Պացիենտների համարՀիվանդություններ
Վահանաձեվ գեղձի քաղցկեղ. ի՞նչ պետք է իմանալ
Վահանաձեվ գեղձի քաղցկեղ. ի՞նչ պետք է իմանալ
14.10.2019

Վահանաձև գեղձն ունի թիթեռի ձև, տեղակայված է պարանոցի ստորին հատվածում։ Նրա գլխավոր ֆունկցիան հորմոնների արտադրությունն է, որոնք կարգավորում են նյութափոխանակությունը։ Վահանաձև գեղձի ուռուցք առաջանում է...##, երբ նրա բջիջները սկսում են անվերահսկելիորեն կիսվել։ Հիվանդության առաջացմանը կարող են նպաստել յոդի անբավարարությունը, ռադիացիոն ճառագայթումը, երբեմն էլ՝ ժառանգական գենետիկ փոփոխությունները։
 
Հիվանդության ի՞նչ տեսակներ կան։

Տարբերում են վահանաձև գեղձի քաղցկեղի չորս հիմնական տեսակ.

 

  • Պապիլյար։ Այս ուռուցքն ամենահաճախն է հանդիպում՝ հինգից չորսի դեպքում։ Աճում է դանդաղ, կարող է տարածվել դեպի պարանոցի ավշային հանգույցներ։
  • Ֆոլիկուլյար։ Քաղցկեղի տեսակներից, ըստ ախտորոշման հաճախության, երկրորդն է։ Կարող է տարածվել ավշային հանգույցներ և արյունատար անոթներ։
  • Մեդուլյար։ Կազմում է բոլոր դեպքերի մինչև 5%-ը։ Հիվանդության առկայության մասին կարելի է կասկածել, եթե արյան մեջ բարձր է կալցիտոնինի մակարդակը։
  • Վահանաձև գեղձի անապլաստիկ քաղցկեղ։ Շատ հազվադեպ հիվանդություն է, սակայն ամենաագրեսիվն է։ Կարող է տարածվել դեպի հեռավոր օրգաններ և հյուսվածքներ։

 
Ո՞վ և ե՞րբ կարող է հիվանդանալ։

Տղամարդկանց մոտ այդ հիվանդությունն ավելի քիչ է հանդիպում։ Հիմնականում վահանաձև գեղձի քաղցկեղն ախտորոշվում է 40-70 տարեկանում։


Ի՞նչ ախտանիշներ կարող են լինել։


Հիվանդության սկզբում պացիենտը կարող է ընդհանուր թուլություն և դյուրհոգնելիություն զգալ, ինչպես նաև` ախորժակի անկում, հաճախասրտություն, դյուրագրգռություն։ Կարող են լինել քնի խանգարումներ, դեպրեսիա, ձեռքերի դող։ Հաճախ կտրուկ ավելանում կամ պակասում է քաշը։


Ուռուցքի աճին զուգընթաց` առաջանում են հետևյալ ախտանիշները.

 

  • ցավ պարանոցում, կոկորդում,
  • պարանոցի վրա կարծրացման առաջացում,
  • սննդի կամ թքի կլման դժվարեցում,
  • ձայնի փոփոխություն, խռպոտություն,
  • հազ։

 
Ապաքինումը հնարավո՞ր է։

Վահանաձև գեղձի քաղցկեղը, որպես կանոն, շատ լավ է ենթարկվում բուժման, հատկապես, եթե հայտնաբերվում է վաղ շրջանում։ Հնարավորին շուտ հիվանդությունը հայտնաբերելու նպատակով անհրաժեշտ է 40 տարեկանից հետո կանոնավոր անցնել վահանաձև գեղձի սքրինինգային հետազոտություն։


Եթե հետազոտության տվյալներով վահանաձև գեղձում կարծրացում է հայտնաբերվում, ախտորոշման հստակեցման նպատակով ախտաբանական օջախից բարակասեղային բիոպսիա է իրականացվում ։


Քաղցկեղի հաստատման դեպքում` վերջինիս տեսակով, զարգացման շրջանով և հիվանդի ընդհանուր վիճակով պայմանավորված,  մշակվում է բուժման անհատական պլան։ Կարող է իրականացվել վիրահատություն, ճառագայթում, հորմոնային բուժում, քիմիաթերապիա։ Յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար ընտրված բուժման արդյունավետ մեթոդները տալիս են լիովին ապաքինման մեծ շանսեր։

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր