2011 թվականին ամբողջ աշխարհում ավելի քան 500 հազար կին մահացել է կրծքագեղձի քաղցկեղից: Սա կանանց շրջանում ամենատարածված ուռուցքային հիվանդությունն է: Այն երկրներում, որտեղ առկա է մատչելի վաղ ախտորոշում և որակյալ բուժում, այդպիսի հիվանդների ապրելիությունը կազմում է մոտավորապես 80%՝ հիմնականում ախտաբանության վաղ հայտնաբերման շնորհիվ:
Մամոգրաֆը կրծքագեղձի ռենտգենաբանական հետազոտման համար նախատեսված սարք է, որը հնարավորություն է տալիս հայտնաբերել չարորակ նորագոյացությունները: Մամոգրաֆիան կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման ստանդարտ եղանակ է, սակայն շատ կանանց անհանգստացնում է գործողության ժամանակ առաջացող ցավը:
Համաձայն Քաղցկեղի ամերիկյան ասոցիացիայի (American Cancer Society) ուղեցույցների՝ ԱՄՆ-ում 40-44 տարեկան կանայք պետք է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգ սկսելու հնարավորություն ունենան, 45-54 տարեկանում ահրաժեշտ է մամոգրաֆիան անցնել յուրաքանչյուր տարի: 55 տարեկանն անց կանանց կարելի է այն իրականացնել ավելի պակաս հաճախականությամբ ՝ տարին երկու անգամ, կամ պահպանել ամենամյա ռեժիմը: Որոշ դեպքերում սքրինինգն անհրաժեշտ է սկսել 25 տարեկանից, եթե նախկինում տվյալ հիվանդի կամ նրա ընտանիքի անդամների մոտ արդեն ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ:
Մամոգրաֆիան տևում է մոտավորապես 20 րոպե: Այդ ընթացքում բժիշկը պացիենտի կրծքագեղձը տեղադրում է 2 թիթեղների միջև, որոնցից մեկն անշարժացնում է կուրծքը, իսկ երկրորդը գրանցում է պատկերը: Կրծքագեղձի սեղմումը հնարավորություն է տալիս ավելի հստակ պատկեր ստանալ, որն արտացոլում է հյուսվածքների ամբողջ կառուցվածքը:
Գործողության ցավոտությունը մի քանի գործոններով է պայմանավորված, ինչպիսիք են՝ բժշկի պատրաստվածությունը, պացիենտի անհանգստությունը կամ կրծքագեղձի կառուցվածքը: Եթե մամոգրաֆը սխալ դիրքում գտնվի, այն նույնպես կարող է խնդիրներ առաջացնել: Օրինակ, որոշ դեպքերում կանայք ստիպված են թեքվել՝ թիթեղների ոչ ճիշտ բարձրության պատճառով: Այդ դեպքում պացիենտները կարող են ցավ զգալ մեջքի կամ պարանոցի շրջանում: Բացի այդ, ֆիբրոզ-կիստոզ մաստոպաթիայով կանայք ավելի են հակված մամոգրաֆիայի ընթացքում ցավ զգալու:
Ցավային զգացողություններից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հետևել մի քանի կանոնների:
Անհրաժեշտ է ճիշտ որոշել գործողությունն իրականացնելու ժամանակը. մամոգրաֆիայի իրականացումը պետք է պլանավորել դաշտանային ցիկլից մեկ շաբաթ անց: Այլ ժամանակահատվածում հորմոնային տատանումները կարող են ավելացնել գործողության ցավոտությունը:
Անհրաժեշտ է գործողությունն իրականացնող մասնագետին տեղեկացնել ֆիբրոզ-կիստոզային գոյացությունների առկայության կամ նախկինում մամոգրաֆիայի իրականացման ժամանակ առաջացած ցավերի մասին:
Սուրճ կամ կոֆեին պարունակող գազավորված ըմպելիքներ օգտագործող կանայք պետք է սահամանափակեն դրանց ընդունումը երկու շաբաթ առաջ` նախքան մամոգրաֆիայի իրականացումը, քանի որ այն կարող է կրծքագեղձի հյուսվածքներն ավելի զգայուն դարձնել:
Անհրաժեշտ է դիտարկել ոչ ստերոիդ հակաբորբոքիչ պատրաստուկների ընդունման հնարավորությունը գործողության իրականացումից 45-60 րոպե առաջ:
Կրծքագեղձի և մամոգրաֆի թիթեղների միջև փափուկ շերտի առկայությունը կարող է զգալիորեն նվազեցնել գործողության ցավոտությունը:
Մամոգրաֆիայի ընթացքում անհրաժեշտ է շնչել դանդաղ և խորը. այն կարող է նվազեցնել տագնապի հետ կապված ցավի արտահայտվածությունը:
Կանանց, ովքեր պլանավորում են շուտով ընդհատել երեխային կրծքով կերակրումը, մասնագետները խորհուրդ են տալիս վերանայել մամոգրաֆիայի իրականացման հետաձգման հնարավորությունը:
Ցավային զգացողությունների առաջացման դեպքում անհրաժեշտ է այդ մասին անմիջապես հայտնել բժշկին, հատկապես եթե ցավն անտանելի է: Մամոգրաֆիան չպետք է այնպիսի զգացողություններ առաջացնի, որոնց պատճառով կինը սկսի խուսափել գործողության կրկնությունից:
Մամոգրաֆիան հարաբերականորեն անվտանգ է, թեև պահանջում է ճառագայթման ցածր չափաբաժինների կարճաժամկետ ազդեցություն: Գործողության հիմնական թերությունն այն է, որ հնարավորություն է տալիս հայտնաբերել քաղցկեղի ոչ բոլոր տեսակները: Չարորակ նորագոյացություններից հինգից մեկը չի հայտնաբերվում մամոգրաֆիայի ժամանակ: Հետազոտության բարձր զգայնության պատճառով երբեմն կարող են արձանագրվել կեղծ դրական արդյունքներ: Գիտնականները նախկինում մամոգրաֆիա անցած կանանց խորհուրդ են տալիս իրենց հետ վերցնել նախորդ նկարները, որը հնարավորություն կտա բժշկին համեմատել հին և նոր տվյալները` բարձրացնելու ախտորոշման ճշտությունը: