Պացիենտների համարՀիվանդություններ
ԵՆԹԱՍՏԱՄՈՔՍԱՅԻՆ ԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ
ԵՆԹԱՍՏԱՄՈՔՍԱՅԻՆ ԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ
28.11.2017

Համաձայն Քաղցկեղի ամերիկյան միության վերջին գնահատականի՝ ԱՄՆ-ում 2009 թվականին գրանցվել է.

 

  • ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի 42.470 նոր դեպք (21.050` տղամարդկանց և 21,420` կանանց մոտ):
  • ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից մահվան 35.240 դեպք (18.030` տղամարդկանց և 17.210` կանանց մոտ):


Վերջին 15-25 տարիների ընթացքում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդացությունը, ինչպես` տղամարդկանց, այնպես էլ` կանանց մոտ, աստիճանաբար նվազում է, սակայն այս հիվանդությունից մահացությունը նախկինի պես ԱՄՆ-ում գրավում է չորրորդ տեղը քաղցկեղից մահվան պատճառների մեջ:


Կյանքի ընթացքում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը կազմում է մոտավորապես 72-ից` 1 (1,38%): Այն գրեթե նույնն է կանանց և տղամարդկանց մոտ: Ռիսկի գործոններով պայմանավորված անհատական ռիսկը կարող է փոփոխվել: 


Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի գործոններից որոշներն ազդում են ենթաստամոքսային գեղձի բջիջների ԴՆԹ-ի վրա, ինչն էլ բերում է բջիջների անառողջ աճի և քաղցկեղի ձևավորման: 


Հետազոտողների համար մեծ առաջընթաց էր հասկանալ, թե ԴՆԹ-ի հատկապես ինչպիսի փոփոխությունները կարող են առողջ բջիջը դարձնել ուռուցքային: ԴՆԹ-ն քիմիական նյութ է, որն առկա է յուրաքանչյուր բջջում, ապահովում է նրա գործունեությունը, նրանցից են բաղկացած մեր գեները:

 

Մենք նման ենք մեր ծնողներին, քանի որ մեր ԴՆԹ-ն ստացել ենք նրանցից: Սակայն ԴՆԹ-ն մեր ո՛չ միայն արտաքին տեսքի վրա է ազդում: Որոշ գեներ «հրահանգավորում» են պարունակում, թե մեր բջիջները երբեմն ինչպես պետք է աճեն և բաժանվեն: Որոշ գեներ, որոնք նպաստում են բջիջների բաժանմանը, կոչվում են օնկոգեներ: Մյուսները, որոնք դադարեցնում են բջիջների բաժանումը կամ, երբ գալիս է ժամանակը, դադարեցնում են նրանց կենսագործունեությունը, կոչվում են ուռուցքային սուպրեսիայի գեներ: Քաղցկեղը կարող է զարգանալ ԴՆԹ-ի այն մուտացիաների ազդեցությամբ, որոնք ակտիվացնում են օնկոգեները կամ արգելակում են ուռուցքային սուպրեսիայի գեները:


Որոշ ուռուցքածին ընտանեկան համախտանիշների դեպքում ԴՆԹ-ի բնածին մուտացիաները ստեղծում են այդ ուռուցքների զարգացման բարձր ռիսկ, այդ թվում` ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման բարձր ռիսկ: Վերջին մի քանի տարիների ընթացքում գիտնականները կարողացան բնութագրել ԴՆԹ-ի այդ փոփոխություններից շատերը:


Համարվում է, որ ԴՆԹ-ի ժառանգական փոփոխությունները պատասխանատու են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքերի մոտավորապես 10%-ի համար: Քանի որ ժառանգական փոփոխությունները երբեմն կապված են լինում նաև քաղցկեղի այլ տեսակների հետ, միշտ չէ, որ հնարավոր է որոշել՝ արդյո՞ք հարազատները գտնվում են ռիսկի խմբում: Այստեղ կարող է օգնել ժառանգական ուռուցքային համախտանիշների գծով մասնագետի խորհրդատվոթյունը:


Քաղցկեղի Ամերիկյան միությունը պնդում է, որ  բոլոր նրանք, ովքեր կորոշեն անցնել գենետիկական թեստավորում, նախապես խորհրդակցեն այդ բնագավառի մասնագետի հետ, ով կօգնի պարզաբանել թեստավորման արդյունքները: Շատ կարևոր է հասկանալ և մանրամասն կշռադատել գենետիկական թեստավորման բոլոր առավելություններն ու ռիսկերը՝ մինչև այդ գործողությունը կատարելը: 


Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բարձր ռիսկով ընտանիքի անդամների համար գոյություն ունեն այնպիսի նոր հետազոտություններ, որոնք կօգնեն հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերել: Նրանցից մեկը կոչվում է գերձայնային էնդոսկոպիա: Այս հետազոտությունը մասսայական սքրինինգի համար չի կիրառվում, սակայն կարող է կիրառվել առանձին դեպքերում՝ ուժեղ ընտանեկան պատմության դեպքում: Այս հետազոտության միջոցով բժիշկը կարող է բարձր ռիսկի խմբի ընտանիքի մի քանի անդամների մոտ հայտնաբերել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ՝ վաղ շրջանում:


Սակայն հիմնականում օնկոգեների կամ ուռուցքային սուպրեսիայի գեների՝ ենթաստամոքսային գեղձի ուռուցքների հետ կապված ԴՆԹ մուտացիաներն, առաջանում են երեխայի ծնվելուց հետո և ժառանգական չեն: Այս ձեռք բերովի մուտացիաները կարող են մեր շրջակա միջավայրի ուռուցքածին քիմիկատների ազդեցության, սննդակարգի կամ ծխելու հետևանք լինել, երբեմն կարող են առաջանալ անհայտ պատճառներով:


Հաճախ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի սպորադիկ (ոչ ժառանգական) և ժառանգական դեպքերում ԴՆԹ փոփոխություններն ունենում են նույն տեսքը: Օրինակ, ենթաստամոքսային գեղձի էկզոկրին քաղցկեղի սպորադիկ դեպքերի մեծ մասն ունի р16 գենի փոփոխություն: Այդ պատճառով գիտնականներն ուսումնասիրում են ժառանգական դեպքերը, որպեսզի ավելի լավ հասկանան ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի պատճառները:


Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից խուսափելու հստակ ցուցումներ գոյություն չունեն: Ներկայում այս քաղցկեղի կանխարգելման լավագույն եղանակը հիվանդության հայտնի ռիսկի գործոններից հնարավորինը խուսափելն է:


Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման կարևոր ռիսկի գործոններից մեկը ծխելն է, որից հնարավոր է խուսափել: Այն պատասխանատու է քաղցկեղի այս տեսակով հիվանդացության 20-30% դեպքերի համար: Ծխախոտը բարձրացնում է նաև քաղցկեղի այլ տեսակներով հիվանդացության ռիսկը, ինչպիսիք են թոքերի, բերանի, կոկորդի, կերակրափողի, երիկամների, միզապարկի և որոշ այլ օրգանների քաղկեղը:


Կարևոր է նաև հետևել քաշին, առողջ սննդակարգին և կանոնավոր կատարել ֆիզիկական վարժություններ:  Քաղցկեղի Ամերիկյան միությունը խորհուրդ է տալիս սնունդն ու խմիչքն ընտրել այն քանակությամբ, որոնք բավարար կլինեն առողջ քաշ ապահովելու համար: Ամեն օր սննդի ընդունումը պետք է լինի առնվազն 5 անգամ, բայց քիչ քանակով՝ բաղկացած մրգերից և բանջարեղենից, ինչպես նաև ամբողջական հացահատիկից և այնպիսի բուսական աղբյուրներից, ինչպիսիք են բրինձը, հացը, մակարոնեղենը, ձավարեղենը: Պետք է սահմանափակել վերամշակված և կարմիր մսի կիրառումը: Այս խորհուրդներին հետևելը կարող է նվազեցնել ինչպես ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի, այնպես էլ քաղցկեղի որոշ այլ տեսակների և ոչ ուռուցքային հիվանդությունների զարգացման ռիսկը:


Քաղցկեղի դեմ պայքարի Ամերիկյան միություն և Քաղցկեղի Ամերիկյան Ազգային Ինստիտուտ

Լուրեր, հայտարարություններ
«Դա կարող էր վերջ տալ իմ կյանքին»․ 20-ամյա ֆուտբոլիստը պատմել է քաղցկեղի դեմ պայքարի մասին 30.05.2020

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտնել է պաշտպան Մաքս Թեյլորի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Ֆուտբոլիստը ակումբի համակարգում է 14 տարեկանից, բայց դեռ ոչ մի անգամ չի խաղացել...

Մեզի մուգ գույնը կարող է վկայել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին 29.05.2020

Վաղ փուլերում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը սովորաբար իրեն զգացնել չի տալիս: Սակայն, ինչպես քաղցկեղի այլ տեսակների, այնպես էլ այս քաղցկեղի ժամանակին ախտորոշումն անչափ կարևոր է բուժման...

ՈՒԱԿ-ն աշխատանքի է հրավիրում բուժքույրերի և մայրապետերի 29.05.2020

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը աշխատանքի է հրավիրում բուժքույրերի և մայրապետերի։ Ցանկացողները կարող են ինքնակենսագրական ուղարկել...

Հաճախ տրվող հարցեր