News

Մաստէկտոմիայից հետո

Մաստէկտոմիայից հետո կինը հաճախ է ինքն իրեն հարցնում. «Ի՞նչ անել: Ինչպե՞ս ապրել հետո: Ինչպե՞ս սպասել մինչև կրծքի վերականգնումը»: Ժամանակակից մամոլոգիայի կենտրոնի մասնագետներն ունեն պատասխան. «Ապրել լիարժեք,  որակյալ, ավելի լավ, իմաստավորված, ավելի վառ, քան մինչև հիվանդությունը: Վիրահատության հետ կապված բոլոր դժվարությունները ժամանակավոր են»:


Կրծքագեղձը հնարավոր է վերականգնել նաև ուշ շրջանում՝ ուռուցքի բուժման հիմնական փուլերի ավարտից հետո: Եթե հիվանդը ցանկանում է վերականգնել և հիմնական հիվանդության կողմից հակացուցումներ չկան, չկան նաև ուղեկցող հիվանդություններ, ապա դա լիովին անվտանգ է: Նախքան այդ, վիրահատությունից հետո հարկ է մի քիչ չարչարվել: Հիվանդի խնդիրն է վերականգնել վերին վերջույթի ֆունկցիան և բարելավել ինքնազգացողությունը: Նրա ամենալավ օգնականն այս հարցում հատուկ մարմնամարզությունն է, իսկ հետվիրահատական վերքի լավացումից հետո կարելի է նաև լողով զբաղվել: 

Բուժման գործընթացի ժամանակ կինը պետք է տեղեկացված լինի հնարավոր բարդությունների և կանխարգելման այն մեթոդների մասին, որոնց շնորհիվ հնարավոր է խուսափել բարդություններից:


Հետվիրահատական շրջան

Վիրահատության հաջորդ օրը հնարավոր է ակտիվ տեղաշարժվել և ինքնասպասարկվել: Վիրահատված կողմում ձեռքի շարժումների ընդլայնումը տեղի է ունենում 3-14 օրվա ընթացքում:


Ի՞նչ է սերոման

Կրծքագեղձի հեռացման ժամանակ, հատկապես եթե այն ուղեկցվում է լիմֆոդիսեկցիայով (շրջանային ավշային հանգույցների հեռացմամբ), բավականին մեծ վերքային մակերես է առաջանում: Եվ, չնայած այն արտաքինից ծածկված է մաշկային լաթերով, անխուսափելիորեն տեղի է ունենում վերքային հեղուկի արտազատում, որի հիմնական մասը կազմում է ավիշը: Մաստէկտոմիայից հետո ավշի արտազատումը օրինաչափ երևույթ է: Այն տեղի է ունենում 100% դեպքերում:


Նիհար կանանց մոտ տեղի է ունենում ավշի նվազագույն արտազատում, իսկ գեր կանանց մոտ համեմատաբար առատ է: Դրենաժները (պլաստիկե խողովակները) տեղադրվում են վիրահատության ժամանակ՝ ավշի արտահոսքն ապահովելու նպատակով: Սովորաբար այն հեռացնում են 7-10-րդ օրը: Եթե դրենաժի հեռացումից որոշ ժամանակ անց հետվիրահատական վերքի շրջանում՝ մաշկի տակ, կրկին տեղի է ունենում ավշի կուտակում, դա կոչվում է սերոմա: Որքան մեծ է վերքային մակերեսը և գեր է հիվանդը, այնքան սերոմայի առաջացման հավանականությունը մեծ է:  Սերոման որևէ  վտանգ չի ներկայացնում: Մեծ չափի սերոմաները դրսևորվում են այտուցվածությամբ, անհարմարավետության զգացումով, երբեմն` ցավով, կարմրածությամբ, բորբոքման միացման դեպքում` նաև մարմնի ջերմության բարձրացմամբ: Նման դեպքերում անհրաժեշտ է դիմել բժշկի: Հիվանդը հետազոտվում է, ուլտրաձայնային հետազոտությամբ հայտնաբերվում է սերոման և իրականացվում է պունկցիա, այսինքն, ներարկիչի օգնությամբ հեռացվում է ավելորդ հեղուկը: Երբեմն կարիք է լինում մի քանի պունկցիայի: Եթե ժամանակին դա չիրականացվի, տեղի կունենա սերոմայի թարախակալում, որի պարագայում հարկ է հակաբիոտիկներ նշանակել, դրենավորել բորբոքման շրջանը, ինչը երկարացնում է բուժման տևողությունը:


Ի՞նչ է լիմֆոստազը

Մաստէկտոմիայից և բուժումից հետո վիրահատության կողմում կարող է ձեռքի այտուց զարգանալ՝ լիմֆոստազ: Լիմֆոստազն առաջանում է հյուսվածքներում ավշի արտահոսքի խանգարման պատճառով առաջացած ավշային կանգի հետևանքով: Երբ ճառագայթման կամ վիրահատության ընթացքում անութային շրջանի ավշային հանգույցների և անոթների վնասման կամ հեռացման հետևանքով դանդաղում կամ խանգարվում է ավշի նորմալ շրջանառությունը, զարգանում է այտուց: Բոլորի մոտ չէ, որ առաջանում լիմֆոստազ (դեպքերի մինչև 15%-ը), սակայն այդպիսի բարդության հնարավորության մասին հիվանդը պետք է իմանա, որպեսզի ժամանակին հոգա` խուսափելու զարգացող բարդություններից: Դա շատ կարևոր է, քանի որ այտուց կարող է զարգանալ վիրահատությունից հետո մի քանի տարիների ընթացքում: Այտուցի առաջացման դեպքում պահանջվում է անհետաձգելի և որակավորված բուժում:


Մեր մասնագետներից կարող եք ստանալ շրջանառության խթանման համար բոլոր անհրաժեշտ խորհուրդները, ներառյալ` էլաստիկ բազկակապի կիրառումը, հատուկ վարժությունների, մերսման, բինտավորման իրականացումը:


Լիմֆոստազի պատճառներ կարող են լինել.

    ավշային ուղիների հատումը կամ ֆիբրոզը, ավշային անոթների վարակային ախտահարումը (մասնավորապես` կարմիր քամու ժամանակ), ավշային ուղիների և հանգույցների պաշարումն` ուռուցքով:


Լիմֆոստազը կարող է զարգանալ վիրահատությունից մի քանի ամիս անց:


Դրանից խուսափելու համար, կինը պետք է իմանա, որ այտուց կարող է զարգանալ հետևյալ գործոնների ազդեցությամբ.

    ջերմություն (շոգեբաղնիք, արև և այլն), ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածություն, վարակներ:


Մեր խորհուրդները

    Անպայման մշակել ձեռքը: Վիրահատությունից հետո բուժող բժիշկը կասի, թե երբ սկսել մարմնամարզությունը (որպես կանոն՝ 7-10-րդ օրը): Վարժությունների անտեսումը կարող է բերել ուսահոդում շարժունակության ծավալի զգալի նվազման և, որպես հետևանք, աշխատունակության իջեցման: Կանոնավոր կատարել ձեռքի մերսումներ. բարձրացնել ձեռքը, պատին հենվելով՝ թեթև շփել այն (դաստակից մինչև անութային շրջան): Խուսափել վնասվածքներից (քերծվածք, կոշտուկ և այլն), խնամել եղունգները: Հնարավորին խուսափել հիվանդ ձեռքի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից (սոլյարիում, արև): Վիրահատության կողմում ձեռքի ներարկումներն անթույլատրելի են: Մեկ տարվա ընթացքում խորհուրդ է տրվում վիրահատության կողմում սահմանափակել ձեռքի ծանրաբեռնվածությունը մինչև 1 կգ, իսկ հաջորդող 4 տարիների ընթացքում` մինչև 2 կգ, ապա՝ 3 կգ-ից ոչ ավելի: Պայուսակը պետք է կրել առողջ կողմի ուսին: Անհրաժեշտ է խուսափել ձեռքերը կախ կամ թեքված դիրքում իրականացվող ցանկացած աշխատանքից: Այդպիսի սահմանափակումներն անհրաժեշտ են ձեռքի ավշային անոթներում ավշի կանգը կանխարգելելու համար: Խորհուրդ է տրվում ափսեները լվանալիս, տնամերձ հողամասում աշխատելիս կամ լվացքի ժամանակ կիրառել պաշտպանական ձեռնոցներ՝ հատկապես ուժեղ ազդող լվացող նյութեր կիրառելիս: Կարեք մատնոցով: Մեղուների և մոծակների խայթոցից պաշտպանվելու համար օգտագործեք համապատասխան պաշտպանիչ միջոցներ: Վիրահատված կողմում չի կարելի չափել զարկերակային ճնշումը: Ձեռքը չպետք է ճնշման ենթարկել. հագուստի թևքերը շատ նեղ պետք է չլինեն, բացառել վերնաշապիկների վրա ձիգ թևնոցների առկայությունը: Ժամացույցը, ապարանջանը, տարբեր տեսակի օղերը ձեռքի վրա պետք է ազատ լինեն՝ առանց ձեռքը գրկելու: Ամռանն արևից պաշտպանվելու համար կրեք երկարաթև վերնաշապիկներ և գլխարկ: Կերակուր պատրաստելիս խուսափեք այրվածքներից: Լոգանք ընդունելիս և ամաններ լվանալիս շատ տաք ջուր մի օգտագործեք: Գերադասելի է լոգանքը փոխարինել ցնցուղով: Պաշտպանեք ձեռքը այրվածքներից, կտրվածքներից, ճաքերից և քերծվածքներից: Դա շատ կարևոր է կարմիր քամու կանխարգելման համար, որը կարող է բերել ձեռքի այտուցի առաջացման: Վնասվածքի դեպքում անհրաժեշտ է վերքը լվանալ հոսող ջրով, կրկնակի մշակել այն հակասեպտիկ լուծույթով (70 տոկոսանոց սպիրտ, յոդ): Աշխատանքից հետո պրոթեզով կրծկալը պետք է հանել, թողնել, որ մարմինը հանգստանա, հագնել ազատ, գերադասելի է բամբակյա հագուստ: Տրանսպորտում, հասարակական վայրերում առողջ ձեռքով պաշտպանեք վիրահատության շրջանը:


Վարժություններ մաստէկտոմիայից հետո

Վերականգնման շրջանում ընդհանուր ինքնազգացողության բարելավման, ձեռքի շարժունակության վերականգնման և ճիշտ կեցվածքի պահպանման համար խորհուրդ է տրվում բուժական մարմնամարզություն: Ձեռքի ֆունկցիայի վերականգնման համար արդյունավետ են պարապմունքները լողավազանում:


Մարմնամարզությամբ պետք է զբաղվել և կեցվածքին հետևել դեռևս ստացիոնարում՝ բժշկի թույլտվությունից հետո: Այդպես ձեռքի վերականգնումն ավելի արագ տեղի կունենա:


Ինչպես կատարել վարժությունները

    Պետք է զբաղվել կանոնավոր: Օրվա կարգացուցակում ժամանակ հատկացնել վարժությունների համար և այդ մասին տեղեկացնել ընտանիքի բոլոր անդամներին, որպեսզի ոչ մի դեպքում չընդհատվեն այդ վարժությունները: Ծանրաբեռնվածությունն ավելացնել աստիճանաբար: Սկսել վարժությունների քանակի ավելացմամբ, սակայն ոչինչ պետք չէ կտրուկ անել, այլ` աստիճանաբար:

18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է