Միզապարկի քաղցկեղով հիվանդների բուժման նորագույն մոտեցումներին նվիրված գիտաժողով՝ ՈՒԱԿ-ում
ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Քիմիաթերապիայի բացօթյա սրահում կայացավ հերթական գիտաժողովը, որը նվիրված էր միզապարկի տեղային տարածված և մեթաստատիկ ուրոթելիալ քաղցկեղով հիվանդների բուժման նորագույն մոտեցումներին։ Գիտաժողովը կազմակերպվել էր Հայաստանում «Ռոշ» դեղագործական ընկերության ներկայացուցիչների և ՈՒԱԿ-ի Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի բժիշկների համագործակցությամբ։
Գիտաժողովի ժամանակ քննարկվեցին միզապարկի ուրոթելիալ քաղցկեղի բուժման արդյունավետության ցուցանիշները, քիմիաթերապիայի առաջին շարքում կիրառվող քիմիաթերապևտիկ համակցությունների ապրելիության ցուցանիշները, ինչպես նաև քննարկվեց վերջին երկու տարիների ընթացքում ստեղծված հինգ նոր իմունոթերապևտիկ դեղերի նշանակությունը միզապարկի ուրոթելիալ մեթաստատիկ քաղցկեղի բուժման առաջին և երկրորդ շարքերում։
Ներկայացվեցին բազմաթիվ միջազգային հետազոտությունների տվյալներ, որոնց արդյունքների վերլուծության հիման վրա ապացուցվել է ատեզոլիզումաբ՝ տեցենտրիք իմունոթերապևտիկ դեղամիջոցի առավելությունը միզապարկի ուրոթելիալ մեթաստատիկ քաղցկեղով հիվանդների բուժման գործում։ Հաստատվեց, որ ատեզոլիզումաբ դեղորայքը օժտված է բարձր արդյունավետությամբ և քիչ տոքսիկ ազդեցությամբ։