Եթե Ձեզ մոտ ախտորոշվել է «արգանդի պпլիպ», տեղեկացեք, թե որքանով է այն լուրջ խնդիր, և ինչ պետք է ձեռնարկել: Արդյո՞ք հնարավոր է արգանդի պոլիպի դեղորայքային բուժում, թե՞ վիրահատական միջամտությունը պարտադիր է: Ինչու՞ է առաջանում պոլիպ և ի՞նչ ռիսկի եք դիմում՝ թողնելով այն առանց բուժման:
Արգանդի պոլիպը բարորակ գոյացություն է, որն առաջանում է արգանդի լորձաթաղանթի՝ էնդոմետրիումի գերաճի հետևանքով: Այն առանձին լորձաթաղանթային աճ է, որը կարող է լինել մի քանի միլիմետրից մինչև մի քանի սանտիմետր: Պոլիպները կարող են լինել մեկական կամ աճել խմբերով:
Ինչու՞ է առաջանում պոլիպ
Արգանդի պոլիպի առաջացման հստակ պատճառը դեռևս հայտնաբերված չէ: Սակայն, ամենայն հավանականությամբ, այս նորագոյացության առաջացման պատճառը կնոջ օրգանիզմում հորմոնային շեղումներն են:
Արգանդի պոլիպի առաջացմանը նպաստող գործոններն են.
- էսթրոգենի ավելցուկը, որը պատասխանատու է էնդոմետրիումի հյուսվածքի աճի համար,
- պրոգեստերոնի պակասը,
- արգանդի ներքին թաղանթի բորբոքային գործընթացները,
- աբորտները,
- 40-50տ հասակը,
- ժառանգական նախատրամադրվածությունը,
- էնդոկրին հիվանդությունները,
- ավելորդ քաշը,
- շաքարային դիաբետը:
Էնդոմետրիումի պոլիպը էնդոմետրիումի հիպերպլաստիկ փոփոխությունների շարքին է պատկանում: Պոլիպներն իրականում ուռուցքներ չեն, այլ էնդոմետրիումի (արգանդի լորձաթաղանթի) սահմանափակ (տեղային) աճ՝ վերջինիս կառուցվածքի պահպանմամբ: Պոլիպներն ուշագրավ են այն առումով, որ կարող են արգանդային արյունահոսության, անպտղության պատճառ լինել: Բացի այդ, էնդոմետրիումի պոլիպները 2-3% դեպքերում վերածվում են քաղցկեղի: Էնդոմետրիումի պոլիպների առաջացման պատճառներն են ձվազատման խանգարումները, էսթրոգենների քրոնիկական բարձր մակարդակը, անպտղությունը, արգանդի ֆիբրոմիոման, սեռական էնդոմետրիոզը և գենետիկական նախատրամադրվածությունը:
Նախկինում համարվում էր, որ այս հիվանդությունը բնորոշ է միայն վերարտադրողական տարիքի կանանց, սակայն վերջերս պարզվել է, որ արգանդի պոլիպը կարող է առաջանալ նաև երիտասարդ աղջիկների և դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց մոտ:
Ախտանիշները
Արգանդի պոլիպը կարող է դիսկոմֆորտի, ցավերի, առատ արյունահոսությունների պատճառ լինել:
Էնդոմետրիումի պոլիպի ախտանիշներն են.
- դաշտանի ընթացքում կամ նրանից մի քանի օր հետո առատ արյունահոսությունը,
- անկանոն դաշտանային ցիկլերը,
- անհարմարավետությունն ու ցավը սեռական հարաբերության ժամանակ,
- սեռական հարաբերությունից հետո մածուցիկ արտադրության առկայությունը:
Արգանդի ոչ մեծ պոլիպները երբեմն ոչ մի կերպ չեն դրսևորվում և հաճախ հայտնաբերվում են պատահական հետազոտության ժամանակ: Մեծ պոլիպները հաճախ անհարմարավետություն են առաջացնում և կարող են անպտղության պատճառ լինել: Խնդիրը նրանում է, որ մեծ պոլիպը կարող է խանգարել բեղմնավորված ձվաբջջին ամրանալ արգանդի մեջ: Բացի այդ, երբեմն արգանդի պոլիպը կարող է նպաստել էնդոմետրիումի քաղցկեղի առաջացմանը:
Լրացուցիչ ախտորոշում
Եթե Ձեզ մոտ արգանդի պոլիպի առումով կասկածներ կան, անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի: Նա Ձեզ կզննի և անհրաժեշտության դեպքում լրացուցիչ հետազոտություններ կնշանակի: Արգանդի պոլիպի հայտնաբերման ախտորոշիչ եղանակներն են.
- ՈՒՁՀ,
- արգանդի խոռոչի ռենտգեն հետազոտություն՝ նրա մեջ արգանդի վզիկով կոնտրաստ նյութի ներմուծումից հետո,
- Հիստերոսկոպիա. այս հետազոտության իրականացման ժամանակ հեշտոցի միջոցով արգանդի մեջ է մտցվում հիստերոսկոպը, որի օգնությամբ կարելի է արգանդը ներսից ուսումնասիրել:
Էնդոմետրիումի պոլիպի հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է անպայման արգանդի խոռոչից ասպիրատ վերցնել՝ բջջաբանական հետազոտության նպատակով: Սա անհրաժեշտ է արգանդի չարորակ հիվանդությունների վաղ ախտորոշման համար: Անհրաժեշտության դեպքում ցանկալի է իրականացնել հիստերոսկոպիա՝ արգանդի խոռոչի զննում հատուկ օպտիկական սարքի՝ հիստերոսկոպի օգնությամբ: Այս գործողության իրականացման ժամանակ հնարավոր է նաև պոլիպի միաժամանակյա հեռացում՝ հետագա հյուսվածաբանական քննությամբ:
Հիստերոսկոպիան էնդոմետրիումի պոլիպների բուժման ամենաանվտանգ եղանակն է: Հնարավորություն է տալիս հեռացնել հենց ախտահարված հյուսվածքը՝ առանց առողջ հյուսվածքները վնասելու: Վիրահատական միջամտության այս եղանակը լայնորեն կիրառվում է նաև անպտղության ժամանակ:
Բուժե՞լ, թե չբուժել
Ախտորոշումը դրվում է արգանդի պոլիպը հայտնաբերելուց հետո: Ի՞նչ անել հետո:
Համարվում է, որ եթե պոլիպը շատ փոքր է և որևէ անհարմարություն չի առաջացնում, այն կարելի է չբուժել: Սակայն անհրաժեշտ է անպայման բժշկի մոտ հսկողության տակ գտնվել, անցնել կանոնավոր զննումներ և նորագոյացության աճի դեպքում միջոցներ ձեռնարկել: Եթե էնդոմետրիումի պոլիպը առաջացնում է անհարմարություն զգացողություն, ցավեր, արյունահոսություն, եթե ուռուցքային հիվանդության զարգացման կասկած կա, ապա անհրաժեշտ է անհետաձգելիորեն բուժում իրականացնել:
Բուժման նպատակով իրականացվում է .
- օրգանիզմի հորմոնային ֆոնի վրա ազդող դեղեր,
- հիստերոսկոպիա. պոլիպի հեռացում հատուկ սարքի՝ հիստերոսկոպի օգնությամբ:
- քերուկի հետազոտություն:
Եթե գոյություն ունի էնդոմետրիումի քաղցկեղի զարգացման ռիսկ, հնարավոր է իրականացվի արգանդի ամբողջական հեռացում:
Արգանդի պոլիպը խնդիր է, որը պետք է ժամանակին լուծել: Մի՛ մոռացեք այս խնդրի առաջացման հնարավորության մասին, ցավի առաջացման դեպքում դիմեք բժշկի և մի՛ խուսափեք գինեկոլոգի մոտ կանոնավոր հետազոտվելուց: