
Հաստ աղու ներքին մակերեսի վիզուալ հետազոտման եղանակ է, որն իրականացվում է հատուկ ճկուն էնդոսկոպի օգնությամբ:
Ցուցումները
Ստամոքսաղիքային արյունահոսություն, աղեստամոքսային ուղու պոլիպներ, կրկնվող աղիքային անանցանելիություն, անհայտ ծագման կրկնվող որովայնային ցավեր, խոցային կոլիտի կասկած, Կրոնի հիվանդություն, նորագոյացության կասկած, ինչպես նաև այնպիսի վիճակների համակցում, ինչպիսիք են քաշի կորուստը, անհայտ ծագման սուբֆեբրիլիտետը, սակավարյունությունը:
Նպատակները: Առավելապես ախտորոշիչ: Բացի ախտորոշումից, կոլոնոսկոպիայի ժամանակ հնարավոր է իրականացնել բիոպսիա և պոլիպների հեռացում:
Նախապատրաստում
Աղիների նախապատրաստումը հետազոտությանը ենթադրում է սննդակարգի սահմանափակում և հաստ աղու մաքրում: Հետազոտությունից 2-3 օր առաջ սննդակարգից պետք է լիովին բացառել բուսական ծագման սնունդը: Աղիների մաքրումն իրականացվում է հատուկ լուծողական լուծույթներով, որոնք կիրառվում են հետազոտության նախօրեին:
Իրականացման պայմանները
Հետազոտությունն իրականացվում է ամբուլատոր, հիվանդների մեծ մասը հետազոտության ընթացքում ունենում է անհարմարավետության նվազագույն զգացում: Հնարավոր են նաև ցավազրկում սեդացիայի տարբեր տեսակներով՝ դեղորայքային քուն, ընդհանուր անզգայացում, սպազմոլիտիկների ընդունում: