Նորություններ
ՈՒԱԿ-ում կատարվել է վիրաբուժության մեջ ամենաբարդ վիրահատություններից մեկը
ՈՒԱԿ-ում կատարվել է վիրաբուժության մեջ ամենաբարդ վիրահատություններից մեկը
26.03.2022

ՀՀ ԱՆ ՎԱ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում սույն թվականի մարտի 25-ին բացառիկ վիրահատություն է կատարվել` ստամոքսի կարդիալ հատվածի մասնահատում՝ լապարասկոպիկ և թորակոսկոպիկ եղանակով։


Վիրահատությունը կատարվել է երկու փուլով՝ որովայնի հատվածում անջատվել է ստամոքսը, իսկ կրծքավանդակի հատվածում՝ կերակրափողը։ Անգամ բաց եղանակով կատարելու դեպքում` այն վիրաբուժության մեջ ամենաբարդ վիրահատություններից է, իսկ լապարասկոպիկ և թորակոսկոպիկ եղանակների կիրառումը բժիշկներից բարձր որակավորում և մասնագիտական մեծ հմտություններ է պահանջում։


Այս մոտեցումը թույլ է տալիս խուսափել որովայնի և կրծքավանդակի երկու մեծ կտրվածքից, ինչը նվազեցնում է վիրահատական տրավմատիզացիան և ցավային համախտանիշը։ 


Հետվիրահատական վերականգնումն ավելի արագ է անցնում. հիվանդը երկար չի մնում պառկած, ինչը նպաստում է թոքերի և աղիների աշխատանքի ավելի արագ վերականգնմանը։


Պացիենտը 1970թ ծնված տղամարդ է, որի մոտ ախտորոշվել է ստամոքսի կարդիալ հատվածի (կերակրափողի և ստամոքսի միացման հատված) քաղցկեղ։ Նա ստացել է 4 կուրս նեոադյուվանտ (նախավիրահատական) քիմիաթերապևտիկ բուժում, որի ֆոնին դիտվել է դրական դինամիկա՝ ուռուցքի փոքրացում։ Վիրահատությունից առաջ ուռուցքն ունեցել է 5սմ տարածվածություն կերակրափողի երկայնքով։ Վիրաբուժական թիմը որոշել է լապարասկոպիկ և թորակոսկոպիկ եղանակներով կատարել ստամոքսի կարդիալ հատվածի մասնահատում՝ ավշային համակարգի հեռացումով, իսկ մարսողական տրակտի ամբողջականությունը վերականգնելու համար ստամոքսի մնացած՝ դիստալ հատվածից ձևավորել խողովակ և միացնել կերակրափողին։


Վիրաբուժական թիմի անդամներն են Ուռուցքաբանության ազգային կենտրոնի որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի ուռուցքաբան-վիրաբույժ Ավետիք Պետրոսյանը, թորակալ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, թոքային-վիրաբույժ Արմեն Խանոյանը, ինչպես նաև Ռուսաստանից հրավիրված մասնագետ, Մոսկվայի թիվ 62 քաղաքային ուռուցքաբանական հիվանդանոցի թորակալ վիրաբուժության գիտապրակտիկ կենտրոնի ղեկավար Դմիտրի Սեխնիաձեն։ Վերջինս ունի բարձրագույն որակավորում «թորակալ վիրաբուժություն» մասնագիտությամբ:


Վիրահատությունից հետո պացիենտը դեռ որոշ ժամանակ կմնա բժիշկների հսկողության ներքո, մինչև օրգանիզմը ամբողջությամբ կոմպենսացնի հեռացված ստամոքսի գործառույթը։





 


 


 



 


 



 




 




Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր