
European Heart Journal հրապարակել է Աստոնի համալսարանի գիտնականների կողմից իրականացված մեծածավալ հետազոտության արդյունքները, որոնք հայտնաբերել են օրգանիզմում բարձր խոլեսթերինի անսպասելի օգտակարությունը: Մասնավորապես, նրանք եկան այն եզրակացության, որ արյան մեջ խոլեսթերինի բարձր մակարդակը կանանց պաշտպանում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացումից:
«Ի տարբերություն այն կանանց, որոնց արյան մեջ խոլեսթերինի մակարդակը բնութագրվում է ցածր ցուցանիշներով, բարձր մակարդակի խոլեսթերին ունեցող կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգն ավելի ցածր է », — հայտարարել են գիտնականները՝ ամփոփելով 14 տարվա ընթացքում հավաքած տվյալները:
Գիտության մեջ նախկինում էլ են եղել տեղեկություններ այն մասին, որ խոլեսթերինի բարձր մակարդակի և կրծքագեղձի քաղցկեղի առաջացման միջև կապ կա: Տվյալ հետազոտությունը մտադիր էր ստուգել այդ հարաբերության միտումը: Արդյունքում, հեղինակները համոզվեցին, որ արյան մեջ խոլեսթերինի բարձր մակարդակ ունեցող կանայք ավելի քիչ են դիմել կրծքագեղձի քաղցկեղի կապակցությամբ:
Մասնագետներն ուսումնասիրել են 2000-2013թթ. ժամանակաշրջանում Մեծ Բրիտանիայի հիվանդանոցներում բուժվող մոտավորապես միլիոն հիվանդի տվյալները: Բժիշկներն առանձնացրել են 40 տարեկանն անց այն կանանց, ովքեր այդ ժամանակահատվածում այցելել են բժիշկներին, սակայն 2000 թվականին կրծքագեղձի քաղցկեղ չեն ունեցել: Այդ հիվանդներին բաժանել են երկու խմբի՝ բարձր խոլեսթերինով և ոչ բարձր խոլեսթերինով: 14 տարի անց, համեմատելով կանանց առողջական վիճակը, գիտնականները համոզվեցին՝ փորձի սկզբում բարձր խոլեսթերին ունեցող հիվանդների մոտ հետագայում կրծքագեղձի քաղցկեղն առավել քիչ է բհանդիպել: