիչ մեթոդի համադրմամբ (սցինտիգրաֆիա և ՀՇ), և հատուկ Fusion ծրագրի կիրառմամբ, ստանալ հավաստի եզրակացություններ, որոնք հնարավոր չէ ստանալ մեթոդներից յուրաքանչյուրն առանձին կիրառելու դեպքում։ Դա բավականին հեշտացնում է նեղ մասնագետների աշխատանքը՝ հիվանդի հետագա բուժման ռազմավարությունը որոշելիս։
Միջուկային բժշկության ենթախմբի բժիշկներ Նաիրա Ռոլանդի Հարությունյանը և Կարինե Վալերիի Խոնդկարյանը վերապատրաստվել և որակավորում են ստացել Եվրոպայի և Ռուսաստանի առաջատար կլինիկաներում։ Նրանք մեծ փորձ ունեն և՛ ուռուցքաբանության, և՛ ախտորոշման ոլորտում ։
Իրականացվում են ռադիոնուկլիդային հետազոտություններ` 99mTc իզոտոպի կիրառմամբ, ինչպես նաև` վահանաձև գեղձի դիֆերենցված քաղցկեղով հիվանդների հետթերապևտիկ ախտորոշիչ սքանավորում` ռադիոակտիվ յոդի կիրառմամբ։
Կատարվում է ոսկրերի, երիկամների, վահանաձև գեղձի սցինտիգրաֆիա։ Միաժամանակ, կիրառվում է նաև Հայաստանի համար նոր, սակայն Եվրոպայի շատ երկրներում, ՌԴ-ում և ԱՄՆ-ում վաղուց գործող մեթոդ՝ լիմֆոսցինտիգրաֆիա։ Այս մեթոդը թույլ է տալիս, իզոտոպի ներակումից հետո, կրծքագեղձի քաղցկեղի վիրահատության ժամանակ, հատուկ ընկալիչի օգնությամբ, գտնել պահակային ավշահանգույցները, ընտրողաբար հեռացնել դրանք` պահպանելով չախտահարված ավշային հանգույցները։ Վերոնշյալը վիրահատված հիվանդների մոտ կանխարգելում է վերին վերջույթի լիմֆոստազի առաջացումը։
Ոսկրային համակարգի սցինտիգրաֆիան հիմնականում կիրառվում է ոսկրային մետաստազները վաղ փուլում հայտնաբերելու, նաև կատարված բուժման արդյունավետությունը գնահատելու համար։ Ի տարբերություն այլ մեթոդների` սցինտիգրաֆիան հայտնաբերում է ախտահարումն առավել վաղ ` մետաբոլիկ փոփոխության փուլում: Միաժամանակ, մեթոդը թույլ է տալիս հայտնաբերել ոսկրերում առկա տարբեր փոփոխություններ, օրինակ, կոտրվածքներ, բորբոքային օջախներ, դեգեներատիվ գործընթացներ և այլն։
Երիկամների դինամիկ ռադիոնուկլիդային հետազոտությունը թույլ է տալիս որոշել երիկամների տոպոգրաֆիան և միզատար համակարգի ֆունկցիոնալ վիճակը` տարբեր հիվանդությունների ժամանակ (օրինակ. միզաքարային հիվանդություն, հիդրոնեֆրոզ, միզածորանի նեղացում, վազոուրետրալ կոնֆլիկտ, բնածին արատներ)։ Բացի այդ, յոդի հանդեպ զգայուն պացիենտների համար ռենոսցինտիգրաֆիան կիրառվում է որպես ներերակային ուրոգրաֆիայի այլընտրանքային եղանակ։
99mTc իզոտոպով վահանձև գեղձի սցինտիգրաֆիան հիմնականում կիրառվում է ադենոմատոզ հանգույցների և էկտոպիկ օջախների հայտնաբերման համար։
Ռադիոյոդթերապիայից հետո վահանաձև գեղձի քաղցկեղով հիվանդների ախտորոշիչ սքանավորումը թույլ է տալիս հայտնաբերել տեղային և հեռավոր մետաստազները: