Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին
Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է: Քաղցկեղը ահավոր լուր է ցանկացած տարիքում, սակայն հատկապես դժվար է, երբ ծնողներն այդ լուրը պետք է հայտնեն իրենց երեխային: Այդ պահերին բազմաթիվ հարցեր են ծագում. արդյո՞ք նա նորից առողջ կլինի, ինչպե՞ս ընտանիքում այդ նորությանը կվերաբերվեն: Հարցերից ոչ բոլորը պատասխաններ ունեն, սակայն այս հոդվածում ներկայացվող տեղեկատվությունը կօգնի հասկանալ, թե ինչ է «մանկական քաղցկեղը» և ինչպես նրա դեմ պայքարել:
Երեխաների մոտ հանդիպող քաղցկեղի տեսակները
0-14 տարեկան երեխաների մոտ հանդիպող քաղցկեղի հիմնական տեսակներն են՝ սուր լիմֆոցիտային լեյկոզը, գլխուղեղի և կենտրոնական նյարդային համակարգի այլ ուռուցքները և նեյրոբլաստոման, որոնց, ինչպես սպասվում է, 2017 թվականին բաժին կընկնի նոր դեպքերի կեսից ավելին:
Մանկական քաղցկեղի բուժումը
Երեխաների մոտ հանդիպող քաղցկեղային հիվանդությունները միշտ չէ, որ բուժվում են այնպես, ինչպես մեծահասակների մոտ: Մանկական ուռուցքաբանությունը բժշկական մասնագիտություն է՝ ուղղված քաղցկեղով հիվանդ երեխաների խնամքին: Կարևոր է իմանալ, որ գոյություն ունեն երեխաների քաղցկեղային հիվանդությունների բուժման տարբեր արդյունավետ մեթոդներ, ինչպես նաև բժիշկներ, ովքեր հենց այդ բնագավառում մեծ փորձ ունեն:
Բուժման տեսակները
Գոյություն ունեն քաղցկեղի բուժման տարբեր տեսակներ: Կոնկրետ երեխային նշանակված բուժման տեսակը պայմանավորված է քաղցկեղի տեսակով և նրանով, թե որքան է այն հասցրել զարգանալ: Բուժման ստանդարտ եղանակներն են՝ վիրահատություն, քիմիաթերապիա, ճառագայթային բուժում, իմունաթերապիա:
1-ին և 2-րդ փուլերում ուռուցքային հիվանդության հայտնաբերման դեպքում ապրելիության շանսերը չափազանց մեծ են: Մանկական ուռուցքաբանության մեջ ապրելիության ցուցանիշները շատ բարձր են, կարևորը ժամանակին հայտնաբերելն է: Այդ պատճառով դիսպանսեր կանխարգելիչ զննումներ պետք է բոլորն անցնեն:
Ի՞նչ անեն քաղցկեղով հիվանդ երեխայի ծնողները
Այս տեղեկատվությունը կարող է օգնել ծնողներին, քաղցկեղով հիվանդ երեխաներին և ընտանիքի մյուս անդամնորին՝ դժվարին շրջանը միասին հաղթահարելու համար: Մենք կփորձենք պատասխանել այն հարցերին, որոնք կարող են անհանգստացել ինչպես ծնողներին, այնպես էլ այս հիվանդությամբ տառապող երեխաներին: Բացի այդ, այստեղ ներկայացված են խորհուրդներ, որոնք երեխաներին կօգնեն հաղթահարել ֆիզիկական և հուզական փոփոխությունները բուժման ընթացքում և բուժումից հետո:
Զրույց երեխայի հետ
Հիշեք, որ Դուք նրան գիտեք ավելի լավ, քան որևէ մեկը: Ձեր երեխան պետք է Ձեզնից ստանա օգտակար, հստակ և ճշգրիտ տեղեկատվություն: Մի մոռացեք ձայնի և դեմքի արտահայտության մասին, երեխայի հետ խոսակցության ընթացքում միշտ եղեք հանգիստ: Փորձեք լինել փաղաքշական, անկեղծ և ազնիվ, այդպես երեխան Ձեզ կվստահի և կհասկանա, որ Ձեր վրա կարելի է հույս դնել:
- Եթե երեխան 1 տարեկանից փոքր է: Վերցրեք նրան Ձեր ձեռքերի վրա, դա նրան հանգստություն կպարգևի: Շատ կարևոր է շոշափելի շփման ապահովումը: Տանից նրան ծանոթ առարկաներ վերցրեք Ձեզ հետ, օրինակ, խաղալիքներ կամ ծածկոց: Խոսեք նրա հետ կամ երգեք Ձեր երեխայի համար, Ձեր ձայնը կհանգստացնի նրան: Աշխատեք սնուցման և քնի ռեժիմը պահպանել այնպիսին, ինչպիսին այն եղել է մինչև հիվանդությունը:
Եթե երեխան 1-2 տարեկան է: Երեխայի հետ խաղացեք անվտանգ խաղեր: Երեխային այդ տարիքում դուր է գալիս ընտրություն կատարել, այդ պատճառով թող երեխան ընտրի դեղի պիտակը կամ համը, երբ դա հնարավոր է: Փորձեք երեխային նախօրոք նախապատրաստել տհաճ և ցավոտ գործողություններին:
Եթե երեխան 3-5 տարեկան է: Երեխային օգնելու համար ավելի լավ է ծանոթանալ նրա բուժմանը, բժշկից իմացեք. արդյո՞ք նա կարող է դիպչել սարքավորումներին, մեքենաներին կամ այլ պարագաների (խողովակներ, վիրակապեր): Երեխային նախօրոք նախապատրաստեք տհաճ միջամտություններին: Փորձեք նրան շեղել խաղալիքներով կամ հեքիաթներով:
Եթե երեխան 6-12 տարեկան է: Դպրոցահասակ երեխաները հասկանում են, որ դեղորայքը և բուժումն օգնում են նրանց ապաքինվել: Այս տարիքում երեխաները շատ հարցեր են տալիս, ուստի պատրաստ եղեք պատասխանել դրանց կամ միասին պատասխաններ գտնել: Օգնեք երեխային կապի մեջ մնալ ընկերների և ընտանիքի հետ:
Եթե երեխան դեռահաս է: Դեռահասները հաճախ կենտրոնանում են այն բանի վրա, թե ինչպես է քաղցկեղը փոխում նրանց կյանքը, ընկերական հարաբերությունները, արտաքինը կամ գործունեությունը: Նրանք կարող են վախենալ կամ զայրանալ, որ քաղցկեղը մեկուսացնում է նրանց իրենց ընկերներից և նախկին կյանքից: Օգնեք դեռահասին կապի մեջ մնալ իր ընկերների հետ: Ձեր երեխայի անձնական տարածության և ազատության համար տեղ թողեք, որոնք նա մինչև հիվանդությունն ունեցել է, ինչպես նաև նրան ներգրավեք բուժմանը վերաբերվող հարցերին:
ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆԵԼ ԾՆՈՂՆԵՐԻՆ
Ո՞Վ ՊԵՏՔ Է ԵՐԵԽԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ
Խոսեք բժշկի կամ բուժքրոջ հետ այն մասին, թե ինչպես պետք է երեխային հայտնել ախտորոշման մասին: Հնարավոր է, ավելի լավ լինի դա անել բժշկի հետ:
Ե՞ՐԲ ՊԵՏՔ Է ԵՐԵԽԱՅԻՆ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՀԱՅՏՆԵԼ
Անհրաժեշտ է երեխային ախտորոշման մասին հնարավորինս շուտ հայտնել: Դա կնպաստի Ձեր միջև փոխվստահության առաջացմանը:
Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԵՍ ԱՍԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ
Երեխային տրամադրվող տեղեկատվությունը պայմանավորված է նրա տարիքով: Բոլոր տարիքի երեխաները պարզ, հստակ տեղեկատվության կարիք ունեն: Նրան պատմեք, թե ինչ կարելի է սպասել՝ կիրառելով այդ տարիքում նրա համար հասկանալի արտահայտություններ: Ձեր երեխային պատմեք, թե նա ինչ կզգա բուժման ընթացքում և հնարավոր տհաճ զգացողությունների մասին: Բացատրեք, որ այդ բուժումն օգնել է շատ այլ երեխաների:
ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ ԱՐԺԵ ԵՐԵԽԱՆ ԻՄԱՆԱ
Երեխային բացատրեք հիվանդության հիմնական փաստերը, բուժումը և ինչ կարելի է սպասել: Շատ երեխաների համար բարդ կլինի վերլուծել մեծաքանակ մանրամասներ կամ տեղեկատվություն՝ հատկապես ապագայի հետ կապված: Սկսեք քիչ տեղեկատվությունից: Երեխաները հաճախ իրենց պատկերացումներն են օգտագործում առանց պատասխանի մնացած հարցերին ինքնուրույն պատասխանելու, ինչը կարող է բերել վախերի առաջացման: Հարցերին ազնվորեն պատասխանեք, սուտը կբերի նրան, որ երեխան կդադարի վստահել Ձեզ կամ բժիշկներին:
ԵՐԵԽԱՅԻՑ Ի՞ՆՉ ԱՐՁԱԳԱՆՔ ՍՊԱՍԵԼ
Բոլոր երեխաները տարբեր են: Որոշներն անհանգստանում են, մյուսները տխրում են կամ դառնում են ինքնամփոփ և վախկոտ: Մի մասն իրենց զգացմունքներն արտահայտում է բառերով, մյուսները՝ գործողություններով: Կյանքի փոփոխությունների նկատմամբ բոլոր այս արձագանքները նորմալ են: Պատրաստ եղեք, որ որոշ օրեր Ձեզ համար շատ բարդ կլինի, որոշ օրեր էլ՝ հեշտ: Սակայն ինչ էլ պատահի, թող Ձեր երեխան զգա, որ Դուք միշտ իր կողքին կլինեք՝ անկախ իրավիճակներից:
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐԵԼԻ Է ԵՐԵԽԱՅԻՆ ՕԳՆԵԼ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Երեխաները պատճենում են իրենց ծնողների վարքը, այդ պատճառով հանգստությունն ու ինքնավստահությունը Ձեր երեխային կօգնեն իրեն ավելի լավ զգալ: Արտահայտեք Ձեր սերը: Հիշեք, թե ինչպես էր Ձեր ընտանիքը նախկինում հաղթահարում բարդ իրավիճակները: Որոշ երեխաներ զրույցից հետո իրենց ավելի լավ են զգում: Մի մասն էլ նախընտրում է նկարել, գրել, խաղալ կամ երաժշտություն լսել:
ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆԵԼ
Ի՞ՆՉ Է ՔԱՂՑԿԵՂԸ
Քաղցկեղի մասին երեխայի հետ խոսեք պարզ և հասկանալի լեզվով: Բացատրեք, որ քաղցկեղը վարակիչ չէ, այս հիվանդությունը հնարավոր չէ ստանալ կամ փոխանցել մեկ ուրիշին: Փոքրիկ երեխաներին կարելի է բացատրել, որ նրանց մոտ ուռուցք կա կամ, որ նրանց արյունը այնպես չի , ինչպես պետք է:
ԻՆՉՈՒ՞ Է ԻՆՁ ՄՈՏ ՔԱՂՑԿԵՂ ԱՌԱՋԱՑԵԼ
Որոշ երեխաներ մտածում են, որ իրենք ինչ-որ բան վատ են արել կամ սխալ, ինչը բերել է քաղցկեղի առաջացման: Մյուսները հարցնում են, թե ինչու են հենց իրենք հիվանդացել: Ձեր երեխային ասացեք, որ ոչ նրա և ոչ էլ շրջապատողների վարքը հիվանդության պատճառ չի կարող լինել, և բժիշկները փորձում են երեխաների մոտ քաղցկեղի առաջացման պատճառների մասին ավելի շատ բան իմանալ:
Դուք կարող եք երեխային ազնվորեն պատասխանել, որ` չգիտեք, որ նույնիսկ բժիշկները հստակ չգիտեն, թե ինչու է մի երեխան քաղցկեղով հիվանդանում, իսկ մյուսը՝ ոչ:
ԱՐԴՅՈ՞Ք ԵՍ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԿԼԻՆԵՄ
Մշտապես հիվանդանոցում գտնվելը և երկարատև բուժումը վախեցնում են երեխաներին: Նրանց մի մասը կարող է լսած լինել այն մարդկանց մասին, ովքեր մահացել են քաղցկեղից, այդ պատճառով նրանց անհանգստացնում է սեփական ապաքինման հարցը:
Դուք երեխային կարող եք ասել, որ քաղցկեղը լուրջ հիվանդւթյուն է, սակայն բժիշկներն ու բուժքույրերը տրամադրում են այնպիսի բուժում, որը շատ երեխաների կյանք է փրկել: Ասացեք, որ ամեն ինչ անում եք, որ նա շուտ ապաքինվի:
ԲՈՒԺՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՍ Ի՞ՆՉ ԿԶԳԱՄ
Քաղցկեղով երեխաները հաճախ տեսնում են, թե ինչպես են մյուս հիվանդների մազերը թափվում կամ իրենց վատ են զգում: Զրուցեք բուժքրոջ կամ սոցիալական աշխատողի հետ, որպեսզի իմանաք երեխայի բուժումը ինչպես կարող է անդրադառնալ նրա արտաքինի վրա:
Դուք կարող եք երեխային ասել, որ միևնույն հիվանդությամբ երկու մարդու մոտ բուժումը կարող է տարբեր կերպ ընթանալ: Այդ պատճառով պարտադիր չէ, որ մեկի հետ պատահածը տեղի ունենա նաև երկրորդի մոտ:
ԻՆՉՊԵՍ ՕԳՆԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ
ՊԱՏՐԱՍՏ ԵՂԵՔ ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅԱՆԸ
Բուժումը կարող է բերել մազաթափության, այդ պատճառով նախօրոք երեխայի համար ուրախ գլխարկ, շարֆ կամ կեղծամ պատրաստեք: Բուժման որոշ եղանակներ կարող են բերել քաշի կորստի, մյուսներն, ընդհակառակն` ավելացման: Խորհրդակցեք դիետոլոգի հետ, որպեսզի իմանաք՝ ինչ սպասել և ինչպես երեխային օգնել նախապատրաստվել հնարավոր ֆիզիկական փոփոխություններին:
ԿՐԵԱՏԻՎ ԵՂԵՔ
Ուրախացրեք Ձեր երեխային: Օրինակ, միասին գնացեք գնումների, եթե դա հնարավոր է: Նոր վերնաշապիկը կամ հետաքրքիր գլխարկը կնպաստեն տրամադրության բարձրացմանը:
ՍՈՎՈՐԵՑՐԵՔ ԵՐԵԽԱՅԻՆ ՃԻՇՏ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՀԱՐՑԵՐԻՆ
Անցորդները կարող են ուշադիր նայել, սեռը շփոթեն կամ ավելորդ հարցեր տան: Զրուցեք երեխայի հետ և մտածեք, թե նա ինչ կարող է պատասխանել կամ ճիշտ արձագանքել կողմնակի մարդկանց մեկնաբանություններին:
ԵՐԵԽԱՅԻՆ ՕԳՆԵՔ ԿԱՊԻ ՄԵՋ ՄՆԱԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Դուք կարող եք խրախուսել և օգնել երեխային ընկերների հետ շփվել սոցիալական կայքերի, էլեկտրոնային նամակների, վիդեոզրույցների կամ հեռախոսի միջոցով:
ԴԻՄԵՔ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ
Հոգեբանը կամ սոցիալական աշխատողը կարող է երեխայի հետ խոսել և իմանալ, թե ինչով նա կցանկանա կիսվել ընկերների հետ: Եթե հնարավոր է և երեխայի մոտ ցանկություն կա, անհրաժեշտ է կազմակերպել ընկերների այցը:
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ ԳՏԵՔ ՁԵՐ ԵՐԵԽԱՅԻՆ ՇԵՂԵԼՈՒ և ԶՎԱՐՃԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Տեսախաղերը կամ ֆիլմերի դիտումը երեխային կօգնեն թուլանալ: Ինտեգրատիվ բժշկության եղանակները, ինչպիսիք են մկանների թուլացումը, կառավարվող կերպարները և կենսաբանական հետադարձ կապը, նույնպես կարող են օգտակար լինել:
ՀԱՆԳԻՍՏ ԵՂԵՔ, ՍԱԿԱՅՆ ՄԻ ԹԱՔՑՐԵՔ ՁԵՐ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԸ
Երեխան զգում է Ձեր հույզերը: Եթե դուք հաճախ եք տխրում կամ անհանգստանում, խոսեք մասնագետների հետ, թե ինչպես կառավարել սեփական հույզերը: Սակայն, եթե Դուք թաքցնեք Ձեր զգացմունքները, երեխան էլ Ձեզնից կթաքցնի իրենը:
ԵՐԵԽԱՅԻ ՄՈՏ ԴԵՊՐԵՍԻԱՅԻ ԱՌԱՋԻՆ ԻՍԿ ՆՇԱՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԴԻՄԵՔ ՕԳՆՈՒԹՅԱՆ
Բացարձակապես նորմալ է, եթե երեխան երբեմն տխրում կամ ինքնամփոփ է դառնում, սակայն, եթե դա մշտապես է տեղի ունենում, այն կարող է վկայել դեպրեսիայի առկայության մասին: Երեխայի մոտ նկատվող հուզական փոփոխությունների մասին խոսեք բժշկի հետ:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԵՆՍԱԿԵՐՊՈՒՄ
ԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ
Հիվանդանոցում երկարատև մնալը կարող է մթագնել և՛ մեծահասակների, և՛ երեխաների կյանքը: Լուսանկարները, պաստառները, խաղերը և երաժշտությունը կնպաստեն երեխայի տրամադրության բարձրացմանը: Եթե սպորտով զբաղվելը հակացուցված է, իմացեք երաժշտության, խաղերի կամ այլ զբաղմունքների հետ կապված միջոցառումների մասին, որոնք կարող են հետաքրքրել երեխային:
ՀԱՃԱԽՈՒՄԸ ԴՊՐՈՑ
Քաղցկեղով հիվանդ երեխաների մեծ մասը հիվանդության պատճառով ստիպված է դադարեցնել դպրոց հաճախելը: Ներկայացնում ենք մի քանի եղանակ, որոնք կօգնեն երեխային հաղթահարել հիվանդանոցում երկարատև մնալը՝ դպրոցից հեռու:
- Բժշկին խնդրեք նամակ գրել երեխայի ուսուցիչներին, որտեղ կնկարագրվի նրա բժշկական վիճակը, սահմանափակումները և այն ժամանակահատվածը, որի ընթացքում երեխան չի կարող դպրոց հաճախել:
Պահեք կապը ուսուցիչների հետ: Ուսուցիչներին և տնօրենին տեղեկացրեք երեխայի հիվանդության մասին: Իմացեք, թե դպրոցական ծրագրի որ մասն է նա բաց թողնելու և ինչպես կարող է հետագայում լրացնել բաց թողնվածը:
Իմացեք հիվանդանոցի կամ դպրոցի կողմից տրամադրվող օգնության մասին: Որոշ հիվանդանոցներում կան կրթության գծով կոորդինատորներ, մյուսներում բուժքույրեր, որոնք Ձեզ կտեղեկացնեն կրթության հետ կապված ռեսուրսների և օգնության մասին: Հարցրեք երեխայի կրթության անհատական պլանի մասին:
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿՕԳՆԵՆ ԾՆՈՂՆԵՐԻՆ
ՁԳՏԵՔ ԱՄՐԱՊՆԴԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ
Երեխայի ախտորոշման մասին իմանալուց հետո ընտանիքում հարաբերությունները կարող են լարված լինել: Սակայն այդ ժամանակահատվածում շատ ամուսնություններ, ընդհակառակն, ամրանում են: Ընտանիքում ամուր, առողջ հարաբերությունները նպաստում են երեխայի ապաքինմանը: Ըստ այլ ծնողների կարծիքի՝ ստեղծված իրավիճակում կարող են օգնել.
- Անկեղծ շփումը: Պատմեք, թե ինչպես եք հաղթահարում սթրեսը: Ընտանիքի հետ շփման համար ժամանակ տրամադրեք, նույնիսկ եթե ուժ կամ ժամանակ չունեք:
Հիշեք, որ մարդիկ բարդ իրավիճակները տարբեր կերպ են վերապրում: Զույգերում հաճախ լինում են իրավիճակի հաղթահարման տարբեր ռազմավարություններ: Եթե Ձեր ամուսինը կամ զուգընկերը թվում է, թե ավելի քիչ է տխրել քան Դուք, դա չի նշանակում, որ նա ավելի քիչ է տառապում:
Տրամադրեք առավելագույն ժամանակ: Ձեր ամուսնուն կամ երեխաներին կատարված կարճ զանգը, տեքստային հաղորդագրությունը կամ գրությունը կնպաստեն ընտանիքում լավ հարաբերությունների պահպանմանը:
ԸՆԴՈՒՆԵՔ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
Ուսումնասիրությունները հաստատում են մի հայտնի փաստ, որ շրջապատողների օգնությունը հոգեպես ամրացնում և ուժ է տալիս Ձեզ և երեխային: Մի հրաժարվեք աջակցությունից: Հնարավոր է ընտանիքը և ընկերները պարզապես չգիտեն՝ ինչպես օգնել: Դուք կարող եք պարզ եղանակ գտնել ընտանիքի և ընկերների հետ կապը պահպանելու համար: Օգտվեք սոցիալական ցանցի կայքերից, խմբեր ստեղծեք, որտեղ կարող եք մոտիկների հետ կիսվել վերջին նորություններով:
- Տեղեկացրեք մարդկանց՝ ինչպես կարող են Ձեզ օգնել: Ստեղծեք գործողությունների ցուցակ, որոնք ուրիշները կարող են Ձեր ընտանիքի համար կատարել: Օրինակ ճաշի պատրաստում, տան մաքրում, մթերքների գնում և այլն:
Միացեք աջակցման խմբերին: Որոշ խմբեր անձամբ են հանդիպում, մյուսները՝ միայն համացանցում: Ամեն դեպքում, ծնողները շատ օգտակար տեղեկատվություն են ստանում նմանատիպ իրավիճակներում հայտնված ծնողների հետ շփումից:
Դիմեք մասնագիտական օգնության համար: Եթե դուք վատ եք քնում կամ գտնվում եք դեպրեսիայի մեջ, խոսեք երեխայի բուժող բժշկի հետ: Խնդրեք նրան հոգեկան առողջության գծով մասնագետ խորհուրդ տա՝ հոգեբույժ, հոգեբան կամ սոցիալական աշխատող: