NEWS

Ինչպե՞ս կատարել կրծքագեղձի ինքնազննում

Կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ կանանց շրջանում ամենատարածված չարորակ ուռուցքներից մեկը։ Վաղ հայտնաբերման դեպքում բուժման արդյունքները զգալիորեն բարելավվում են, իսկ վիրահատական միջամտությունները՝ ավելի փոքրածավալ և արդյունավետ լինում։ Այդ պատճառով կարևոր է յուրաքանչյուր կնոջ համար սովորել և կանոնավոր իրականացնել կրծքագեղձի ինքնազննում։

Ինքնազննման շնորհիվ հնարավոր է ժամանակին նկատել կրծքագեղձի նորմայից տարբերվող փոփոխություններն ու խորհրդակցել բժշկի հետ։

Ե՞րբ իրականացնել ինքնազննումը

  • Դաշտանային ցիկլ ունեցող կանայք պետք է ինքնազննում կատարեն ամեն ամիս՝ դաշտանի ավարտից 2–3 օր անց։
  • Դաշտանադադար ունեցող կանայք կարող են ընտրել ամսվա որևէ կոնկրետ օր (օրինակ՝ յուրաքանչյուր ամսվա առաջինը, երրորդը կամ հինգերորդը) և պահպանել պարբերականությունը։

Ինքնազննման տեխնիկան

Կրծքագեղձի ինքնազննումը բաղկացած է մի քանի հաջորդական գործողություններից․

1․ Տեսողական զննում

Կանգնեք հայելու առջև և ուշադիր զննեք կուրծքը՝

  • ձեռքերն իջեցրած վիճակում,
  • ապա ձեռքերն բարձրացնելով վեր,
  • այնուհետև դնելով գոտկատեղին։

2․ Շոշափում կանգնած դիրքում

  • Ձեռքի ափի կողմով՝ մատները միասին ու ուղիղ պահած, թեթևակիորեն սեղմեք կուրծքը։
  • Շրջանաձև շարժումներով դանդաղ շարժեք մատները՝ սկսելով կրծքագեղձի արտաքին մասերից դեպի կենտրոն։
  • Պատկերացրեք կուրծքը որպես ժամատախտակ․ զննեք հերթականությամբ՝ 12-ից սկսած մինչև ամբողջ հյուսվածքը, ներառյալ պտուկի շրջանը։
  • Սեղմեք պտուկը և ստուգեք՝ կա արդյոք արտադրություն։

3․ Շոշափում պառկած վիճակում

  • Պառկեք հարթ մակերևույթի վրա։
  • Զննելու համար աջ կուրծքը՝ ծալված սրբիչ դրեք աջ ուսի տակ, ձախ ձեռքը դրեք գլխի տակ և աջ ձեռքով զննեք կուրծքը և անութափոսը։
  • Նույնը կատարեք ձախ կողմի համար։

4․ Զննում լոգանքի ժամանակ

Լոգանքի ընթացքում, երբ մաշկը թաց է և սահուն, հեշտ է իրականացնել մանրակրկիտ շոշափում․

  • Օճառաջրով սահուն մատների շրջանաձև շարժումներով զննեք կուրծքը և թևատակի հատվածը։
  • Սա թույլ է տալիս ավելի արագ նկատել գոյացություններ կամ պնդացումներ։

5․ Անութափոսի զննում

  • Շոշափեք թևատակերը՝ ստուգելով ավշային հանգույցների վիճակը։
  • Ուշադրություն դարձրեք այտուցների կամ պնդացումների առկայությանը։

💡 Հիշե՛ք․ աջ կուրծքը և անութափոսը պետք է զննվի ձախ ձեռքով, իսկ ձախը՝ աջ ձեռքով։

Կրծքագեղձի նորմալ փոփոխությունները

Որոշ փոփոխություններ կարող են բնական լինել և պայմանավորված են օրգանիզմի վիճակով․

  • Ամենամսյա հորմոնալ փոփոխությունների պատճառով կուրծքը կարող է լցվել, գնդված թվալ կամ դառնալ զգայուն։
  • Հղիության ընթացքում այն մեծանում և պնդանում է։
  • Տարիքի հետ կրծքում գերակշռում է ճարպային հյուսվածքը։
  • Մարմնի քաշի ավելացումը կամ նվազումը կարող է փոխել կրծքերի չափերը։

Կրծքագեղձի արտասովոր փոփոխությունները և քաղցկեղի ազդանշանները

Եթե ինքնազննման ընթացքում նկատեք հետևյալ նշանները, անհրաժեշտ է դիմել բժշկի․

  • Կրծքի չափի կամ ձևի փոփոխություն
  • Պտուկի շրջանում կարմրություն և/կամ ցան
  • Պտուկից արտադրություն
  • Փքվածություն անրակների և թևատակերի շրջանում
  • Կրծքում շոշափելի գունդ/գոյացություն 
  • Կրծքի մաշկային փոփոխություններ (կնճռոտում՝ մաշկը կարող է նմանվել նարնջի կեղևի)
  • Պտուկի ներքաշված լինելը, ինչպես նաև ձևի կամ տեղակայվածության փոփոխությունը 
  • Ցավի զգացողություն կրծքում և/կամ թևատակերում

Կրծքագեղձի ինքնազննումը յուրաքանչյուր կնոջ առողջության պահպանման կարևոր քայլերից մեկն է։ Այն սովորելու համար հարկավոր է ընդամենը մի քանի րոպե ամսական, սակայն դրա շնորհիվ հնարավոր է ժամանակին նկատել փոփոխությունները և դիմել մասնագետի։

Հիշե՛ք՝ վաղ հայտնաբերումը փրկում է կյանքեր։ Ժամանակին հետազոտվե՛ք և եղե՛ք առողջ։

20-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը․ ՈՒԱԿ մասնագետները՝ «Լույս առավոտ» հաղորդման տաղավարում

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիսն է։ Այս շրջանում առանձնահատուկ կարևորություն ունեն հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելիչ հետազոտությունների և առողջության նկատմամբ

19-10-2026

Yerevan Microsurgical Week: Reconstructive Microsurgery at the NCO

From October 11 to 16, the V. A. Fanarjyan National Center of Oncology (NCO) hosted Yerevan Microsurgical Week, an international microsurgical initiative featuring complex reconstructive surgeries,

18-10-2026

Վիրաբուժությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ՈՒԱԿ-ում

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում վիրաբուժական պրակտիկայում՝ նպաստելով բժշկական միջամտությունների պլանավորման, մասնագիտական աշխատանքի և բուժման գործընթացների
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×