Պացիենտների համարՀիվանդություններ
Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշումն ու բուժումը
Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշումն ու բուժումը
20.03.2017

Քաղցկեղային հիվանդությունների կառուցվածքում, որոնք մեծամասամբ սեռային տարբերություններ չեն ճանաչում, գոյություն ունեն մի շարք հիվանդություններ, որոնք բնորոշ են միայն արական կամ իգական սեռին: Հասկանալի է, որ այդպիսի ուռուցքների մեծ մասն առաջանում են սեռական համակարգի օրգաններում՝, համապատասխանաբար` արական կամ իգական: Կնոջ օրգանիզմում խնդրահարույց շրջան են համարվում ձվարաններն ու արգանդը: Տղամարդկանց մոտ ռիսկի գոտին շագանակագեղձն է:


Ըստ հիվանդության տարածվածության շագանակագեղձի քաղցկեղը երրորդ հորիզոնականում է՝ զիջելով աղիքի և թոքի քաղցկեղին: Ընդ որում, քաղցկեղի այս ձևը զարգանում է ո՛չ միայն տարեցների մոտ. շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների շրջանում մեծ թիվ են կազմում միջին տարիքի և նույնիսկ երիտասարդ տղամարդիկ:

 

Շագանակագեղձի քաղցկեղի պատճառները  

 

Ներկայում ընդունված է շագանակագեղձի քաղցկեղ առաջացնող երկու հիմնական պատճառ առանձնացնել: Առաջին պատճառը ժառանգական նախատրամադրվածությունն է՝ կապված գենի մուտացիայի հետ, որը մեծացնում է հիվանդության ռիսկը: Երկրորդ պատճառը հորմոնային ֆոնի առանձնահատկություններն են՝ կապված տեստոստերոն հորմոնի մակարդակի հետ: Հայտնի է, որ հորմոնի բարձր մակարդակը զգալիորեն մեծացնում է հիվանդության առաջացման ռիսկը: Ընդ որում, որքան տարիքով է տղամարդը և որքան ակտիվ է նրա օրգանիզմը տեստոստերոն արտադրում, այնքան բարձր է ուռուցքային հիվանդության առաջացման ռիսկը: Շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ուղղակի պատճառներից բացի գոյություն ունեն մի շարք ռիսկի գործոններ, որոնք մեծացնում են հիվանդության զարգացման հավանականությունը: Այդ գործոնների թվին են պատկանում շագանակագեղձի բորբոքումը և կանգային երևույթները գեղձի հյուսվածքում, վնասակար սովորությունները, շեքի վնասվածքները, արդյունաբերական վնասները, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները, ոչ ճիշտ սննդակարգը, ճարպակալումը և այլն:


Շագանակագեղձի քաղցկեղի ախտանիշները


Քանի որ հիվանդության վաղ շրջանում բոլոր փոփոխությունները տեղի են ունենում շագանակագեղձի հաստության մեջ, այդ փուլում հաճախ հիվանդությունն ընթանում է բացարձակապես անախտանիշ: Երբեմն հնարավոր է, այսպես կոչված, պարանեոպլաստիկ երևույթների առաջացում՝ հոդերում ցավի ձևով, մաշկային ցանի տեսքով և այլն, որոնք պայամանվորված են ուռուցքային գործընթացի զարգացման նկատմամբ իմունային համակարգի ռեակցիայով: Սակայն շատ հազվադեպ են բժիշկները այդ ախտանիշները կապում  քաղցկեղի հետ, և այդ ուղղությամբ սկսվում են ակտիվ որոնումները:

 

Քաղցկեղային գործընթացով պայմանավորված շագանակագեղձի ծավալի մեծացումը բերում է միզապարկի վզիկի և միզուկի սկզբնական հատվածի ճնշման և ախտանիշների առաջացման: Հաճախ նկատվում են.

 

  • միզարձակման դժվարացում,
  • ընդհատվող կամ թույլ մեզի շիթ,
  • ցավեր սերմնաժայթքման և միզարձակման ժամանակ,
  • զուգարան գնալու հաճախակի կանչեր,
  • միզարձակումից հետո լիքը միզապարկի զգացողության պահպանում,
  • անմիզապահություն:


Ուռուցքի հետագա աճը բերում է շագանակագեղձի հյուսվածքների քայքայման և միզապարկի պատի մեջ ուռուցքի տարածման, ինչն արտահայտվում է մեզի և սերմնահեղուկի մեջ արյան խառնուրդի ի հայտ գալով:  Հաճախ հենց այս փուլում շեքի շրջանում և որովայնի ստորին հատվածում առաջանում են ցավեր և  էրեկցիայի հետ կապված խնդիրներ:


Շագանակագեղձի քաղցկեղը բավականին վտանգավոր ուռուցք է, քանի որ հաճախ հիվանդության զարգացումը մինչև ուշ շրջան տեղի է ունենում գրեթե առանց որևէ կլինիկական ախտանշի: Շագանակագեղձի լավ արյունամատակարարումը նպաստում է ուռուցքի վաղ մետաստազավորմանը, այսինքն, շագանակագեղձի առաջնային օջախի տարածմանը նրա սահմաններից դուրս` հեռավոր օրգաններում (ոսկրեր, լյարդ, թոքեր և այլն) նոր ուռուցքների առաջացմամբ:  Արդյունքում, շագանակագեղձում նույնիսկ շատ փոքր ուռուցքի դեպքում կարող է ախտորոշվել քաղցկեղի բարձիթողի ձև: Մյուս կողմից, շագանակագեղձի քաղցկեղը հիմնականում առանձնանում է շատ դանդաղ աճով, այդ պատճառով ուրոլոգի մոտ կանոնավոր զննումներն ուռուցքի ժամանակին հայտնաբերման և արդյունավետ բուժման լավ շանսեր է ստեղծում:


Ուռուցքի մետաստազավորումը և հեռավոր օրգաններում երկրորդային օջախների առաջացումն արտահայտվում է ընդհանուր վիճակի վատթարացմամբ, մարմնի քաշի հարաճուն նվազմամբ, ախորժակի անկումով, արտահայտված հոգնածությամբ և աշխատունակության նվազմամբ:


Ոսկրերում մետաստազները հանգեցնում են ոսկրային ցավերի առաջացման (առավել հաճախ կոնքի ոսկրերում կամ ողնաշարի գոտկային հատվածում): Կոնքի  ավշային հանգույցներում մետաստազները հաճախ խախտում են ավշի արտահոսքը և ստորին վերջույթներում կանգ է առաջացնում: Ողնուղեղի ճնշումը ուռուցքային զանգվածով կարող է բերել շարժողական խանգարումների և մկանային ուժի թուլացման՝ ընդհուպ մինչև վերջույթների լուծանք:


Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշում


Շագանակագեղձի քաղցկեղի ախտանիշներով հիվանդի (կամ այդպիսի քաղցկեղի առաջացման ռիսկի խմբից հիվանդի) հետազոտման նպատակը ուռուցքի հայտնաբերումն է, նրա տեղային տարածման աստիճանի որոշումը և հեռակա մետաստազների հայտնաբերումը: Հետազոտությունը պետք է իրականացնի որակավորված բժիշկը՝ ուրոլոգը կամ (հազվադեպ) վիրաբույժը: Շագանակագեղձի քաղցկեղի հայտնաբերման նպատակով իրականացվող հետազոտությունը սկսվում է զրույցից, որը բժշկին հնարավորություն է տալիս ընդհանուր տեղեկատվություն հավաքել կյանքի և հիվանդության զարգացման պատմության, ընտանեկան անամնեզի մասին, հայտնաբերել ռիսկի գործոնները, գնահատել գանգատների բնույթը և, ընդհանուր առմամբ, պատկերացում կազմել հիվանդի և հիվանդությունների հնարավոր ցանկի մասին: Հիվանդի հետ զրույցից հետո բժիշկը իրականացնում է մանրամասն զննում: Ուրոլոգը չի սահմանափակվում միայն խնդրահարույց շրջանի զննմամբ, իրավամբ լավ մասնագետը տղամարդուն ամբողջությամբ է զննում՝, և այդպիսի մոտեցումը հաճախ հնարավորություն է տալիս ախտորոշման համար շատ կարևոր տեղեկատվություն ստանալ: Ընդհանուր զննումից հետո հատուկ զննում է իրականացվում նաև շագանակագեղձի շոշափում ուղիղ աղու պատի միջով: Այս  եղանակը բավականին պարզ է և շատ տեղեկատվական, քանի որ ուղիղ աղին իր առաջային պատով հարակից է շագանակագեղձի հետին պատին: Գեղձի ուղիղաղիքային մատնային հետազոտությունն ունի շատ բարձր ախտորոշիչ արժեք, քանի որ հնարավորություն է տալիս գնահատել շագանակագեղձի դիրքը, ձևը, կոնսիստենցիան, հանգույցների առկայությունը և այլ բնութագրեր, ինչպես նաև որոշել շագանակագեղձի և մոտիկ տեղակայված օրգանների միջև փոխհարաբերությունները (օրինակ, դեպի ուղիղ աղի ուռուցքի տարածման նշանների առկայությունը): Եթե զննման արդյունքները կասկածելի են շագանակագեղձի ուռուցքի առումով, բժիշկը նշանակում է պրոստատ-սպեցիֆիկ անտիգենի (ՊՍԱ) որոշում արյան մեջ և շագանակագեղձի ԳՁՀ: 


ՊՍԱ-ն սպիտակուց է, որը սինթեզվում է շագանակագեղձի բջիջների կողմից. նորմայում այդ սպիտակուցի մակարդակն արյան մեջ շատ բարձր չէ, սակայն շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ այս ցուցանիշը բազմակի անգամ աճում է, այդ պատճառով ՊՍԱ-ն կոչվում է նաև շագանակագեղձի քաղցկեղի օնկոմարկեր: ՊՍԱ մակարդակի գնահատումը շատ կարևոր ախտորոշիչ մեթոդ է, քանի որ այն հնարավորություն է տալիս ո՛չ միայն ախտորոշել ուռուցքը, այլ նաև հետագայում գնահատել շագանակագեղձի քաղցկեղի բուժման որակը և հայտնաբերել հիվանդության կրկնությունները: Այդ քննության համար քաղցած վիճակում (սնունդ ընդունելուց ոչ շուտ քան 8 ժամ հետո) վերցվում է ոչ մեծ քանակությամբ երակային արյուն: Անալիզից մեկ օր առաջ խորհուրդ է տրվում զերծ  մնալ կծու, յուղոտ և տապակած սննդից, ալկոհոլից և ծխախոտից: Ճիշտ արդյունքներ ստանալու համար  ցուցված չեն նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունները (հատկապես արտահայտված ծանրաբեռնվածությունները և հեծանվով զբոսանքները ) և սեքսը: Բացի այդ, անհրաժեշտ է 6-7 օր միջակայք պահպանել ՊՍԱ անալիզի և շագանակագեղձի վրա ցանկացած բուժական կամ ախտորոշիչ միջամտության միջև (գեղձի մատնային հետազոտումը, մերսումը,ԳՁՀ-ն և բիոպսիան ներառյալ ): 


Ընդհանուր ՊՍԱ-ի նորմալ արժեք է համարվում 2 նգ/մլ-ից ցածր մակարդակը: Նորմայի վերին սահմանը կարող է փոփոխվել`  տղամարդու տարիքով պայմանավորված: ՊՍԱ-ի մակարդակի բարձրացումը մեծացնում է հետագայում շագանակագեղձի բիոպսիայի ժամանակ ուռուցքի հայտնաբերման հավանականությունը: Այսպես, ՊՍԱ-ի 2 նգ/մլ-ից ցածր մակարդակի դեպքում այդ ռիսկը կազմում է 7,1%, մակարդակի բարձրացումը մինչև 8 նգ/մլ ռիսկը մեծացնում է մինչև 30%, իսկ 10նգ/մլ-ից բարձր ՊՍԱ-ի դեպքում բիոպսիայի ժամանակ քաղցկեղային ուռուցք հայտնաբերելու հավանականությունը գերազանցում է 56%-ը:


Ընդհանուր ՊՍԱ-ի բարձր մակարդակի դեպքում ցուցանիշի ավելի խորը գնահատման նպատակով իրականացվում է սպիտակուցի ազատ ֆրակցիայի (սպիտակուցների հետ չկապված) որոշում և հաշվարկվում է ՛՛ազատ/ընդհանուր ՊՍԱ՛՛ ինդեքսը: Ինչպես նաև

 

Շագանակագեղձի ԳՁՀ-ի առանձնահատկությունը պատկերի ստացման եղանակն է . այդ նպատակով տվիչը տեղադրվում է ուղիղ աղու մեջ, որը հնարավորություն է տալիս օրգանը հետազոտել նրա հետ անմիջական շփման ժամանակ: Այդ պատճառով գերձայնային հետազոտության այս տեսակը կոչվում է նաև տրանսռեկտալ ԳՁՀ:


Շագանակագեղձի մատնային հետազոտումը, արյան մեջ ՊՍԱ-ի որոշումը և տրանսռեկտալ ԳՁՀ-ի տվյալները բժշկին ապահովում են շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման համար անհրաժեշտ հիմնական տեղեկատվությամբ: Սակայն հաճախ լրացուցիչ անալիզներ և հետազոտություններ են նշանակում, օրինակ.

 

  • շագանակագեղձի բիոպսիա՝ շագանակագեղձի հյուսվածքի կտորների հավաքում ուղիղ աղու կամ շեքի հյուսվածքների միջով անցկացված ասեղի օգնությամբ. գործողությունն իրականացվում է ԳՁՀ հսկողության տակ և տեղային անզգայացմամբ,
  • ցիստոսկոպիա՝ միզապարկի պատերի էնդոսկոպիկ հետազոտում՝ ուսումնասիրության նպատակով նյութ վերցնելու հնարավորությամբ. իրականացվում է տեղային անզգայացմամբ կամ նարկոզով,  գործիքը միզապարկ մտցվում է միզուկի միջով,
  • կրծքավանդակի օրգանների և ոսկրերի ռենտգենագրաֆիա,
  • որովայնի խոռոչի և փոքր կոնքի օրգանների ԳՁՀ ,
  • ՀՏ կամ ՄՌՏ,
  • արյան և մեզի տարբեր քննություններ:


Այս լրացուցիչ հետազոտությունների նպատակը քաղցկեղային ուռուցքների տեսակի գնահատումն է (հյուսվածքային կառուցվածքը), հեռավոր մետաստազների հայտնաբերումը՝ ուռուցքային պրոցեսի փուլի առավելագույնս ճշգրիտ որոշման նպատակով: Յուրաքանչյուր կոնկրետ հիվանդի համար նշանակված բուժումը և կանխատեսումը պետք է պայմանավորված լինեն այդ տվյալներով:

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր